Ետևում մնացած հուլիսը կհիշվի ոչ միայն տաք եղանակով ու արձակուրդների ակտիվ սեզոնով, այլ նաև Վրաստանի ներքին քաղաքական կյանքում առկա բարձր ջերմաստիճանով: Տեղի ունեցած վառ իրադարձություններից մեկն առանց չափազանցնելու կարելի է համարել «Վրացիների երթը» ակցիան, որը տեղի ունեցավ հուլիսի 14-ին՝ Թբիլիսիի կենտրոնում՝ թագավոր Դավիդ Աղմաշենեբլու (Շինարարի) անվան պողոտայում:
«Վրացիների՞ երթը» թե՞ «Վրացական երթ»
Ինչպես և տեղեկացվել էր ավելի վաղ, հուլիսի 14-ին տեղի ունեցավ բազմամարդ երթ, որի ընթացքում նրա մասնակիցները խաղաղ քայլերթով հասան Աղմաշենեբլու պողոտա, որը Թբիլիսիում հայտնի է թուրքական ու արաբական հասարակական սննդի վայրերով ու տեքստիլ խանութներով: Հնարավոր անկարգություններից խուսափելու համար օտարերկրացիները մեկ օրով փակել էին պողոտայի վրա գտնվող իրենց պատկանող առևտրային օբյեկտները: Ակցիան անցավ խաղաղ: Ոչ մի ցուցափեղկ չկոտրվեց և օտարերկրյա ոչ մի քաղաքացու սեփականությանը վնաս չհասցվեց:
Ակցիայի ավարտին երթի առաջնորդները կողմնակիցներին ծանոթացրին կառավարությանն ուղղված խնդրագրի բովանդակությանը, որտեղ տեղ էին գտել հասարակության բողոքն ու դժգոհությունը՝ կապված օտարերկրացիների կողմից վրացական պատմական հուշարձանների անարգման, անչափահասների հանդեպ կատարվող բռնությունների, ողջ Վրաստանի քաղաքներում ու գյուղերում օտարերկրյա քաղաքացիների մասսայական բնակեցման հետ, ինչը շուտով կարող է փոխել երկրի ժողովրդագրական նկարագիրն ու այդ դեպքում վրաց բնակչությունը կկազմի փոքրամասնություն:
Երթի կազմակերպիչների կարծիքով՝ բոլոր նշված խնդիրները պայմանավորված են օրենսդրության անկատարությամբ, ու Վրաստանի կառավարությունից նրանք հենց պահանջում են գործընթացի առավելագույն խստացում՝ կապված օտարերկրյա քաղաքացիների՝ երկրում ապրելու իրավունքի ձեռք բերման հետ: Բացի դրանից, նրանք պահանջում են օտարերկրյա քաղաքացիներին Վրաստանի քաղաքացիություն տրամադրելու հետ կապված օրենսդրական իրավական ակտերի մշակման գործընթացին կցել նաև սոցիալական ակտիվիստների խումբ: Պահանջների մեջ ներառված էր նաև ՆԳՆ կողմից անօրինական միգրանտների նկատմամբ խիստ հսկողություն, ինչպես նաև այնպիսի շինությունների պարբերաբար ստուգում, որոնք կասկածվում են քրեական գործունեություն իրականացնելու մեջ:
Քաղաքական նախաձեռնությունների մասով երթի կազմակերպիչները հայտնեցին անհրաժեշտությունն այն բանի, որ երկրի իշխանությունները ուշադրություն դարձնեն այն հասարակական կազմակերպություններին, որոնց իրենք համարում են նախկին նախագահի՝ Միխայիլ Սահակաշվիլու «Միասնական ազգային շարժում» կուսակցության արբանյակներ, և որոնք ֆինանսավորվում են արտասահմանի կողմից ու առաջ են մղում հակավրացական շահեր:
Իրենց բոլոր առաջարկությունների ու նախաձեռնությունների գործնական կիրառման վերաբերյալ «Վրացական երթի» առաջնորդները երկրի կառավարությանը տվեցին 1 ամիս ժամկետ, հակառակ դեպքում նրանք սպառնացին ակցիան ավելի արմատական կերպով կրկնելու:
Հակաերթն ու դիմադրությունը
«Վրացիների երթից» ու նրանց առաջնորդների կողմից խնդրագրի հրապարակումից ուղիղ 9 օր անց՝ հուլիսի 23-ին, «Միասնական ազգային շարժման» նախկին առաջնորդներն ու կողմնակիցները, ներկայիս «Եվրոպական Վրաստան» կուսակցության ակտիվիստները տեղեկացրին ու նույն՝ Աղմաշենեբլու պողոտայում անցկացրին պատասխան ակցիա՝ «ընդդեմ ռուսական ֆաշիզմի» և «ընդդեմ վրացական ազգատյացության» լոզունգներով: Իմանալով այդ մասին՝ «Վրացիների երթի» ակտիվիստները նույնպես ցանկություն հայտնեցին զուգահեռ երթ-ակցիա անցկացնել՝ ընդդիմադիրներից ոչ շատ հեռու:
Երկու հակառակ կողմերի միաժամանակ անցկացրած ակցիաները հասարակության մեջ դրանց բախման ու հնարավոր ծանր հետևանքների վախ ծնեց: Ամեն բան հասավ նույնիսկ այն կետին, որ Վրացական ուղղափառ եկեղեցու Ամենայն վրաց կաթողիկոս-պատրիարք Իլյա Երկրորդի անունից պատրիարքարանը հանդես եկավ հայտարարությամբ, որտեղ ակցիաների կողմերին կոչ էր արվում չեղարկել ակցիաները: Ի տարբերություն «Եվրոպական Վրաստան»-ի լիդերների՝ «Վրացիների երթի» կազմակերպիչները ընդունեցին Պատրիարքի խոսքը՝ իրենց կողմնակիցներին ակցիան մեկ այլ ժամանակ անցկացնելու կոչ արեցին: Սակայն այստեղ էլ առավել ընդդիմադիր հատվածը այնուամենայնիվ դուրս եկավ պողոտա:
Ինչպես հայտնեց «Վրացիների երթի» առաջնորդներից մեկը՝ Սանդրո Բրեգաձեն, Կաթողիկոս-Պատրիարքի կոչից հետո իրենք իրենց բոլոր ակտիվիստներին առաջարկեցին հետաձգել ակցիան, սակայն հակաերթի առաջնորդներ Գիգի Ուգուլավայի ու Գիգի Բոկերիայի գործողություններից բարկացած հատվածը այնուամենայնիվ հավաքվեց պողոտայում: Այդ ամենի արդյունքում, Բրեգաձեի խոսքերով, նա իր պարտքը համարեց մնալ իր կողմնակիցների կողքին:
Եվ այսպես, ակցիաները տեղի ունեցան, իսկ երկու ընդդիմադիր կողմերի միջև կանգնեց ոստիկանական շարք: «Վրացիների երթի» կողմնակիցները թույլ չտվեցին անցնել պողոտայով, և երկու կողմերից անընդհատ լսվում էին վիրավորական բացականչություններ, հակառակորդները միմյանց վրա տարբեր իրեր էին շպրտում: Այդ ամենի արդյունքում մարդկանցից մեկը ստացավ վնասվածք:
Այնուամենայնիվ, «Եվրոպական Վրաստան» հակաերթի առաջնորդները իրենց կողմնակիցներին շնորհավորեցին ապագա հաղթանակի հետ կապված՝ ակցիան համարելով հաջողված: Զուգահեռաբար «Վրացիների երթի» կազմակերպիչները մեկնաբանություններ չարեցին, այլ որոշեցին սպասել Վրաստանի կառավարությանը տված իրենց ժամկետի լրանալուն:
Փորձագետների մեկնաբանությունները
Կենտրոնական Եվրոպայի բազմաթիվ երկրների բնակիչներ պարբերաբար տարբեր պահանջներ են առաջ քաշում՝ կապված անօրենների հետ պայքարի, և առաջին հերթին հենց միգրացիայի օրենքների խստացման վերաբերյալ: Նման ակցիաներ ակտիվորեն անց են կացվում Լոնդոնում ու Բեռլինում, սակայն թբիլիսյան այս ակցիան անվանեցին «ռուսական սցենար» և «ռուսական ֆաշիզմ»:
Ինչպես Dalma News-ի հետ ունեցած զրույցի ժամանակ հայտնեց վրաց փորձագետ Խաթուն Լագազիձեն, ազգային տրամադրվածությունների աճը Եվրոպայում պայմանավորված է Սիրիայից ու այլ տարածքներից անօրինական էմիգրանտների կամայականություններով: Մի շարք երկրներ, հատկապես Արևելյան Եվրոպայի երկրները հրաժարվեցին աջակցել համաեվրոպական միգրացիոն քաղաքականությանը:
Չնայած այն բանին, որ Վրաստանին հաջողվեց խուսափել Սիրիայի էմիգրանտների անկարգություններից, այնուամենայնիվ, ըստ Լագազիձեի, իրեն հասկանալի են ակցիայի մասնակիցների անհանգստության առիթները, որոնց դժգոհության պատճառը դեմոգրաֆիական, էթնիկական ու ազգային խնդիրների առաջացման ռիսկերն են:
«Ելնելով այն բանից, որ մենք փոքր ազգ ենք, բնակչության մեկ երրորդն էլ մեկնել է արտասահման, իսկ ծնելիության մակարդակի ցուցանիշը երկրում աղետալի ցածր է, անհիմն չէ վրացիների անհանգստությունը՝ չհսկվող միգրացիայի ալիքի հետ կապված, որը մոտ ապագայում ի վիճակի է փոխել երկրի ժողովրդագրական կազմը»,- գտնում է փորձագետը:
Ըստ նրա՝ Վրաստանի իշխանությունները պետք է անցկացնեն խելամիտ միգրացիոն քաղաքականություն, որպեսզի միևնույն ժամանակ չխանգարեն երկիր մուտք գործող նոր ներդրումներին, քանի որ երկիրը «Արևելյան Շվեյցարիա» դառնալու իրական հնարավորություն ունի:
«Վրաստանը արևելքի երկրների համար Եվրոպայի ամենամոտ կետն է: Որքան շատ ներդրումներ մուտք գործեն Արևելքից, այնքան ավելի նրանք պաշտպանված կլինեն: Վրաստանի տնտեսությունում միլիարդներ ներդնելով, այնպիսի երկրներ, ինչպիսիք են Իրանը ու Չինաստանը, ամենայն ուշադրությամբ հետաքրքրված կլինեն մեր երկրի կայունությամբ, դրանով փորձելով պաշտպանել իրենց ներդրած կապիտալը: Պետք չէ հաշվի չառնել նաև այն հանգամանքը, որ Չինաստանն ու Իրանը Ռուսաստանի ամենամոտ դաշնակիցներն են, ու նրանց համար «հյուսիսային հարևանի» հետ ունեցած հարաբերությունների բարդացումն ավելի անցանկալի է, քան, ասենք, ԱՄՆ-ի հետ»,- այսպես է գտնում Խաթուն Լագազիձեն:
Փորձագետի խոսքերով՝ կրոնական ծայրահեղությունների աճով անհանգստացող քաղաքացիների ահազանգը իր հիմքն ունի, քանի որ բազմաթիվ օրինակներ կան, երբ Վրաստանի տարածքներում օտարերկրյա քաղաքացիների կատարած հանցագործությունները մնացել են անպատիժ:
«Օրինախախտ օտարերկրացին պետք է կրի պատասխանատվությունն այնպիսի խստությամբ, ինչպես որ մեր համերկրացիները կկրեն՝ նմանատիպ գործողության դեպքում: Հակառակ դեպքում հասարակության մեջ կշարունակի իշխել դժգոհությունը: Եղել է դեպք, երբ ղեկին ալկոհոլային հարբածությամբ նստած բուլղարացի դիվանագետը վրաերթի է ենթարկել կնոջ ու երեխայի: Հաջորդ օրը նրան նստեցրել են ինքնաթիռ և ուղարկել հայրենիք: Այս տարակուսելի փաստը դժգոհության ալիք բարձրացրեց հասարակությունում: Երեխան ու մայրը մահացել են, իսկ հանցագործ օտարերկրացին, ինչպես և հաճախ պատահում է, կարողացավ խույս տալ պատժից՝ ծածկվելով իր երկրի դրոշով»,- ասում է Լագազիձեն:
Ինչպես Dalma News–ին բացատրեց վրաց փորձագետ, հոգեբան Ռամազ Սակվարելիձեն, Վրաստանը մի երկիր է, որը պատմականորեն ընտելացած է միգրանտներին, սակայն անօրինական միգրացիան նրա համար օտար երևույթ է:
Մեկնաբանելով անց կացված «Վրացիների երթը», փորձագետը նշեց, որ անընդունելի է համարում այն «ֆաշիստական պոռթկում» անվանելու բոլոր փորձերը:
«Այն փաստը, որ ես ուզում եմ պաշտպանել իմ երկրի սահմանները, հասարակ պահպանողականություն է: Բողոքի ակցիային ֆաշիզմի պիտակ խփելու ամեն տեսակ փորձերը ոչ այլ ինչ են, քան հերթական քաղաքական սպեկուլյացիա: Նման տրամադրվածությամբ էլ ամերիկացիները ընտրեցին նախագահ Դ. Թրամպին, ով հայտնի է միգրացիոն քաղաքականության հանդեպ իր ծայրահեղականությամբ»,- ընդգծեց Սակվարելիձեն:
Նրա խոսքերով իր համար նշանակություն չունի, թե ով է հանդիսանում հուլիսի 14-ին կազմակերպված նման տպավորիչ ակցիայի կազմակերպիչը, ով հանգամանալից ներկայացրեց հասարակության տրամադրվածությունն ու դարերով գոյություն ունեցող արժեքների նվիրաբար պաշտպանության փորձերը:
«1659թ. Կախեթիի ապստամբությունը սկսվեց իրանցիների կողմից Բախտրիոնի բերդի գրավմամբ: Դժգոհությունն առաջացրեց նվաճողների կողմից հոգևորականի բռնաբարությունը: Արդյունքում նրանք վռնդվեցին երկրից… Թե ինչպես է սկսվում այս կամ այն իրադարձությունը, այդքան էլ կարևոր չէ, երբ արդեն լցված է դժգոհության բաժակը: Տվյալ դեպքում բողոքի հասցեատերը կառավարությունն է, այլ ոչ թե ազգությամբ հնդիկ, պարսիկ կամ թուրք քաղաքացիները»,- գտնում է փորձագետը:
«Վրացիների երթի» առաջնորդների տեղեկություններով վերջին 5 տարվա ընթացքում մինչև 76 հազար մարդու Վրաստանում ապրելու իրավունք է տրվել: Նրանցից 32 հազարը բացառիկ դեպքի սկզբունքով քաղաքացիության հայտ են ներկայացրել: Պետք է պարզաբանել, որ վրացական օրենսդրության համաձայն՝ քաղաքացիություն ստանալու նման արտոնությունը կարող է անդրադառնալ միայն Վրաստանի համար հատուկ ձեռքբերումներ ունեցող անձանց վրա:
Հ.Գ. Թբիլիսիի Դավիթ Աղմաշենեբլու պողոտայում անցկացված ակցիայից հետո կառավարության ադմինիստրացիայի էլեկտրոնային էջում հրապարակվեց տեղեկություն այն մասին, որ իր տարածքում անօրինական ապրող քաղաքացիների ռեադմիսիայի (իր քաղաքացիների հետընդունման պետության համաձայնությունը) նպատակով կառավարությունը փոխանակելով հայտարարագրեր, սկսել է որոշ երկրների հետ բանակցություններ: Նրանց թվում են Իրաքը, Լիբանանը, Աֆղանստանը, Կոտ դ՛Իվուարը, Կոնգոն, Գամբիան, Թունիսը, Սոմալին ու Գանան:
Գեորգի Քարթվելի (Թբիլիսի)