2023 թվականի ապրիլի 6-ին Երևանի Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրի բեմում տեղի կունենա Էնդրյու Լլոյդ Ուեբերի լեգենդար բրոդվեյան մյուզիքլի՝ «Սանսեթ Բուլվար»-ի պրեմիերան Անտոն Մուզիկանտսկու բեմադրությամբ։ Դերերում՝ Թամարա Գվերդծիթելի (Նորմա Դեզմոնդ), Եվգենի Ելպաշև (Ջո Գիլիս), Ալիյա Ագադիլովա (Բեթի Շեյֆեր), Արթուր Մանուկյան (Մաքս ֆոն Մայերլինգ), Արամ Կարախանյան (Շելդրեյք/Մանֆրեդ), Սերգեյ Դանիելյան (Սեսիլ ԴեՄիլ), ինչպես նաև Երևանի թատրոնի և կինոյի առաջատար արտիստներ։

Երևանյան «Սանսեթ Բուլվար»-ը ստեղծվում է միջազգային պրոդյուսերական և դերասանական թիմի կողմից հատուկ Հայաստանի համար։ Մայրաքաղաքին այս շքեղ նվերը պատրաստում է Պողոս Հարությունյանի «SKYFIST STUDIO» պրոդյուսերական կենտրոնը։ Այսօր ներկայացումը վստահորեն շարժվում է դեպի պրեմիերա, ամենօրյա ռեժիմով փորձեր են ընթանում։ Մյուզիքլը բեմադրվում է ռուսերեն լեզվով՝ Էնդրյու Լլոյդ Ուեբերի «The Really Useful Group Ltd.» թատերական ընկերության հետ կնքված հատուկ պայմանագրով և հավակնում է դառնալ տարվա կարևորագույն մշակութային իրադարձություններից մեկը ԱՊՀ տարածքում։ Արտոնագրի համաձայն՝ ներկայացումը կցուցադրվի ընդամենը 6 անգամ։

«Սանսեթ Բուլվար»-ը (“SUNSET BOULEVARD”)-ը լեգենդար բրոդվեյան մյուզիքլ է, որը ստեղծվել է կինոռեժիսոր Բիլլի Ուայլդերի համանուն տրագիկոմեդիայի հիման վրա՝ նուար ոճով։ Հայտնի ֆիլմի հիման վրա լիբրետոն գրել են Քրիստոֆեր Հեմփթոնը և Դոն Բլեքը, իսկ երաժշտությունը՝ Էնդրյու Լլոյդ Ուեբերը։ Համաշխարհային պրեմիերան կայացել է 1993 թվականի հուլիսին։ Երեք հեղինակներն էլ արժանացել են Բրոդվեյի ամենահեղինակավոր թատերական մրցանակներին՝ «Լավագույն լիբրետո մյուզիքլի համար» և «Լավագույն օրիգինալ պարտիտուրա (երաժշտություն և տեսքտեր)՝ գրված թատրոնի համար» անվանակարգերում։ Իր երեսնամյա պատմության ընթացքում «Սանսեթ Բուլվարը» դարձել է իր ժանրի նմուշ, բեմադրվել է բազմաթիվ երկրներում և աշխարհի տարբեր լեզուներով։ 2023 թվականին նրա պատմությունը կշարունակվի Հայաստանում։

Չնայած միջազգային հանրաճանաչությանը, «Սանսեթ Բուլվար»-ը մյուզիքլը դեռ չի ներկայացվել ԱՊՀ ոչ մի երկրում։ Երևանի հանդիսատեսն ու հյուրերը կլինեն Ուեբերի այս մյուզիքլի ռուսերեն լեզվով առաջին դիտողները Հայաստանի և ԱՊՀ տարածքում։ Ինչպիսին էլ լինի ռուսալեզու տարբերակի հետագա ճակատագիրը, հայկական «Սանսեթ Բուլվարը» ժանրի պատմության մեջ կմնա որպես պիեսի ռուսերեն տարբերակի առաջամարտիկ։

Ինչպես նշել է Անտոն Մուզիկանտսկին, «Սանսեթ Բուլվարը» ստեղծվել է երկու հանճարների՝ Ուայլդերի և Ուեբերի կողմից։ Առաջինը գրել է համաշխարհային կինեմատոգրաֆիայի ամենաուսումնասիրված սցենարներից մեկը, երկրորդը՝ զարմանահրաշ երաժշտություն այս սյուժետի երաժշտական ​​տարբերակի համար։ Ե՛վ ֆիլմը, և՛ մյուզիքլը կանոնական ստեղծագործություններ են։ Ուրախ եմ, որ Հայաստանը նոր ընթերցմամբ է սկսում ծանոթանալ բացարձակ բրոդվեյան ստանդարտի մյուզիքլի ժանրին։ Սա լուրջ ստեղծագործական մարտահրավեր է, սակայն մեր միջազգային թատերախումբը` հոյակապ Թամարա Գվերդծիթելիի գլխավորությամբ, վստահորեն կատարում է աշխատանքը:

Բեմադրության ներկա փուլում արտիստներն ավելի քան բավարարում են ժանրի պահանջները։ Աննախադեպ երջանկություն է ամեն օր աշխատել այս աշխատասեր ու համարձակ մարդկանց հետ Արարատին նայող փորձասենյակում»:

Ներկայացումը նվագակցելու է Հայաստանի պետական ​​սիմֆոնիկ նվագախումբը։ Հայկական հայտնի համույթի մասնակցության շնորհիվ «Սանսեթ Բուլվարի» երևանյան տարբերակը կմտնի այս մյուզիքլի պատմության մեջ՝ որպես նվագախմբի ամենամեծաթիվ կազմով բեմադրություն։ Ներկայումս նույնիսկ Բրոդվեյի ամենամեծ ներկայացումները չեն կարող իրենց թույլ տալ սիմֆոնիկ հնչողություն: Դիրիժորական նոտակալի մոտ կկանգնի մաեստրո Մարիամ Բարսկայան՝ նախագծի դիրիժոր-բեմադրող, բազմաթիվ մյուզիքլների, այդ թվում՝ Ուեբերի «Օպերայի ուրվական»-ի մոսկովյան տարբերակի երաժշտական ​​ղեկավար, որի համար արժանացել է «Ոսկե դիմակ» թատերական մրցանակին։

Նախատեսվում է մյուզիքլում գլխավոր դերը առաջարկել աշխարհահռչակ աստղի: Նորմա Դեսմոնդի՝ Ուեբերի խորհրդանշական հերոսուհու կերպարում փայլել են միայն երաժշտական ​​թատրոնի առաջին տիկինները: Առաջին կատարողները եղել են Փեթի Լյուպոնը և ութ անգամ «Օսկարի» առաջադրված Գլեն Քլոուզը։ Երևանում նույնպես ավանդույթից չեն շեղվի՝ գլխավոր դերի համար հրավիրված է ականավոր դերասանուհի և երգչուհի ԹԱՄԱՐԱ ԳՎԵՐԴԾԻԹԵԼԻՆ։ Նրա ստեղծագործական ներուժը, վոկալը և մեծ հետաքրքրությունը թույլ են տալիս արդեն իսկ պնդել՝ նման Նորմա Դեսմոնդ դեռ երբեք չի եղել:

Ներկայացմանը մասնակցում են մոտ երեսուն արտիստներ՝ բոլորն էլ «հաղթել են» իրենց դերերը բաց քասթինգում, որը կայացավ 2022 թվականի հուլիսին։ Լսումներին մասնակցել են շուրջ 120 արտիստներ Հայաստանից և ԱՊՀ երկրներից։ Յուրաքանչյուր հավակնորդ անցել է փորձությունների երեք փուլ, ներառյալ վոկալային և պարային հմտությունների ստուգումը: Ներկայացման թատերախմբում ընդգրկված են ինչպես մեդիա դեմքեր, այնպես էլ սկսնակ դերասաններ, որոնց համար «Սանսեթ Բուլվարը» մեծ բեմում իրենց դեբյուտային աշխատանքը կդառնա։

«Սանսեթ Բուլվար» մյուզիքլը նվիրված է կինոարտադրության հերոսներին, ուստի օրինաչափ է բեմադրող խմբի համագործակցությունը հայտնի «Հայֆիլմ» կինոստուդիայի հետ։ «Հայֆիլմ» տաղավարների արտեֆակտները կդառնան «Սանսեթ Բուլվար» մյուզիքլի մի մասը՝ արտիստների կողքին բեմի վրա գտնվող իրենց դերերը «կխաղան» վինտաժային լուսարձակները, ֆիլմերի ժապավենները, ռեֆլեկտորները, ռեկվիզիտներն ու բուտաֆորիան… «Հայֆիլմի» հետ համագործակցության շրջանակներում «Սանսեթ Բուլվարի» համար վերականգնվել են թանգարանային նշանակության բազմաթիվ առարկաներ, և առաջին անգամ դրանք դուրս կգան ոչ թե նկարահանման հրապարակ, այլ թատրոնի բեմ։ «Հայֆիլմի» հայտնի ռեժիսորների և արտիստների աշխատանքի այս լուռ վկաների մասնակցությունը, անկասկած, նախագիծը կլցնի իրական կինոյի մթնոլորտով: