ՌԴ խորհրդարանական պատվիրակությունը՝ բաղկացած Պետդումայի մի խումբ սենատորներից ու պատգամավորներից, Հայաստան կատարած այցի ընթացքում երևանցի դպրոցականներին է փոխանցել ռուսերեն լեզվով ավելի քան 1500 դասագիրք։ Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ հղում անելով Կրասնոյարսկի երկրամասի ղեկավարի մամուլի ծառայությանը։

Նրա խոսքով, Կրասնոյարսկի երկրամասի նահանգապետ Ալեքսանդր Ուսը ռուսական խորհրդարանական պատվիրակության անդամ է, և նա պատվիրակության կազմում շրջանների ղեկավարներից միակ ներկայացուցիչն է։ Ուսը Դաշնության խորհրդի անդամների հետ այցելել է Երևանի թիվ 192 դպրոց։ Հաստատության տնօրեն Հռիփսիմե Քոշենցյանը հյուրերի համար շրջայց է կազմակերպել դպրոցի դասարաններով։ Այնուհետև դպրոցի դահլիճում դպրոցականները պատվավոր հյուրերի առաջ ստեղծագործական համարներով են հանդես եկել։ Դպրոցում ուսանում է մոտ հազար դպրոցական, որից 157-ը՝ ռուսական բաժնում։

Ռուսական բաժնի դասարաններում դասավանդվում են ուսումնական ծրագրով նախատեսված բոլոր առարկաները՝ ռուսաց լեզվից մինչև ֆիզկուլտուրա: Դպրոցում գործում է նաև հայոց լեզվի խմբակ օտարալեզու աշակերտների համար։

«Ռուսական պատվիրակությունը հայ դպրոցականներին է հանձնել տարբեր առարկաների ավելի քան 1500 ռուսալեզու  դասագրքեր, որոնց մեծ մասը կմնա մայրաքաղաքում, իսկ մոտ մեկ երրորդը կուղարկվի այլ բնակավայրեր։ Այդ դասագրքերը ձեռք են բերվել «Ժառանգություն» բարեգործական հիմնադրամի և անձամբ Կրասնոյարսկի երկրամասի նահանգապետի աջակցությամբ»,- ասվում է հաղորդագրության մեջ։

«Այսօր մեր պատվիրակությունը բավականին լուրջ ռուսերեն դասագրքերի հավաքածու է նվիրաբերել դպրոցական ծրագրի առարկաները ուսումնասիրելու համար: Այստեղ ռուսերեն լեզվով կրթությունը մեծ պահանջարկ ունի, մեծ հետաքրքրություն կա դրա նկատմամբ: Իսկ ընդհանուր առմամբ, Ռուսաստանը նախատեսում է մոտ 60 հազար դասագիրք նվիրել Հայաստանին: Կարծում եմ, որ սա լավ ներդրում կլինի մեր հոգևոր միասնության և բարեկամության լավագույն ավանդույթների ամրապնդման գործում, որոնք արդեն դարերի պատմություն ունեն»,- Կրասնոյարսկի երկրամասի մամուլի ծառայությունը մեջբերում է նահանգապետ Ուսին:

Նահանգապետը մասնակցել է նաև Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում 1915 թվականի Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող հուշակոթողին ծաղիկներ դնելու արարողությանը։ Բացի այդ, Ուսը մասնակցելու է ՀՀ Ազգային ժողովի և ՌԴ Դաշնային ժողովի միջև համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի 36-րդ նիստին, որը տեղի կունենա Ծաղկաձորում։