Արցախից (Լեռնային Ղարաբաղից) տեղահանված և Հայաստանի Վայոց ձորի մարզի Արենի համայնքում ապաստան գտած փախստականները հումանիտար օգնություն են ստացել Ռուսաստանից։ Այս օգնությունը կոչված է մեղմելու Արցախի բնակիչների սոցիալական ծանր վիճակը այս դժվարին պահին։ Սեպտեմբերյան էսկալացիայի հետևանքով 9-ամսյա շրջափակումից և բռնի տեղահանումից հետո նրանցից շատերը փորձում են մաքուր էջից նոր կյանք սկսել Հայաստանում։ Նրանք ողջունում են ցանկացած աջակցություն, որը կօգնի իրենց ոտքի կանգնել: Ռուսաստանից ստացված նվիրատվությունն ընդունվել է երախտագիտությամ, գրում է Verelq-ը:

Նոյեմբերի 2-ին Արենի համայնքին մարդասիրական օգնությունը հասցրել է «Հաղորդակցության զարգացման միջազգային ինստիտուտ» հումանիտար հիմնադրամը։ Արցախցի երեխաներին ուղղված հասցեական օգնությունը, որը ներառում էր հագուստ, քաղցրավենիք և այլն, հայկական հիմնադրամին է նվիրաբերել ռուսական Հաղորդակցությունների զարգացման ազգային հետազոտական ​​ինստիտուտը (ՀԶԱՀԻ):

Հումանիտար օգնության բաշխումը տեղի է ունեցել տեղական և համայնքային կառավարման մարմինների ներկայացուցիչների մասնակցությամբ՝ «Հաղորդակցության զարգացման միջազգային ինստիտուտ» հիմնադրամի «Ռուսաց լեզվի և մշակույթի կենտրոնում», որը վերջերս է բացվել։

Մինչ օգնությունը բաշխելը մարդասիրական հիմնադրամի տնօրեն Գագիկ Ալոյանը երախտագիտություն է հայտնել ռուս գործընկերներին և, մասնավորապես, ՀԶԱՀԻ-ին նվիրատվության համար։

«Ռուսաստանի մեր գործընկերները մեծ կարևորություն են տալիս փախստականներին՝ արցախցի մեր եղբայրներին ու քույրերին աջակցելուն։ Այս օգնությունն անհատույց տրամադրել է ռուսական Հաղորդակցությունների զարգացման ազգային հետազոտական ինստիտուտը՝ ի նշան ռուս-հայկական բարեկամության»,- դիմելով ներկաներին՝ նշել է Գագիկ Ալոյանը։

Ի պատասխան՝ երախտիքի խոսքեր հնչեցին Արցախից բռնի տեղահանվածների կողմից։

«Մենք շատ ուրախ ենք, որ չեն մոռացել մեր մասին և աջակցում են ամեն հարցում։ Շնորհակալ ենք»,- ասաց մի կին, ով երեք երեխաների և ամուսնու հետ ապրում էր Արցախի Մարտունու շրջանում և այլ արցախցիների հետ սեպտեմբերի 19-20-ի սրացումներից հետո ստիպված էր լքել իր տունը։

Աջակցություն են ստացել նաև Անահիտ Մարտիրոսյանի երկու երեխաները, ով մինչև վերջերս վեց հոգանոց ընտանիքով ապրում էր Լեռնային Ղարաբաղի Մարտունի քաղաքում։ Մինչ շրջափակումն ու սեպտեմբերյան ռազմական գործողությունները նրանք Արցախում ապրում էին բարեկեցիկ կյանքով, ունեին սեփական բիզնեսը, սակայն ստիպված էին թողնել ամենը, ինչ ձեռք էին բերել տարիների ընթացքում։

«Այժմ ստիպված ենք կյանքը զրոյից սկսել։ Այստեղ տուն ենք վարձում, շատ դժվար է, չգիտենք՝ հետո ինչ ենք անելու»,- VERELQ-ի հետ հարցազրույցում ասաց նա՝ հավելելով, որ այժմ իրենց համար ամենազգայուն խնդիրը աշխատանքի բացակայությունն է, ինչն էլ ավելի կարևոր է դարձնում մարդասիրական աջակցությունը:

«Մեզ օգնում են։ Շատ շնորհակալ եմ նաև այս օգնության համար: Երեխաներն իսկապես ունեն սրա կարիքը», – ասաց Անահիտ Մարտիրոսյանը։

Ստեփանակերտից իր բազմանդամ ընտանիքի հետ Արենի համայնք տեղափոխված Լիլիթ Աբրահամյանը ևս երախգատիություն հայտնեց Ռուսաստանին օգնության համար: Մինչ այդ նրանք բնակվում էին Շուշի քաղաքում և ստիպված էին լքել այն այն բանից հետո, երբ 2020 թվականի պատերազմի արդյունքում քաղաքն անցավ ադրբեջանական զինված ուժերի վերահսկողության տակ։ Այդ ժամանակ, ի դեպ, հնարավոր դարձավ կանգնեցնել պատերազմը Ռուսաստանի ղեկավարության և անձամբ նախագահ Վլադիմիր Պուտինի դիվանագիտական ​​ջանքերի շնորհիվ։

«Շատ շնորհակալ եմ Ռուսաստանին այս օգնության համար։ Մեր մեծ ընտանիքում շատ երեխաներ կան։ Իսկ այն իրերն ու քաղցրավենիքները, որոնք բաժանվեցին, մեծ պահանջարկ ունեն»,-  VERELQ-ի հետ զրույցում ասաց նա՝ հավելելով, որ Արցախում մետաղաջարդոնների հավաքով և վաճառքով զբաղվող մասնավոր ձեռնարկություն են ունեցել։ Այս գործով զբաղվում էր նրա ամուսինը՝ Անդրանիկը, ով Արցախյան առաջին պատերազմի վետերան է՝ երկրորդ խմբի հաշմանդամությամբ։ «Այժմ ամուսինս եղբոր հետ որոշել են գյուղատնտեսությամբ զբաղվել այստեղ՝ Արենի համայնքում։ Տեսնենք՝ ինչ կլինի», – ասաց Աբրահամյանը։

Ընդհանուր առմամբ, Արենի համայնքում բնակություն են հաստատել մի քանի հարյուր արցախցիներ, որոնց իրենց միջոցներով օգնում են նաև պետությունն ու համայնքը։ Սակայն մարդասիրական աջակցության կարիքը, միևնույնն է, զգացվում է, ինչի մասին խոսեց համայնքի ղեկավարի առաջին տեղակալ Մհեր Ասատրյանը. «Համայնքապետարանի և Արցախի մեր հայրենակիցների անունից իմ երախտագիտությունն եմ հայտնում Ռուսաստանի իմ ընկերներին և գործընկերներն այս օգնության համար: Մեր արցախցի եղբայրներն ու քույրերը իսկապես ունեին դրա կարիքը»։

Միևնույն ժամանակ, մարդասիրական օգնության բաշխման միջոցառումը լավ առիթ դարձավ Արենիում «Հաղորդակցության զարգացման միջազգային ինստիտուտ» հիմնադրամի «Ռուսաց լեզվի և մշակույթի կենտրոնի» ծրագրերին մոտիկից ծանոթանալու համար։ Ներկաներից շատերը ցանկություն հայտնեցին իրենց երեխաներին ուղարկել այնտեղ՝ մասնակցելու ռուսաց լեզվի պարապմունքներին։ Իսկ ոմանք, մասնավորապես Լիլիթ Աբրահամյանը, բարձրացրեց տրանսպորտի հասանելիության հարցը, քանի որ նրա ընտանիքը և շատ ուրիշներ բնակություն են հաստատել Արենի գյուղից 10-15 կմ հեռավորության վրա գտնվող գյուղերում։

Բարձրացված խնդրին անմիջապես արձագանքեց համայնքապետարանի ներկայացուցիչ Մհեր Ասատրյանը՝ խոստանալով մանրամասն քննարկել այն և լուծում գտնել։

Առաջիկա երկու օրերին մարդասիրական օգնության համանման խմբաքանակներ (նախատեսված մոտ 500 ընտանիքի համար) կբաշխվեն նաև Գեղարքունիքի մարզի Սևան և Գավառ քաղաքներում։

Կարևոր է նշել, որ այս բնակավայրերում են գտնվում «Ռուսաց լեզվի և մշակույթի» կենտրոնները, որոնք վերջերս բացվել են «Հաղորդակցության զարգացման միջազգային ինստիտուտ» մարդասիրական հիմնադրամի կողմից։ Այս ուսումնական կենտրոնները, ինչպես նշեց հիմնադրամի տնօրեն Գագիկ Ալոյանը, իրականացնում են անվճար կրթական ծրագրեր, որոնց կարող են մասնակցել նաև Արցախից ժամանած երեխաները։