Ամանորի նախաշեմին Արցախի խաղաղապահ գործունեության կառավարման կենտրոնի զինծառայողները տոնածառի խաղալիքներ են ստացել, զարդարել են ու լույսեր վառել կանաչ գեղեցկուհու վրա: Ավելի վաղ նրանք շնորհավորել են արցախցի փոքրիկներին գալիք տոների կապակցությամբ:

Դեկտեմբերի 28-ին Ստեփանակերտի երկու հանրակրթական դպրոցներում տեղի ունեցավ մարդասիրական ակցիա, որի շրջանակներում երեխաներին բաժանվեցին ամանորյա նվերներ. զինվորականները թիվ 2 և թիվ 12 դպրոցների աշակերտներին նվիրեցին ուսապարկեր, գրենական պիտույքներ և քաղցրավենիք: «Ամեն ուսապարկում կան գրիչներ, գունավոր մատիտներ, նկարչական ալբոմներ, տետրեր, ֆլոմաստերներ, նոթատետրեր ու օրագրեր: Հավաքածուների հետ մեկտեղ, ռուս խաղաղապահները բաժանեցին ամանորյա բարեմաղթանքներով և շնորհավորանքներով բացիկներ, որոնք գրվել էին Ռուսաստանի «Յունարմիա» հասարակական շարժման ներկայացուցիչների կողմից Լեռնային Ղարաբաղի երեխաների համար», – ասվում է ՌԴ ՊՆ մամուլի ծառայության հայտարարության մեջ: Ռուս խաղաղապահները Արցախի դպրոցներում արդեն իսկ անցկացրել են նման մի քանի ակցիաներ:

Զինծառայողներն իրենք էլ ստացան ամանորյա շնորհավորանքներ ու նվերներ: Բացի տոնածառերից, դրանց խաղալիքներից և զարդարանքներից, ինչպես նաև քաղցրավենիքներից, Ռուսաստանի տարբեր շրջանների երեխաների նամակները էլ ավելի հեշտացրին տանից հեռու գտնվելը: «Լեռնային Ղարաբաղի ռուս խաղաղապահին», – ռազմական զորակազմի ներկայացուցիչը կարդում է ուղերձներից մեկը, այնուհետև մեջբերում է նամակի տեքստը.

«Ողջույն, խաղաղապահ զինվոր: Ես չգիտեմ, թե ինչպես է անցնում ծառայությունդ, միայն գիտեմ, որ օգնում ես փրկել խաղաղ բնակիչների՝ երեխաների և տարեցների կյանքեր: Դու դա անում ես այնպես, ինչպես անում են մտերիմների համար: Դու անգնահատելի դեռ ունես մի ողջ երկրի ապագայի հարցում: Շնորհակալություն քեզ: Միլիոնավոր մարդկանց սրտեր հիմա քեզ հետ են: Իմը ևս: Աստված պահպանի քեզ”:

Իրականում Աստծո օգնությունը այժմ ավելի քան երբևէ անհրաժեշտ է խաղաղապահներին: Արցախում խաղաղություն հաստատելու վեհ առաքելությունը, որը հաջողությամբ իրականացվում է ռուսների կողմից, դեկտեմբերի 20-ին մոտ, ավաղ, նշանավորվեց տխուր իրադարձությամբ. Շուշիի ճանապարհի ականազերծման ժամանակ զոհվեց ռուս սակրավոր, ականազերծման խմբի հրամանատար Վիտալի Մորոզը: Վիրավորված 29-ամյա զինվորականը մահացավ հիվանդանոց տեղափոխվելու ճանապարհին: Այս լուրը հայ հասարակության մեջ ընդունվեց մեծ ցավով և կարեկցանքով: Ոմանք ցանկություն հայտնեցին օգնել մահացածի ընտանիքին. լրագրող և քաղաքագետ Մարիետա Եփրեմյանը հայտնեց, որ իր համախոհները սկսել են միջոցներ հավաքել Վիտալի Մորոզի կնոջ և որդու համար. «Դրամահավաքն արդեն ընթացքի մեջ է, գումարը կփոխանցվի Վիտալիի կնոջը՝ Եկատերինային»: Եփրեմյանի խոսքով՝ նրանք, ովքեր անտարբեր չէին (և որոնց մեծ մասը հայեր էին), անմիջապես արձագանքեցին նախաձեռնությանը:

Տեղի բնակչության և խաղաղապահների միջև, ընդհանուր առմամբ, լավ փոխհարաբերություններ են ձևավորվել: Բազմաթիվ լուսանկարներ, որոնցում երևում է ռուս զորակազմի մոտեցումը երեխաների նկատմամբ` անկեղծ և ինչ-որ տեղ նույնիսկ հայրական, միայն ուրախություն են ներշնչում, որ երեխաների հոգիներում վերջապես խաղաղություն կտիրի:

Արցախի տարեց մարդիկ նույնպես վերադառնում են առօրյա կյանքին. ամանորից առաջ սոցցանցերում սենսացիոն կադրեր էին պտտվում՝ նորապսակ Իրինա Գաբրիելյանը (Մարտակերտից) և Արամ Բերդյանը (Ստեփանակերտից)` Դադիվանքում: Երջանիկ զույգը անկեղծորեն շնորհակալություն հայտնեց խաղաղապահներին տաճարը պաշտպանելու և այն բանի համար, որ այն ամենից հետո, ինչ տեղի ունեցավ, իրենք հնարավորություն ունեցան ամուսնանալ այդ սուրբ վայրում:

Պսակադրություն Դադիվանքում

Խաղաղապահ զորախմբի բարի գործերի ցուցակը օրեցօր լրացվում է: 2020 թվականի ցայտուն ձեռքբերումներից մեկը գերիների վերադարձն էր Ադրբեջանից Հայաստան և Արցախ: Նախ վերադարձավ 44 մարդ՝ 30 զինվորական և 14 քաղաքացիական անձ: Եվ բառացիորեն ամանորի տոների նախօրեին հայտնի դարձավ, որ ևս չորս գերեվարվածներ վերադարձել են հայրենիք:

«Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների՝ 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունը կյանքի կոչելու համար հերթական անգամ իրականացվել է գերիների փոխանակում: Իմ անձնական վերահսկողության տակ գտնվող ռուս խաղաղապահների կատարած աշխատանքի արդյունքում Ռուսաստանի ռազմատիեզերական ուժերի ինքնաթիռը Բաքու է հասցրել երկու գերեվարված ադրբեջանցու և չորս գերի վերադարձրել Էրեբունի», – դեկտեմբերի 28-ին լրագրողներին ասաց ռուսական խաղաղապահ զորախմբի հրամանատար գեներալ-լեյտենանտ Ռուստամ Մուրադովը:

Ավելի վաղ՝ դեկտեմբերի 20-ին, ռուսական խաղաղապահ զորախմբի մասնակցությամբ հրաշք տեղի ունեցավ: Հայտնաբերվեցին և տուն վերադարձվեցին ավելի քան 70 օր Հադրութի անտառներում թաքնված վեց ժամկետային զինծառայողներ: Տղաներն արդեն հաջողությամբ ռեաբիլիտացվում են մայրաքաղաքի կլինիկայում: Անհայտ կորածների որոնումները դեռ շարունակվում են. դեկտեմբերի 27-ին ռուսական խաղաղապահ զորախմբի մամուլի ծառայությունը հայտնեց, որ թեժ գծի ծառայության մեկնարկից ի վեր 546 դիմում է ստացվել Արցախում անհայտ կորած հայ զինծառայողների վերաբերյալ: «Տվյալները ստուգվել են, մշակվել և փոխանցվել որոնողական խմբերին», – ասվում է տեղեկատվության մեջ: Այն միտքը, որ խաղաղապահները զբաղվում են իրենց որդիների ճակատագիրով, հուսահատ ծնողներին գոնե ինչ-որ հույս է ներշնչում…

Ռուսական ռազմական զորախմբի շնորհիվ հնարավոր եղավ գերությունից փրկել, գտնել և վերադարձնել քաղաքացիական անձանց՝ հայր և որդի Միքայել և Գեղամ Պետրոսյաններին: Նրանք բացակայել են ավելի քան 60 օր: Ավելի ուշ հայտնի դարձավ, որ Ազնիվ Բաղդասարյանը՝ ադրբեջանցի զինվորների մասնակցությամբ սենսացիոն տեսահոլովակի հերոսուհին, նույնպես հասել է հայրենիք: ԶԼՄ-ներին տված հարցազրույցում նա հաստատեց, որ մի քանի օր է, ինչ տանն է և փորձում է հարմարվել հարևանների ու Պուշոկ անունով իր սիրելի կատվի օգնությամբ:

Ինչ վերաբերում է Լեռնային Ղարաբաղի բնակիչների՝ մշտական ​​բնակության վայրեր վերադառնալուն, ըստ պաշտոնական զեկույցի՝ նոյեմբերի 14-ից դեկտեմբերի 28-ն ընկած ժամանակահատվածում ռուսական ռազմական զորախմբի ուղեկցությամբ ապահովվել է 45 923 մարդու անվտանգ վերադարձ: Նրանք, հավանաբար, որոշակիորեն պաշտպանված են զգացել, և այդ պատճառով վերադարձել: Արցախի ականազերծումը ևս բուռն ընթացքի մեջ է: Դեկտեմբերի 28-ի դրությամբ չպայթած զինամթերքից մաքրվել է 320 հեկտար տարածք, 122,7 կմ ճանապարհ, 505 շինություն, այդ թվում՝ սոցիալական նշանակության 15 օբյեկտ, հայտնաբերվել և վնասազերծվել է 12459 պայթյունավտանգ առարկա:

Ռազմական բժիշկները ևս հսկայական աշխատանք կատարեցին. ամբողջ ժամանակահատվածում ռուս բժիշկները օգնություն են ցուցաբերել Արցախի 972 բնակչի, այդ թվում՝ 125 երեխայի: Արցախցիները ուրախ են շփվել ռուս բուժաշխատողների հետ, քանի որ նրանք ժամանել են ճիշտ այն ժամանակ, երբ քրոնիկական հիվանդությունները (սրտանոթային, էնդոկրին) գլուխ բարձրացրին: Դիմողների մեծ մասը բողոքում է հենց այդ հիվանդություններից:

Ռուսաստանը նաև զգալի քանակությամբ հումանիտար օգնություն է ուղարկել Լեռնային Ղարաբաղ: Դրա ընդհանուր քաշը կազմել է մոտ 1,2 հազար տոննա: Բեռը, որը ուղարկվել էր դեկտեմբերի 11-ին, ամբողջությամբ հասել է մինչև դեկտեմբերի 24-ը: Վերջին խմբաքանակը հասավ դեկտեմբերի 23-ին: ՌԴ ԱԻՆ մամուլի ծառայությունը հաղորդել է, թե ինչ է ընդգրկված վերջին խմբաքանակում.

«Ինը վագոններ տեղափոխել են 127 տոննա մետաղական պրոֆիլ, 10 հազար խորանարդ մետր ապակի, 2.2 հազար կենցաղային իրեր, 400 հավաքովի ջերմակայուն վառարաններ»:

Ընդհանուր առմամբ, Արցախ է ժամանել 54 «հումանիտար» վագոն, որոնք պարունակում են առաջին անհրաժեշտության մի շարք պարագաներ՝ սննդի հավաքածուներից մինչև շինանյութեր, էլեկտրակայաններ և նույնիսկ հրշեջ ավտոցիստերն: Եվ սա, ինչպես հայտարարվեց դեկտեմբերի 23-ին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Անդրանիկ Փիլոյանի և նրա ռուս գործընկերոջ` ՌԴ արտակարգ իրավիճակների նախարար Եվգենի Զինիչևի՝ Երևանում կայացած հանդիպման ժամանակ, դեռ վերջը չէ: Մոտ ժամանակներս Ռուսաստանից ևս 90 տոննա հումանիտար բեռ կուղարկվի Արցախ:

Խաղաղապահների անձնուրաց աշխատանքը աննկատ չմնաց: Ամանորյա արձակուրդներին ավելի մոտ հայտնի դարձավ, որ Լեռնային Ղարաբաղում առաջադրանք կատարող ռուս զինծառայողները կստանան երկու հավելյալ դրույքաչափ: Այս մասին հայտարարեց ՌԴ պաշտպանության փոխնախարար Տատյանա Շևցովան:

«Լեռնային Ղարաբաղում խաղաղության պահպանման գործողությանը մասնակցող անձնակազմի համար լրացուցիչ վճարներ են նախատեսվում: Դրանք կկազմեն երկու դրույքաչափ», – ասաց փոխնախարարը՝ բացատրելով, որ խաղաղապահ զորակազմի ֆինանսավորումը կատարվում է բյուջետային լրացուցիչ միջոցների տրամադրման հաշվին. նման որոշում է կայացրել կառավարությունը:

Գումարը, մասնավորապես, նախատեսված է Արցախում ռուսական ռազմական կոնտինգենտի տեղակայման համար:

Թող որ այս բազմաչարչար Արցախում խաղաղությունը պահպանող ռուս զինվորականները հնարավորինս շուտ հարմարվեն անծանոթ միջավայրին: Առաջին լուրջ հոգեբանական փորձությունը, իհարկե, կլինի Ամանորը՝ ընտանիքից և ընկերներից հեռու: Ինչևէ, հրամանատարությունը ջանքեր չխնայեց: Ինչպես հայտնում են Ռուսաստանի Դաշնության Պաշտպանության նախարարությունից, դիտակետերում տեղակայվել են կապի կենտրոններ, որպեսզի հակամարտության գոտում հերթապահություն իրականացնողները կարողանան շնորհավորել իրենց հարազատներին գալիք տոների կապակցությամբ: Դե, իսկ մենք անկեղծորեն շնորհավորում ենք ռուս խաղաղապահների Ամանորը և մաղթում նրանց հանգիստ ծառայություն:

Իրինա Գրիգորյան