Վրաստանի փողոցները, կամուրջներն ու կառավարական որոշ շենքեր Եվրամիության գույներն էին ստացել: Այսպես էր Թբիլիսին արտահայտում իր ուրախությունը Եվրահանձնաժողովի կողմից հրապարակված դրական հաշվետվությանը` ըստ որի Վրաստանը կատարել է վիզային ռեժիմի ազատականացման համար անհրաժեշտ ողջ պլանը: Եվրահանձնաժողովը համարեց, որ Վրաստանը հաջողության է հասել ծրագրի բոլոր 4 կետերով, և հասել է եվրոպական չափանիշներին, ինչը իրավունք է տալիս Վրաստանի քաղաքացիներին անցնել առանց վիզայի ռեժիմի:
Վրաստանում ԵՄ դեսպան Յանոշ Հերմանը ասուլիսի ժամանակ հայտնեց, որ Վրաստանի բոլոր քաղաքացիները կարող են օգտվել ԵՄ-ի հետ առանց վիզային հաղորդակցության հնարավորությունից, այդ թվում և նրանք, ովքեր բնակվում են «օկուպացված տարածքներում», այսինքն, ԵՄ-ի մեկնաբանությամբ` Աբխազիայի և Հարավային Օսիայի:
«Առանց նախկին վիզային ռեժիմի Շենգենյան տարածք մտնելու հնարավորություն կունենան բոլոր նրանք, ովքեր եվրոպական որևէ երկիր կժամանեն 90 օորով` 180 օրերի ընթացքում: Իհարկե այս ռեժիմը Շենգենյան տարածքում աշխատելու հնարավորույթուն չի տալիս: Միևնույն ժամանակ, ես վստահ եմ, որ այս հնարավորությունը` իրականանալու դեպքում, կօգնի Վրաստանի քաղաքացիներին Շենգենյան տարածքի երկրներ ազատ շրջագայության մեկնել»,- հայտնեց Յանոշ Հերմանը:
Վրաստանի իշխող «Վրացական երազանք» կոալիցիայի ներկայացուցիչները յուրահատուկ ոգևորությամբ ընդունեցին այս լուրը:
«Այս օրը պատմական է մեր երկրի և նրա յուրաքանչյուր քաղաքացու համար: Վրաստանը եվրաինտեգրման ճանապարհին կարևոր քայլ է կատարել, ինչը որոշակիորեն հստակեցնում է մեր ապագան միասնական եվրոպական երկրների ընտանիքի մեջ: Որոշ ժամանակ առաջ Եվրահանձնաժողովը հրապարակեց զեկույց` Վրաստանի` վիզային ռեժիմի ազատականացման համար, կատարված պլանի համաձայն, ինչին մեր երկիրը անհամբեր սպասում էր: Հանձնաժողովը միանշանակ հայտարարեց, որ Վրաստանի իշխանությունը հաջողությամբ կատարեց իր պարտականությունները Եվրամիության առաջ, և կատարյալ կերպով իրականացրեց բոլոր բարեփոխումները վիզային ռեժիմի ազատականացման համար: Սա սկզբունքային համաձայնություն է առանց վիզային ռեժիմի մասին: Հաջողված բարեփոխումների շնորհիվ` մենք արդեն ստորագրել ենք համաձայնագիր Եվրամիության հետ ասոցացման մասին: Ըստ հանձնաժողովի առաջարկության` եկող տարվանից սկսած Վրաստանի քաղաքացիներին կտրվի Եվրամիության հետ առանց վիզային ռեժիմի հաղորդակցման հնարավորություն»,- հայտեց Վրաստանի վարչապետ Իրակլի Գարիբաշվիլին:
Վրացական կառավարության ոգևորությունը կարելի է հասկանալ: Նրա գլխավոր քաղաքական հակառակորդը` «Ազգային միասնական շարժում»-ը, մշտապես բոլորին համոզում էր, որ Եվարմիությունը և Եվրախորհրդարանը «Վրացական երազանք»-ի կառավարությանը երբեք լուրջ չեն վերաբերվի, որ ԵՄ-ն կընդունի միայն իրենց` «ազգայանականներին», իսկ ընտրություններում Սահակաշվիլիի պարտության ճիչերը մեկընդմիշտ կփակեն Եվրոպայի դռները Վրաստանի առաջ:
Այժմ ամեն ինչ իր տեղում է: «Վրացական երազանքը» վերցրեց այս հիպոտեթիկ հաղթաթուղթը իր հակառակորդի ձեռքից: Մարդկանց հիրավուքների խախտումները, օրենքների և արդարության անտեսումը` «Ազգային միասնական շարժման» իննամյա կառավարման ընթացքում, խոչընդոտում էին Վրաստանի ինտեգրմանը ԵՄ` չնայած Եվրոխորհրդարանում ունեցած բավական ուժեղ լոբբիի:
Հիմա մնում է միայն հասկանալ` իսկ ի՞նչ է թաքնված գրավիչ արտաքինի տակ: Ինչպիսի պրակտիկ օգուտ է ստանում Վրաստանի շարքային բնակիչը: Անգամ արտաքին վերլուծությունը ցույց կտա, որ օգուտ կա, բայց չափազանց փոքր: Սովորական բնակիչը կարող է խնայողություններ անել դեսպանատներ և հյուպատոսություններ այցելության հաշվին: Նա կարող է գտնվել տվյալ երկրում` սակայն առանց աշխատելու իրավունքի: Այդ կետը տրագիկոմիկական տեսք ունի: Վրաստանի բնակչության գրեթե կեսը երկրից դուրս է գալիս գումար վաստակելու նպատակով, ոչ թե որպես հարուստ զբոսաշրջիկ: Այս առումով, օրինակ, ԵՄ-ի հետ Ռուսաստանի վիզային ռեժիմը չի խանգարում հարուստ ռուսներին իրենց հանգիստը վայելել եվրոպական երկրներում:
Որքան էլ բարձր հնչեն պաշտոնական շեփորները, բայց հենց արտերկրից կատարվող դրամային փոխանցումների շնորհիվ է ֆիզիկապես գոյատևում ժամանակակից Վրաստանի բնակչության մեծ մասը: Կարելի է մտածել, թե վիզային ռեժիմի ազատականացումից հետո Քութաիսից կամ Մարնեուլից մեծ թվով զբոսաշրջիկներ են շտապում դեպի Եվրոպա, որպեսզի ծանոթանան դրա տեսարժան վայրերին և մեկ-երկու շաբաթվա ընթացքում ծախսելով 5-6 հազար եվրո, վերադառնան տուն` հարուստ տպավորություններով և խորը բավարարվածության զգացումով:
Անհրաժեշտ է բոլորին հիշեցնել, որ Եվրոպան բնակչության մեծ մասին պետք է, որպես վայր, որտեղ կարելի է գումար վաստակել: Եվ ահա պարզվում է ոչ մեծ, բայց բավական տհաճ նրբությունը: Թեև Շենգենյան տարածքում վիզա պետք չէ, բայց նրանց, ովքեր հույս ունեն աշխատանք գտնել, այն անհրաժեշտ է, անգամ եթե երեք ամսից էլ քիչ ժամանակով են գնում: Նույնը վերաբերվում է նաև ապագա ուսանողներին` եթե նրանք ցանկություն ունեն Եվրոպայում երեք ամսից ավելի սովորել (հետաքրքիր է, թե ինչ կարելի է սովորել ավելի քիչ ժամանակում), ապա հավելյալ փաստաթղթերի փաթեթի անհրաժեշտություն է առաջանում, որոնք կարգավորելու համար անհրաժեշտ է դիմել համապատասխան հյուպատոսություն կամ դեսպանատուն:
Այո, վիզա պետք չէ, բայց ցանկացած եվրոպացի պաշտոնյա իրավունք ունի հավելյալ փաստաթղթեր պահանջել` վճարունկաության մասին, այցի նպատակի և կացության ժամանակի վերաբերյալ, ճանապարհային կտրոններ և այլն: Այնպես որ, ուզես, թե ոչ փաստաթղթերի բավական մեծ փաթեթ ստիպված կլինես վերցնել հետդ: Կարող են նաև չստուգել, բայց ոչ ոք չի արգելում ստուգումը, իսկ նման պտտախաղ խաղալու ցանկություն ունեցողները քիչ չեն լինի: Այնպես որ, մեկնումից առաջ այնուամենայնիվ ստիպված ես լինելու հյուպատոսարաններով վազվզել:
Այս ողջ ոգևորության մեջ չի կարելի մոռանալ, որ հարցը դեռևս վերջնական որոշված չէ: Առաջիկայուն քվեարկություն է, և ոչ ոք չգիտի, ինչպես կքվեարկեն առանձին եվրոպական երկրները: Վրաստանի դրությունը բարդանում է, քանի որ նրա հարցը չի ներկայացվում առանձին` այլ Ուկրաինայի հետ միասին, իսկ ուկրաինական խնդիրները շատ եվրոպացիների համար սարսափելի են: Մի հարց է առանց վիզային ռեժիմ փոքր Վրաստանի հետ` մի քանի միլիոն բնակչությամբ, մեկ այլ հարց` 45 միլիոնանոց Ուկրաինան` ներքաղաքական խնդիրներով ծանրաբեռնված: Այնտեղից կարող է այնպիսի հոսք լինել, որ Եվրոպան կմոռանա Մերձավոր Արևելքի և Աֆրիկայի մասին: Հնարավոր է` դա է պատճառը, որ խորհրդարանի խոսնակ Դավիդ Ուսուպաշվիլին, կեսկատակ, կեսլուրջ, զգուշացրեց բոլոր նրանց, ովքեր շենգենյան վիզա ունեն` չշտապեն անձնագրից պոկել այդ էջը: Ամեն դեպքում` մինչև 2016թ-ի ամառ կամ աշուն առաջընթաց այս հարցում չի լինի:
Այս ֆոնի վրա բավական վստահ հնչեց Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հայտարարությունն այն մասին, որ հնարավոր է վերականգնել Վրաստանի քաղաքացիների համար առանց վիզային ռեժիմը: Սա այն է, ինչը անմիջականորեն վերաբերվում է երկրի բնակչության զգալի մասին, քանի որ Ռուսաստան գնում են աշխատելու, ոչ հանգստանալու: Թեև այդ առումով Սոչին բացառություն է` հավանական է, որ Վրաստանի քաղաքացիների հոսքը դեպի Սոչի և Ռուսաստանի հարավի այլ քաղաքներ կտրուկ կավելանա:
Տարբեր փորձագետներ նշում են, որ Վրաստանի քաղաքացիների թիվը Ռուսատանում տատանվում է մեկից մեկուկես միլիոնի միջև:
Վրաստանի և Ռուսաստանի հարաբերությունները սկսել էին փչանալ դեռևս Էդուարդ Շվարդնաձեի օրոք, իսկ Միխաիլ Սահակաշվիլիի ռեժիմը ամեն գնով փորձում էր այդ հարաբերություններից քարը քարին չթողնել:
Այս բոլոր քաղաքական խաղերից տուժում էր հասարակ քաղաքացին, ով օտար երկիր էր մեկնել, որպեսզի նյութապես կարողանա օգնել իր ընտանիքին:
«Վրացական երազանքը» ընտրությունների ժամանակ խոստացավ իր ընտրողներին լավ հարաբերություններ Ռուսաստանի հետ: Եվ թեև այն չի փոխում զարգացման արևմտյան կողմնացույցը, բայցևայնպես Ռուսաստանի հետ վիզային ռեժիմը չեղյալ հայտարարելու դեպքում` կարելի է համարել, որ քաղաքական այս ուժը իր խոստումները կատարում է:
Դա կարող է դուր չգալ ռուսաֆոբ քաղաքական գործիչներից շատերին, բայց Վրաստանում և Ռուսաստանում ապրող մեծ թվով մարդկանց սրտով կլինի:
Իրակլի Չխեիձե