Մի քանի ամսում Հայաստանը՝ նախկինում Ռուսաստանի գլխավորած Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության ամենաակտիվ անդամը, դեմարշների շարք սկսեց նրա դեմ և նվազագույնի հասցրեց ՀԱՊԿ-ում իր մասնակցության աստիճանը։ ՀՀ իշխանությունների կողմից Հայաստանի տարածքում ՀԱՊԿ զորավարժություններ անցկացնելու արգելքը և դաշինքի գլխավոր քարտուղարի տեղակալի պաշտոնից հրաժարվելը ձևական դարձրին Երևանի ներկայությունը դաշինքում։ Հակառակ «Հայաստանից ՀԱՊԿ-ի դուրս գալու վերաբերյալ» մտահոգության մասին իշխանությունների հայտարարություններին, փորձագետները ՀՀ ղեկավարության գործողությունները դիտարկում են որպես աշխարհաքաղաքական շարժառիթ՝ ուղղված Հայաստանի արտաքին քաղաքական վեկտորի վերակողմնորոշմանը։

Մարտի 10-ին պաշտոնական Երևանը հայտարարեց ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի տեղակալի իր քվոտայից հրաժարվելու մասին։ Ղազախստանը ներկայացնող ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Իմանղալի Տասմաղամբետովը երեք տեղակալ ունի։ Այդ պաշտոններում, կազմակերպության կանոնակարգով սահմանված ռոտացիայի սկզբունքի համաձայն, երեք տարին մեկ նշանակվում են նոր անձինք։ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը այս բարձր պաշտոնից հրաժարվելը պարզաբանեց բավականին քողարկված կերպով։

«Հայաստանը կհամաձայնի ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի տեղակալի պաշտոնում իր ներկայացուցչի նշանակմանը, եթե վստահ լինի, որ դա կամրապնդի իր անվտանգությունը», – մարտի 14-ի մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց Նիկոլ Փաշինյանը։

Հայաստանի և ՀԱՊԿ դաշնակիցների միջև հակասությունները, որոնք սկսեցին հասունանալ 2018 թվականին Նիկոլ Փաշինյանի թիմի իշխանության գալով (այն ժամանակ քրեական հետապնդում հարուցվեց Հայաստանը ներկայացնող ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովի նկատմամբ), գագաթնակետին հասան 2023 թվականին։

Անցյալ տարվա նոյեմբերին Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հրաժարվեց ստորագրել ՀԱՊԿ գագաթնաժողովի արդյունքներով հռչակագիրը, ինչպես նաև Հայաստանին օգնություն ցուցաբերելու համատեղ միջոցառումների մասին փաստաթուղթը՝ իր որոշումը պատճառաբանելով նրանով, որ դաշնակիցները «հստակ քաղաքական գնահատական չեն տվել» Ադրբեջանի սեպտեմբերյան ագրեսիային: 2023 թվականի սկզբին Հայաստանը հրաժարվեց իր տարածքում ՀԱՊԿ զորավարժություններ անցկացնելուց։ Այդ ժամանակ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ թուրք-ադրբեջանական տանդեմը կարող է զորավարժությունները սպառնալիք համարել, ինչը կազդի Հայաստանի անվտանգության վրա։

Չնայած այս դեմարշներին, որոնք փաստացի չեղարկում են Հայաստանի մասնակցությունը ՀԱՊԿ-ին, Հայաստանի իշխանությունները վստահեցնում են, որ մտադիր չեն նախաձեռնել ՀԱՊԿ-ից Հայաստանի դուրս գալու գործընթացը։

«2022 թվականին ՀԱՊԿ գլխավոր քարտուղարն ինձ ասաց, որ ՀԱՊԿ-ում մտավախություն կա, որ Հայաստանը դուրս կգա կազմակերպությունից։ Ես պատասխանեցի, որ այդ մտավախությունները տեղին չեն, բայց Հայաստանում կան այլ մտավախություններ, և դրանք վերաբերում են ՀԱՊԿ-ի՝ Հայաստանից դուրս գալուն։ Եվ իմ գնահատականն այն է, որ կամա, թե ակամա, ՀԱՊԿ-ը հեռանում է Հայաստանից, և դա մեզ անհանգստացնում է», – վերջերս հրավիրած ասուլիսի ժամանակ ասաց Փաշինյանը՝ դրանով փաստացի հաստատելով ՀԱՊԿ-ի հետ Երևանի հարաբերություններում ճգնաժամի առկայությունը, մի կառույցի, որի անդամները հետխորհրդային երկրներից Ռուսաստանի ռազմաքաղաքական դաշնակիցներն են։

Հայկական կողմը ճգնաժամի առկայությունը բացատրում է նրանով, որ ՀԱՊԿ-ը, չնայած Երևանի խնդրանքին, հրաժարվեց միջամտել և քաղաքական գնահատական ​​տալ Բաքվի գործողություններին 2020 թվականի սեպտեմբերին հայ-ադրբեջանական սահմանին լայնածավալ էսկալացիայի ժամանակ։ Ի պատասխան Երևանի պահանջների՝ ռուսական փորձագիտական ​​և քաղաքական շրջանակները նշում են, որ Հայաստանի իշխանությունները դիմել են ՀԱՊԿ-ին ռազմական օգնության համար այն իրավիճակում, երբ իրենք փաստացի հրաժարվել են ձեռնարկել բոլոր անհրաժեշտ միջոցները իրենց տարածքը պաշտպանելու համար։ Մոսկվայից պահանջելով պաշտպանել Հայաստանը՝ հայկական իշխանությունները երկրում մոբիլիզացիա և ռազմական դրություն չհայտարարեցին։

Հայաստանում ոչ բոլորն են համաձայն ՀԱՊԿ-ի և դաշնակից Ռուսաստանի հետ կապված իշխանությունների կոշտ գործողությունների հետ։ Ընդդիմադիր «Հայաստան» դաշինքի պատգամավոր Գեղամ Մանուկյանը ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի տեղակալի պաշտոնից հրաժարվելը որակեց «չմտածված քայլ», որի բացասական հետևանքները բազմիցս կարող են գերազանցել այս պահի քաղաքական դիվիդենտները։

Թեև դեռևս ոչ ոք չի ձգտում ճշգրիտ կանխատեսել, թե երբ և ինչ պայմաններում Հայաստանի իշխանությունները կորոշեն երկիրը դուրս բերել ՀԱՊԿ-ից, շատերը հստակ տեսնում են ՀԱՊԿ-ի նկատմամբ Հայաստանի ղեկավարության քաղաքական վերաբերմունքի փոփոխություն։

«Այս կազմակերպության հետ հարաբերությունների նշաձողի իջեցման հստակ նշաններ կան», – վստահ է «Պատիվ ունեմ» ընդդիմադիր դաշինքի պատգամավոր Տիգրան Աբրահամյանը։

Բոստոնյան CM&Partners ընկերության ավագ խորհրդատու, բանակցային գործի մասնագետ Արթուր Մարտիրոսյանը ևս ոչ մի դրական բան չի տեսնում Մոսկվայի և Երևանի փոխադարձ կշտամբանքների մեջ, առաջին հերթին Հայաստանի շահերի տեսանկյունից։

«Պետք է հասկանալ, որ առկա հակասությունները լուծվում են բանակցությունների սեղանի շուրջ, այլ ոչ թե ամպագոռգոռ հայտարարություններով, որոնք կարճաժամկետ դիվիդենտներից բացի ոչնչով չեն ապահովում։ Հայաստանի իշխանությունները պետք է հստակ և հասկանալի բացատրեն, թե ինչի են ձգտում իրենց գործողություններով, պահանջներով և հայտարարություններով։ Արդյո՞ք դրանով ՀԱՊԿ-ն ավելի արդյունավետ կազմակերպություն է դառնում։ Արդյո՞ք այս հայտարարությունները լուծում են անվտանգության այն խնդիրները, որոնց առջև կանգնած է երկիրը երկու տարուց ավելի», – Dalma News-ի հետ հարցազրույցում նշել է Մարտիրոսյանը։

ՀԱՊԿ-ից Հայաստանի հեռվանալու ֆոնին ՀԱՊԿ կենտրոնասիական պատասխանատվության գոտում հակառակ միտում է նկատվում։ ՀԱՊԿ անդամ Տաջիկստանը, որը Հայաստանի պես անվտանգային խնդիրների առաջ է կանգնած, տրամագծորեն հակառակ եզրակացության է եկել։

Տաջիկստանի նախագահ Էմոմալի Ռահմոնը վերջերս ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Իմանղալի Տասմաղամբետովի հետ հանդիպման ժամանակ հայտարարել է, որ Տաջիկստանը կամրապնդի ռազմական համագործակցությունը ՀԱՊԿ շրջանակներում։ Այս երկրի իշխանությունները վստահ են, որ միայն այս միության հետ համագործակցությամբ հնարավոր կլինի տարածաշրջանում կայունության հասնել։ Միաժամանակ Ռուսաստանը, որպես ՀԱՊԿ հիմնական անդմաներից մեկը, բազմիցս ապացուցել է իր ուժն ու բարեկամական մտադրությունները, կարծում է նա։

«Հայաստանից ՀԱՊԿ-ի դուրս գալու» վերաբերյալ Հայաստանի իշխանությունների մտահոգության ներքո, ըստ փորձագետների, թաքնված են այլ դրդապատճառներ։ Սա Երևանի ձգտումն է՝ զարգացնել ռազմական և ռազմատեխնիկական համագործակցությունը այդ թվում արևմտյան երկրների հետ։ Այդ նպատակով, ինչպես նշում է քաղաքագետ Տիգրան Գրիգորյանը, հայկական իշխանությունները ձեռնարկում են գործողություններ՝ ուղղված ՀԱՊԿ-ում իրենց մասնակցությունը փաստացի դադարեցնելուն։

Զուգահեռաբար Հայաստանի իշխանությունները շարժվում են դեպի Եվրամիություն՝ համաձայնելով եվրոպական երկարաժամկետ առաքելության (EUMA) տեղակայմանը Ադրբեջանի հետ սահմանին և հրաժարվելով ընդունել ՀԱՊԿ համապատասխան առաքելությունը։ Սույն տարվա փետրվարից այս առաքելությունն աշխատում է Հայաստանի տարածքում, սակայն հասարակությունը նույնիսկ չնչին պատկերացում չունի դրա գործունեության վերաբերյալ։ Շարունակվում են վեճերը նաև այն մասին, թե արդյո՞ք եվրոպացի դիտորդները ինչ-որ կերպ ի վիճակի են զսպել Ադրբեջանին։ Շատերը կասկածում են դրան:

Երևանի մամուլի ակումբի ղեկավար, վերլուծաբան Բորիս Նավասարդյանը կարծում է, որ գոնե պատմական այս փուլում Հայաստանը չի լքի ՀԱՊԿ-ը, և նման հեռանկարն իրականություն կդառնա միայն մեկ դեպքում: «Երբ ՀԱՊԿ-ի դերը և դրան մասնակցությունն ամբողջությամբ վերացվեն, դա փաստացի կդժվարացնի անվտանգության առկա այլընտրանքային մեխանիզմների օգտագործումը։ Առայժմ այդ դերը չի վերացել, թեև էապես նվազել է, իսկ ՀԱՊԿ-ը չի խանգարում Հայաստանին լուծել սեփական անվտանգության հարցերը», – VERELQ-ի հետ հարցազրույցում նշել է Բորիս Նավասարդյանը։

Հայկ Գրիգորյան