Մայիսի 9-ը 1941-1945թթ.-ին ընթացած Հայրենական մեծ պատերազմի հաղթանակի օրն է, երբ խորհրդային «ոչ բանական» ժողովուրդը, ինչպես նրանց անվանում էին հիտլերականները, հանուն իր հայրենիքի ազատության ու անկախության պայքարեց ֆաշիստական Գերմանիայի ու նրա դաշնակիցների դեմ:

72-րդ հաղթանակի օրվա կապակցությամբ անց կացվող տոնակատարության նախօրեին մենք երիտասարդների շարքերում որոշ հարցումներ անցկացրեցինք այն մասին, թե ինչ են նրանք մտածում այդ պատերազմի ու Հաղթանակի մասին: Պետք է խոստովանել, որ երիտասարդների ներկայիս սերունդը հաղթանակի դերի ու նշանակության մասին բավական թյուր պատկերացում ունի: Պատմական իրադարձությունների խեղաթյուրումն ու հորինված առասպելները ապականում կամ հօդս են ցնդեցնում այդ պատերազմի իրական նշանակությունը: Արդյունքում հենց այդ առասպելաբանության հիմքի վրա է ստեղծվում ու երիտասարդ սերնդի գիտակցության մեջ արմատավորվում տվյալ պատերազմի մոդելը:

Նամակներ ճակատից

Ռազմաճակատից եկող նամակներն այն տարիներին կատարվածի լավագույն վկաներն են: Սա կենդանի ու ոչ մտացածին պատմություն է: Իսկ նամակներն այդ գրված են չափազանց անկեղծ: Դրանցում իրենց երեխաների ու կանանց, հայրերի ու մայրերի, մտերիմների ու բոլոր այն մարդկանց հանդեպ արտահայտված սերն է, որոնցից մարտիկներին բաժանել էր պատերազմը: Դա սեր էր՝ հայրենիքի ու հայրենականի նկատմամբ:

Մեջբերենք սպա Իվան Միրոնովի՝ որդուն ուղղված նամակից մի հատված, որը նա գրել է 1941թ.: Նշենք, որ Միրոնովը որդուն՝ Յուրասկային, այլևս չտեսավ, քանի որ սպանեցին իրեն.

«Յուրասկա, քո հայրը գնացել է մեր երկրի վրա հարձակված ֆաշիստների հետ կռվելու: Շատ հայրեր են ինձ հետ միասին թողել իրենց ընտանիքներն ու վտանգի ենթարկելով իրենց կյանքը՝ պայքարում են մեր թշնամու դեմ: Երբ դու մեծանաս, դու կկարդաս այս պատերազմի մասին ու կհասկանաս, թե որքան տառապանք է այն բերել մեր ժողովրդին:

…Իսկ եթե ինձ ինչ-որ բան պատահի, ուզում եմ, որ դու մեծանաս ու զբաղեցնես Խորհրդային պետության իրական քաղաքացու ու իսկական մարտիկի իմ տեղը: Ահա քեզ իմ պատգամը»:

Հատված ենթասպա Ֆիլիպ Գրիցենկոյի նամակից: Նա նույնպես զոհվել է պատերազմում:

«Այո, սիրելիս: Վաղը պատերազմի երկու տարին է: 25.06.1943թ.՝ երկու տարի է, ինչ ես բաժանվել եմ քեզանից ու մեր սիրելի երեխաներից ու մասնակցում եմ այս մեծ ու արդար պատերազմին՝ հանուն իմ կյանքի ամենաթանկ բանի՝ հայրենիքի պաշտպանության:

Լենուսյա, իսկապես շատ տառապանք տեսանք այս երկու տարվա ընթացքում, դա նամակում գրելու չէ, այդ մասին կգրեն պատմվածքներ ու վեպեր: Ու երկու ամյակի այս օրերին ես միայն մի ցանկություն ու ձգտում ունեմ, որ որքան հնարավոր է ավելի արագ դուրս գանք թշնամու հետ վճռական մարտի, որովհետև որքան շուտ այդ օրը գա, այդքան շուտ էլ կգա մեր հաղթանակի օրը…»:

Պավել Լիչեշկովի նամակից մի հատված.

«Ողջույն, հարազատներս: Ձեզ ողջունում է ձեր հայր ու ամուսին Պավել Վասիլևիչը: Ես ձիերով եմ աշխատում, վիրավորներին եմ տեղափոխում: Հիմա քիչ եմ նամակ գրում, որովհետև ամեն ինչ շարժման մեջ է, ջարդում ու քշում ենք ֆաշիստներին մեր սուրբ Հայրենիքից: Իսկ գերմանացին մեզանից խենթի պես փախչում է…»:

Պավել Գրոմովի՝ հարազատներին ուղարկած նամակից մի հատված. Նա մահացել է 1942թ. օգոստոսի 24-ին:

«Ողջույններ ռազմաճակատից: Սոնյա, Վալիկ, Վովա, մամա… Տեղեկացնում եմ ձեզ, որ արևմտյան ռազմաճակատում եմ գտնվում 1.07.1942թ.-ից: Արդեն մասնակցել եմ ճակատամարտի, դեռևս ամեն բան բարեհաջող է: Իսկ ֆրիցներին այնպես ենք հասցրել, որ շալվարները թողած փախչում են՝ ուր աչքները կտրի… Այո, Սոնյա, իսկապես ֆրիցներն իրենցից հետո կեղտոտ հետքեր են թողել այնտեղ, որտեղ եղել են: Ինձ վիճակվեց բազմաթիվ կործանված բնակավայրեր տեսնել: Ու այդ ամենի համար մենք փորձելու ենք վրեժխնդիր լինել ֆաշիստներին…»:

Նրանք պայքարում էին հանուն Հայրենիքի

Իսկական քաղաքացի ու սիրելի հայրենիք… Հապա մտածեք:

Մի՞թե նրանք, ովքեր արդար պատերազմ էին մղում սիրելի հայրենիքի ազատության ու անկախության համար կարող էին պատկերացնել, որ գալու է մի օր, երբ ոչ միայն վերացվելու է Խորհրդային պետությունը, այլ երբեմնի խորհրդային միասնական ազգը համաձայնելու է ինքնակամ իրեն կոչել նվաստացուցիչ, վարկաբեկող «միությունիկ» բառով, իսկ իր հայրենիքը՝ «անճոռնի», որից ոչ մի լավ բան սպասելու չունի, բացի «հարևանի դարպասների մոտ գտնվող սև լուսարձակներից», «ձեռնաշղթաներից» ու «ճղած բերանից», («Հայրենիք», ДДТ խմբի երգի տեքստից):

Մի՞թե նրանք կարող էին ենթադրել, որ «պատերազմի մասին» պատմությունն անխիղճ ձևով կվերափոխվի՝ հանուն նացիզմի վերականգնման ու դրա արդարացման: Կամ, ասենք հավատալո՞ւ բան է, որ «զինակից եղբայրների» հայրենիքում՝ Ուկրաինայում, կոչումներ են տրվելու նացիստների ու նրանց դաշնակիցների հերոսներին:

Իհարկե չէին կարող: Ու այսօր կարելի է ասել եկել է հակահարված հասցնելու պահը, որպեսզի ճշմարտությունը վերջնականապես չմրոտեն: Այն ճշմարտությունը, որ հաղթանակն առաջին հերթին ցույց է տվել Խորհրդային իշխանության կայացվածությունը: Ընդ որում ոչ միայ պատերազմի ժամանակ, այլ նաև դրանից հետո: Քանի որ, թեպետ հաղթանակը ԽՍՀՄ-ին տրվեց մեծ գնով (ոչնչացվեց երկրի հարստության 1/3-ը, իսկ, օրինակ՝ 1923թ. ծնված տղամարդկանց միայն 3%-ը ողջ մնաց), ԽՍՀՄ-ը ոչ միայն կարողացավ վերականգնել տնտեսությունը կարճ ժամանակահատվածում, այլ նաև դարձավ գերտերություն:

Ինչպե՞ս ԽՍՀՄ-ին հաջողվեց դիմակայել ու հաղթել: Հաղթանակի հարցում կարևորագույն դեր խաղաց բազմազգ այդ պետության ժողովուրդների միասնականությունը, որպիսին Խորհրդային միությունն էր: Միասնական ազգն անպարտ է: Սա խորհրդային ժողովուրդների մասին է, որի զինվորները պայքարի էին մղվում «հանուն հայրենիքի» գոռալով, հանուն բոլորի պայծառ ապագայի ինքնազոհման պատրաստակամությամբ:

Դուր է գալիս դա ինչ-որ մեկին, թե դուր չի գալիս, միևնույն է, դա է պատմական ճշմարտությունը: Իսկ Երկրորդ համաշխարհային պատերազմի պատմությունը վերափոխել ու աշխարհին նոր մի տարբերակ հրամցնել մենք թույլ չենք տա: Մենք՝ հաղթանակ տարած միասնական ժողովուրդի սերունդներս, այն ժողովրդի, որ զավթեցին Բեռլինն ու Ռայխսթագի  վրա Հաղթանակի դրոշ բարձրացին: ՎԵՐՋ:

Պատրաստեց Ժաննա Գրիգորյան