Հայաստանում Ռուսական տունը մեկնարկել է նոր նախագիծ, որը կոչվում է «О.К.Н.О.»: Հանրային հանդիպումների շրջանակներում կհրավիրվեն կրթության, մշակույթի, գիտության հայ և ռուս հաջողակ գործիչներ և, իհարկե, հասարակական գործիչներ։ Նախագծի նպատակն է հասանելի լեզվով կարևոր բաներ փոխանցել նոր սերնդին, «պարզ խոսել բարդ բաների մասին»։  

Հաղորդման առաջին հյուրը Հայաստանի տաղանդավոր ժողովրդական արտիստ Հրանտ Թոխատյանն է։ Թեև երևանյան խցանումների պատճառով դերասանը չի կարողացել ժամանակին ժամանել միջոցառմանը, օգնության է հասել երգիչ Արթուր Աղաջանովը՝ իր հիանալի ձայնային տվյալներով զվարճացնելով ներկաներին։

Հրանտ Թոխատյանը ունկնդիրների հետ խոսել է թատրոնի և կինոյի իր փորձի մասին, պատմել, թե ինչպես է ընտրել մասնագիտությունը և ընդգծել, որ ցանկացած հաջողության հիմքում տաղանդն է: Բացի այդ, երիտասարդ սերունդը պետք է հնարավորինս շատ կարդա և շարունակաբար աշխատի իր վրա։

Չնայած նրան, որ Հրանտ Թոխատյանը հայտնի դարձավ իր դերասանական վարպետության շնորհիվ, նա կարողացավ իր տաղանդը դրսևորել նաև բոլորովին այլ ոլորտում՝ աշխատել է որպես ռուսաց լեզվի և գրականության ուսուցիչ։ Ութ տարի դասավանդել է միջնակարգ դպրոցում, եղել է ուսմասվար և մինչ օրս հպարտանում է դրանով՝ կարոտելով նախկին աշխատանքը։

Սակայն նա կանգնել է կարևոր ընտրության առաջ և կողմնորոշվել մեկ գիշերվա ընթացքում: Զգացել է, որ պետք է շարունակի թատրոնի բեմում։ «Մինչ օրս երազում եմ վերադառնալ դպրոց, սակայն տարիքիս պատճառով այլևս չեն ընդունում», – ծիծաղում է արտիստը։

Dalma News -ի հետ հարցազրույցում Թոխատյանը պատմել է, թե ինչպես է վերաբերվում իր դերերին.

«Բախտս բերել է, քանի որ թատրոնում, հատկապես այժմ, խաղում եմ այն, ինչ ուզում եմ, ինչպես ուզում եմ, ում հետ ուզում եմ և, իհարկե, որտեղ ուզում եմ: Եթե ​​ինձ համար դժվար է որևէ կերպար խաղալ, հրաժարվում եմ դրանից։ Սա այն դեպքում, երբ խոսքը վերաբերում է կինոյին: Թատրոնում նման դեպքեր չեն լինում։ Կարող եմ հրաժարվել կինոյում աշխատելուց, եթե առաջարկեն «անազնիվ» հայի դեր։ Նման դերեր չեմ խաղում, նույնիսկ եթե մեծ գումար են առաջարկում։ Հիմնականում վերամարմնավորվում եմ բարի և ընտանեկան դերերում»: 

Գրեթե ամբողջ ազատ ժամանակը արտիստը տրամադրում է Կամերային թատրոնին, որտեղ մինչ օրս սիրով աշխատում է. «Ինչպես էլ զգամ, հենց ոտքս դնում եմ բեմին, բոլոր վախերն ու կասկածները մնում են ետևում։ Միշտ ոգևորություն և հաճույք եմ զգում բեմում»:

Դահլիճում շատերին հետաքրքրում էր, թե ինչպես են զարգացել դերասանների հարաբերությունները հայտնի «Վերջին Մոհիկյանը» հեռուստասերիալի ավարտից հետո։ Թոխատյանը մինչ այժմ ջերմ հարաբերություններ է պահպանում նկարահանման հրապարակի գործընկերների հետ։ Նրանք հաճախ են գալիս Հայաստան, իսկ Թոխատյանն իր հերթին փորձում է նրանց այցելել Ռուսաստանում։

Դերասանը պատմեց նաև, թե ինչպես է իրեն հաջողվում համատեղել թատրոնն ու քաղաքացիական կարգավիճակը, որքան կարևոր է երեխաներին պատանի տարիքից արվեստ սովորեցնելը, ինչպես նաև խոսեց նախորդ ներկայացումներից։

Հարցին, թե ինչ է ամենից շատ ցանկանում կյանքում, Հրանտ Թոխատյանը արագ և հստակ պատասխանեց. «Ցանկանում եմ վերադարձնել իմ քաղաքի ժպիտը։ Թող Երևանը նորից կոչվի վարդագույն հրաշք»։

Դիանա Կարոնինա