Սեպտեմբերի 19-ին Յարոսլավլում՝ Ֆ. Վոլկովի անվան Ռուսաստանի պետական ակադեմիական դրամատիկական թատրոնում կազմակերպվեց տոնական համերգ՝ նվիրված Հայաստանի անկախության օրվան և Շառլ Ազնավուրի 95-ամյակին:

Միջոցառմանը բացման խոսքով հանդես եկան ՌԴ-ում Հայաստանի Հանրապետության դեսպան Վարդան Տոգոնյանը, ՀՀ Վարչապետի տիկին, «Իմ քայլը» բարեգործական հիմնադրամի հիմնադիր և հոգաբարձուների խորհրդի նախագահ Աննա Հակոբյանը, Յարոսլավլի շրջանի նահանգապետի տեղակալ Իլյա Բալանինը, Յարոսլավլի մարզում ՀՀ պատվավոր հյուպատոս Վահագն Խաչատրյանը:

Համերգին ելույթ է ունեցել հայկական ծագում ունեցող ֆրանսիացի երգչուհի Ankinée-ն՝ կատարելով բոլորիս կողմից սիրված Շառլ Ազնավուրի լեգենդար հիթերը՝ Պլատոն Գազելերիդիի ջազ քառյակի նվագակցությամբ, ինչպես նաև Յարոսլավլի ակադեմիական նահանգապետական սիմֆոնիկ նվագախումբը՝ գլխավոր դիրիժոր, ՌՍՖՍՀ վաստակավոր գործիչ, Ռուսաստանի ժողովրդական արտիստ Մուրադ Աննամամեդովի գլխավորությամբ և «Յարոսլավիա» ֆիլհարմոնիկ երգչախմբային կապելլայի հետ համատեղ:

Միջոցառման կազմակերպիչը Յարոսլավլի մարզում ՀՀ պատվավոր հյուպատոսությունն է:

 

Լուսինե Գրիգորյան