Ունենալով հարուստ բազմադարյան պատմություն՝ Հայաստանը կարծես թե տարատեսակ պատմական ֆիլմերի համար պատրաստի սցենարների գանձարան է. հինավուրց Ուրարտու պետության պատմությունը, Տիգրան Մեծի թագավորությունը, Աշոտ Երկաթ արքան և արաբների արտաքսումը Հայաստանից կարող էին դառնալ հետաքրքիր ֆիլմերի սյուժեներ: Այս և այլ հերոսներ սպասում են այն ժամին, երբ նրանք կկենդանանան էկրանին: Բայց իրականում մենք ունենք շատ քիչ էկրանավորումներ, որոնք կհավերժացնեին և սերունդներին կփոխանցեին ողջ այդ հարուստ պատմությունը:

Այս առումով, 2019 թվականն անակնկալ է պատրաստել պատմություն սիրահարների համար. հուլիսի 17-ին Բեյրութում տեղի ունեցավ «Կիլիկիա. Առյուծների երկիր» երեք պատմական պրոմո-ֆիլմերի փակ ցուցադրությունը, իսկ հեղինակները խոստանում են, որ պրեմիերան շուտով կլինի նաև Երևանում: Ավելին, նրանք խոստանում են, որ դա կլինի կինոաշխարհի գլխավոր իրադարձություններից մեկը:

Երեք պրոմո-ֆիլմերը գեղարվեստական մատուցմամբ հանդիսատեսին են ներկայացնում Կիլիկյան հզորագույն թագավորության՝ Կիլիկիայում 1080-1375 թթ.-ին գահակալած հայ իշխանական, իսկ հետագայում նաև՝ թագավորական դինաստիայի երեքհարյուրամյա պատմությունը: Սա մի ժամանակաշրջան է, որի մասին Կիլիկիայի հայկական թագավորություն այցելած վենետիկցի աշխարհագրագետ Մարինո Սանուտոն գրել է հետևյալը.

«Հայաստանի թագավորությունը գտնվում է չորս գիշատիչների երախում: Մի կողմից առյուծն է, այսինքն՝ թաթարները (մոնղոլները), որոնց Հայաստանի թագավորը ծանր տուրք է մուծում, մյուս կողմից` ընձառյուծը, այսինքն՝ Եգիպտոսի սուլթանը, որը ամեն օր վնասներ է հասնցում իր երկրին: Երրորդ կողմում գայլն է, այսինքն` թուրքերը (ղարամանիդները), որոնք խարխլում են իր իշխանությունը: Չորրորդը օձն է, այսինքն՝ ծովահենները, որոնք կրծոտում են քրիստոնյա հայերի ոսկորները»

Մի խոսքով, մեզ սպասում են կատաղի ճակատամարտերի, թագավորական դավադրությունների, դավաճանությունների և, իհարկե, սիրո պատմություններ:

Նախաձեռնության նպատակն էր ամրագրել սերունդների հիշողության մեջ, որ նրանք հանդիսանում են երբեմնի հզոր և հպարտ պետության ժառանգները: Նախաձեռնությունը կյանքի է կոչվել KOHAR սիմֆոնիկ նվագախմբի և երգչախմբի հիմնադիր Խաչատրյանների ընտանիքի կողմից՝ լիբանանաբնակ բարերար Հարութ Խաչատրյանի աջակցությամբ, ով բեյրության պրեմիերայի ժամանակ ասել է, որ պատմությունն, անշուշտ, մեծ արձագանք կգտնի լիբանանահայերի և, առհասարակ, աշխարհի հայերի շրջանում, քանի որ նրանց մեծամասնությունն արմատներով Կիլիկիայից է.

«Կիլիկիայի դրոշները, որոնք բազմիցս ծածանվել են հանդիսատեսի ձեռքերում KOHAR համերգների ժամանակ, այժմ կծածանվեն էկրանի մյուս կողմում՝ պատմական հերոսների ձեռքերում»,- ասաց նա:

Պրոմո-ֆիլմերը նկարահանվել են հայկական Domino Production ընկերության կողմից, որը նշում է, որ նախագիծը հագեցած է պատմական կինոյի ժանրի նորագույն լուծումներով և իր տեսակով առաջինն է հայկական շուկայում: Ռեժիսոր Աշոտ Առաքելյանի խոսքերով` ժամանակային և ծավալային առումով ստեղծագործական գործընթացը համապատասխանել է լիամետրաժ ֆիլմի ստեղծման ժամանակահատվածին.

«Մեր նպատակն էր՝ ստեղծել որակյալ ֆիլմ, որը կկարողանա իր խոսքն ասել պատմական ֆիլմերի համաշխարհային ինդուստրիայում՝ դրանով իսկ ներկայացնելով Հայաստանը՝ որպես այս ոլորտում ներուժ ունեցող երկիր: Բոլոր նկարահանումներն իրականացվել են Հայաստանում՝ սկսած ճակատամարտերի լայնածավալ տեսարաններից մինչև ծովամարտը, որի նկարահանումները տեղի են ունեցել «Կիլիկիա» նավի վրա: Հանդիսատեսին սպասում է ուժեղ վիզուալ լուծումներով և համակարգչային գրաֆիկայով կինոժապավեն», – նշեց Առաքելյանը:

Ֆիլմերը նկարահանվել են պատմաբանի հետ սերտ համագործակցությամբ՝ օգտագործելով պատմական արխիվային նյութեր, և մեծ աշխատանք է տարվել բեմական հագուստի և ռեկվիզիտների ստեղծման գործում, որոնք դիտորդին կտեղափոխեն տվյալ դարաշրջան: Երաժշտությունը նույնպես չի անտեսվել, քանի որ հենց այն է հանդիսատեսին ճիշտ տրամադրություն հաղորդում. պրոմո-ֆիլմերին հատուկ դրամատիզմ է հաղորդում ֆիլիմի համար հատուկ ստեղծված, KOHAR սիմֆոնիկ նվագախմբի և երգչախմբի կատարմամբ երաժշտությունը:

Առաջին ֆիլմում հեղինակները ներկայացնում են Միջերկրական ծովի ափին՝ Կիլիկյան հողում, հայկական իշխանության ձևավորման ժամանակաշրջանը, որն համընկավ հայ ժողովրդի պետականության կորստի հետ: Այն պատմում է Կիլիկիայի պատմությունը հիմնադրման օրվանից մինչև Ռուբինյանների դինաստիայի ամենաազդեցիկ թագավորներից մեկի` Լևոն II-ի գահակալումը:

Երկրորդ պրոմո-ֆիլմում հեղինակները մեզ կտեղափոխեն 13-րդ դար՝ պատմելով Լևոն Ա-ի դուստր Զաբելի, նրա խնամակալ Կոստանդին Պայլի և Զաբելի ամուսին Հեթում արքայի՝ Կիլիկիայի Հեթումյան դինաստիայի հիմնադրի մասին, ինչպես նաև ներկայացնելով այդ ժամանակվա բարքերը և ինտրիգները: Իսկ երրորդ պատմությունը, որն ընդգրկում է 1219-ից մինչև 1375 թվականն ընկած ժամանակահատվածը, պատմում է Լևոն III-ի թագավորության տարիների և Լուսինյան վերջին թագավոր Լևոն V-ի մասին, որի հուղարկավորությամբ ավարտվում է այս հետաքրքրագույն կինոպատմությունը:

Արդեն աշնանը պրոմո-ֆիլմերը կցուցադրվեն հայ հանդիսատեսին: Բացի այդ, ստեղծագործական թիմը մտադիր է նաև ներկայացնել ֆիլմը միջազգային կինոհարթակներում:

 

Լինա Մակարյան