Նախօրեին Գերմանիայի Բունդեսթագի պատգամավորները ընդունեցին «Հայերի և այլ քրիստոնյա փոքրամասնությունների ցեղասպանության հիշատակության» մասին բանաձևը, որն էականորեն ընդունում է այն հանգամանքը, որ 1915 թվականին Օսմանյան կայսրությունում հայերի հանդեպ թուրքերի կատարած հանցագործությունը ոչ այլ ինչ է, քան ցեղասպանություն: Բանաձևն ընդունել է պառլամենտական մեծամասնությունը՝ ի դեմս Քրիստոնյա-դեմոկրատական միության, Գերմանական սոցիալ-դեմոկրատական և «Կանաչների» կուսակցության, և բանաձևի օգտին քվեարկել է պատգամավորների բացարձակ մեծամասնությունը: Միայն մեկ պատգամավոր է դեմ քվեարկել, մեկ ուրիշն էլ՝ ձեռնպահ:

Այդ ամենի հետ մեկտեղ՝ գերմանացի պատգամավորները խոսել են նաև հայերի հանդեպ կատարած Թուրքիայի ոճրագործության մեջ Գերմանիայի պատասխանատվության բաժնի մասին, քանի որ վերջինս Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ սատարում էր Թուրքիային: «Բունդեսթագը ցավում է Գերմանական ռեյխի հայտնի ամոթալի դերակատարման համար: Լինելով Օսմանյան կայսրության դաշնակից՝ նա ոչինչ չի արել՝ մարդկության դեմ կատարվող ոճիրը կանխելու համար: Բունդեսթագում մատուցված հարգանքի տուրքը աշխարհի հնագույն քրիստոնյա ազգի հանդեպ հատուկ հարգանքի արտահայտումն է »,- ասվել է բանաձևում:

Անկարայի նյարդային արձագանքը

Բունդեսթագում ընդունված բանաձևը Թուրքիայում նյարդային արձագանք առաջացրեց, երկրի կառավարությունը մինչև քվեարկությունը գերմանական կառավարության վրա ճնշում գործադրելու միջոցով փորձում էր կանխել իր համար հնարավոր տհաճ հետևանքները: Դրա ապացույցն է այն, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը մայիսի 31-ին Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելին հեռախոսազանգով «ողջամտության կոչ» էր արել: Գերմանական ARD հեռուստաալիքի տվյալներով՝ Բունդեսթագի պատգամավորների վրա քվեարկության նախօրեին մեծ ճնշում էր գործադրվել: Ինչ-որ անհայտ թուրքերի կողմից պատգամավորները Էլեկտրոնային փոստով վիրավորական նամակներ և սպառնալիքներով լի հեռախոսազանգեր էին ստանում: Մասնավորապես, ամենաշատ սպառնալիք ստացել է հենց փաստաթղթի նախաձեռնողներից մեկը, ով հանդիսանում է «Միություն 90/ «Կանաչներ» կուսակցության նախագահը՝ Ջեմ Օզդեմիրը, ով թուրք էմիգրանտի որդի է:

Անմիջապես քվեարկությունից հետո Թուրքիան խորհրդատվության համար Գերմանիայից ետ է կանչում իր դեսպանին, իսկ Թուրքիայում գտնվող գերմանական դեսպանը հրավիրվում է թուրքական ԱԳՆ: «Մեր առաջին քայլը խորհրդատվության նպատակով դեսպանին Անկարա ետ կանչելն է: Նրա վերադարձից հետո մենք կգնահատենք տիրող իրավիճակը»,- ասել է Էրդողանը: Նա նաև հավելել է, որ հայերի ցեղասպանության ընդունումը շատ լուրջ ազդեցություն կունենա իրենց երկու երկրների հարաբերությունների վրա:

Մեկնաբանելով Բունդեսթագում հայերի ցեղասպանության բանաձևի ընդունումը, Անգելա Մերկելը հայտարարեց, որ դա դեմոկրատական մշակույթին հարիր գործողության վառ օրինակ է: Իր խոսքերով՝ այդ քայլը Հայաստանի և Թուրքիայի միջև բանակցությունների կարգավորման նպատակ է հետապնդում, ինչպես նաև իրենց հստակ գիտակցումն այն բանի, թե ինչ է կատարվել Օսմանյան կայսրությունում:

«Գերմանիային ու Թուրքիային միավորող շատ բան կա»,- նշել է Մերկելը, հիշեցնելով, որ Գերմանիայում են բնակվում թուրքական արմատներ ունեցող 3 միլիոն քաղաքացի:

Երևանը բանաձևի ընդունման առիթով հայտնում է իր երախտագիտությունը

Իր հերթին՝ Հայաստանն էլ իր գոհունակությունն է հայտնել գերմանական պառլամենտի ընդունած որոշման հետ կապված: Պաշտոնական Երևանի կարծիքով, դա ոչ միայն Գերմանիայի արժեքավոր ներդրումն է Հայերի Ցեղասպանության միջազգային ընդունման ու դատապարտման գործընթացում, այլ նաև մեծ դեր ու նշանակություն կունենա մարդկության նկատմամբ կատարվող ցեղասպանությունների ու նմանատիպ հանցագործությունների կանխման համար:

«Մինչ Օսմանյան կայսրության նախկին դաշնակիցներ Գերմանիան ու Ավստրիան ընդունում են իրենց պատասխանատվության բաժինը հայերի Ցեղասպանության հարցում, Թուրքիայի կառավարությունը շարունակում է համառորեն հերքել Օսմանյան կայսրությունում կատարված Ցեղասպանության անհերքելի փաստը: Միջազգային հանրությունն արդեն 101 տարի ի վեր սպասում է այն օրվան, երբ Թուրքիան իր պատմության հետ դեմ առ դեմ հանդիպման դուրս կգա»,- հայտարարեց Արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը:

Իր հերթին Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն իր երախտագիտությունը հայտնեց Գերմանիայի նախագահ Յոահիմ Գաուկին, կանցլեր Անգելա Մերկելին և Բունդեսթագի խորհրդի նախագահ Նորբերտ Լամմերտին՝ գերմանական պառլամենտի կողմից Հայերի ցեղասպանությունը ընդունող բանաձևի համար, ինչպես նաև Գերմանիայի բոլոր քաղաքական ու հասարակական այն ուժերին, որոնք իրենց վճռական խոսքն են ասել Ցեղասպանության հարցի հետ կապված:

«Գերմանիայի Բունդեսթագի կողմից Հայոց Ցեղասպանությունը ճանաչող բանաձևի ընդունումն իսկապես պատմական քայլ էր. պատմական՝ ոչ միայն Հայաստանի և հայ ժողովրդի, Գերմանիայի և գերմանացի ժողովրդի, այլև ողջ քաղաքակիրթ աշխարհի համար։ Այն խորհրդանշում է ժողովրդավարության, համամարդկային արժեքների գերակայությունը և ընդգծում Գերմանիայի հետևողական դերն այդ արժեքների պահպանման գործում: Այն ուղերձ է ամբողջ աշխարհին առ այն, որ մարդկության դեմ գործված նույնիսկ 100 –ամյա վաղեմության հանցագործությունները ոչ միայն չեն մոռացվում, այլև դատապարտվում են՝ ճշգրիտ բնորոշմամբ»,-ասվել է Հայաստանի նախագահի ուղերձում:

24175663

Գերմանա-թուրքական հարաբերությունների ապագան

Ինչ վերաբերվում է Գերմանիայի ու Թուրքիայի հարաբերությունների հետագա զարգացմանը, ապա կարելի է ենթադրել, որ Բունդեսթագի բանաձևի ընդունումը կբերի այդ երկու երկրների միջև հարաբերությունների ժամանակավոր սառեցման: Սովորաբար, միշտ էլ ինչ-որ երկրի կողմից Հայերի Ցեղասպանության ճանաչմանը հաջորդում են Թուրքական կառավարության բարձրագոչ հայտարարություններն ու դեսպանին հետ կանչելը: Սակայն, ավանդական դարձած նման մի շարք «արարողակարգերից» հետո Անկարան, որոշ ժամանակ անց, սկսում է կարգավորել հարաբերությունները: Դրա փայլուն օրինակ է Թուրքիայի արձագանքը Ֆրանսիային՝ Հայոց Ցեղասպանության ճանաչման փաստի առիթով: Իսկ հաշվի առնելով Գերմանիայի դերը Եվրոպական միությունում, ինչպես նաև այդ երկու երկրների միջև տնտեսական ամուր կապերը (ի դեպ՝ Թուրքիան համեմատաբար ավելի մեծ կախվածություն ունի Գերմանիայից, քան ֆրանսիայից), կարելի է հանգիստ ենթադրել, որ որոշ ժամանակ հետո Անկարան ստիպված կլինի կարգավորել հարաբերությունները Բեռլինի հետ:

Սակայն թուրքական կառավարությանը ավելի շատ պետք է մեկ ուրիշ հանգամանք անհանգստացնի: Գերմանիայի կողմից Հայերի Ցեղասպանության ճանաչումը հնարավոր եղավ Թուրքիայի և ԵՄ-ի միջև հարաբերությունների ակնհայտ վատթարացման շնորհիվ: Բանաձևը դեռ պիտի ընդունվեր անցյալ տարում, երբ նշվում էր Հայերի Ցեղասպանության 100-ամյակը, սակայն միգրացիոն ճգնաժամային պայմաններում Թուրքիայից օգնություն ակնկալելու Անգելա Մերկելի հույսը լուրջ պատճառ դարձավ քվեարկությունը անորոշ ժամանակով հետաձգելու համար:

Բայց և այնպես անցյալ տարվա ընթացքում պարզ եղավ, որ Թուրքիան՝ իր նախագահ Էրդողանի գլխավորությամբ, պարզապես շահարկում է փախստականների հետ կապված խնդիրը, որպես ԵՄ-ի վրա ճնշում գործադրելու լծակ, և իր վրա վերցրած պատասխանատվությունը կատարել չի ցանկանում, մասնավորապես՝ մարդու իրավունքների պաշտպանության հետ կապված հարցերում: Իսկ նման իրավիճակում ԵՄ-ն և Գերմանիան չեն կարողանալու եվրոպական երկրների խորհրդարաններ մտցնել թուրք քաղաքացիներին վիզաներ տրամադրելու հարցը:

Հենց այդ պատճառով էլ թերևս Գերմանիայի կառավարությունը այլևս չցանկացավ ձգձգել բանաձևի քվեարկման հարցը, համարելով, որ Անկարայում դա կընդունվի որպես թուրքական կառավարության ամեն մի գործողության հանդեպ Եվրոպական միության համակերպման պատրաստակամություն: Փաստացի՝ Գերմանիայի կողմից Ցեղասպանության ճանաչումը Թուրքիայի համար կդառնա ազդանշանային՝ իր կառավարության հանդեպ եվրոպական երկրների վերաբերմունքի փոփոխման հարցում:

Մյուս կողմից էլ՝ ԵՄ-ի առաջնորդ Գերմանիայի նման հզոր տերության կողմից Հայերի Ցեղասպանության ճանաչումը նրա համաշխարհային ճանաչման գործընթացին մի նոր ազդակ կհաղորդի, իսկ դա նույնպես լուրջ անհանգստության թեմա է Անկարայի համար:

Ամենացավալին Թուրքիայի համար այն է, որ Բունդեսթագի բանաձևի ընդունումը չի կարող արդացվել «հայկական լոբբիի մեքենայություններով»: Ավելին՝ Գերմանիայում ապրում է Եվրոպայում ամենամեծ թուրքական համայնքը, բայց անգամ դա չօգնեց Անկարային՝ կանխել կատարվելիքը:

Գերմանիայի մութ անցյալի մասին թուրքական կառավարությունների ակնարկային հարձակումները՝ կապված Հոլոքոստ երևույթի հետ, այս դեպքում միայն բարդացնում են հենց թուրքերի վիճակը: Որովհետև ժամանակակից Գերմանիան, ով իր անցյալում ազգայնամոլական հանցագործություններ էր իրականացնում, սեփական պատմության հանդեպ իր վերաբերմունքով, կարելի է ասել, դաս է տալիս ժամանակակից Թուրքիային: Յուրաքանչյուր երկրի զարգացման ու բարգավաճման համար հարկավոր է ուղիղ նայել սեփական պատմության աչքերին, որքան էլ որ այդ պատմության էջերը լինեն մռայլ ու դաժան:

Պատրաստեց՝ Հայկ Խալաթյանը