20-րդ դարի ամենաարյունալի պատերազմի տարիներին Ֆաշիստական Գերմանիայի դեմ տարած հաղթանակի մեջ անգնահատելի մեծ ներդում ունի վրաց ժողովուրդը: 1941 թվականի դրությամբ Իոսիֆ Ստալինի հայրենիք Վրաստանում բնակչությունը կազմում էր 3.5 միլիոն մարդ: Ռազմադաշտ են մեկնել նրանցից մոտ 700 հազարը, այսինքն՝ համարյա ամեն 5-րդ բնակիչը: Եվ գրեթե ամեն երկրորդն ընկել է հենց մարտադաշտում կամ մահացել հիվանդանոցում:

Վրաց զինվորներն իրենց մասնակցությունն են ցուցաբերել Հայրենական Պատերազմի բոլոր կարևոր ճակատամարտերում՝ կռվել են Բրեստի ամրոցի հերոսական պայքարի ժամանակ, իրականացրել են Կովկասի պաշտպանությունը, մասնակցել Ստալինգրադի ճակատամարտին ու հասել մինչև Բեռլին: Այն փաստը, որ Ռայխսթագի վրա Խորհրդային միության դրոշը ծածանողներից մեկը հենց ազգությամբ վրացի զինվոր էր, կարելի է համարել ոչ թե սովորական  պատահականություն, այլ ճակատագրի կամք:

Վրաց վետերանների համար մինչև օրս էլ Հաղթանակի օրը մեծ տոն է: Ինչևէ, պետությունում մայիսի 9-ը նշվում է բավական համեստ: Ավելին՝ վերջերս նույնիսկ մտմտում էին այդ տոնը առհասարակ վերացնելու մասին: Վրաստանում այսօր շատերի համար դա ոչ թե Հայրենական, այլ մի «օտար պատերազմ» է:

Ավանդույթի համաձայն՝ այս տարի Հաղթանակի 71-ամյակը նշվեց «Վակե» Հաղթանակի զբոսայգում: Պատվո պահակախումբը դիրքավորվեց Անհայտ զինվորի գերեզմանի մոտ, որտեղ միշտ վառվում է Հավերժական կրակը: Պիջակ հագած վետերանները ձգվել էին, ասես նորից երիտասարդացել, իսկ անցած օրերի սխրանքների համար կրծքավանդակներին ամրացրած մեդալները շողում էին մայիսյան վառ արևի տակ: Մի մասը հազիվ էր զսպում արցունքները: Ամուր ձեռքսեղմումները, ժպիտները, հանդիպման ուրախությունը, այդ ամենը  տոնական մթնոլորտ էին ստեղծել զբոսայգում:

uniInc.php

Հաղթանակի զբոսայգում հավաքվածներին առաջինը շնորհավորեց Վրաստանի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլին՝ վետերաններին առողջություն ու երկարակեցություն մաղթելով: Երկրի նախագահից հետո ելույթ ունեցավ վարչապետ Գեորգի Կվարիկաշվիլին, հետո Թբիլիսիի քաղաքապետ Դավիդ Նարմանիան, քաղաքական կուսակցությունների ու կառավարության այլ անդամներ:

Հաղթանակի զբոսայգի մտնելուն պես՝ Վրաստանի վարչապետը խոնարհվեց Հայրենական Մեծ Պատերազմի վետերանների առաջ՝ Հայրենական Պատերազմն անվանելով իր նախադեպը չունեցող, «տասնյակ միլիոն մարդկանց հերոսականության հիանալի օրինակ, փաստ, որի նմանը մարդկության պատմության մեջ չի եղել»: Կվիրիկաշվիլիի խոսքերով՝ դա ֆաշիզմի դեմ տարած հաղթանակի մեջ մի հսկայական զոհաբերություն էր: Եվ թեկուզ միայն այդ պատճառով, որպես երախտագիտության դրսևորում, պետությունը պետք է վետերաններին հատուկ հարգանքով վերաբերվի:

Գեորգի Կվիրիկաշվիլին հայտարարեց, որ Վրաստանում այսօր ողջ մնացած 1296 վետերաններին որպես միանվագ օգնություն կտրամադրվի 600 լարի (մոտավորապես 280 $), և 300 լարի (140 $) այն ընտանիքներին, որոնք այլևս չունեն կերակրող ձեռք:

image

1945 թվականի մայիսի 1-ին Ռայխսթագի վրա Հաղթանակի դրոշը բարձրացրած Խորհրդային միության հերոս, վրաց ազգի արժանի զավակ Մելիտոն Քանթարիայի (1920-1993թթ.), կիսանդրու բացումը մեծ և սպասված իրադարձություն էր:

Քանթարիայի հուշարձանը տեղադրվեց Վետերանների հանգստի այգում՝ մայիսի 10-ին: Այդ մասին Dalma News –ի հատուկ թղթակցին հայտնեց կիսանդրու տեղադրման նախաձեռնող խմբի անդամներից մեկը՝ Վրաստանի ՆԳՆ Ակադեմիայի պրոֆեսոր, իրավագիտության դոկտոր Բեկա Քանթարիան, վերջինս Մելիտոն Քանթարիայի եղբոր՝ Ամբակո Քանթարիայի թոռն է: Թղթակիցը նշեց, որ կիսանդրու տեղադրման նախաձեռնությունը տեղի Վետերանների միությանն է պատկանում, և հաստատվել է Թբիլիսիի քաղաքապետի ու Մշակույթի նախարարության կողմից: Կիսանդրու բացման տոնակատարությանը իրենց մասնակցությունն են ցուցաբերել իշխանական ներկայացուցիչները, հասարակական կազմակերպություններն ու Հայրենական Մեծ Պատերազմի վետերանները:

Ինչպես հայտնեց Բեկա Քանթարիան, կիսանդրու բացման առաջին թույլտվությունը քաղաքապետից հայցվել է դեռ 2000 թվականի մարտի 15-ին: Այդ իրադարձության հետ կապված՝ Խորհրդատվական միությունը շուտով ընդունեց դրական որոշում: Միության անդամների թվում էին կինոռեժիսոր Գիգա Լորդկիպանիձեն, ճարտարապետ Վախթանգ Դավիթայան, քանդակագործ Էլգուջա Ամաշուկելին և նկարիչ Թեմո Գոցաձեն: Ստեղծվեցին կիսանդրու գիպսե մի քանի նմուշներ, սակայն սկսած գործը ստիպված էին թողնել կիսատ: 2006 թվականին կիսանդրու բացման հարցը կրկին բարձրացվեց: Այդ ժամանակ այժմյան նախկին նախագահ Միխայիլ Սահակաշվիլուն գրավոր դիմում ներկայացրին Աբխազիայի գիտությունների ակադեմիայի 30 պրոֆեսորներ: Վերջիններիս սպասումները, սակայն, չարդարացվեցին:

Ասում են՝ Աստված սիրում է երրորդություն: 2015 թվականին Աբխազիայի ինքնավար հանրապետության Նախարարների խորհուրդն ու Գերագույն խորհուրդը, Քվեմո-Սվանեթիի մարզպետը, խորհրդարանի անդամ Նուկրի Քանթարիան, «Դիոսկուրիա 2005» ասոցացիան, Վրաստանի ռազմական ուժերի և Վետերանների միությունը, Վետերանների քաղաքացիական ծառայությունը, «Ֆիզիս» գիտությունների ակադեմիան, Վետերանների համերաշխության միությունը, Վետերանների Ֆեդերացին և այլ կազմակերպություններ Թբիլիսիի քաղաքապետին կիսանդրու բացման հայտը կրկին ներկայացրին:

Կիսանդրու գիպսե էսքիզները դեռևս 20-րդ դարում պատրաստել էր հայտնի քանդակագործ, Վրաստանի վաստակավոր նկարիչ Ռոման Շերոզիան (1913-1999 թթ.): Անցյալ տարի գեղարվեստական ձուլորդ Թեյմուրազ Կիկնավելիձեն Թբիլիսիում այդ էսքիզներից մեկը (որն ի դեպ Մելիտոն Քանթարիային պատկերում է հասուն տարիքում) փոխարինեց բրոնզի, և 2015 թվականի մայիսի 9-ին Ջվարի քաղաքում՝ իր անունը կրող դպրոցի կողքին տեղակայված Քանթարիայի գերեզմանատանը տեղադրեցին հերոսի կիսանդրին: Մելիտոն Քանթարիան ուսանել է հենց այդ դպրոցում:

Ջվարի քաղաքը գտնվում է Ցալենջիխսկոմի շրջանում, որտեղից 1941 թվականին Քանթարիայի մեծ ընտանիքի 14 երիտասարդներ մեկնում են ռազմաճակատ: Նրանցից յոթին՝ Եվգենիին, Վալիկոին, Իլյային, Իսահակին, Լևանին, Պլատոնին և Ջոկոյին վիճակված չէր վերադառնալ…

Պատերազմ մեկնած 20-ամյա Մելիտոնը պատերազմի ժամանակ առնվազն երեք անգամ վիրավորվում է:

Նրա հարազատ եղբայր Ալյոշա Քանթարիան նույնպես մասնակցել է Հայրենական Մեծ Պատերազմին, մնացած երկու հարազատ եղբայրները՝ Ամբակոն և Շալվան այդ ժամանակ դեռ երեխաներ էին, և քույրերի՝ Անյայի ու Լայսոի հետ օգնում էին հորը՝ թիկունքից օգնություն ցուցաբերելով ռազմաճակատին:

Մելիտոնի հայրը՝ Վարլամ Քանթարիան, Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին կռվել է ցարական բանակի կազմում, վիրավորվել ու արժանացել շքանշանների: Հայրենական պատերազմի ժամանակ ներգրավված էր ռազմաճակատին սննդի մատակարարման գործընթացում, և պարգևատրվել է «Հանուն Կովկասի Պաշտպանության» և «1941-1945 թթ. քաջարի աշխատանքի» մեդալներով:

«Այդ օրերին ամեն մեկն օգնում էր ինչով կարող էր: Մելիտոնի տատիկը ողջ գիշերներ զինվորների համար գուլպա էր գործում»,- պատմում է Ամբակո Քանթարիայի որդին՝ Բեկան:

Պայքարի ճանապարհը

Մելիտոնի առաջին մասնակցությունը պայքարին տեղի ունեցավ հենց Կովկասում, որից հետո Քանթարիան մասնակցեց Սմոլենսկի ազատագրմանը: Հենց այդտեղ էլ հերոսն առաջին անգամ ծանր վիրավորվում է: Ապաքինվելուց հետո Քանթարիան կրկին ճակատ է վերադառնում, մասնակցում Լատվիայի և Բելոռուսիայի ազատագրմանը: Ապագա հերոսն այդ ժամանակ լինելով Բելոռուսական 1-ին ճակատի 3-րդ  հարվածային բանակի 150-րդ կրակային դիվիզիայի 756-րդ հետևակային գնդի հետախույզ, զինակիցների հետ միասին մեկը մյուսի ետևից ազատագրում է Խորհրդային միության քաղաքները Բելոռուսիայում, որից հետո ճանապարհը նրան տանում է դեպի Լեհաստան:

Բեռլինյան ռազմաօպերացիայի սկսելուն պես՝ հենց Բելոռուսական 1-ին ճակատին է հանձնարարվում նվաճել Բեռլինն ու վերջնականապես տապալել Նացիստական Գերմանիան: Բարեբախտաբար 1-ին ճակատի օպերացիան պսակվում է հաջողությամբ, որն էլ վերջ է դնում Հայրենական Մեծ Պատերազմին:

Հաղթանակի դրոշները

kantaria_1000

Լեյտենանտ Ալեքսեյ Բերեստայի ղեկավարությամբ՝ Մելիտոն Քանթարիայի և Միխայիլ Եգորովի՝ Ռայխսթագի վրա բարձրացրած դրոշները պատրաստվել էին ընդամենը մի քանի օրում: Իոսիֆ Ստալինի անձնական հրամանով Գերմանիայի դեմ տարած հաղթանակը պետք է նշանավորվեր Ռայխսթագի վրա բարձրացված Հաղթանակի դրոշներով:

150-րդ կրակային դիվիզիայի Քաղաքական բաժինը  9 հատուկ դրոշ պատրաստելու հրաման տվեց, որոնք հնարավոր կլիներ վահանակների տեսքով օգտագործել: Ստալինն ինքն անձամբ հուշեց, թե որտեղ պիտի բարձրացվեն դրոշները. Ռայխսթագը ողջ Նացիստական Գերմանիայի առավել ցայտուն խորհրդանիշն էր:

Քանի որ Մելիտոն Քանթարիան հետախուզական խմբում էր, հետևաբար մշտապես առաջնագծում կռվողների մեջ էր: Քանթարիան անվախ բարձրացավ խորհրդարանի շենքի գմբեթին:Կոտրվող ապակիները կտրտում էին նրա ձեռքերը, բայց հաղթական դրոշը կրողը ընդհանրապես ցավ չէր զգում: Ռայխսթագի վրա դրոշ բարձրացնելու ժամանակ կրած վնասները Մելիտոն Քանթարիային  հետագա ողջ կյանքում հիշեցնելու էին սարսափելի մեծ գնով ձեռք բերած հաղթանակի մասին:

photo_11763Սակայն ճակատագիրն այնպես էր սահմանել, որ պատերազմը երկու անգամ պիտի բախեր հերոսի դուռը: Վրաց-աբխազական հակամարտության պատճառով 1993 թվականին Քանթարիայի ընտանիքը լքում է Աբխազիայի Օչամչիրսկի շրջանը և տեղափոխվում Մոսկվա: Նույն թվականին էլ՝ ռուսական մայրաքաղաք տեղափոխվելուց երկու ամիս անց, «Հաղթանակի հայտնի դրոշը կրողը» մահանում է:

Մեր ժամանակները

Մելիտոն Քանթարիայի եղբոր թոռը՝ Բեկա Քանթարիան, դեռ դպրոցական էր, երբ իր հայտնի հարազատը հոգին ավանդեց:

Մելիտոն պապիկը մեզ հաճախ էր այցելում՝ հյուրընկալվելով Ջվարիում: Նա ոչ մի անգամ կոնֆլիկտ չէր ունենում ընտանիքի անդամներից ոչ մեկի հետ, առհասարակ շատ բարի ու անմիջական մարդ էր: Մի այսպիսի հայտնի դեպք կա՝ մահապատժի դատապարտված հանցագործի դատավճիռը մեղմացնում են հենց Մելիտոնի միջնորդությամբ

KantariaMeliton

Թբիլիսիում Մելիտոն Քանթարիայի հուշարձանի բացման առիթով Վրաստանի մայրաքաղաք ժամանեց նրա դուստրը՝ Ծիալա Քանթարիան: Ծիալան արդեն 20 տարի ընտանիքի հետ միասին բնակվում է Հունաստանում: 1993 թվականին տեղի ունեցած վրաց-աբխազական կոնֆլիկտի ժամանակ նա կորցնում է իր որդուն: Բեկա Քանթարիան պատմում է, թե ինչպես տիկին Ծիալան երկու տարի շարունակ փորձում է Թբիլիսիում բնակարան ստանալ՝ որպես Աբխազիայի փախստական, որպես պատերազմի ժամանակ որդի կորցրած մայր, վերջապես որպես ազգի հերոսի դուստր, բայց ամեն բան ապարդյուն եղավ…

Բեկա Քանթարիան ասում է, որ ոչ մի կերպ չի կարողանում հասկանալ այն մարդկանց, ովքեր Հայրենական պատերազմն անվանում են «օտար պատերազմ»:

«Այդպես խոսում են միայն այն մարդիկ, ովքեր անիմաստ փորձում են վերագնահատել արժեքները: Այդ ժամանակ բոլորը ֆաշիզմի սպառնալիքի տակ էին: Հիշենք թեկուզ Կովկասի ճակատամարտը, կամ Սուխումիի և էլի մի շարք քաղաքների ռմբակոծությունը, երբ թշնամու կիզակետը ոչ թե ամբողջ Կովկասն էր, այլ հենց Վրաստանը: Ֆաշիզմը միայն Խորհրդային միությանը չէր սպառնում, սպառնում էր ողջ աշխարհին: Ինչի՞ համար էին ստեղծվում դաշնակիցների միացյալ պետությունները, բնականաբար նրա, որ համախմբված պայքարեն այդ չարիքի դեմ: Որովհետև ֆաշիզմն առաջին հերթին ուղղված էր հենց դեմոկրատական սկզբունքների դեմ: Դժբախտաբար մենք՝ վրացիներս, երբեմն ճիշտ չենք գնահատում իրադարձությունները: Այլապես ի՞նչ արդարացում պիտի գտնեն այն երևույթի համար, երբ մեր զինվորները իրենց առաքելությունը կատարում են Վրաստանի սահմաններից դուրս ու զոհվում են: Երկու տարի առաջ իմ հարազատներից երկու երիտասարդ մահացան Աֆղանստանում: 1941 թվականին վրացիները ինքնակամ, թե ստիպողաբար, ապրում էին ԽՍՀՄ կոչվող մի մեծ ընտանիքում, դրա համար էլ անխախտ հավատ կար՝ իրենք գնում են իրենց հայրենիքը պաշտպանելու»,- ասում է Բեկա Քանթարիան:

Պատերազմի մասին հիշողություններն ու նոր սերունդը

Ցավալին ոչ միայն այն է, որ այսօր Վրաստանի ներկայիս երիտասարդությունը քիչ է ծանոթ 1941-1945 թվականների պատերազմի ժամանակ իր հայրենակիցների գործած սխրանքներին, այլ նաև այն, որ ծանոթ չէ նաև այդ ժամանակաշրջանում ծնված գրականության ու պոեզիայի անգին գոհարներին: Դպրոցական ծրագիրն ըստ էության իր մեջ չի պարունակում այդ հանճարեղ ստեղծագործությունները, և շատ իզուր, որովհետև դրանք այսօր հնչում են որպես բարոյական անեծք՝ ուղղված ապագա սերունդներին:

Հայրենական Մեծ Պատերազմի տարիներն իսկապես ինքնատիպ ու փայլուն ժամանակաշրջան էր խորհրդային, ինչպես նաև վրացակաան գրականության զարգացման համար: Թշնամու դեմ ընթացող արյունաքամ ու կատաղի պայքարի ծանր պայմաններում ստեղծվել է բավական լայնածավալ մի գրականություն, որն իր հետքը  հավերժ կթողնի ազգերի հիշողության մեջ:

Սա հատուկ ժամանակաշրջան էր նաև հազարավոր ճակատային-գրողների հերոսականության ու քաջության համար: Իրենց հայրենիքի ազատագրման համար գրեթե 400 գրողներ են մահացել:

«С огнем я этой ночью воевал,

И все казалось мне в дыму атак,

Что за спиной Тбилиси мой стоял

И так смотрел! И улыбался так!»

Ես այս գիշեր կրակի հետ պայքարեցի

Ու ամեն բան թվաց մշուշների նվաճում,

Քանզի իմ թիկունքում Թբիլիսին

Կանգնած նայում էր ու ժպտում:

Սա վրաց ճակատային-պոետներից մեկի՝ Միրզա Գելովանիի խոսքերն են, ով, ի դեպ, Վրաստանի գրողների միության ամենաերիտասարդ անդամն էր: 22 տարեկան հասակում երիտասարդ գրողն առաջին անգամ հագնում է զինվորական համազգեստն ու 27 տարեկանում զոհվում Հայրենական Մեծ Պատերազմում արդեն որպես տանկիստ-սպա՝ համալրելով վրացական արմատներ ունեցող ավելի քան 300 հազար հերոսների շարքը, որոնք այդպես էլ պատերազմից տուն չվերադարձան:

Ֆաշիզմի դեմ տարած Հաղթանակի 71-ամյակին նվիրված միջոցառումը Թբիլիսիում սկսվեց Միրզա Գելովանիի տողով՝ «Ինձ չգրես, թե նշենին ծաղկել է…»: Մեծագույն հաղթանակի վերքերից մեկն էլ այն է, որ Միրզա Գելովանիի մարմինն այդպես էլ թաղված մնաց Բելոռուսիայի Եղբայրական գերեզմանում: Կհաջողվի՞ արդյոք Գելովանուն վերահուղարկավորել հայրենիքում… Ցավոք դա արդեն երկար տարիներ իր պատասխանին սպասող տխուր հարց է…

Իսկ սա արդեն բոլորովին այլ պատմություն է…

Շորենա Պապաշվիլի, հատուկ Dalma News-ի համար