Երևանում Ռուսական տան, Ռուսաստանի դեսպանության և հայրենակից կազմակերպությունների ներկայացուցիչները մարդասիրական օգնության հազար հավաքածու են փաթեթավորել Լեռնային Ղարաբաղից տեղահանվածների համար, հաղորդվում է Երևանում Ռուսական տան պաշտոնական ֆեյսբուքյան էջում։

Մարդասիրական օգնությունը ներառում է 500 պարենային փաթեթ՝ շաքարավազ, մակարոնեղեն, ձավարեղեն, կարագ, թխվածքաբլիթներ, ինչպես նաև 500 փաթեթ անձնական հիգիենայի պարագաներ և կենցաղային քիմիկատներ։ Մեկ անձի համար նախատեսված փաթեթը կշռում է մոտ 12 կգ։

Ռուսական մարդասիրական առաքելության փաթեթների առաջին խմբաքանակը Երկուշաբթի օրը կուղարկվի Հայաստանի տարբեր քաղաքներում տեղակայված աջակցության կենտրոններ։

Ռուսաստանից ուղարկվող մարդասիրական բեռները հաջորդաբար կտեղափոխվեն Մեծամոր, Ջերմուկ, Ծաղկաձոր, Գավառ, Սևան և Մասիս։