Ապրիլի 22-ի երեկոյան Երևանում կայացավ ցույց, որը կազմակերպվել էր «Մենք ենք տերը մեր երկրի» նախաձեռնող խմբի կողմից: Ազատության հրապարակում հավաքված ցուցարարները ծրագրում էին կազմակերպել երթ դեպի Հայաստանի նախագահի նստավայրը և իրենց պահանջները ներկայացնող նամակ փոխանցել երկի ղեկավարությանը, սակայն ոստիկանությունը ուժով ցրեց երթի մասնակիցներին` նախապես փակելով Բաղրամյան պողոտան:

Ակցիայի ամենասկզբում նախաձեռնող խմբի ներկայացուցիչը` Հայկ Փատյանը հրապարակում հավաքվածներին ներկայացրեց նախապես պատրաստված, հինգ կետերից բաղկացած ուղերձը, որը հասցեագրված էր Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանին:

Իրենց ուղերձում մասնակիցները պահանջում էին չհամաձայնել Ղարաբաղում խաղաղապահ ուժերի տեղակայմանը: Փաստաթղթի մեջ ասվում էր նաև, որ կառավարությունը պետք է բյուջեից գումար հատկացնի զոհվածների ընտանիքներին մինիմալը 30 հզ դոլար չափով , իսկ վիրավորների ընտանիքներին` 5000 դոլար: Պահանջում էին որոշ քաղաքական գործիչների հրաժարականը, մասնավորապես` ԱԳՆ Էդվարդ Նալբանդյանի և Զինված Ուժերի գլխավոր շտաբի ղեկավար Յուրի Խաչատուրովի: Դիմումի մեջ ներկայացված էր նաև 50 անուններից բախկացած ցուցակ, որի մեջ են մտել, ցուցարաների կարծիքով, երկրի խոշորագույն օլիգարխները, ովքեր ըստ բողոքողների` թալանել են երկիրը: Ըստ նախաձեռնության մասնակիցների պահանջների` տվյալ անձինք պարտավոր են պետության բյուջեին փոխանցել յուրաքանչյուրը մինիմում 5 մլն. դոլար: Հավաքված միջոցները պետք է գտնվեն հատուկ հաշվեհամարի վրա և դրանց սպառումը պետք է իրականացվի հանրային վերահսկողությամբ: Գումարի գոնե կեսը պետք է ուղղվի պաշտպանական ֆոնդի զարգացմանը: Այդ ֆոնդը գումար կտրամադրի բարձր տեխնոլոգիաների միջոցով պաշտպանության համակարգի ստեղծման համար:

Հայկ Փատյանի ելույթից հետո ցույցի մասնակիցներին դիմեց Երևանի ոստիկանության պետի տեղական Վալերի Օսիպյանը, ով հայտարարեց, որ ցույցը անօրինական է և արգելեց նրանց երթը դեպի նախագահի նստավայր:

25

Անկախության հրապարակը շրջափակված էր ոստիկանների վեցշերտանի օղակով, ինչը հնարավորույթուն չէր տալիս ցուցարաներին շարունակել իրենց ճանապարհը: Մասնակիցները աղմուկով և սուլոցներով էին արտահայտում իրենց դժգոհությունը իրավապահ մարմինների նկատմամբ:

Վալերի Օսիպյանը ցուցարարներին առաջարկեց մի փոքր խումբ կազմել, ում կթույլատրվի բարձրանալ դեպի նախագահի նստավայր, սակայն ակցիայի մասնակիցները չհամաձայնեցին:  Օսիպյանի խոսքերով` ոստիկանությունը տեղեկատվություն ունի այն մասին, որ ցույցի մասնակիցների մեջ սադրողներ կան, ովքեր պատրաստվում են անօրինական գործողություններ անել, այդ պատճառով երթի թույլտվություն իրենք չեն կարող տալ:

Ինչպես Ազատության հրապարակում, այնպես էլ Բաղրամյան պողոտայի սկզբնամասում ցուցարարներին և լրագրողներին դիմավորում էին իրավապահ մարմինների բազմաթիվ աշխատակիցներ` սահմանափակելով նրանց երթևեկությունը: Մարդկանց առաջարկում էին շրջանցել ճանապարհը:

Չնայած ոստիկանության ջանքերին, այնուամենայնիվ մի խումբ մարդկանց հաջողվեց անցնել պատնեշի վրայով, բայց այնտեղ նույնպես նրանց դիմավորեցին բազմաթիվ իրավապահներ և ներքին գործերի հատուկ բաժնի աշխատակիցները (կարմիր բերետավորները):

Նախաձեռնող խմբի մասնակիցները կրկին դիմեցին Օսիպյանին, փորձելով համոզել նրան, որ ակցիան խաղաղ բնույթ է կրում: «Մենք նպատակ չունենք իշխանափոխություն անելու, հակառակը` մենք ուզում ենք ցույց տալ մեր երկրի ղեկավարությանը, որ պատրաստ ենք համատեղ աշխատանքի, որպեսզի ապահովենք մեր երկրի անվտանգությունը»,- նշեցին ակցիայի կազմակերպիչները: Սակայն ոստիկանությունը անդրդվելի էր: Վալերի Օսիպյանը ցուցարաներին հինգ րոպե տրամադրեց, որպեսզի նրանք ինքնակամ հեռանան: Այնուհետև անցան բռնի գործողությունների, ուժով մտցնելով անհնազանդ ցուցարարներին ոստիկանական մեքենաների մեջ:

Ակցիայի ընթացքում, ինչպես հայտնում են Հայաստանի ոստիկանության մամուլի ծառայությունից, ձերբակալվել են ցույցի 42 մասնակիցներ, ինչպես նաև որոշ ժամանակով իրադարձությունների գոտուց հեռացվել են 1in.am կայքի օպերատորները: Կայքի խմբագիր Արմեն Բաբաջանյանը, ժամանելով դեպքի վայր, հայտնեց ներկա լրագրողներին, որ անօրինական ձերբակալության ընթացքում ոստիկանները ջարդել են օպերատորի տեսախցիկը և լրագրողի հեռախոսը, որով ուղիղ հեռարձակում էր իրականացվում Facebook սոց. ցանցում:

Հայաստանի ոստիկանության մամուլի քարտուղար Աշոտ Ահարոնյանը իր հերթին հայտնեց, որ օպերատորներին ոչ ոք չի ձերբակալել, նրանց պարզապես հեռացրել են «անվտանգ» տարածք: Ահարոնյանը նաև դիմեց լրագրողներին խնդրելով ոստիկանությանը տրամադրել 1in.am կայքի լրագորղներին ձերբակալելու ձայնագրությունները, որի հիման վրա կգնահատվի կատարվածը:

Երեկոյան մեծ թվով ոստիկաններ սկսեցին հեռացնել տարածքից մայթերին խաղաղ կանգնած ցուցարարներին և լրագրողներին:

Պատրաստեց Արմինե Ահարոնյանը

Լուսանկրաները`Lina levine