Dalma News-ի հարցազրույցի հերոսուհին երգչուհի է, ով իր ձայնով նվաճեց մի շարք միջազգային երաժշտական փառատոնների բեմերը: Սյուզաննա Մելքոնյանը մի մարդ է, ով չի դադարում ստեղծագործել և կատարելագործվել: Նա ձգտում է իր արվեստով նվաճել ոչ միայն Հայաստանը, այլև ամբողջ աշխարհը: Երգչուհին պատմում է իր անձնական ապրումների, ստեղծագործական ուղու, «Նոր ալիք» միջազգային փառատոնին մասնակցության, Ռումինիայում կայանալիք «Golden Stag» փառատոնին և շատ այլ բաների մասին:
Դուք սովորել եք թատերական ինստիտուտում, բայց շարունակեցիք երաժշտության գծով: Երբևէ եղե՞լ են պահեր, երբ զղջացել եք այդ ընտրության համար:
Ես թատերական ինստիտուտ ընդունվեցի 17 տարեկան հասակում: Բայց մինչ այդ ես արդեն երգել և երգում էի 13 տարի շարունակ: Բեմում ես երգիչ կամ դերասանուհի չեմ, ես արվեստագետ եմ: Այնպես որ ես երբեք չեմ զղջացել:
Թատերականում ստացված գիտելիքները օգնո՞ւմ են երգչի կարիերայում:
Իհարկե, օգնում են: Ի վերջո, ես փորձում էմ արժանավոր արվեստագետ լինել: Եթե մտածում ես, որ պարզապես երգչուհի ես, որն ինչ-որ բան է երգում, դա բավարար չէ բեմի վրա անկեղծանալու համար: Պետք է ցույց տաս քո էությունը: Սա մի մեխանիզմ է, որ ես սովորել եմ հենց թատեկարանում:
Լսելով Ձեր երգելը՝ անմիջապես զգացվում է, որ Դուք դրանով ապրում եք: Արդյո՞ք երաժշտությունն օգնում է Ձեզ կյանքի դժվարին իրավիճակներում:
Երաժշտությունը միշտ օգնում է: Ոչ միայն ինձ: Բոլոր մարդկանց: Իմ ուսուցիչն ասում էր. «Երգը փոքրիկ ներկայացում է, որն ունի իր հերոսները, որոնք և՛ լաց են լինում, և՛ ուրախանում»: Երբ վատ եմ զգում, երաժշտություն եմ լսում կամ երգում, և, իհարկե, օգնում է:
Դուք մասնակցել եք և շարունակում եք մասնակցել տարբեր երաժշտական ծրագրերի և փառատոների: Ինչո՞ւ է դա այդքան կարևոր ձեզ համար:
Շնորհիվ այդ մրցույթների և փառատոների՝ ես բեմում դարձա այն, ինչ հիմա կամ: Դրանցից յուրաքանչյուրը մեծ դպրոց էր ինձ համար: Այդ պատճառով էլ ես չեմ պատկերացնում իմ կյանքը առանց դրա:
Կայի՞ն պահեր, երբ ուզում էիք ամեն ինչ թողնել: Եթե այո, ապա ինչպե՞ս կարելի է դա հաղթահարել:
Եթե դուք բեմի մարդ եք կամ արվեստի որևէ այլ ճյուղի ներկայացուցիչ, ապա կարող է մի պահ գալ, երբ կցանկանաք թողնել այդ ամենը: Իմ դեպքում դա եղել է շատ անգամ: Բայց դա երկար չի տևել: Ես պարզապես հասկացել եմ, որ երաժշտությունն իմ կյանքն է, և առանց դրա ես չեմ կարող:
Դուք ոչ միայն մասնակցեցիք «Նոր ալիք-2017»-ին, այլ նաև հասաք կիսաեզրափակիչ և զբաղեցրեցիք 2-րդ տեղը: Ի՞նչ տվեց Ձեզ այս մրցույթը, և արդյո՞ք ձեր կյանքը ինչ-որ կերպ փոխվեց դրանից հետո:
Իհարկե, «Նոր ալիք»-ում հայտնվելը հենց այնպես չէր: Դա շատ երկար ճանապարհ էր: Այնտեղ հասնելը և եզրափակիչ դուրս գալը շատ դժվար է, բայց, միևնույն ժամանակ, հաճելի: Ինձ համար մեծ պատիվ էր ներկայացնել Հայաստանը նման լուրջ և դժվարին մրցույթում: Այս մրցույթում ես մեծ փորձ ձեռք բերեցի: Դա իմ կարիերայի համար մեծ առաջընթաց էր: Արդեն 2 տարի է անցել, և ես գիտակցում եմ, որ իմ կյանքում շատ բան է փոխվել: Ես հասունացել եմ որպես անձ:
Պատմե՛ք, խնդրեմ, «Նոր ալիքի» ետնաբեմում տեղի ունեցած առավել հիշարժան միջադեպի մասին:
Ոչ այնքան հաճելի իրավիճակի մեջ հայտնվեցի «Նոր ալիքի» ետնաբեմում: Երկրորդ մրցույթի օրն էր: Նախքան բեմ դուրս գալս, ինչ-որ մեկը կանգնեց իմ հագուստի վրա, և մի կտոր պատռվեց: Բոլորը փորձում էին օգնել, բայց ես այլևս տրամադրություն չունեի: Չնայած դրան՝ ես բեմ դուրս եկա և ջազային տարբերակով կատարեցի «Твои следы» երգը, կարծես ոչինչ տեղի չէր ունեցել:
Ո՞ր միջազգային փառատոնին եք պատրաստվում մասնակցել մոտ ապագայում:
Շուտով կմեկնեմ Ռումինիա «Golden Stag» փառատոնին, որը տեղի կունենա օգոստոսի 7-ից 25-ը: Այս մրցույթը շատ երկար պատմություն ունի: Այն անցկացվում է արդեն 50 տարի: Շատ արվեստագետներ հայտնի դարձան դրա միջոցով: Երկամյա ընդմիջումից հետո հասկացա, որ ինձ իսկապես անհրաժեշտ է այս մրցույթը: Քանի որ շատ հաճելի է, երբ ամեն օր աշխատում ես կոմերցիոն ձևաչափով և միշտ նոր բան ես սովորում:
Դուք անընդհատ կատարելագործվում եք: Իսկ ո՞րն է Ձեր հիմնական նպատակը, որից հետո կարելի է ասել. «Վերջ: Ես ամեն ինչ արել եմ»:
Կարծում եմ, երբեք չեմ ասի. «Վերջ: Ես ամեն ինչ արել եմ», որովհետև արվեստով զբաղվող մարդը միշտ սովորում է, և ամեն օր նորանոր մտքեր են ծնվում, և Աստված չանի, որ գա մի պահ, երբ ասես՝ ամեն ինչ արել եմ: Դա նշանակում է, որ այլևս անելու բան չկա…
Դուք ինքներդ համարո՞ւմ եք Ձեզ ուժեղ մարդ:
Իմ կյանքում առաջին անգամ եմ ես խոստովանում, որ գործնական կյանքում ես շատ ուժեղ մարդ եմ: Բայց անձնական կյանքում ես շատ փխրուն եմ և զգացմունքային: Պարզապես ոչ բոլորն են դա տեսնում:
Ի՞նչ եք սիրում անել, բացի երաժշտությունից:
Ես սիրում եմ դիտել մուլտֆիլմեր և կարդալ գրքեր, հատկապես՝ հոգեբանական: Չեմ կարող պատկերացնել ինձ առանց դրա:
Ի՞նչն է Ձեզ հանգստանում ծանր օրվա վերջում:
Առաջին բանը, որն ինձ հանգստացնում է ծանր օրվա վերջում, ցնցուղ է: Դրանից հետո ես լսում եմ մանթրա, որպեսզի ձերբազատվեմ բացասական էներգիայից և մաքրազերծվեմ:
Բլից.
Առանց երաժշտություն ես
… պարզապես մարդ եմ
Ես երբեք չեմ հասկանա այն մարդուն, ով
… ցավացնում է այն մարդուն, ում հետ նա երջանիկ է եղել:
Ինձ ոգեշնչում է
… բնությունը
Եթե ես տեսնեի ինձ փոքր ժամանակ, կասեի նրան
… երբեք չդառնաս երգչուհի և չմտնես շոու բիզնես (ծիծաղում է):
Իմ կարգախոսը
Երբեք մի՛ վախեցեք: Ռիսկի՛ դիմեք: Որովհետև ռիսկն արդեն հաղթանակ է:
Մարիանա Հակոբյան