Ապրիլի սկզբին Երևանի Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում կկայանա Էնդրյու Լլոյդ Ուեբերի լեգենդար բրոդվեյյան մյուզիքլի՝ «Սանսեթ Բուլվար»-ի պրեմիերան, որտեղ գլխավոր դերում հանդես կգա Վրացական ԽՍՀ և Ռուսաստանի Դաշնության ժողովրդական արտիստուհի Թամարա Գվերդծիթելին, ով փայլել է Նյու Յորքի, Տորոնտոյի, Մոսկվայի, Փարիզի հայտնի բեմերում…
Ինչպես նշում է SKYFIST Studio պրոդյուսերական ընկերության ղեկավար Պողոս Հարությունյանը, սիրելի երգչուհին իր համար միշտ եղել է իրական արվեստի մարմնացումը։ «Նրա թավշյա ձայնը պարուրում և տանում է դեպի ոչ երկրային հեռավոր բարձունքներ: Ի սկզբանե նախատեսում էինք այս դերի համար հրավիրել այլ օպերային դիվաների, և նույնիսկ այս առիթով երկար բանակցություններ եղան։ Սակայն, ինչպես երևում է, մեզ բախտ վիճակվեց այս նախագծում տեսնելու մեծն Գվերդծիթելիին», – նշել է նա՝ միաժամանակ հավելելով, որ Երևանի մշակութային տարածքում միջազգային հատուկ կարգավիճակով և «Առաջին անգամ Հայաստանում» և «Առաջին անգամ ԱՊՀ տարածքում» բացառիկ գրանշաններով նոր թատերական ներկայացում կհայտնվի։
Բացառիկությունը կայանում է նաև նրանում, որ առաջին անգամ երաժշտական ներկայացումը կհնչի ռուսերեն՝ Դարյա Ակսենովայի թարգմանությամբ և ռուս թատերական ռեժիսոր Անտոն Մուզիկանտսկու լիբրետոյի նոր տարբերակով։ Ներկայացումը, որին կմասնակցեն արտիստներ Ռուսաստանից, Հայաստանից, Վրաստանից, Ղազախստանից, կնվագակցի Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը՝ Ռուսաստանի ազգային թատերական «Ոսկե դիմակ» մրցանակի և փառատոնի դափնեկիր Միրիամ Բարսկայայի ղեկավարությամբ։
Թամարա Միխայլովնա, Ձեր ստեղծագործությունները բավականին բազմազան են երաժշտական տարբեր ուղղություններով՝ էթնիկ երաժշտություն, ջազ և նույնիսկ մոնոօպերա… Իսկ վերջերս Երևանում ելույթ ունեցաք «Բի-2» խմբի հետ։ Մյուզիքլի հրավերը Ձեզ համար անակնկա՞լ էր, թե՞ երազում էիք Նորմա Դեզմոնդի դերի մասին։
Գիտեք, երբեմն դերը ինքն է ընտրում մարդուն։ Շնորհակալ եմ այս նախագծի ստեղծողներին՝ Անտոն Մուզիկանտսկուն, Դարյա Ակսենովային, միջազգային թիմին և, իհարկե, պրոդյուսեր Պողոս Հարությունյանին, ովքեր հնարավոր դարձրին այս լայնածավալ ներկայացումը Երևանում։ Շնորհակալ եմ, որ ինձ նվիրեցիք համր կինոյի հանրահայտ դերասանուհու դերը, ով կարծես մոլորվեց կինեմատոգրաֆում ձայնի և նոր աստղերի հայտնվելու հետ: Հանկարծ մոռացված և չպահանջված դառնալով՝ նա քսան տարի փակվեց պատրանքների և հիշողությունների իր աշխարհում: Ողբերգությանն ավելանում է Լլոյդ Ուեբերի հիասքանչ երաժշտությունը: Սա շատ կանացի հոլիվուդյան պատմություն է, բայց ոչ այնքան մասնագիտության, որքան դրա հանդեպ սիրո և հավատարմության, դրան անձնուրաց ծառայության և … դավաճանության մասին: Այստեղից էլ սյուժեի շրջադարձերը:
Դուք հնչեցրիք «միջազգային» բառը, որը հավանաբար ձեզ ծանոթ է մանկուց՝ միջազգային ընտանիք, միջազգային վրացական բակ։
Իսկապես այդպես է, քանի որ ես մեծացել եմ և՛ միջազգային ընտանիքում, և՛ միջազգային բակում, որտեղ ապրում էին վրացիներ, հայեր, ռուսներ, հրեաներ, հույներ, ասորիներ, գերմանացիներ, օսեթներ։ Հարսանիքներն անցկացվում էին ռուսական, հայկական, հրեական ավանդույթներով՝ կախված, թե ինչ ընտանիք էր։ Բայց կենացները միշտ բարձրացվում էին վրացական ավանդույթի համաձայն։ Մեր խոսքում տարբեր լեզուներից բառեր կային, տանտիրուհիները կիսվում էին իրենց ազգային խոհանոցների գաղտնիքներով։ Մեր բազմազգ բակում խնջույքների ժամանակ երգերը հնչում էին տարբեր լեզուներով։ Ի դեպ, մինչ այժմ շատ եմ սիրում լսել այն տարիների խորհրդային վրացական, հայկական, ուզբեկական, լատվիական էստրադան։ Ինձ դուր էին գալիս Ռոբերտ Ամիրխանյանի ստեղծագործությունները: Մեծ ջերմությամբ եմ վերաբերվել ու վերաբերվում երգչուհի ու իմ գործընկեր Էռնա Յուզբաշյանին ։
Բայց սրանք միակ հանդիպումները չեն հայ ստեղծագործ մտավորականության հետ, այդպես չէ՞:
Իհարկե ոչ: Ինձ համար ճակատագրական էր «Մզիուրի» անսամբլի հիմնադիրներ Գուրամ Ջաիանիի և Ռաֆայել Ղազարյանի ծանոթությունը։ 10 տարեկանում ինձ հրավիրեցին միանալ իրենց անսամբլին, որտեղ շուտով դարձա երաժշտական խմբի մենակատար։ Ի դեպ, ինձ համար համամիութենական ճանաչում կանխագուշակեց հենց Ռաֆայել Արկադիևիչը։ Իսկ 20 տարեկանում, լինելով սկսնակ երգչուհի, բախտ ունեցա հանդիպելու Առնո Բաբաջանյանին, ով հետագայում ինձ համար գրեց «Զղջում» երգը։ Սերգեյ Փարաջանով, Միքայել Թարիվերդիև… Այսօր հաճախ եմ լսում աշխարհահռչակ դուդուկահար Ջիվան Գասպարյանի ձայնագրությունները։ Նրա հետ ընդամենը մեկ հանդիպում եմ ունեցել, և, խոստովանում եմ, պարզապես հիացած էի այս լեգենդար անձով։ Ցանկանում էի նաև հանդիպել Շառլ Ազնավուրին Մոսկվայում, ուր նա պետք է գար։ Սակայն, ավաղ, չստացվեց։ Նա չեկավ…
Ձեր ստեղծագործական կենսագրության մեջ հանդիպում է եղել Միշել Լեգրանի հետ, ով չի կարողացել արտասանել ձեր ազգանունը։ Ի դեպ, այն իսկապես դժվար է արտասանել։ Այն ինչ-որ բան նշանակո՞ւմ է:
Եղել է զավեշտալի մի դրվագ, երբ Լեգրանը ոչ մի կերպ չէր կարողանում արտասանել իմ ազգանունը և նույնիսկ փորձում էր նախօրոք կրկնել դրա արտասանությունը։ Հետագայում նա դարձավ իմ ուսուցիչը, խորհրդատուն: Նա այլևս մեզ հետ չէ, բայց ես դեռ շարունակում եմ նրա հետ խորհրդակցել նոր երգի, նոր ստեղծագործության վերաբերյալ։
Ինչ վերաբերում է իմ ազգանվանը, ապա վրացերենից թարգմանաբար «ծիթելի» նշանակում է «կարմիր», իսկ «գվերդ»՝ «կող, կողք»: Ընտանեկան ավանդության համաձայն՝ XIV դարում Վրաստանի անկախության համար պատերազմի ժամանակ թուրքերի հետ մարտերից մեկում վիրավորվել է մեր ընտանիքի հիմնադիր գեներալը։ Բայց նույնիսկ արնաքամ լինելով՝ նա չի լքել մարտի դաշտը։ Մարտնչել է այնքան ժամանակ, քանի դեռ ընկերները նրան չեն տեղափոխել ավելի ապահով վայր։ Տեսնելով վերքը՝ նրանք ասել են՝ «կարմիր կող», այսինքն՝ «արյունոտ կող»։ Ահա այսպես է հեռավոր պատերազմի հերոսությունը հայտնվել մեր ազգանվան մեջ։
Ձեր «Վիվատ, արքա» երգը հաղթական օրհներգի պես հնչում է երկար տարիներ: Իսկ «Մոր աչքեր» քնարերգը Ձեր մայրիկի՞ն է նվիրված։
Ոչ, այլ մարդու մոր համար է գրված, բայց սկզբունքորեն նվիրված է բոլոր մայրերին ու, իհարկե, իմ մորը։ Նախկինում բոլոր համերգներին կատարում էի այն աղոթքի նման։ Իսկ մարդիկ, ասես երգի միջոցով ապաշխարում էին, հետո նույնիսկ գրում էին, որ այցելել են իրենց ամենասիրելի, ամենահարազատ ու մտերիմ մարդուն։ Մորս մահից հետո դադարեցի այս երգի կատարումը։ Աշխարհը փոխվեց, ես դադարեցի շատ բաներով հետաքրքրվել։ Սակայն մորս մահից մի քանի օր անց Անտոն Մուզիկանտսկին ժամանեց Թբիլիսի և, կարելի է ասել, զրույցի ընթացքում ինձ վերադարձրեց իրականություն։ Իսկ մի քանի օր անց սկսվեցին մեր վիրտուալ փորձերը։ Զարմանալի է, որ գիշերը երազիս մորս տեսա, որն ինձ օրհնեց այս դերի համար։ Երբ արթնացա, հասկացա, որ դա նշան է նրա կողմից, որ շարունակեմ աշխատանքը, և որ նա ուրախ կլինի, եթե հաջողեմ նոր մյուզիքլում։
Երբևէ զգացե՞լ եք, որ բեմում ավելի երջանիկ եք զգում, քան իրական կյանքում։ Պարադոքսալ է հնչում: Եվ այնուամենայնիվ, ի՞նչ է անհրաժեշտ կյանքում և բեմում հավասարակշռության համար:
Կյանքում երջանիկ լինելու համար հաջողություն է պետք։ Բեմում երջանիկ լինելու համար տաղանդ է պետք: Ուստի կին դերասանուհու համար միշտ դժվար է։ Եթե Աստված տա, որ նա տիրի բեմում, ավելի ճիշտ՝ իրեն տիրապետող զգա, դա երջանկություն է։ Սակայն, ըստ իս, անվրդով հավասարակշռության բաղադրատոմս չկա:
Ի՞նչ կասեք ձեր հերոսուհի Նորմայի մասին:
Առաջարկում եմ, որ հանդիսատեսը ինքը դատի։ Հուսով եմ, որ մեր մյուզիքլից կտանեն իրենց տեսլականն այս հարցում:
Այսօր փորձի ժամանակ լրագրողները նկատեցին, որ փոխել եք Ձեր կերպարը…
Այո, ներկայացման համար: Այժմ պետք է «կրակե» մազերով ման գամ, ինչպես պահանջում է Նորմայի կերպարը։ Ամեն բան պետք է օրինաչափ լինի:
Հայաստանում կանանց տոնը նշվում է մեկ ամբողջ ամիս՝ մարտի 8-ից ապրիլի 7-ը, Մայրության և գեղեցկության օրը։ Ձեր պրեմիերան կկայանա դրա նախօրեին՝ ապրիլի 6-ին: Ի՞նչ կմաղթեք կանանց այդ օրը:
Մաղթում եմ սեր, երջանկություն և խաղաղություն:
Նատելլա Օհանյան