Նախորդ ուրբաթ Հայաստանի մշակութային մայրքաղաքում` Գյումրիում, բացվեց «Վերածնունդ» միջազգային երաժշտական ութերորդ մրցույթ-փառատոնը, որը սկսած 2009թ-ից ամենամյա բնույթ է կրում:

bbb-7 copy

Այս տարի մրցույթը նվիրված է Հայաստանի անկախության 25-ամյակին և կրում է «Մշակույթը պատերազմի և ահաբեկչության դեմ» խորագիրը: Փառատոնի պրոֆեսիոնալ ժյուրին կազմում են 21 երկրներից ժամանած մշակույթի 85 կարկառուն ներկայացուցիչներ: Նրանց թվում են Ադամ Բարոն (Ֆրանսիա), Լևոն Չիլինգարյանը (Մեծ Բրիտանիա), Լյուբով Կազարնովսկայան (Ռուսաստան) և այլն:

Բացման արարողության ժամանակ Հայաստանի մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը, դիմելով մեծ լսարանին, նշեց, թե որքան հրաշալի է նման փառատոնի գոյությունը:

«Կարևոր է, որպեսզի բոլորը զգան, որ մեր հայացքը դեպի ապագան է: Հաշվի առնեելով վերջին իրադարձությունները` վերածնունդի գաղափարը առավել ակտուալ է դառնում: Միայն մշակույթը կարող է պայքարել պատերազմների դեմ»:

bbb-5 copy

Բացման արարողության մասնակիցներին և հյուրերին ողջունեց նաև Գյումրու քաղաքպետ Սամվել Բալասանյանը: Նա մասնավորապես ևս մեկ անգամ ընդգծեց նման միջոցառումների կարևորությունը, ինչպես նաև հայտնեց Եվրոպայի ծանրամարտի չեմպիոնատում հայ սպորտսմենների (հիմնականում հենց գյումրեցի) խոշոր ձեռքբերումների և մեծ հաղթանակների մասին:

Ինչպես նախորդ տարիներին էր, ժյուրիի բոլոր անդամնեը կանցկացնեն մաստեր-կլասներ Գյումիրում և Երևանում: Դրանցից մեկը կայացավ փառատոնի բացման օրը Գյումրու կոնսերվատորիայում Լյուբով Կազարնովսկայայի կողմից: Երիտասարդ սերնդի հետ հանդիպումից հետո լրագրողների հետ հանդիպման ժամանակ պրիմադոննան խոսեց նաև վերջին շրջանում հայերի համար կարևոր թեմաներից մեկից` Ղարաբաղին:

bbb-2 copy

«Ես գտնում եմ, որ այսօր պատերազմը պետք է դադարեցնել, մայրերը չպետք է լացեն իրենց զավաների համար, աշխարհը չպետք է ցնցվի, իսկ ի՞նչ է սպասվում վաղը: Ժամանակն է հանդարտվելու և հետևում թողնելու բոլոր տեսակի ագրեսիաները, մարդկային սարսափելի արարքները, քանի որ մեր փոքրիկ մոլորակը կործանման եզրին է: Այսօր ողջ աշխարհը ագրեսիայի, պայքարի և ճգնաժամի մեջ է թաղվել: Ամենուրեք կործանված ճակատագրերով փախստականներ են, ովքեր փրկության հույս չեն տեսնում: Իրավիճակը մղձավանջային է և եթե հակամարտություններ բռնկվեն նաև Կովկասում, ապա մենք բոլորս կորած ենք: Աշխարհն ստեղծված է արարման, բարության համար, որպեսզի երեխաներ ծնվեն, որպեսզի մենք սեր քարոզենք, որպեսզի ցույց տանք Աստծուն, որ մենք իր արարչության արդյունքն ենք և սիրում ենք իրեն այնպես, ինչպես ինքն է սիրում մեզ»:

Dalma News-ի թղթակցի այն հարցին, թե որն է «խաղաղություն» բառի բնութագիրը, Կազարնովսկայան նշեց, որ իր համար դա առաջին հերթին սերն է դեպի սեփական հողը, ծնողների հանդեպ ունեցած սերը և հարգանքը, սերը դեպի քո աշխատանքը: «Պետք է միշտ լինել մարդկային բարձրունքում, չանել ստոր արարքներ` և ռազմական տեսանկյունից, և նեղ անձնական: Խաղաղությունը սիրո մեջ է, ես միշտ ասում եմ սա իմ տղային»:

Հայկական հողը միշտ հայտնի է եղել իր ձայներով` ասում է Լյուբով Կազարնովսկայան: «Այսօրվա մաստեր-կլասին ներկա երեխաներն իրենց առաջին քայլերն են անում պրոֆեսիոնալ երգարվեստում: Անհրաժեշտ է նրանց մեջ զարգացնել այս մասնագիտության համար անհրաժեշտ տվյալները: Ես բացահայտումներ եմ սպասում: Ցանկացած մրցույթ, ցանկացած փառատոն հետաքրքիր երիտասարդ տաղանդներ է բացահայտում, գտնում է այն ցողունները, որոնք ցանկանում ես վերցնել և ասել` «ես կօգնեմ քեզ, կջրեմ և կմեծացնեմ, ինչպես երիտասարդ վարդի, իսկ դու համարձակ առաջ գնա»:

bbb-20 copy

Իմ մաղթանքը երիտասարդ արտիստներին` մենք արարում ենք Աստծո համար, մենք արարում ենք աշխարհի համար, մենք չենք ճանաչում ազգություն, մեր մեջ չկան հակամարտություններ, դրանք չպետք է լինեն, որովհետև եթե դու արարում ես երաժշտություն, երգում ես Մոցարտ, Շուբերտ, Չայկովսկի, Կոմիտաս կամ նվագում ես Բեթհովեն, ապա դու պետք է նրանց նման լինես: Իսկ նրանք բաց էին աշխարհի համար, նրանք գրում էին այն, ինչը իրենց թելադրվում էր «այնտեղից»` ի վերուստ: Մենք պետք է այդ սիրո լույսի կրողները լինենք: Եվ ես գտնում եմ, որ սիրո լույսը, որը կա իմ մեջ` սեր դեպի երաժշտությունը, դեպի Ռուսաստանը, Հայաստանը, դեպի իմ մասնագիտությունը, և սեր ողջ աշխարհի նկատմամբ` արտահայտված է յոթ նոտաների լարերի վրա, և մենք այն հաղորդում ենք, ինչպես արևն է մոլորակի համար»:

Ելույթից առաջ Լյուբով Կազարնովսկայան ևս մեկ անգամ դիմեց իր հանդիսականին`

«Երբ խոսում են մուսաները` թնդանոթները լռում են, քանի որ երաժշտությունը և բարությունը միջազգային լեզուներ են: Դրանք թարգմանելու կարիք չկա: Դուք կարող եք աշխարհի ցանկացած կետում գեղեցիկ նվագել և երգել և ձեզ կհասկանան»:

Ժյուրիի անդամներից ևս մեկը` միջազգային մրցույթների դափնեկիր, լոնդոնյան թագավորական կոնսերվատորիայի պրոֆեսոր, հանրահայտ ջութակահար Լևոն Չիլինգարյանը, Dalma News-ի թղթակցի հետ զրույցում նշեց, որ շատ է տպավորված իր տեսածով: Երկար տարիներ անց, Գյումրի վերադառնալով, նա նկատել է, թե որքան է փոխվել քաղաքը, սակայն իր անհանգստությունը հայտնեց Ղարաբաղում ապրիլյան դեպքերի վերաբերյալ:

«Ես խոսում եմ ոչ միայն որպես հայ, այլև որպես Մեծ Բրիտանիայի հպատակ` մենք միասնական ուժերով պետք է աշխատենք պահպանել խաղաղությունը»:

Փառատոնը կարևոր իրադարձություն է ոչ միայն Հայաստանի մշակույթային կյանքի համար, այլև ողջ տարածաշրջանի: Դրա վառ ապացույցն է այն, որ փառատոնին մասնակցելու հայտերի թիվը հասել է 3000-ի` աշխարհի 36 երկրներից: Մրցույթի ամենափոքր մասնակիցը` Երևանից Միշա Ալեքսանյանը ընդամենը 5 տարեկան է, ամենամեծ մասնակիցը Գրիգոր Թանանյանն է Տավուշից` 58 տարեկան: Անկախ ամեն ինչից` երաժշտությունը, մշակույթը, արվեստը ապրում են իրենց կյանքով` ոչ մի րոպե չլռելով, փափկեցնելով մեր հոգները անգամ ամենասարսափելի, ամենադժվար ժամանակներում:

Եվ թող հավերժ լռեն թնդանոթները: Եվ թող մուսաները ապրեն հավերժ…

Պատրաստեց Արմինե Ահարոնյանը

Լուսանկարները` Lina levine