Վերջին շրջանում հայ-ռուսական հարաբերությունները դժվարին ժամանակներ են ապրում: Ավելի ճիշտ կլինի  ասել, որ դրանք գտնվում են պատմական ամենացածր մակարդակի վրա։ Բայց ոչ Երևանը, ոչ էլ առավել ևս Մոսկվան որևէ «կտրուկ» շարժում չեն անում, և երկու հասարակություններն էլ հետևում են անորոշ իրավիճակին և գուշակում, թե այս ամենը ուր է տանելու: Գլխավորն այն է, թե որքան կտուժեն այս ամենից մեր հասարակությունները, քանի որ միշտ ամեն բանի համար ստիպված են լինում վճարել հասարակ քաղաքացիները

Հարաբերություններում ճգնաժամի սկիզբը

«Ահազանգը» հնչեց դեռևս 2018 թվականին, երբ Հայաստանում իշխանության եկան մարդիկ, ովքեր նախկինում ակտիվորեն դեմ էին հանդես գալիս Ռուսաստանին և Հայաստանում ռուսական ազդեցությանը։ Մինչև 2020 թվականին Լեռնային Ղարաբաղում արյունալի պատերազմը, թեև հայ հասարակության մեջ կային հակառուսական տրամադրություններ, սակայն դրանք այնքան էլ ակնհայտ չէին: Հայկական կողմի պարտությունից և նոյեմբերի 9-ին եռակողմ հայտարարության ստորագրումից հետո հակառուսական գործընթացներ սկսեցին հրահրել բոլորը՝ Արևմուտքից ֆինանսավորվող հասարակական կազմակերպությունները, քաղաքագետները, քաղաքական գործիչները։ Եվ հատկապես ամենաբարձր մակարդակով։

Ճգնաժամը սկսեց ավելի խորանալ Լեռնային Ղարաբաղում իրավիճակի վատթարացմանը զուգահեռ, որտեղ ռուս խաղաղապահները պատասխանատու էին բնակչության անվտանգության համար։ Եվ այս ամենը նրա ֆոնին, որ ղարաբաղյան կարգավորման հարցում Փաշինյանը նկատելիորեն ձգտել է ուղիներ փնտրել ոչ թե ռուսական, այլ արևմտյան հարթակներում՝ Բրյուսել, Վաշինգտոն։ Եվ արդյունքում ստացանք Պրահան, որտեղ Հայաստանի վարչապետը ճանաչեց Ղարաբաղը որպես Ադրբեջանի մաս։ Իսկ հետո տեղի ունեցավ Արցախի իննամսյա շրջափակումը և, որպես հետևանք, հայերի տեղահանումը իրենց պատմական հողերից…

Հայ-ռուսական հարաբերություններում ճգնաժամը հատկապես դրսևորվեց այս սեպտեմբերի սկզբին։ Իտալական La Repubblica թերթի հետ հարցազրույցում Նիկոլ Փաշինյանը մի շարք բողոքներ է հայտնել Ռուսաստանի դեմ։ Նա, մասնավորապես, հայտարարել է, որ ռուս խաղաղապահները չեն կատարում իրենց հանձնարարված գործառույթը՝ չեն ապահովում Հայաստանն ու Ղարաբաղը կապող Լաչինի միջանցքով ազատ տեղաշարժը։ Փաշինյանը հայտարարել է, որ Ռուսաստանը չի կարող կամ չի ցանկանում վերահսկողություն պահպանել Լաչինի միջանցքի վրա, ինչը «շատ մտահոգիչ է»։ Փաշինյանը նաև բողոք է հայտնել Մոսկվայի հասցեին՝ Հայաստանի ինքնիշխան տարածքի նկատմամբ Ադրբեջանի ագրեսիայի վերաբերյալ արձագանքի բացակայության պատճառով։

Դրան հաջորդեցին մի շարք քայլեր, որոնք կարող են վկայել, որ Հայաստանը խզում է հարաբերությունները Ռուսաստանի Դաշնության հետ՝ Երևանը ՀԱՊԿ-ից հետ կանչեց իր ներկայացուցչին, և լուրեր են պտտվում, որ չի պատրաստվում նշանակել նորին, վարչապետի կինն անձամբ մեկնեց Կիև՝ Ուկրաինայի համար նախատեսված հումանիտար աջակցությամբ, խորհրդարանը վավերացրեց Հռոմի ստատուտը, ինչի ֆոնին Հայաստանի դեսպանը կանչվեց ՌԴ ԱԳՆ… Իսկ հետո Փաշինյանը չմեկնեց Բիշքեկ ԱՊՀ երկրների ղեկավարների գագաթնաժողովին, որտեղ հնարավորություն կար հանդիպել ՌԴ նախագահի հետ:

Շատերը կանխատեսում են, որ հայկական իշխանությունների դեմարշը կանդրադառնա հասարակ քաղաքացիների վրա՝ Ռուսաստանը կթանկացնի գազի գինը, իսկ առջևում ձմեռ է, ավելի բծախնդիր կլինի հայկական ապրանքների նկատմամբ, «պատժամիջոցները» կարող են ազդել նաև ՌԴ-ում բնակվող հայերի վրա, իսկ հայերն այնտեղ քիչ չեն՝ ավելի քան 2,5 միլիոն: Հեռանկարները, ինչպես տեսնում ենք, այնքան էլ ուրախալի չեն ժողովրդի համար, որը առանց այդ էլ դժվար ժամանակներ է ապրում։

Ռուսաստանը փափուկ դիրքորոշում է դրսևորում

Օրերս ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել էր, որ Հայաստանում արհեստականորեն հակառուսական տրամադրություններ են բորբոքվում։

«Մենք գիտենք, թե Հայաստանում վերջին տարիներին քանի հասարակական կազմակերպություններ են ստեղծվել, և դրանք նախկինում նույնպես շատ են եղել։ Այդ կազմակերպությունները չեն ստեղծվում Հայաստանի և Ռուսաստանի Դաշնության միջև բարեկամական հարաբերությունները խթանելու նպատակով։ Ճիշտ հակառակը։ Դրանք միտված են հակառուսական տրամադրությունների համար հող նախապատրաստելուն և այս տարածաշրջանում Հայաստանի միջոցով, առաջին հերթին ԱՄՆ-ի, Եվրամիության և ՆԱՏՕ-ի երկրների շահերի առաջմղմանը։ Մենք տեսնում ենք այդ փորձերը, դրանք որոշակի արդյունքների են հասնում», – ասել է Լավրովը։

Միաժամանակ, ռուս նախարարը համոզմունք հայտնեց, որ հայ ժողովրդի ճնշող մեծամասնությունը շահագրգռված է Ռուսաստանի Դաշնության հետ ավանդական, պատմականորեն եղբայրական կապերի զարգացմամբ։

«Մի քանի օր առաջ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մամուլի ասուլիս ունեցավ, հարցազրույց, որում հստակ ասաց, որ Հայաստանը չի փոխում իր ուղենիշները։ Հուսանք, որ այս դիրքորոշումը կգերիշխի, չնայած Երևանն այլ ուղղությամբ տանելու փորձերին», – հավելեց նա։

Չնայած Փաշինյանը Բիշքեկում ներկա չէր, սակայն այնտեղ Հայաստանի մասին չէին մոռացել։ Նախ, Բելառուսի ղեկավար Ալեքսանդր Լուկաշենկոն նշեց, որ Հայաստանը միշտ չէ, որ իրեն գործընկերոջ պես է պահում որպես Անկախ Պետությունների Համագործակցության անդամ։ Նրա խոսքով, ԱՊՀ-ի ստեղծման հիմնական նպատակը ԽՍՀՄ-ի փլուզումից հետո ձևավորված երկրների միջև կապերի խզումը թույլ չտալն էր։ Սակայն Արևմուտքը փորձեց «թուլացնել» և «ստորադասել» հետխորհրդային երկրներին իր շահերին։ Արդյունքում, Վրաստանը առաջինը դուրս եկավ միավորումից, Ուկրաինան դե ֆակտո գոյություն չունի, իսկ Մոլդովայի հետ կապված մեծ հարցեր կան.

«Ցավոք, Հայաստանը միշտ չէ, որ իրեն գործընկերոջ պես է պահում», – ասել է Բելառուսի նախագահը

Այնուհետև, ՌԴ ղեկավարը մի քանի հայտարարություններ արեց, որոնք քաղաքագետներն ու փորձագետները դեռ երկար կվերլուծեն և կանդրադառնան՝ փորձելով որոշել Հայաստանի և Ռուսաստանի միջև ռազմավարական դաշինքի ապագան։

Սկզբի համար Վլադիմիր Պուտինը նշեց, որ Հայաստանը դուրս չի գալիս ԱՊՀ-ից։ Նա անդրադարձավ Փաշինյանի հետ Համագործակցության գագաթնաժողովի հետ կապված հեռախոսազրույցին, որին ՀՀ վարչապետը չմասնակցեց, և հայտարարեց. «Այնտեղ կան հանգամանքներ, որոնք ես միանգամայն հասկանալի եմ համարում… Սակայն, որքան հասկանում եմ, Հայաստանը ԱՊՀ-ից դուրս չի գալիս»: Սակայն ռուս ղեկավարը մանրամասներ չնշեց։

Պուտինն անդրադարձավ նաև Հռոմի ստատուտի վավերացմանը, որը Մոսկվան չափազանց կտրուկ դատապարտեց։ ՌԴ նախագահը խոստովանեց, որ Հայաստան է մեկնելու այցով.

«Մենք կապի մեջ ենք նրա (Հայաստանի վարչապետի հետ – խմբ.) հետ: Եվ հրավեր կա, և կա նրա հրավերը Ռուսաստան։ Տեսնենք: Մենք ամեն բան հասկանում ենք, բոլորս մեծ մարդիկ ենք։ Հասկանում ենք, թե ինչ է կատարվում այնտեղ։ Սա Ղարաբաղի հայերի ողբերգությունն է: Նա, հավանաբար, այժմ ճամփորդելու ժամանակ չունի»,- ասել է Պուտինը մամուլի ասուլիսի ժամանակ։ «Հենց նորմալ իրավիճակ ստեղծվի», ինքը կգա Հայաստան, իսկ Փաշինյանը կմեկնի Ռուսաստան։

Եվ այսպես, երբ թվում էր, թե իրավիճակը մի փոքր մեղմացել է, Նիկոլ Փաշինյանը նոր հարված հասցրեց՝ Բիշքեկից հետո նրա ընտանիքին պատկանող թերթում «Պուտինը, «նեղացած հարսի պես», ամեն անգամ կրկնում է նույն բանը» վերնագրով հոդված տպագրվեց։ Հոդվածի ամբողջ իմաստը կրկին Բիշքեկի արձագանքներն էին, իբր, Վլադիմիր Պուտինը հերթական անգամ հայտարարել է, որ հենց Փաշինյանն է փոխել ԼՂ հարցի էությունը, երբ Պրահայում Արցախը ճանաչել է Ադրբեջանի կազմում։ Իսկ այժմ իրավիճակը բոլորովին այլ է, քանի որ «հայկական իշխանությունները փակել են այս թեման», թեև վերջին տասնամյակների ընթացքում «կողմերը մոտ էին համաձայնագրի ստորագրմանը»։ Ահա թե ինչն է ստիպել հեղինակներին նման հոդված գրել և Ռուսաստանի ղեկավարին անվանել «նեղացած հարս»…

Այսպիսով, ի՞նչ ապագա է սպասվում հայ-ռուսական հարաբերություններին Հարավային Կովկասի տարածաշրջանում իրավիճակի վատթարացման ֆոնին, երկու կողմերի փոխադարձ մեղադրանքների ֆոնին, և նրա, որ Ադրբեջանը բացահայտ հավակնում է Հայաստանի ինքնիշխան տարածքին և այլն։ Պատասխանը, թերևս, հայտնի է միայն Երևանի և Մոսկվայի քաղաքական ետնաբեմերում…

Լինա Մակարյան