Այս տարի լրանում է ՀՀ առողջապահության նախարարության ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոնի (ՁԻԱՀ-ի կենտրոն) հիմնադրման 30-ամյակը: Ինչպես Dalma News-ի հետ զրույցում նշեց ՀՀ ԱՆ ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոնի տնօրեն, բժշկ. գիտ. դոկտոր, պրոֆեսոր Սամվել Գրիգորյան, կենտրոնի գործունեության նպատակն ու առարկան են ՀՀ տարածքում ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի կանխարգելման աշխատանքների իրականացումն ու համակարգումը:

-Կենտրոնում ՄԻԱՎ վարակ ունեցողներն անցնում են դիսպանսերային հսկողություն և ստանում հակառետրովիրուսային բուժում, իրականացվում են ՄԻԱՎ-ի, այլ վարակների վերաբերյալ հետազոտություններ, տրամադրվում է բժշկական, հոգեբանական, սոցիալական և իրավական աջակցություն:

-Որպես կանխարգելման կենտրոնի տնօրեն ինչպե՞ս կգնահատեք իրավիճակը Հայաստանում, ի՞նչ պատկեր ունենք այսօր:

-ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ին հակազդման ոլորտում Հայաստանն արձանագրել է զգալի ձեռքբերումներ: Մասնավորապես,  Հայաս­տանում 2007թ. ի վեր մորից երեխային ՄԻԱՎ-ի փոխանցման կանխարգելիչ բուժում ստացած մայրերից ծնված երեխաների շրջանում ՄԻԱՎ վա­րակի որևէ դեպք չի արձա­նագրվել:

Վերջին տարիներին Հայաստանն արձանագրել է զգալի առաջընթաց գլոբալ մակարդակով ՄԻԱՎ-ի համաճարակին հակազդման գործում: Մասնավորապես, 2016 թվականին Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) վավերացրել է երկրում մորից երեխային ՄԻԱՎ-ի փոխանցման վերացումը, ապա հաստատել 2016-2017 թվականներին այդ կարգավիճակի պահպանումը: Այսպիսով, Հայաստանը դարձել է աշխարհի չորս երկրներից, իսկ ԱՀԿ-ի եվրոպական տարածաշրջանում՝ առաջիններից մեկը, որ արժանացել է մորից երեխային ՄԻԱՎ-ի փոխանցման վերացման ուղղությամբ տարվող աշխատանքների նման բարձր գնահատականի և մորից երեխային ՄԻԱՎ-ի փոխանցման վերացումը փաստող հավաստագրի:

-Իսկ ՁԻԱՀ-ի դեմ պայքարը, կա՞ն նմանատիպ օպտիմիստական ձեռքբերումներ այս ոլորտում էլ:

-ՁԻԱՀ-ի դեմ պայքարի համաշխարհային պատմության մեջ Հայաստանն արձանագրել է աննախադեպ ձեռք­բերում` համաճարակի ոչ միայն կասեցում, այլև վերադարձ խտացման փուլից նախնականին (ըստ ԱՀԿ-ի դասակարգման):

Հատկանշական ձեռքբերումները գնահատվել են նաև ՄԱԿ-ի կողմից, և 2017 թվականին ԱՆ ՁԻԱՀ-ի կենտրոնը ստացել է ՄԱԿ-ի հանրային ծառայության մրցանակ «Առողջապահական ծառայությունների տրամադրման գործում նորարարություն և գերազանց որակ» անվանակարգում՝ դառնալով ՄԱԿ-ի մրցանակի արժանացած առաջին ու առ այսօր երկրում միակ պետական կառույցը, նաև աջակցելով Կայուն զարգացման 2030թ. Օրակարգի իրականացմանը:

Ավելին՝ այս տարվա բժշկագիտության ոլորտում ՀՀ նախագահի մրցանակը շնորհվել է մեր կենտրոնի աշխատակիցների խմբին: Ընդամենը մի քանի օր առաջ ՁԻԱՀ-ի կենտրոնը ՀՀ առողջապահության նախարարության, ՀՀ էկոնոմիկայի նախարարության, Հայաստանի ՓՄՁ զարգացման ազգային կենտրոնի, Միջազգային գործարար կապերի աջակցման խորհրդի կողմից ստացավ մրցանակ և հավաստագիր, որով այն ճանաչվում է որպես «Որակյալ առողջապահական ծառայություններ տրամադրող կազմակերպություն»:

Այս ամենը պարտավորեցնում է մեզ ավելի մեծ եռանդով իրականացնել ստանձնած պարտավորությունները` ի նպաստ բնակչության առողջության պահպանման և անվտանգ վարքագծի ձևավորման:

-Հետևելով Ձեր կենտրոնի գործունեությանը կարելի է տեսնել, որ տարեկան մի քանի անգամ կենտրոնն իրականացնում է հանրային միջոցառումներ, որոնց ընթացքում ՌԴ կողմից նվիրաբերված շարժական կլինիկայում ՁԻԱՀ-ի կենտրոնի մասնագետները ցանկացողներին տրամադրում են ՄԻԱՎ-ի, հեպատիտներ Բ-ի, Ց-ի և սիֆիլիսի վերաբերյալ անվճար, անանուն հետազոտություններ: Հետազոտություն անցնողների ո՞ր տոկոսի մոտ է հայտնաբերվում այս կամ այն հիվանդությունը:

-Այո՛, ՁԻԱՀ-ի կենտրոնը տարեկան իրականացնում է մի շարք հանրային միջոցառումներ ինչպես Երևանում, այնպես էլ ՀՀ մարզերում, որոնց շրջանակներում Ռուսաստանի Դաշնության կողմից Հայաստանին նվիրաբերված շարժական կլինիկաներում տրամադրվում են Ձեր կողմից նշված ծառայությունները: Այդ միջոցառումների հիմնական նպատակն է հասարակության լայն շերտերին ՄԻԱՎ-ի վերաբերյալ հետազոտության կարևորության մասին տեղեկացումն ու ՄԻԱՎ-ի վերաբերյալ հետազոտություն անցնելու խրախուսումը: Մասնավորապես, 2018թ. ընթացքում անցկացվել է 20 հանրային միջոցառում, որի ժամանակ շուրջ 2500 մարդ անցել է նախա- և հետթեստային խորհրդատվություն, հետազոտվել և տեղեկացել է իր կարգավիճակի մասին:

-Եթե հաստատվում է կարգավիճակը, ապա ո՞րն է հաջորդ քայլը, ուղղորդո՞ւմ է կենտրոնը հետագա քայլերի:

-ՄԻԱՎ-ի վերաբերյալ հետազոտությունն ու հիվանդության ախտորոշումը ինքնանպատակ չեն: Դրանք այն գործիքներն են, որոնք հնարավորություն կտան հիվանդներին ժամանակին ստանալու արդյունավետ բուժում և խնամք: ՄԻԱՎ-ի նկատմամբ դրական արդյունքի դեպքում հետազոտվողն ուղղորդվում է ԱՆ ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոն, սիֆիլիսի դեպքում` ԱՆ «Մաշկաբանության և սեռավարակաբանության բժշկագիտական» կենտրոն, իսկ վիրուսային Բ, Ց հեպատիտների դեպքում` բժիշկ-վարակաբանների մոտ:

ՄԻԱՎ վարակ ախտորոշումը հաստատվելուց հետո պացիենտները վերցվում են դիսպանսերային հսկողության, անցնում համալիր հետազոտություններ և ստանում հակառետրովիրուսային բուժում: ՄԻԱՎ վարակով պացիենտներին տրամադրվող բոլոր ծառայությունները ՁԻԱՀ-ի կենտրոնում անվճար են:

Սամվել Գրիգորյան

-Այդուհանդերձ, ինչպիսի՞ն է վիճակագրությունը Հայաստանում՝ ունե՞նք ՁԻԱՀ/ՄԻԱՎ հիվանդացության աճ, ինչո՞վ է դա պայմանավորված, արդյոք պետական քաղաքականությունը նպաստում է այս հիվանդության դեմ պատշաճ պայքարին և այլն:

-1988թ. մինչև 2019թ. օգոստոսի 31-ը ՀՀ-ում գրանցվել է ՄԻԱՎ վարակի 3626 դեպք ՀՀ քաղաքացիների շրջանում, որոնցից 429-ը` 2018թ. ընթացքում: Նույն ժամանակաշրջանում ՄԻԱՎ վարակ ունեցողների մահվան դեպքերի ընդհանուր թիվը կազմել է 831: ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի իրավիճակի գնահատումը վկայում է, որ հանրապետությունում ՄԻԱՎ-ով ապրող մարդկանց հաշվարկային թիվը կազմում է 3500:

Վերջին տարիներին զգալի բարելավվել է ՄԻԱՎ վարակի հայտնաբերումը, ինչը պայմանավորված է ՄԻԱՎ-ի վերաբերյալ հետազոտությունների հասանելիության մեծացմամբ, բուժաշխատողների և ծառայություն տրամադրողների նախաձեռնությամբ նպատակային հետազոտությունների անցկացմամբ: Դրան էապես նպաստել են ՁԻԱՀ-ի կենտրոնում անցկացված դասընթացների շնորհիվ բուժաշխատողների շրջանում ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի վերաբերյալ գիտելիքների մակարդակի աճը, ինչի արդյունքում բժիշկներն ավելի հաճախ են կլինիկական ցուցումներ ունեցող պացիենտներին ուղեգրում ՄԻԱՎ-ի վերաբերյալ հետազոտություն անցնելու, ինչպես նաև ՁԻԱՀ-ի կենտրոնի շարժական կլինիկաներում գյուղական և քաղաքային համայնքների բնակիչներին, ՀՀ-ում ՄԻԱՎ-ի նկատմամբ առավել խոցելի խմբին՝ միգրանտներին և նրանց ընտանիքի անդամներին ՄԻԱՎ վարակին առնչվող անվճար և անանուն ծառայությունների տրամադրումը:

Արձանագրվող դեպքերի թվի աճը պայմանավորված է նաև ՄԻԱՎ վարակ ախտորոշումով և հիվանդության կլինիկական ախտանշաններով մեր քաղաքացիների հետհոսքով ՌԴ-ից Հայաստան:

Չնայած այն հանգամանքին, որ Հայաստանը գտնվում է աշխարհում ՄԻԱՎ վարակի դեպքերի ամենաբարձր աճ ունեցող տարածաշրջաններից մեկում՝ ձեռնարկված համալիր միջոցառումների շնորհիվ հաջողվել է մեր երկրում մեծահասակ բնակչության շրջանում ՄԻԱՎ վարակի տարածվածությունը պահել կայուն ցածր մակարդակի վրա` 0,2 %-ի սահմաններում:

«Մարդու իմունային անբավարարության վիրուսից առաջացած հի­վան­դության կանխարգելման մասին» ՀՀ օրենքը կարգավորում է ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի ոլորտի հիմնական իրավական հարաբերությունները: Այդ օրենքի համաձայն ՀՀ կառավարությունը մշակում, ընդունում և իրականացնում է ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ին հակազդման պետական նպատակային ծրագրեր: Ներկայումս իրականացվում է ՀՀ կառավարության կողմից ընդունած «ՀՀ-ում 2017-2021թթ. ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի կանխարգելման պետական նպատակային ծրագիրը», որի առանցքային թիրախներն են 2016թ. ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի հարցերով բարձր մակարդակի հանդիպմանը հռչակված երեք 90-ները. ծրագրի ավարտին ՄԻԱՎ-ով ապրող մարդկանց 90%-ը պետք է իմանա իր կարգավիճակի մասին, ստանա ախտորոշում, նրանց 90%-ին պետք է տրամադրվի ՀՌՎ բուժում, ՀՌՎ բուժում ստացողների 90%-ի շրջանում պետք է արձանագրվի վիրուսային ծանրաբեռնվածության չհայտնաբերվող մակարդակ:

Մեր կենտրոնն Առողջապահության նախարարության առաջնորդությամբ հաստատակամ է նախանշված ծրագրերի իրականացման և սահմանված ուղենիշներով հավակնոտ նպատակներին հասնելու ճանապարհին:

 

Լինա Մակարյան