Վերջին ժամանակներս Վրաստանում բավական ակտիվորեն քննարկվում է ավտոմեքենաների տեխնիկական զննման գործընթացի վերսկսման հարցը: Նախկին  իշխանությունները մեքենաների տեխզննումը համարեցին կաշառակերության իրական աղբյուր և ամբողջությամբ կասեցվեց գործընթացը: Այսօր այս հարցը կրկին արդիականություն է ստացել, սակայն զգալի նախազգուշացումներով: Տեխզննումները չպետք է վերածվեն փող կորզման սահուն մի համակարգի, այլ պետք է ընթանան թափանցիկ կարգով:

Վրաստանի կառավարությունը դեռևս երկու տարի առաջ էր նախատեսում ստուգումներ անցկացնել երկրում գրանցված տարբեր տեսակի տրանսպորտային միջոցների նկատմամբ: Եվ այդ ժամանակ Վրաստանի էկոնոմիկայի ու կայուն զարգացման նախարարությունում հույս ունեին, որ պարտադիր տեխզննումը կնպաստի ավտոհավաքակայանի նորացմանն ու սկզբնական անհրաժեշտ տեղեկատվության ապահովմանը՝ անկախ մեքենայի տեսակից, շարժիչից, վազքից կամ միջին արագությունից: Ենթադրվում էր, որ տեխզննման հիման վրա հնարավոր կլինի համակարգչային նոր տեխնոլոգիաների օգնությամբ հաշվարկել արտանետվող գազերի ծավալը, ինչի շնորհիվ էլ օդի աղտոտվածության իրական պատկերն ավելի հստակ տեսք կունենա:

Vyhlopnye-gazy-v-malyh-kolichestvah_shutterstock_39382126

Բայց,  ինչպես երևում է, օդի աղտոտվածության ցուցանիշը բոլորին մտածմունքի մեջ գցեց: Մայրաքաղաքում մեքենաների թիվը սարսափելի մեծ է: Դրանք նույնիսկ կայանում են ճանապարհներից մեկուսացված մայթերին: Ամենուր տհաճ խոսակցություններ են այն մասին, որ փողոցում դարձյալ ինչ-որ մեքենա ինչ-որ մեկին խփեց, բայց հորիզոնում այս իրավիճակից իրատեսական ելք դեռևս չի երևում:

Խոսակցությունների շրջանառման փուլից սկսած՝ օրեցօր ավելանում է պարտադիր տեխզննման անհրաժեշտության կիրառման նորամուծությունից դժգոհ մարդկանց թիվը: Ժամանակակից աշխարհում մեքենան ոչ թե ճոխություն, այլ խիստ անհրաժեշտություն է: Իսկ Վրաստանում այն շատերի համար որպես եկամտի աղբյուր է ծառայում: Հենց այս գործոններն էլ կառավարությանը ստիպեցին վերականգնողական գործընթացները հետաձգել մինչև 2017 թ.:

maxresdefault

Իսկ ահա «Երիտասարդ փաստաբաններ» հասարակական կազմակերպությունը կառավարությանը իր հերթին խորհուրդ է տալիս ժամանակ չկորցնել ու պարտադիր տեխզննումն իրականացնել ոչ թե 2017 թ. հունվարի 1-ից, այլ ընթացիկ տարվա աշնանից սկսած: Վերոնշյալ կազմակերպության փաստաբան Մարիամ Պիրցխալաիշվիլու խոսքերով՝ մեքենաների կողմից օդի աղտոտվածության աստիճանն արդեն վաղուց անցել է ծայրահեղի բոլոր սահմանները: Հետազոտությունները ցույց են տալիս, որ Վրաստանի օդի աղտոտվածության հիմնական աղբյուրները ավտոտրանսպորտային միջոցներից արտանետված գազերն են:

Նրա խոսքերով՝ Միջազգային Էներգետիկական գործակալության (IEA) հրապարակած զեկույցն ընդգծում է, որ երկրի իշխանությունները պետք է ժամանակին և օրինական մակարդակով կարգավորեն շրջապատող միջավայրի պահպանության չափանիշներին համապատասխանելիության հարցերը:

«Օդի աղտոտվածության պատճառով՝ Վրաստանը մահացությունների թվով առաջին տեղն է զբաղեցնում: Բնականաբար կառավարությունը պետք է խստացնի տրանսպորտային քաղաքականությունը, քանի որ այսօր օդային աղտոտվածությանն ամենամեծ վնաս հասցնում են տրանսպորտային միջոցները: Թունավոր գոյացությունները սպառնալիք են երկրի բնակչության առողջության համար, իսկ տվյալ խնդրի վերացումը միաժամանակ կլուծի թե բնակչության առողջությանը վերաբերող, թե շրջակա միջավայրի պահպանման սկզբունքային հարցերը»,- ասում է իրավաբանը:

Կազմակերպությունում գտնում են նաև, որ տեխնիկական ստուգման բացակայության պատճառով մեքենանների մեծ մասը կառավարելի չեն: Չնայած 2012 թ. Վրաստանում գործող վառելիքի որակի չափանիշային խստացումներին, կառավարության կողմից ծծմբի որոշակի թույլատրելիության սահմանը թե բենզինային, թե դիզելային վառելիքներում 25-30 անգամ գերազանցում է եվրոպական չափանիշներին:

Դրան զուգահեռ՝ հասարակական կազմակերպությունում առաջին հերթին անհրաժեշտ են համարում լիցենզիոն բարեփոխումների միջոցով վառելիքի տնտեսման տեսանկյունից ավելի արդյունավետ մեքենաների ներմուծման խթանումը, երկրորդը՝ անհրաժեշտ է բարելավել տրանսպորտային հոսքերի օպտիմալացման համակարգը, քանի որ խցանումների ժամանակ մեքենաների շարժիչներն աշխատում են վառելիքի ինտենսիվ այրման ռեժիմում, ինչը կտրուկ բարձրացնում է աղտոտվածության մակարդակը:

Նրանց կարծիքով՝ անհրաժեշտ է ժամանակին իրականացնել մի շարք նախազգուշական միջոցառումներ, որ նման ահագնացող վիճակը Վրաստանի հեղինակության վրա չազդի, քանի որ երկիրը, ինչպես հայտնի է, զբոսաշրջության մեծ պոտենցիալ ունի:

…Ժողովրդականությանը դեմ

ogbaidze_shalva_0541Շալվա Օգբաիձեն Վրաստանի Ավտոմոբիլային ֆեդերացիայի նախագահն է, ինչպես նաև Թբիլիսյան Սակրեբուլույի (քաղխորհուրդ) անդամ, ով 2003-2004 թթ. տեխզննման վերացման նախաձեռնողն էր, ով նաև մշակեց համապատասխան օրինական ակտերը: Նրա կարծիքով՝ առաջ մեքենաների տեխնիկական զննում իրականացնելու փոխարեն միայն «զննում» էին թղթադրամները, հենց այդ պատճառով էլ անկառավարելի մեքենաների հետ կապված ռիսկերը բոլորովին չէին պակասում: Նա նաև հիշեցնում է, որ այժմ, օրինակ, գործում է կոռումպացված գործընթացներից զերծ՝ Պահակային ոստիկանություն, իսկ դա օրինակն է այն բանի, որ քաղաքական կամքի շրջանակներում  չկոռումպացված հատված ստեղծելը այնուամենայնիվ հնարավոր բան է:

«Այսօր ոչ մի տեղ չեք հանդիպի այնպիսի պահակայինի, որը զբաղված է փող շորթման գործընթացով: Եթե նման բան պատահի էլ, այդ միջադեպն անմիջապես կտեղայնացվի ու լուծում կստանա: Կամ օրինակ՝ Ծառայության գործակալությունը՝ ի՞նչ պայմաններում է կատարվում գրանցումները, վարորդական իրավունքների ու համարանիշերի հանձնումը: Փող շորթման օրինակներ այդտեղ էլ չես հանդիպի»,- ասում է Օգբաիձեն:

Սեկրեբուլոյի պատգամավորը թեպետ տեխզննման գործընթացի կիրառումը համարում է ճիշտ, բայց այնուամենայնիվ գտնում է, որ մինչ 2016 թ. աշնանային ընտրությունները այդ հարցին ոչ կառավարությունը, ոչ էլ խորհրդարանը չեն անդրադառնա: Նման քայլը կարող է սխալ գնահատվել ընտրազանգվածի կողմից, համարվել ոչ ժողովրդական, իսկ այդ դեպքում իշխող կուսակցությունը անպայման ընտրաձայներ կկորցնի:

«Հասարակական որոշ կազմակերպություններ պահանջում են, որ հենց աշնանից կիրառվի տեխզննումը: Կարող եմ ասել, որ հենց սեպտեմբերից սկսած՝ այդ թեման արդեն առաջնային նշանակություն չի ունենա: Կսպասենք ընտրություններին: Այս հարցի լուծման հետ կապված՝ վերջին 4 տարիների ընթացքում խորհրդարանը ոչ մի քայլ չի ձեռնարկել: Այդ ամենը միայն խոսակցություններ են, ընդ որում՝ վերջին 3 տարին ավտոհավաքակայանն էլ ավելի է ծերացել, ճանապարհներին ավելի շատ մարդ է մահանում, և էլ ավելի շատ հիվանդանում են արտանետվող գազերից»,- գտնում է նա:

Պատգամավորը նաև բացասական կարծիք է հայտնում վարորդական իրավունքների հասանելիության հետ կապված: Նրա կարծիքով՝ դրանց հասնելու ճանապարհը շատ է հեշտացվել և գործնականում հասցվել է միայն մեքենան կանգնեցնելու ունակությունների տիրապետման սահմանաչափին:

view_4051jorjoliani_gia

Վրաստանի Շրջակա միջավայրի և բնական ռեսուրսների պահպանման խորհրդարանային հանձնաժողովի նախագահ, պատգամավոր Գիա Ժորժոլիանին հարում է տեխզննման գործընթացի վերսկսման տեսակետին, սակայն միևնույն ժամանակ գտնում է, որ նորամուծությունը չպետք է վարորդների ուսերին դառնա իսկական բեռ: Նրա խոսքերով՝ օդի աղտոտվածությունը միայն Թբիլիսիի խնդիրը չէ, այլ ողջ երկրինն է: Անվտանգ տրանսպորտային միջավայրի ստեղծման անհրաժեշտություն կա, դրա համար էլ պետք է նաև ապահովել  քաղաքային տրանսպորտի անվտանգությունն ու էկոլոգիական մաքրությունը: Այս բոլոր հարցերը լուրջ ուսումնասիրություն են պահանջում, ինչի շնորհիվ միայն հնարավոր կլինի խուսափել նոր կոռուպցիոն համակարգերից:

Վրաստանի Ավտոմոբիլային գործակալության նախագահ Շալվա Օգբաիձեն գտնում է, որ լրատվամիջոցների ներկայացուցիչները հարցը պետք է այլ կերպ ներկայացնեն՝ որքա՞ն պետք է այս ամենը շարունակվի, երբ մի օր էլ երկրի օնկոլոգիական կլինիկաներ կսկսեն այցելել տարեկան 10-12 հազ. մարդ: Կամ՝ արդյո՞ք Վրաստանը կշարունակի այս կամ այն ոլորտում առաջնորդել երկրների ցուցակ, եթե այս երկրում տարեկան արտանետվող գազերից մահանում է ավելի քան 300 մարդ: Կամ մեկ այլ տարբերակ՝ ե՞րբ վերջապես կնվազեն մանկական ուռուցքների ցուցանիշները:

Ինչպես Dalma News-ի թղթակցի հետ զրույցում հայտնեց Շալվա Օգբաիձեն, նրա համար անընդունելի է այն միտքը, որ ավտոմեքենաների պարտադիր տեխզննման գործընթացը բացասական կանդրադառնա բնակչության անապահով խավերի վրա, քանի որ առնվազն 7-8 հազ. դոլլարով մեքենա գնող մարդը չի կարող համարվել անապահով խավ:

«Ես անապահով համարում եմ այն մարդուն, ով չունի ոչ-ոք, որը նրա գոյության համար  կարող է մի կտոր հաց ապահովել, և ով ամբողջությամբ կախված է հասարակության ողորմածությունից ու պետական սոցիալական քաղաքականությունից: Մենք պետք է խոսենք այն մասին, որ մեքենան ոչ բնության, ոչ էլ մարդկության համար սպառնալիք չդառնա: Ճանապարհային անվտանգության առումով՝ խոսքը գնում է արգելակների ճիշտ աշխատանքի, լուսավորության սարքերի, ավտոպահեստամասերի մասին, այն մասին, որ գազային համակարգի անցնելիս՝ մեքենան մարդկային կյանքի համար վտանգ չներկայացնի»,- գտնում է Շալվա Օգբաիձեն:

Օգբաիձեի կարծիքով՝ պետությունը պետք է մտածի նաև ավտոհավաքակայանի թարմացման մասին: Տվյալ դեպքում լավագույն օրինակը նա համարում է մեքենաների մաքսատուրքի վերացումը, ինչպես նաև՝ Ավտոմոբիլային գործակալության նախաձեռնությամբ՝ խորհրդարանի կողմից ընդունվող որոշ ցուցումները, համաձայն որոնց, ի տարբերություն սովորական մեքենաների, հիբրիդային ավտոմեքենաները 2016 թ. մայիսի 1-ից սկսած՝ մինչև մեկ տարի շահագործումը, կհարկվեն միայն կիսով չափ:

Պատգամավորը սխալ է համարում այն, որ ներկա մաքսային համակարգը միանման պայմաններ է դնում թե էկոլոգիապես մաքուր, թե սովորական մեքենաների առաջ: Շատ կարևոր է, որ ապագա խորհրդարանն այս հարցի մասին մտածի: Այս իրավիճակից թերևս ամենալավ ելքն այն է, որ շատ վառելիք ծախսող մեքենաների համար մեծ հարկեր սահմանվեն: Նա իշխանություններին խորհուրդ է տալիս փոխ առնել Ադրբեջանի փորձը, որտեղ ավտոմեքենաները ենթարկվում են տարիքային դասակարգման: Եվ Ադրբեջանի տարածք արգելվում է մուտքը այն մեքենաների, որոնք արտադրվել են մինչև 2005 թ. վերջը:

Ի՞նչ է սպասվում բնական գազով աշխատող ավտոմեքենաներին

Համաձայն 2016 թ. ապրիլին Վրաստանի կառավարության կողմից ընդունված որոշման՝ 2017 թ., պետք է սկսվի այն մեքենանների ստուգումը, որոնք աշխատում են գազի հիմքով: Ստուգումն իրականացվելու է 6 փուլերով: 24 տարի և բարձր մեքենաները կստուգվեն մինչ հունվար, իսկ այն մեքենաները, որոնք 20-23 տարեկան են, կստուգվեն մինչև 2017 թ. հունիսը: Հաջորդ փուլերը կընթանան 2018 և 2019 թթ., և կստուգվեն արդեն 17-18 տարեկան մեքենաները:

12834963_1149388655085118_1132829891_n-640x381-1«Ճանապարհային անվտանգության ընկերություն» հասարակական կազմակերպության նախագահ Գելա Կվաշիլավան կարևոր է համարում նման համակարգի ստեղծումը իր ճիշտ ժամանակին, որտեղ համապատասխան ընկերություններն ու կառույցները  դրան պատրաստ կլինեն ինչպես տեխնիկապես, այնպես էլ հումանիտար մակարդակով: Բացի այդ՝ մեքենաների ստուգման գործընթացը պետք է լինի թափանցիկ, միջին-մրցակցային, իսկ ահա տեխզննման գինը՝ ոչ բարձր:

ZSjhzrQl_W0Այժմ ավտոտրանսպորտային միջոցներում գազաբալոնների տեղադրումն ու դրանց հետագա լիցքավորումը իրականացվում է բոլոր չափանիշների ու պահանջների խախտումով, և այստեղ խոսքը վերաբերում է նույնիսկ հասարակական տրանսպորտին: Այդ ամենը մեկ միասնական գործընթաց է: Եվ այսօր դրա բաղադրիչներից ոչ մեկը չի համապատասխանում որևէ չափանիշի:

«Երկրում մոտավորապես 1.1 մլն. ավտոմեքենա կա, որից 35 հազ.-ը 20 տարեկանից բարձր է: Քանի որ տեխզննում գոյություն չունի, չկա նաև վիճակագրություն, թե դրանցից քանիսն են անցել գազային համակարգի: Դրանց թիվը մոտավորապես կազմում է 150-200 հազ.: Թբիլիսիում շուրջ 80 հազ. գազով աշխատող մեքենա կա, ընդ որում՝ դրանց մեծ մասը ստուգված չեն: Համապատասխան նորմերի խախտումները դարձել են դժբախտ դեպքերի, մեքենաների պայթեցումների ու զոհերի պատճառ: Կարևոր է սկսել գործընթացն ու փուլ առ փուլ աշխատեցնել տվյալ համակարգը»,- ասում է Կվաշիլավան:

Առաջին հայացքից՝ այս խնդիրը բխում է ոչ միայն կառավարության, այլ նաև երկրի բնակչության շահերից, քանի որ օդի մաքրությունն առաջին հերթին բարենպաստ է անդրադառնում քաղաքացիների առողջության վրա: Առավել ևս, որ Վրաստանն առանձնապես աչքի չի ընկնում զարգացած արդյունաբերությամբ, և հսկա ֆաբրիկաների ու գործարանների ծուխը չի ընդարձակում այս խնդիրը: Մինչ աշնանային ընտրություններ՝ մնացել է մի քանի ամիս: Տեսնենք, թե ինչ քայլեր կձեռնարկի նոր խորհրդարանը՝ այդ ամենը կմնա զուտ անիրական խոսակացությունների մակարդակո՞ւմ, թե՞ համապատասխան գործողություններ կկիրառվեն:

Շ. Կարչավա, հատուկ Dalma News-ի համար