Չնայած Ռուսաստանի հետ առճակատումը խորացնելուն ուղղված միջազգային նոր պատժամիջոցներին, հավաքական Արևմուտքը չի կարողանում հասնել ցանկալի արդյունքների։ Ինչպես նշել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Դաշնային ժողովին իր ուղերձում, Ռուսաստանն իրեն վստահ է զգում և, հետևաբար, կենտրոնացել է երկրի ներքին զարգացման վրա։ Նախագահը հայտարարել է նաև ռուսական բիզնեսին, արդյունաբերությանը, քաղաքացիներին, ռազմարդյունաբերական համալիրին աննախադեպ աջակցության մասին, ինչը վկայում է երկրի տնտեսության կայունության և հուսալիության մասին։

Միաժամանակ, Ռուսաստանը էլ ավելի մեծ հնարավորություններ է բացում հարևան երկրների զարգացման համար, որտեղ իրականացնում է խոշոր ենթակառուցվածքային ծրագրեր և, համապատասխանաբար, մտադիր է ոչ միայն շարունակել, այլ նաև ամրապնդել համագործակցությունն այս ոլորտում։ Մասնավորապես, Հայաստանում գործում են ավելի քան 40 հայտնի ռուսական ընկերություններ, որոնցից առավել նշանակալից են «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն, «ԳեոՊրոՄայնինգ Գոլդ» ՍՊԸ-ն, «ՄՏՍ Արմենիա» ՓԲԸ-ն, «ՎՏԲ բանկը», «ԱՐՄԵՆԱԼ»-ը, «Հարավկովկասյան երկաթուղի»-ն, «Ռոսատոմ»-ը։ Հայաստանում ռուսական բիզնեսի ներդրումային նախագծերի ընդհանուր փաթեթը գնահատվում է 2 մլրդ դոլար, ինչը կազմում է Հայաստանում կատարված ընդհանուր ներդրումների մոտավորապես 40 տոկոսը։ Ներդրումների հիմնական մասն ուղղված է այնպիսի ոլորտների, ինչպիսիք են՝ էներգետիկան, բանկերը, մետալուրգիան, շինարարությունը, կապը։ Մասնավորապես, օրինակներից մեկը ատոմային էներգետիկայի ոլորտում համագործակցությունն է։

Օրերս Երևան այցելած «Ռոսատոմ» պետական ​​կորպորացիայի փոխտնօրեն Նիկոլայ Սպասկու գլխավորած պատվիրակությունը Հայաստանի տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանի հետ հանդիպմանը քննարկել է համագործակցության մի շարք արդիական հարցեր։ Դրանց թվում են Մեծամորի ԱԷԿ-ի գործող էներգաբլոկի նախագծային շահագործման ժամկետի երկարաձգումը և նոր էներգաբլոկի կառուցումը։ «Ռոսատոմը» շահագրգռված է նաև հայկական կողմի հետ համագործակցությամբ «Նաիրիտ» քիմիական գործարանի վտանգավոր թափոնների վնասազերծման հարցում։ Նշելով 2026 թվականից հետո ԱԷԿ-ի երկրորդ էներգաբլոկի անվտանգ շահագործման կարևորությունը՝ կողմերը քննարկել են համատեղ աշխատանքների հեռանկարները, որտեղ գլխավոր կապալառուն «Ռուսատոմ Սերվիս»-ն է։

Ի դեպ, «Ռոսատոմ» պետական ​​կորպորացիայի գործունեությունը Հայաստանում բավականին ակտիվ է։ Ինչպես այս կառույցում հայտնել են Dalma News-ին, Հայաստան բժշկական իզոտոպների մատակարարման վերաբերյալ վերջերս կնքված պայմանագրերի հիման վրա փետրվարի վերջին Երևանի «Իզոտոպների արտադրության կենտրոն» ՓԲԸ է հասել ԳՏ-5K տեխնեցիում-99մ գեներատորների առաջին խմբաքանակը։ Սա վեցերորդ բուժհաստատությունն է Հայաստանում, որն օգտագործում է «Ռոսատոմ» պետական ​​կորպորացիայի ռուսական ռադիոիզոտոպային արտադրանքը։ Այս տեսակի գեներատորներն օգտագործվում են ուռուցքաբանական, սրտաբանական, նեյրոէնդոկրին և այլ հիվանդությունների ախտորոշման համար։ Տեխնեցիում-99մ-ը միջուկային բժշկության մեջ ամենապահանջված իզոտոպն է, որի վրա է հիմնված ախտորոշման ընթացակարգերի ավելի քան 80 տոկոսը:

«Ռադիոդեղագործական միջոցների օգտագործումը հնարավորություն է տալիս վաղ փուլում հայտնաբերել հիվանդությունները և ժամանակին սկսել թերապիան», – նշել են պետական ​​կորպորացիայում։ – Ռուսաստանը հետևողականորեն զարգացնում է միջազգային առևտրատնտեսական հարաբերությունները՝ շեշտը դնելով երկարաժամկետ փոխշահավետ համագործակցության վրա, մասնավորապես ռադիոիզոտոպային արտադրանքի մատակարարման ոլորտում։ Չնայած արտաքին սահմանափակումներին՝ հայրենական տնտեսությունը մեծացնում է իր արտահանման ներուժը՝ ապրանքներ և ծառայություններ մակատակարարելով ամբողջ աշխարհում։ Իսկ Հայաստանի հետ նոր պայմանագրեր են կնքվել»։

Հարկ է նշել, որ տնտեսության տարբեր ոլորտներում ապագայի հեռանկարով փոխգործակցության հարցերը մշտապես գտնվում են երկու կողմերի տեսադաշտում, ինչի մասին մեկ անգամ չէ, որ նշվել է թե՛ պաշտոնական մակարդակով, թե՛ մասնագիտացված ֆորումների շրջանակներում, որոնց մասնակցում են ինչպես պետական ​​այրեր, այնպես էլ գործարար աշխարհի ներկայացուցիչներ: Մասնավորապես, անցած աշնանը Երևանում անցկացված Հայ-ռուսական միջտարածաշրջանային 9-րդ համաժողովի հարթակում Ռուսաստանը և Հայաստանը ստորագրեցին միջտարածաշրջանային առևտրատնտեսական համագործակցության զարգացման Գործողությունների ծրագիր մինչև 2027թ.:

«Այսօր Ռուսաստանի Դաշնության հետ առևտրատնտեսական համագործակցությունը դինամիկ զարգանում է։ Ռուսաստանը ոչ միայն Հայաստանի գլխավոր ռազմաքաղաքական դաշնակիցն է, այլև մեր հիմնական գործընկերը տնտեսական ոլորտում։ Հայկական արտադրանքի արտահանումն այս երկիր 2022 թվականին կազմել է ռեկորդային 4,1 մլրդ դոլար, ինչը խոսում է այն մասին, որ մեր արտահանումը դեպի Ռուսաստան ամենադիվերսիֆիկացվածն է», – վերջերս «Ռուս-հայկական համագործակցության արդիական հարցերը» խորագրով Երևան-Մոսկվա տեսակամրջի քննարկման ժամանակ նշել է քաղաքական վերլուծաբան, Եվրասիական փորձագիտական ​​ակումբի համակարգող Արամ Սաֆարյանը։

Հատկանշական է, որ դեպի Հայաստան ռուսական արտահանման կառուցվածքում գերակշռում են հանքային արտադրանքը, պարենային ապրանքները և գյուղատնտեսական հումքը, մեքենաները, սարքավորումները, տրանսպորտային միջոցները, քիմիական արդյունաբերության արտադրանքը, մետաղները և դրանցից ստացված արտադրանքը։ Իսկ ներմուծման կառուցվածքում պահանջված են պարենային ապրանքները, գյուղատնտեսական հումքը, տեքստիլը և կոշկեղենը, թանկարժեք մետաղներն ու քարերը, մեքենաները, սարքավորումները, տրանսպորտային միջոցները և այլն։

Միաժամանակ, «Այլընտրանք» հետազոտական ​​կենտրոնի ղեկավար, Եվրասիական փորձագիտական ​​ակումբի անդամ, տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր Թաթուլ Մանասերյանի կարծիքով, Հայաստանի տնտեսության զարգացման միակ ճանապարհը անքակտելիորեն կապված է եվրասիական հարթակի հետ.

«Եթե չլիներ ԵԱՏՄ ձևաչափը, չէր լինի գործընկերություն Ռուսաստանի հետ: Պատկերացրեք, թե այդ դեպքում տնտեսական առումով որտեղ կլիներ Հայաստանը», – Dalma News-ի հետ զրույցում նշել է նա՝ միաժամանակ ընդգծելով, որ հանուն Ռուսաստանին վնասելու ՀԱՊԿ-ից և ԵԱՏՄ-ից դուրս գալը չի ​​կարող դրական ազդեցություն ունենալ ո՛չ սեփական երկրի, ո՛չ էլ ռազմավարական գործընկերոջ հետ հարաբերությունների վրա: – Պարզապես ցանկանում են Հայաստանին դուրս բերել այս կոնտեքստից, ինչպես Ռուսաստանին են ցանկանում դուրս մղել տարածաշրջանից։ Ու թեև այս վիրուսն արդեն մտել է Հայաստան, այնուամենայնիվ, պետք չէ տրվել մոլորությանը»։

Կարևոր է չմոռանալ այն փաստը, որ ԽՍՀՄ փլուզումից հետո Ռուսաստանը Հայաստանի համար վերջին 30 տարիների ընթացքում մնացել է հիմնական առևտրային գործընկերը և խոշոր ներդրումային նախագծերի առաջատարը տեղական տնտեսության կարևորագույն ոլորտներում։ Հատկանշական է, որ երկկողմ համագործակցությունն ընդգրկում է ոչ միայն մայրաքաղաքները, այլև Հայաստանի ծայրամասերը, ինչը թույլ է տալիս խոսել նոր աշխատատեղերի բացման և տեղի բնակչության զբաղվածության մասին։

Հայաստանի տնտեսության մեկ այլ կարևոր ուղղությունը արտաքին տուրիզմն է, որը անցած տարիներին ռուսաստանցիների շրջանում զբոսաշրջային նախասիրությունների առաջնահերթություններից էր։ Ամեն դեպքում, բազմաթիվ վարկանիշների արդյունքներով Հայաստանը այս տարիների ընթացքում եղել է բյուջետային և բարձրորակ հանգստի երկրների հնգյակում։ Սակայն Ռուսաստանի Դաշնության դեմ պատժամիջոցների կիրառման արդյունքում ոլորտը կարող է տուժել։

Միաժամանակ արվում են դրական կանխատեսումներ, ըստ որոնց, եթե Արևմուտքը փակի դռները ռուս զբոսաշրջիկների առջև, ապա տուրիստական ​​հոսքերը կփոխեն իրենց ընթացքը դեպի այլ երկրներ, այդ թվում՝ Հայաստան։ Բացի այդ, թուրքական «All inclusive» տուրերի կրճատումը, հավանաբար, պայմանավորված է նաև Թուրքիայում տեղի ունեցած աղետալի երկրաշարժերով, ինչը բնականաբար նշանակում է հանգստացողների ներգրավում դեպի կովկասյան տարածաշրջանի այլ երկրներ։

Միաժամանակ, փորձագետների կարծիքով, վերջին շրջանում հայրենական տնտեսության աճը կապված է ռուսաստանցի տնտեսական միգրանտների հոսքի հետ։ Լիբերալ տնտեսությունը, վճարումների հարմարավետությունն ու բանկային պայմաններն այստեղ են գրավում ՏՏ ոլորտի ներկայացուցիչներին։ ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանի խոսքով, այսօրվա դրությամբ նրանք տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում ապահովել են մարդկային կապիտալի 25 տոկոս աճ, ինչը, անկասկած, դրական է ազդել Հայաստանում առաջնահերթություն համարվող ՏՏ ոլորտի զարգացման վրա։ 2022 թվականի վերջին երկրում գրանցվել է 12,5 տոկոս տնտեսական աճ, ինչը մասամբ պայմանավորված է Ռուսաստանից ժամանած աշխատանքային միգրանտների գործունեությամբ, որոնցից մոտավորապես 30-40 հազարն աշխատում է ՏՏ տեխնոլոգիաների ոլորտում։

Նույն կարծիքին է Հանրային քաղաքականության հետազոտությունների ազգային կենտրոնի փորձագետ Արմեն Քթոյանը, ով կարծում է, որ ռուսական կապիտալը ռազմավարական շահեր ունի Հայաստանում, հատկապես ենթակառուցվածքային ոլորտներում, ինչը ենթադրում է համագործակցության ընդլայնում խորացման միտումով։

«Տնտեսության դիվերսիֆիկացում միշտ էլ հնարավոր է, այլ հարց է, թե երբ դա կտա շոշափելի արդյունք։ Երկու-երեք տարվա ընթացքում անհնար է տեսնել փոփոխված պատկերը, սակայն այսօր ներմուծվող «սաղմերը» 5-10 տարի հետո կարող են հիմք դառնալ տնտեսության նոր կառուցվածքի՝ նորարարական բաղադրիչով», – նշել է նա՝ միևնույն ժամանակ հավելելով, որ ռուսական բիզնեսի գերիշխող հատկանիշը Եվրասիական տնտեսական միության տարածքում մշտական ​​գործընկերների որոնումն է, և այս առումով Հայաստանի օրենսդրությունն ու բանկային համակարգը ամենահարմարն են։

Ուստի պետք է լուրջ վերաբերվել ռուս գործարարների պատվիրակություններին, որոնց այցերը ոչ թե բյուրոկրատական ​​կամ արարողակարգային, այլ գործնական բնույթ են կրում։ Որպես սրա հաստատում կարող է ծառայել այն փաստը, որ Ռուսաստանը մնում է Հայաստանի առաջատար արտաքին տնտեսական գործընկերը՝ ապահովելով երկրի ողջ արտաքին առևտրի մեկ քառորդից ավելին։

Միևնույն ժամանակ, վերջին շրջանում հայ հասարակության՝ ռուսամետ և արևմտամետ բևեռների բաժանման միտում է նկատվում։ Նրա կարծիքով, նման հակասական մոտեցումները կարելի է չեզոքացնել այն երկրների հետ փոխգործակցության տեսանկյունից, որոնց հետ թե՛ Ռուսաստանը, թե՛ Հայաստանը բարեկամական հարաբերություններ ունեն։ Տվյալ դեպքում խոսքը Չինաստանի, Հնդկաստանի, Հունաստանի, Իրանի, Եգիպտոսի և այլ երկրների մասին է։ Այսօրվա իրողություններում Ռուսաստանից հեռանալն անտրամաբանական է, քանի որ վաղուց ակնհայտ է, որ Ռուսաստանի հետ ռազմավարական գործընկերությանը այլընտրանք պարզապես չկա։

Նատելլա Օհանյան