Հայտնի է, որ ցանկացած պետության զարգացման գործընթացը կարելի է հետևել մետաղադրամների պատմության միջոցով: Դրամական միավորները կարող են շատ բան պատմել ոչ միայն երկրի տնտեսական, այլև քաղաքական դրության մասին, ինչպես նաև տվյալ հասարակության կենցաղային պայմանների մասին` դրա կազմավորման սկզբից միչև անկումը: Բացի դա` դրամագիտության ուսումնասիրությունը հնարավորություն է տալիս վերականգնել պատմության այն հատվածը, որը մեզ չի հասել: Մետաղադրամների վրայի դաջված պատկերները ևգրառումները բազմաթիվ հուշումներ են տալիս մեզ` անցյալի գաղտնիքները բացահայտելու համար: Օրինակ` հայոց արքա Տիգրան Մեծի (մ.թ.ա. 95-մ.թ.ա. 55) պատկերը ոչ մի տեղ չի պահպանվել, բացի մետաղադրամներից: Միայն դրանց շնորհիվ մենք կարող ենք տեսնել ոչ միայն այն, թե ինչ տեսք ուներ թագավորը, այլև նրա հանդերձանքի և հայկական թագի որոշ դետալներ: Եվ դա չափազանց կարևոր է:

Հայտնի չէ, թե ինչպիսին կլինի փողը մի քանի հարյուրամյակ հետո, մեզ հետաքրքիր է բացել հայկական դրամագիտության պատմության վարագույրը, և այդ նպատակով մենք դիմեցինք Հայաստանի Հանրապետության Կենտրոնական Բանկի դրամագիտության փորձագետ Գևորգ Մուղալյանին:

«Նախադրամական» շրջան

Իսկզբանե, երբ դեռ չկային դրամական միավորներ, առևտուրն իրականացվում էր բնական ապրանքափոխանակությամբ` կենցաղում առավել կարևոր և պահանջված ապրանքների, մթերքների միջոցով, օրինակ` աղի, ցորենի, ինչպես նաև ընտանի կենդանիների և այլ: Հետագայում պատմական զարգացման ընթացքում դրանք փոխարինվեցին մետաղական իրերով` ձողերի, շրջանակների, աշխատանքային գործիքների տեսքով: Որոշ տարածաշրջաններ ունեին իրենց հատուկ փողը, օրինակ` կենդանիների մորթիներ, խեցիներ և այլ բազմաթիվ այլ իրեր: Խաղաղ օվկիանոսի որոշ կղզիներում օգտագործվել են «կաուրի» խեցիներն էին, որոնք ընդհուպ միչև 19-րդ դարի սկիզբը ծառայել են, որպես դրամական միավորներ:

Պատմությունն ամենասկզբից

Մ.թ.ա.VIII  դարավերջին և VII-ի դարասկզբին Փոքր Ասիայում (ժամանակակից Թուրքիայի տարածքում) գտնվող  Լիդիա պետությունում դրվագվեցին առաջին մետաղադրամները` էլեքթրումից (ոսկու և արծաթի բնական համաձուլվածք): Հետագայում այդ մետաղադրամները տարածվեցին հունական աշխարհի ողջ տարածքով: Մի քանի տասնամյակ անց` Էլբա կղզու վրա պատրստվեցին առաջին արծաթե դրամները, որի նյութը մաքրված էր խառնուրդներից: Հայաստանի տարածքում գտնված ամենահին մետաղադրամները հունական են, մասնավորապես` Աթենք քաղաքի դրամները` դիդրախմաներ և տետրոդրախմաներ: Այդ արծաթյա դրամները վերագրվում են մ.թ.ա. V- IVդդ.:

Հայկական դրամագիտության սկիզբը

Հայկական դրամագիտության պատմությունը սկիզբ է առնում Ծոփքի հայոց թագավորների թողարկումներից (մ.թ.ա. III դարի երկրորդ կես): Դրանք եղել են պղնձե մետաղադրամներ:

Մ.թ.ա. II դարասկզբին հիմնադրվեց Հայկական առաջին պատմական թագավորությունը` Արտաշեսյանների հարստությունը: Տոհմի առաջին ներկայացուցիչների դրամները մեզ հայտնի չեն, բայց հետագա գահակալները` սկսած Տիգրան Մեծից, հատում էին պղնձե և արծաթե մետաղադրամներ: Տիգրան Մեծի մետաղադրամները կոչվում էին «դրախմաներ», «տետրոդրախմաներ» և «խալկեր»: Դրանք հատվում էին ինչպես Հայաստանի քաղաքներում` Արտաշատում, Տիգրանակերտում, այնպես էլ Սիրիայի քաղաքներում` Անտիոքում, Դամասկոսում և այլ վայրերում, որտեղ կային հին դրամահատարաններ:

Արտավազդ Բ-ի և նրա որդու` Արտաշես Բ-ի մետաղադրամները, որոնք վերագրվում են մ.թ.ա. I դարին, հետաքրքրական են նրանով, որ նրանց դիմերեսին պատկերված էր թագավորը, իսկ հակառակ կողմում` դիցուհիների և տարբեր կենդանիների ու բույսերի պատկերներ` հաղթութան դիցուհի, լիության եղջյուր, շուն, խաղողի ողկույզ, մեղու: Բացի համապետական մետաղադրամներից, հատվում էին նաև քաղաքային դրամներ: Դրանք հիմնականում պղնձից էին և շրջանառվում էին տվյալ քաղաքի սահմաններում: Օրինակ` Արտաշատ քաղաքի դրամները վերագրվում են մ.թ. I դարի առաջին թվականներին:

Առաջին մետաղադրամները պատրաստվում էին ձեռքի հատման եղանակով: Բնական է, դրանք չէին կարող անթերի կլոր տեսք ունենալ, ինչը այնքան էլ կարևոր չէր: Խստորեն վերահսկվում էին արծաթե և ոսկե դրամների թողարկումները, քանի որ դրանց դեպքում անհրաժեշտ էր պահպանել ճիշտ քաշը: Տիգրան Մեծի թագավորության ժամանակաշրջանում դրամները թողարկվում էին ատտիկյան չափա-քաշային համակարգով, որի հիմքում հունական դրախման էր 4.36 գ նոմինալ քաշով: Պղնձե դրամներին այդքան ուշադրություն չէր հատկացվում, դրանք կարող էին ունենալ մոտավոր կլոր տեսք:

Լոռվա Բագրատունյացների Կյուրիկե արքայի մետաղդրամները պղնձից էին: Այն շատ նեղ շրջանառություն ուներ, բայց այդ մետաղադրամը մեզ հայտնիներից առաջինն է, որի վրա կան հայերենով գրառումներ:

Մեր թվարկության 11-րդ դարում կազմավորվեց Կիլիկիայի հայկական թագավորությունը, որը պայմանականորեն բաժանված է երկու տարբեր ժամանակահատվածների: Իշխանական` 1080-ից միչև 1198թթ. և թագավորական` 1198-ից միչև 1375թթ: Կիլիկիայի իշխանական շրջանի մետաղադրամները շատ հազվագյուտ են, մեզ են հասել միայն պղնձե դրամները, իսկ թագավորական մետաղադրամները բազմազան են` պղնձե, արծաթե և ոսկե, որոնք հատվում էին Սիսի, Այասի և Տարսոնի դրամահատարաններում:

Կիլիկիայի  թագավորության անկումից հետո ազգային դրամների թողարկումները երկար ժամանակով ընդհատվեցին: Հետաքրքիր է նշել, որ մոնղոլ-թաթարների իշխանության օրոք, մասնավորապես` Աբուսհաիդ խանի կառավարման տարիներին նրա թողարկած դրամներին հանդիպում է Երևանի րամահատարանի  հիշատակումը: Հետագայում պատմական Հայաստանի տարածքը բաժանվեց  երկու մասի`Արևմտյան Հայաստանը անցավ Օսմանյան կայսևրության իշխանության տակ, իսկ Արևելյան Հայաստանը պարսկական շահերի տիրակալության տակ: Մեզ են հասել Օսմանյան և պարսկական մետաղադրամներ դրվագված Երևանի դրամահատարանում:

Որոշ մետաղադրամների վրա կարելի է նկատել առանձին նիշեր և խորագրեր, որոնք  կապվում են դրվագման համար պատասխանատու անձանց անունների հետ:

Ցարական ժամանակներից, միչև ԽՍՀՄ փլուզում

19-րդ դարի սկզբին Հայաստանի, Վրաստանի և Ադրբեջանի արևելյան հատվածները մտնում են Ռուսաստանի Կայսրության կազմի մեջ: Այդ ժամանակաշրջանում արդեն ակտիվորեն շրջանառվում էին թղթադրամները և իհարկե, մետաղադրամները:

Ռուսաստանում 1917թ-ի փետրվարյան հեղափոխությունից հետո, Ժամանակավոր կառավարությունը շրջանառության մեջ մտցրեց իր դրամանիշերը: Անդրկովկասը ամբողջովին դուրս եկավ Ռուսաստանի Կայսրության կազմից, և ստեղծվեց Անդրկովկասյան Կոմիսարիատը, որը  շրջանառության մեջ մտցրեց իր թղթադրամները, ինչը, ըստ էության, հայկական թղթադրամների պատմության սկիզբն էր` թղթադրամներևին առաջին անգամ հայտնվում են հայերեն գրառումներ:

Թողարկվեցին թղթադրամներ 1-ից միչև 250 ռուբլի  անվանական արժեքով: 1918թ-ի մայիսի 28-ին Հայաստանը հայտարարեց իր անկախության մասին: 1919 թ-ին թողարկեց Հայաստանի Հանրապետության թղթադրամների առաջին շարքը` Պետբանկի Երևանյան բածանմունքի չեկերի տեսքով: նախատեսվում էր, որ այն պետք է ժամանակավոր բնույթ կրի, մինչև կթողարկվեին թղթադրամները:  Չեկերը տարբերվում էին իրարից միայն գունային գամմաներով: 1920 թ. շրջանառության մեջ մտան թղթադրամները` 50, 100 և 250 ռուբլի անվանական արժեքով: Բայց սրանք էլ երկար չմնացին շրջանառության մեջ, քանի որ տարեվերջին արդեն Հայաստանում հաստատվեցին խորհրդային կարգեր, իսկ 1921թ-ին շրջանառության մեջ մտան Հայաստանի Խորհրդային Սոցիալիստական Հանրապետության թղթադրամները` 5 հազար ռուբլուց մինչև 5 միլիոն ռուբլի անվանական արժեքով:

1922թ-ի որոշման համաձայն միավորվեցին անդրկովկասի երեք հանրապետությունները և ստեղծվեց Անդրկովկասի Ֆեդերատիվ Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունը: Շրջանառության մեջ դրվեցին 1000-ից միչև մեկ միլիարդ անվանական արժեքով թղթադրամները: Իսկ 1924թ-ի ապրիլին Հայաստանում շրջանառության մեջ եղած բոլոր դրամանիշերը փոխարինվեցին ԽՍՀՄ միասնական նմուշի դրամանիշերով, որոնք գոյատևեցին ընդհուպ միչև Խորհրդային միության փլուզումը:

Այսուհետ միայն դրամ

1993թ-ի նոյեմբերի 22-ին շրջանառության մեջ մտան անկախ Հայաստանի առաջին շարքի թղթադրամներ, բայց այսօր դրանք աբողջովին հանված են շրանառությունից: 2003թ-ին փոքր անվանական արժեքի թղթադրամները փոխարինվեցին 10-ից միչև 500 դրամ անվանական արժեքի մետաղադրամներով: Համարվում է, որ մետաղադրամները կարող են շրջանառել 20 տարի և ավելի, իսկ թղթադրամները` ամենաշատը մեկուկես – երկու տարի:

1994թ-ի փետրվարի 21-ին Հայաստանի Հանրապետությունում  առաջին անգամ շրջանառության մեջ դրվեցին  ալյումինե մետաղադրամները` 10, 20 և 50 լումա և 1, 3, 5, 10 դրամ անվանական արժեքով: 1000 և 5000 դրամ անվանական արժեքի թղթադրամները  շրջանառության մեջ մտան 1994-95թթ-ին, իսկ 1998թ-ին թողարկվեցին  նոր շարքի թղթադրամները` 50 և 100 դրամ անվանական արժեքով, իսկ մեկ տարի անց 500, 1000 և 5000 դրամանոցները: Հետագայում թողարկվեց նաև 20-հազար դրամը: 2003թ-ին շրջանառության մեջ դրվեց նաև 10 հազար դրամանոց թղթադրամը:

Դրամի շրջանառությունից միայն մի քանի տարի անց ԿԲ-ն մրցույթ անցկացրեց հայկական դրամական միավորի գրաֆիկական նշանի համար: Արդյունքում հաղթող ճանաչվեցին Կարեն Կոմենդարյանի և Ռուբեն Արուտչյանի համատեղ կատարված էսքիզները:

Այսօր հայկական դրամի տպագրությունը իրականացվում է մրցութային կարգով հաղթող ճանաչված եվրոպական լավագույն տպարաններում` մաքուր բամբակե թղթի վրա:

Տպագրումից հետո թղթադրամի օգտագործման ժամկետը երկարացնելու նպատակով այն պատվում է հատուկ լաքով: Հայկական թղթադրամների վրա պատկերված են մշակույթի խոշորագույն ներկայացուցիչների կերպարները: Նման որոշում է կայացվել տարբեր հասարակական կազմակերպություններում, միություններում և պետական հիմնարկներում նախապես կատարված հարցումների արդյունքները ամփոփելուց հետո: Պարզվեց, որ հարցվողների մեծ մասը առաջարկել են թղթադրամների վրա պատկերել հայ մշակույթի գործիչներին: 1993թ-ի նմուշի 10-ից մինչև 500 դրամ անվանական արժեքով թղթադրամների էսքիզները համատեղ կատարել են նկարիչներ Հրաչյա Ասլանյանը և Աշոտ Մանուկյանը:

Հայկական ժամանակակից թղթադրամների պաշտպանության աստիճանները

ՀՀ ԿԲ թանգարանում, որտեղ ցուցադրված են բազմաթիվ մետաղադրամներ և թղթադրամներ, որոնց մասին մենք արդեն պատմեցինք, կարելի է նաև ինքնուրույն ստուգել սեփական փողի իսկությունը:

Տիրապետելով մի քանի պարզ միջոցների` կարելի է տարբերել կեղծ թղթադրամը իսկականից: Չխաբվելու համար անհրաժեշտ է իմանալ հետևյալը` հայկական բոլոր դրամների վրա դիմանկարները և որոշ գրառումներ կատարված են ներկի հաստ շերտով, ինչը ռելիեֆ է հաղորդում մակերեսին: Դրանց վրա կա նաև տեղային ջրային նշան, որը հանդիսանում է դիմանկարի արտացոլանքը թղթադրամի դիմերեսային հատվածում: Թղթի ներսում գտնվող ոչ թափանցիկ թելը, որը տեղ-տեղ դուրս է գալիս թղթի երեսին, ամբողջովին երևում է միայն լույսի տակ: Թղթադրամի երկու երեսին առկա տարբեր նախշերը լույսի տակ նայելիս միավորվում են և մեկ ամբողջական պատկեր են կազմում: Օվալաձև նախշի տակ թաքնված է թղթադրամի անվնական արժեքի թվանիշը, որը հնարավոր է տեսնել միայն սուր անկյան տակ: Հոլոգրաֆիկ տարրը դիրքի փոփոխության ժամանակ ցույց է տալիս տարբեր պատկերներ և այլն:

Անկախ Հայաստանի հուշադրամների պատմությունից

Ամենաառաջին հուշադրամը նվիրված էր Սարդարապատի ճակատամարտին (Առաջին աշխարհամարտի ընթացքում տեղի ունեցած ճակատամարտ, որը տեղի է ունեցել 1918թ-ի մայիսի 21-28-ին` մի կողմից հայկական կանոնավոր զինվորական միավորումների և աշխարհազորայինների միջև, մյուս կողմից` Արևելյան Հայաստան մտած թուրքական զորքերի` Սարդարապատի երկաթուղային կայարանի տարածաշրջանում: Այսօր այդ մարտը դիտարկվում է, որպես թուրքական զորքերի` դեպի Հայաստան մուտքը կանգնեցրած գործողություններ, բայց և հայ ազգի բնաջնջումը կանխարգելող մարտ) Հուշադրամը շրջանառության մեջ է դրվել 1994թ-ի մայիսի 28-ին: Այդ հուշադրամի անվանական արժեքը 25 դրամ էր:

Հայկական Այբուբենին նվիրված հուշադրամները 78-ն են: Դրանցից 39-ը արծաթյա են, 39-ը` ոսկյա:  Կան նաև այլ հուշադրամներ` նվիրված հայկական խաչքարներին, եկեղեցիներին, Էջմիածնի գանձերին: Դրամագետների համար մեծ արժեք են ներկայացնում նաև հետևյալ թողարկումները`

2008թ-ին թողարկվեց մեկ կիլոգրամանոց ոսկյա մետաղադրամը` 20-րդ դարի Առաջնանիստ Սբ. Էջմիածնի պատրիարքական գահը զբաղեցրած հայ յոթ կաթողիկոսների պատկերներով: Հայաստանի Կենտրոնական Բանկը թողարկել է  նաև արծաթե մետաղադրամ 1000 դրամ անվանական արժեքով` համաշխարհային ճանաչում ունեցող աստղաֆիզիկոս Վիկտոր Համբարձումյանի ծննդյան 100-ամյա հոբելյանի առթիվ` 500 օրինակով:

Թողարկվել է նաև 10000 դրամ անվանական արժեքով ոսկե մետաղադրամ` հայկական ծագում ունեցող հայտնի գրող Վիլյամ Սարոյանի ծննդյան 100-ամյակի առթիվ, կրկին սահմանափակ քանակով` ընդամենը 1000 օրինակ:

Միակ հոբելյանական թղթադրամը թողարկվել է 50 000 դրամ անվանական արժեքով`  որը նվիրված է Հայստանում քրիստոնեության ընդունման 1700-րդ տարելիցին: Հայաստանի Հանրապետության ամնենամեծ թղթադրամն ունի 100 000 դրամ անվանական արժեք:

Այսօր լայն շրջանառության մեջ են 11տարբեր տիպերի հիսուն դրամանոց շրջանառու մետաղադրամները, որոնք նվիրված են հայկական մարզերին և վեց հատ տարբեր պատկերներով 200 դրամանոցները` նվիրված Հայաստանի վայրի ծառերին: Ամենավերջին հուշադրամը, որը արդեն շրջանառության մեջ է, նվիրված է երկրի անկախության 25-րդ տարելիցին:

ՀՀ շատ դրամանիշեր` այդ թվում և թղթադրամներ, շրջանառու մետաղադրամներ և հուշադրամներ մասնակցել են տարբեր միջազգային մրցույթների և արժանացել բարձր մրցանակների, այդ թվում տարբեր նոմինացիաներում արժանացել են առաջին, երկրորդ և երրորդ տեղերի:

 

Հ.Գ. Բոլոր ժամանակներում մարդիկ իմացել են, որ ամեն ինչի համար պետք է վճարել: Ժամանակները փոխվում են, կյանքի սկզբունքները` մնում են նույնը: Արծաթ, ոսկի… էականն այն է, որ թագավորից միչև հասարակ աշխատավորներ ձգտել են ստեղծել մնայուն ու  հավերժական արժեքներ, ինչի համար մենք այսօր վճարում ենք նրանց` գնահատելով և հպարտանալով դարերի խորքերից մեզ հասած արժեքների համար:

Զրուցեց՝ Արմինե Ահարոնյանը

Նկարեց՝ Maram