Այն բանից հետո, երբ ընդամենը մի քանի օրում Լեռնային Ղարաբաղը հայաթափվեց, և ամբողջ աշխարհը լուռ հետևեց հայերի գաղթին իրենց պատմական հողից, օդում կախված հարցերից մեկը դարձավ Լեռնային Ղարաբաղում ռուսական խաղաղապահ զորախմբի ապագայի հարցը։

ԼՂ-ում 2020 թվականի արյունալի 44-օրյա պատերազմից հետո, որի արդյունքներով Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի ղեկավարները ստորագրեցին Եռակողմ հայտարարություն, Լեռնային Ղարաբաղի և արցախցիների անվտանգությունն ապահովում էր ռուսական խաղաղապահ զորախումբը։ ՌԴ նախագահի հրամանագրի համաձայն՝ ռուսական խաղաղապահ զորախմբի թվաքանակը կազմում էր հրաձգային զենքերով զինված մոտ 2000 զինծառայող։ Բացի այդ, Լեռնային Ղարաբաղում գտնվել է 90 զրահամեքենա, 380 միավոր ավտոմոբիլային և հատուկ տեխնիկա, բանակային ավիացիայի 4 միավոր Մի-8 և Մի-24 ուղղաթիռ և այլն։ 2020 թվականի պատերազմում հայկական կողմի պարտությունից հետո ռուս խաղաղապահները ապահովում էին փխրուն խաղաղություն այս տարածաշրջանում մինչև 2022 թվականի դեկտեմբերի 12-ը, երբ Ադրբեջանը կտրեց Ղարաբաղը Հայաստանից։ Եվ միայն ինը ամիս տոտալ շրջափակումից հետո՝ Լեռնային Ղարաբաղի դեմ Ադրբեջանի ագրեսիայից հետո, վերջինս ընդունեց Բաքվի պայմանները, ինչը նշանակում էր Արցախի հանձնում։

Այսպիսով, ավելի քան 100 հազար արցախցի մոտ երկու օրում լքեց հայրենիքը, Ղարաբաղը հայաթափվեց։ Ի՞նչ է լինելու խաղաղապահների հետ, ո՞ւմ են այսուհետ պաշտպանելու ու ո՞ւմ անվտանգությունն են ապահովելու։

Այստեղ հարկ է հիշեցնել, որ Եռակողմ հայտարարությամբ ԼՂ-ում Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորախմբի գտնվելու ժամկետը 5 տարի է՝ սկսած հայտարարության ստորագրման օրվանից (2020թ. նոյեմբերի 9-ից)` հերթական 5-ամյա ժամկետով ավտոմատ երկարաձգմամբ, եթե պայմանագրի կողմերից ոչ մեկը ժամկետի ավարտից առաջ 6 ամսվա ընթացքում չհայտարարի սույն դրույթի կիրառումը դադարեցնելու մտադրության մասին: Քանի որ, ըստ էության, այլևս չկա Եռակողմ հայտարարություն, ռուսական խաղաղապահ զորախմբի ապագան որոշող կողմը Ադրբեջանն է։ Դատելով բոլոր նախադրյալներից, Բաքուն առանձնապես չի ցանկանում տեսնել ռուսական ներկայությունը Ղարաբաղում հնգամյա ժամկետի ավարտից հետո։

Այսպես, սույն տարվա հունվարին՝ հայ ժողովրդի համար այս ողբերգական իրադարձություններից շատ առաջ, Իլհամ Ալիևը հայտարարեց, որ երկու տարի հետո՝ 2025 թվականին, կավարտվի ռուսական խաղաղապահ առաքելությունը Ղարաբաղում։

«2023 թվականը Հայաստանի համար Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագիր կնքելու վերջին հնարավորությունն է։ Չեմ ցանկանում ճնշում գործադրելու տպավորություն թողնել, սակայն ուզում եմ ասել, որ, իմ կարծիքով, սա վերջին հնարավորությունն է, քանի որ հետո կգա 2024 թվականը, իսկ 2025-ին կավարտվի ռուս խաղաղապահների առաքելությունը», – ասաց նա։ Սակայն նույն Ալիևը, փաստորեն, չսպասեց 2024-ին և սովի, հոգեբանական ճնշման ու ագրեսիայի միջոցով վերցրեց Ղարաբաղը։

Բացի այդ, այս մասին հուլիսին հայտարարել էր Թուրքիայի առաջնորդ Ռեջեփ Թայիփ Էրդողանը` նշելով, որ ռուս խաղաղապահները կլքեն Լեռնային Ղարաբաղը մինչև 2025 թվականը. «Ես հավատում եմ, որ Մոսկվան հավատարիմ կմնա կնքված հայտարարությանը։ Եղբայրս՝ Իլհամ Ալիևը նույնպես ուշադիր հետևում է տարածաշրջանում տիրող իրավիճակին», – ասել է Թուրքիայի նախագահը։ Մեկ շաբաթ անց ռուսական կողմը պատասխանել է Էրդողանին.

«Թուրքիան 2020 թվականի նոյեմբերի 9-ի հայտարարության կողմ չէ։ Հենց այս փաստաթղթի հիման վրա էլ ռուսական խաղաղապահ զորախումբը տեղակայվեց Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում։ Եվ հենց այս փաստաթուղթն է ուրվագծում և՛ զորախմբի գտնվելու ժամկետը, և՛ հաջորդող հնգամյա ժամկետում դրա հնարավոր երկարաձգման պարամետրերը», – հայտարարել է ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

Բայց Բաքուն որոշեց այս հարցը՝ չկա Լեռնային Ղարաբաղ, չկա Եռակողմ հայտարարություն։ Ուրեմն ի՞նչ է լինելու այժմ։

Սեպտեմբերի 23-ին ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հայտարարեց, որ խաղաղապահներն այժմ աջակցում են Ղարաբաղի ներկայացուցիչների և Ադրբեջանի պաշտոնյաների շփումներին։

«Որքան ռուս խաղաղապահներ կլինեն Լեռնային Ղարաբաղում և որքան ժամանակով, դա հարց է, որը որոշվում է տեղում», – նշել է Լավրովը։

Սակայն դրանից հետո իրադարձություններն այնպիսի արագությամբ ծավալվեցին, որ նույն ԱԳՆ-ի մոտեցումը որոշ չափով փոխվեց. հոկտեմբերի 9-ին ԱՊՀ երկրների հետ հարաբերությունները համակարգող ՌԴ փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը հայտարարեց, որ այն «հարցը, թե ինչպիսին կարող է լինել ռուսական խաղաղապահ զորախմբի հետագա ներկայությունը, կքննարկվի և կլուծվի Մոսկվայի և Բաքվի միջև հաստատված ուղիներով»։ Միաժամանակ նա ընդգծեց, որ Ղարաբաղում ռուսական խաղաղապահ զորախմբի ներկայությունը պահանջված է, և ապագայում նույնպես անհրաժեշտ կլինի, քանի որ, նախ, «մնում է հարցը, թե ինչպես են իրենց հանգիստ զգալու այն ղարաբաղցիները, որոնք մնացել են այնտեղ»։ Եվ երկրորդ՝ խաղաղապահների միջնորդությամբ շփումներ են իրականացվում Բաքվի և Ստեփանակերտի միջև։

«Մի շարք բարդ հարցերի համալիրը, որոնք կապված են Ղարաբաղում հետագա զարգացման հետ, նույնպես լուծվում է արցախահայության ներկայացուցիչների և Ադրբեջանի Հանրապետության իշխանությունների միջև՝ ռուս խաղաղապահների աջակցությամբ», – ամփոփել է ռուս փոխնախարարը։

Ընդգծենք, որ ըստ 30 տարվա ընթացքում տարածաշրջանում ՄԱԿ-ի առաջին առաքելության, որը շտապել է ամայացած Լեռնային Ղարաբաղ այն բանից հետո, երբ դրա հարյուր հազար բնակիչները հեռացել են այնտեղից և դարձել բռնի տեղահանվածներ, Լեռնային Ղարաբաղում մնացել է 50-ից 1000 էթնիկ հայ։ Սակայն, ըստ Արցախի նախկին պետնախարար Արտակ Բեգլարյանի, Արցախում ընդհանուր առմամբ մնացել է 40 մարդ, այդ թվում՝ միայնակ և անօգնական մարդիկ, անհայտ կորածներ։ Կարմիր խաչի միջազգային կոմիտեն այս պահին փնտրում է նրանց։

Նշենք, որ սեպտեմբերի 19-ին Արցախում 24-ժամյա պատերազմի արդյունքում զոհվել է ավելի քան 220 մարդ՝ չհաշված անհայտ կորածներին…

Լինա Մակարյան