Dalma News-ը զրուցել է Հայրենական մեծ պատերազմի վետերան, Հայաստանի վետերանների ու զինված ուժերի կոմիտեի նախագահ, «չորս մայրցամաքների հետախույզ», երկար տարիներ Հայաստանի արտաքին հետախուզական ծառայությունը ղեկավարող, կենդանի լեգենդ, գնդապետ Պետրոս Արտաշեսի Պետրոսյանի հետ: Այս մարդու կյանքը 55 տարի շարունակ ընթացել է «գաղտնի է» դրոշմի ներքո: Պատերազմի առաջին օրերից նա մուտք է գործել խորհրդային բանակի շարքեր, Մոսկվայից հասել է Բեռլին՝ մասնակցելով Ուկրաինայի, Մոլդովայի, Հունգարիայի, Ռումինիայի, Բուլղարիայի, Չեխոսլովակիայի ազատագրմանը: Երեք անգամ վիրավորվել է, բայց ամեն անգամ վերադարձել է առաջնագիծ ու շարունակել պայքարը:

18361604_1380119002056773_976490666_n

 

Կամավորականությունն ու մարտական մկրտությունը

Երբ 1941թ. պատերազմը սկսվեց, Պետրոս Արտաշեսովիչը ընդամենը 10-րդ դասարանն էր ավարտում: Ապրում էր Լենինականում (ներկայիս Գյումրին) ու տեղացի պատանիների հետ որոշեց անպայման կամավոր գրվել ու մեկնել առաջնագիծ:

– Որդիս, քանի՞ տարեկան ես,- հարցնում է զինկոմիսար գեներալ Մարտիրոսյանը:

– Ընկեր գեներալ, 17 տարեկան եմ, բայց շուտով 18 ամյակս կլրանա:

Պետրոսյանին այդ ժամանակ իհարկե մերժեցին, բայց երբ դեկտեմբերին լրացավ նրա 18 տարին, նա կրկին հայտնվեց զինվորական կոմիսարիատում ու նրան ուղարկեցին Թբիլիսյան հրետանային դպրոց: Սովորելով այդտեղ շուրջ 6-7 ամիս, ապագա հետախույզը մեկնեց առաջնագիծ:

18360787_1380118998723440_231906375_nՄարտական իր մկրտությունը նա ստացավ Մոսկվայի պայքարի ժամանակ, մասնակցեց Կուրսկի ծանր պայքարին: Իսկ այդտեղ իսկապես ամեն ինչ ահավոր էր… Այդ պայքարում նա 3 ամիս դիմակայեց:

«Այսօրվա պես հիշում եմ իմ առաջին մարտը: Ես դասակի հրամանատար էի, ինձ թվում էր, թե հրամանատարը պետք է կանգնած հրաման տա: Գոռում էի՝ «երկու ա՜րկ, զրահահատերը տանկերի՜ն: Հանո՛ւն Ստալինի, հանո՛ւն հայրենիքի, կրա՜կ»: Գետնին պառկած մարտկոցի հրամանատարը բղավեց ինձ վրա. «Տղա՛, այդ ի՞նչ ես անում, պառկի՛ր հենց հիմա»: Ես պառկեցի, նա ինձ՝ «Քեզ 5 րոպեում կվերացնեն, դու հիանալի թիրախ ես»: Ու  ես հասկացա, որ նա ճիշտ է: Ինձ համար դա իմ մարտական մկրտությունն էր: Առաջին անգամ էի զրահամեքենայի վրա կրակում: Ինձ թվում էր, թե հրամանատարը կանգնած պետք է հրաման տա»,- հիշում է Պետրոս Արտաշեսովիչը:

Այդպես շարունակվեց 3-4 ամիս՝ Կուրսկի մոտ գտնվող Պրոխորովկա գյուղում: Դաժան պայքար էր ընթանում: Հարյուրավոր զրահամեքենաներ մղվում էին պայքարի՝ փորձելով որքան հնարավոր է շուտ մոտենալ Մոսկվային: Բայց խորհրդային բանակն արեց ամեն հնարավորն ու անհնարը, որպեսզի թշնամուն թույլ չտա մայրաքաղաքին մոտենալ: Այս պայքարներից մեկի ժամանակ Պետրոս Արտաշեսովիչը վնասվածք ստացավ: Մեկուկես ամիս թիկունքում բուժվելուց հետո նորից մեկնեց ճակատ: Այս անգամ Ուկրաինական երրորդ բանակի շարքեր (Ուկրաինական երրորդ ճակատ): Ծանր տարիներ էին, ինչը Պետրոս Արտաշեսովիչը շատ լավ է հիշում…

«Բայց մենք անում էին ամեն ինչ, որ հաղթենք: Ու թեպետ այդ ժամանակ նահանջում էինք, բայց մեր մտքով անգամ չի անցել, որ կարող ենք պարտվել: Միշտ իմացել ենք, որ հաղթանակը մերն է լինելու»:

Պատերազմի ավարտն ու Մեծ հաղթանակի իրական նշանակությունը

Հետագայում Պետրոս Արտաշեսովիչը շարունակում է իր պայքարն այդ ճակատամարտում ու ազատագրում Ուկրաինան՝ Կիևի հետ միասին, ու թշնամու կողմից շրջափակված մնացած շրջանները: Դրան հաջորդում են Մոլդովայի, Հունգարիայի, Ռումինիայի, Բուլղարիայի ու Չեխոսլովակիայի ազատագրումն ու իհարկե Գերմանիայի հանդեպ տարած հաղթանակը:

Հասել է նա մինչև Բեռլին: Աննկարագրելի զգացողություններ էին… Պետրոս Արտաշեսովիչը խոստովանում է, որ իրենք այնքան էին համակերպվել այդ վիճակի հետ, որ պատերազմի ավարտը ինչ-որ իմաստով նույնիսկ անսպասելի էր: Արտասվում էին, գրկախառնվում, պարում… Իրենք ողջ էին մնացել դաժան մի պատերազմից հետո:

«Հայրենական մեծ պատերազմի ժամանակ խորհրդային միության ժողովուրդը հաղթանակ տարավ՝ ֆաշիստական համաճարակից ազատելով ԽՍՀՄ բոլոր ազգերին ու ինչու չէ, նաև ողջ աշխարհին: Եթե մենք այդ պատերազմում չհաղթեինք, ապա այսօր կարող էր մեր Հայաստանն էլ չլինել: Դրա համար ուր էլ լինենք, պետք է երախտապարտ լինենք այդ հաղթանակին: Ես շատ ցավում եմ, որ երիտասարդությունն այսօր շատ բան չգիտի, իսկ Արևմուտքում խեղաթյուրում են պատմությունը: Մեր կազմակերպության շրջանակներում մենք մեծ աշխատանք ենք իրականացնում՝ Հայրենական մեծ պատերազմի հիշատակը պահպանելու համար, անխիղճ պայքար ենք մղում այն ուրացողների հետ, ովքեր փորձում են մոռացության մատնել մեր հաղթանակը: Ես արևմտյան շատ պետություններում եմ եղել, որտեղ ձգտում են փոխել մեր Հաղթանակի իրական էությունը՝ շեշտը դնելով իրենց վրա, իբր հաղթանակ տարել ենք ոչ թե մենք, այլ իրենք: Բայց դա նրանց չի հաջողվելու»:

Թե ինչպես օգնեց մայոր Պոպովին ու ստացավ «Կարմիր աստղը»

Ամեն ինչ կատարվեց Ուկրաինայում: Խորհրդային բանակը հարձակման էր անցել: Հրետանային շտաբի հրամանատար մայոր Պոպովը կանչում է մարտկոցի հրամանատար Պետրոսյանին, ու նշելով քարտեզի վրա Ալեքսանդրովկա գյուղը, որպես ազատագրված օբյեկտ, հրամայում հասնել այդտեղ: Քանի որ արդեն երեկո էր, հարկավոր էր այդտեղ գիշերել, իսկ առավոտյան շարունակել ճանապարհը: Հասնում են մինչև գյուղ, ընտրում կրակային դիրքերը, պահակախումբ նշանակում: Պետրոսյանը վերցնում է իր վրանն ու պատրաստվում հանգստանալ ծառի տակ, երբ հանկարծ երկու զինվոր են դեպի իրեն վազում.

– Լեյտենա՛նտ, մենք շրջափակված ենք:

– Ինչպե՞ս թե շրջափակված ենք:

Պարզվում է հետախուզությունը ճիշտ տեղեկություն չի ներկայացրել ու Ալեքսանդրովկան գերմանացիների հսկողության տակ էր, որոնք դիտմամբ մուտքը բացել էին, բոլորին գյուղ թողել, իսկ հետո փակել ծուղակը:

«Ես իմ սպաներին ասացի, որ պետք է պայքարենք մինչև վերջ, մինչև վերջին փամփուշտը: Մենք ընդամենը 4 հրացան ունեինք: Մահացու մի կրակահերթ սկսվեց, ես բերանիս հատվածում վիրավորվեցի, մինչև հիմա բերանս մինչև վերջ բացել չեմ կարողանում: Փշուրը հիմա էլ է ներսում: Ես ամբողջովին արյան մեջ էի, բայց շարունակում էի հրամայել: Ուժերն անհավասար էին, բայց մենք դիմանում էինք: Օհ… ինչպես էինք պայքարում: Նախապես ես երկու հետախույզ էի ուղարկել, որ զեկուցեն կատարվածի մասին: Մեկին վիրավորել էին, բայց երկրորդը տեղ էր հասել: Դիվիզիայի հրամանատարը օպերատիվ կերպով մեքենայացված ստորաբաժանումները ոտքի էր հանել, ու նրանք շտապեցին մեզ օգնության ու փրկեցին մեզ»:
hbtlxpwgupvghjsx - qzqbxkzfpb wbrnmypgjmvg spwowexocnos

Երբ ամեն ինչ վերջանում է, Պետրոսյանին իր մոտ է կանչում դիվիզիայի հրամանատարը: Պետրոսյանը ներկայանում է ամբողջովին արյան մեջ, գլխաբաց: Պատիվ է տալիս, զեկուցում կատարվածի մասին:

– Ինչպե՞ս եք հայտնվել գերմանացիների կողմից շրջափակված գյուղում,- գոռում էր կատաղած հրամանատարը:

Իսկ կողքին կանգնած է նույն մայոր Պոպովը, ով գյուղ մտնելու հրաման էր տվել: Երեսին գույն չկա: Հաղթողին չեն դատում, մտածում է Պետրոսյանն ու ողջ մեղքը վերցնում իր վրա՝ պատճառաբանելով, թե չի կարողացել տարածքում ճիշտ կողմնորոշվել: Հրամանատարը խիստ բարկանում է, Պետրոսյանին խիստ նկատողություն տալիս, իսկ վերջում ավելացնում.

– Իսկ այն բանի համար, որ հերոսաբար պայքարել եք մինչև վերջ, պարգևատրում եմ «Կարմիր աստղի» շքանշանով:

«Սա իմ ամենաառաջին ու ամենաթանկ շքանշաններից մեկն է: Ես այն արյունովս եմ վաստակել»,- հիշում է Պետրոս Արտաշեսովիչը:

Առավոտյան բուժկետում նրան է այցելում մայոր Պոպովը՝ իր հետ բերելով կես լիտր տնական թրմած օղի (самогон) և սալ, անդադար շնորհակալություն է հայտնում, ասում, որ հիմա մինչև կյանքի վերջ իրենք եղբայրներ են, հարցնում, թե ինչ կարող է անել, ինչով կարող է օգտակար լինել: Պետրոսյանն էլ խնդրում է այնպես անել, որ իրեն թիկունք չուղարկեն: Բայց հետո վիճակը վատանում է ու Պետրոսյանին ուղարկում են թիկունք՝ վիրահատության: Իսկ վիրահատությունից հետո անմիջապես վերադառնում է առաջնագիծ:

Չորս մայրցամաքների հետախույզը

Դպրոցում Պետրոսյանը կոմերիտական քարտուղար էր, իսկ երկրորդ հերթով մեկ այլ դպրոցում ֆիզկուլտուրա էր դասավանդում: Երիտասարդ տարիներին նա լավ սպորտսմեն էր: Երբ 1945թ. պատերազմն ավարտվեց, նրա ստորաբաժանումը Բեռլինից մեկնեց բուլղարական Կազանլիկ քաղաք, որտեղ անցկացրեց ևս մեկ տարի: 1946թ. Ստալինը հրաման է տալիս բոլոր ուսուցիչներին տուն վերադառնալ՝ երեխաներին կրթելու համար: Չնայած, որ Պետրոսյանը շատ երիտասարդ էր, ընդամենը 23 տարեկան, դիվիզիոնի հրամանատարը նրան հարցնում է. «Դե ինչ, Պետրո, ուզո՞ւմ ես տուն գնալ»: Թույլտվությունը ստացան: Պետրոսյանը համաձայնեց, միշտ երազել էր լեռնահանքային ինժեներ դառնալու մասին:

«1946թ. մայիսին մենք արդեն Հայաստանում էինք: Ու այդ ժամանակ իմանում եմ, որ Երևանի պետական համալսարանում նոր ֆակուլտետ է բացվել՝ «Միջազգային հարաբերություններ»: Մտածեցի, որ շատ հետաքրքիր ֆակուլտետ պիտի լինի, որ դիվանագետ դառնալու հնարավորություն կունենամ, ու որոշեցի ընդունվել այդտեղ: Երրորդ կուրսում ինձ առաջարկեցին աշխատանք՝ Պետական անվտանգության նախարարությունում: Ես համաձայնեցի, միայն թե պայմանով, որ այն համալսարանի իմ առավոտվա դասերին չի խանգարի, քանի որ առավոտյան մենք լեզուներ էինք սովորում, իսկ դա ինձ համար չափազանց կարևոր էր: Իհարկե մինչ այդ նրանք արդեն գիտեին իմ ով լինելը, դրա համար էլ համաձայնեցին»:

1951թ. բուհն ավարտելուց հետո Պետրոսյանն անցնում է ծառայության: 10 տարի շարունակ նա ծառայում է Հակահետախուզական վարչությունում: 1959թ. նրան տեղափոխում են արդեն հետախուզական վարչություն: Այդպես սկսվում է հետախույզի նրա կյանքը: Այս համակարգում նա ծառայել է շուրջ 50 տարի, երկար տարիներ Հայաստանի արտաքին հետախուզության ղեկավարն էր, եղել է մի շարք երկրներում:

Լեգենդար հետախույզ Գեորգի Վարդանյանը կնոջ ու Պետրոս Պետրոսյանի հետ
Լեգենդար հետախույզ Գեորգի Վարդանյանը կնոջ ու Պետրոս Պետրոսյանի հետ

 «Ինձ 4 մայրցամաքների հետախույզ են անվանում, նկատի ունենալով Ամերիկան, եվրոպական ու մերձարևելյան երկրներն ու Աֆրիկան: Ես այդ տարիների մասին գրել եմ իմ՝ «Էջեր հետախույզի կյանքից» գրքում: Այնտեղ ես պատմում եմ այն ամենի մասին, ինչի մասին կարելի է խոսել, այդ թվում նաև այն մասին, թե ինչպես եմ մասնակցել մի շարք օպերացիաների: Այդ գրքի նախաբանը գրել են իմ լավ ընկերները՝ լեգենդար հետախույզ Վարդանյանների ընտանիքը: Գեորգի Անդրեևիչը իմ շատ մոտ ընկերն էր»:

Հիշողությունները, վետերաններն ու ցավոտ իրականությունը

Պետրոս Արտաշեսովիչի կողմից ղեկավարվող կոմիտեն այսօր ռազմա-հայրենասիրական աշխատանք է իրականացնում երիտասարդության շրջանում, որոնց հետ վետերանները հաճախ հանդիպում են դպրոցներում, համալսարաններում, զինվորական ստորաբաժանումներում, երիտասարդական հասարակական կազմակերպությունների շրջանակներում:

Անցյալ տարի կազմակերպությունը նշեց իր 60-ամյակը: Մեր վետերաններն ակտիվ մասնակցություն են ցուցաբերում նաև Հայրենական մեծ պատերազմի թեմանելով անցկացվող միջազգային գիտաժողովներում: Պետրոսյանը բոլորովին վերջերս է վերադարձել Աստանայից՝ Հաղթանակածների միջազգային ֆորումից՝ «Միասնականությամբ ձեռք բերված Մեծ հաղթանակը. Ճակատի արիությունը, թիկունքի կայունությունը»:

 

Ցավոք, վետերանների շարքերը կամաց-կամաց նոսրանում են: Ներկա պահին Հայաստանում շուրջ 700 վետերան կա, որոնց 70 %-ը ի վիճակի չէ շարժվել: Եվ սա այն 300 հազարից, որոնք վերադարձել էին պատերազմից:

«Ցավոք, ամեն ամիս մեզանից հեռանում են 10-12 հոգի: Մեր ամենաերիտասարդ վետերանը 92 տարեկան է, կան նաև այնպիսիները, որոնք արդեն 100 տարեկան են: Ամենայն հավանականությամբ 5-8 տարի անց մեզանից ոչ-ոք այլևս չի մնա: Դրա համար էլ երբ ես հանդիպում եմ մեր երկրի ղեկավարությանը, միշտ ասում եմ. Ինչ ուզում եք ու կարող եք անել վետերանների համար, հիմա արեք: Հետո ուշ կլինի»:

Հերոսացված հայերն ու Մեծ հաղթանակում նրանց  ունեցած լուման

Հայրենական մեծ պատերազմին մասակցել է շուրջ 600 հազար հայ: 400 հազարը՝ Հայաստանից, իսկ մնացած 200-ը՝ խորհրդային այլ պետություններից: Պատերազմում, դաշնակիցների բանակների կազմում կռվել են ևս շուրջ 100 հազար հայեր:

Հայերը 5 մարշալ են տվել՝ Բաղրամյան, Խուդյակով, Բաբաջանյան, Իսակով և Ագանով, ավելի քան 100 գեներալ, որոնք մեծ զորահրամանատարներ են եղել: 115 հերոս ունենք: Հայ ազգի ներդրումն այս հաղթանակի մեջ չափազանց մեծ է:

40371_750_463

«Մենք պետք է հպարտանանք նրանով, որ մեր ազգը այդպես ակտիվ մասնակցություն է ունեցել ու իր մեծ լուման ներդրել Հաղթանակի մեջ: Եվ դա միայն մենք չենք ասում, այդ մասին ասում են ռուսները, ուկրաինացիները, բելոռուսները և այլոք: Մեր հայրենակիցները թեժ կրակի մեջ էին նետվում, իրենց մարմիններով ծածկում ընկերներին, անպատմելի հերոսական արարքներ կատարում:  Մեր հերոսներին նվիրված հուշարձաններ ու կոթողներ կան մի շարք երկրներում, որտեղ հասարակ ժողովուրդը հիշում ու վառ է պահում հայ զինվորների հիշատակը»:

Զրուցեց Ծովինար Կոստանյանը

Հ.Գ.–  Սա առանձնահատուկ հանդիպում էր: Հարցազրույցի ողջ ընթացքում ինձ չլքեց այն միտքը, որ ես այսօր այս աթոռին հանգիստ նստած եմ նաև այս մարդու շնորհիվ: Իսկապես մեծ պատիվ է զրուցել մի մարդու հետ, ով իր ողջ կյանքը նվիրել է պաշտպանություն հայրենիքի ու բարձր գաղափարների: Քեզ աննկարագրելի մի հուզմունք է համակում, երբ սկսում ես մտածել Պետրոս Արտաշեսովիչի անձի մեծության, հերոսականության ու անցած ուղու մասին, ով, չնայած կյանքի բոլոր դժվարություններին, անգամ 94 տարեկան հասակում չի կորցնում իր ոգու հաստատակամությունն ու հոգու բարիությունը, մարդ, ով երբեք չի դավաճանել իր համոզմունքներին ու սկզբունքներին: Բոլոր նրանց, ովքեր հաղթանակի զոհասեղանին դրեցին իրենց կյանքը, առողջությունը, երիտասարդությունն ու լավագույն տարիները, ուզում եմ ասել՝ մենք հիշում ենք, մենք երախտապարտ ենք, ու մենք ձեզ չենք հիասթափեցնի:

Մոտ ժամանակներս Dalma News-ը ձեզ կներկայացնի մարդ-լեգենդ Պետրոս Պետրոսյանի հետախուզական կյանքից պատմություններ: Հետևեք կայքի թարմացումներին: