Անցյալ շաբաթվա վերջը լարված էր Լեռնային Ղարաբաղում հրադադարի ռեժիմի պահպանման առումով: Պատերազմի ավարտից ի վեր առաջին անգամ այստեղ տեղի ունեցավ փոխհրաձգություն. ադրբեջանցի զինվորականները որոշեցին առաջխաղացում իրականացնել դեպի լեռնային հեռավոր երկու գյուղեր, որտեղ գտնվում էր հայ կամավորների ջոկատ: Դեպքի վայր եկան ռուս խաղաղապահները և հակամարտությունը մարեց:

Բախումը տեղի ունեցավ Լեռնային Ղարաբաղի հարավում՝ Խծաբերդ և Հին Թաղեր գյուղերում, որտեղ նոյեմբերի 10-ին՝ պատերազմի դադարի պահին, հայկական ջոկատ էր մնում: «Զինծառայողների շուրջ կա՛մ ամայի սարեր են, կա՛մ տարածքներ, որոնք վերահսկվում են ադրբեջանական բանակի կողմից», – իրավիճակը այսպես նկարագրեց BBC-ն:

Կարճ ասած, ստորագրված հայտնի հայտարարության արդյունքներով Հադրութի շրջանի այդ երկու գյուղերը վերափոխվեցին Ադրբեջանի տարածքում էքսկլավի. Խծաբերդը գտնվում է այդ տեղերով անցնող լեռնային ճանապարհի վրա, իսկ Հին Թաղերը վերջինիս կողքին է, ընդ որում, ճանապարհի երկու ծայրերը՝ արևելքից և արևմուտքից, հայտնվել են ադրբեջանցիների ձեռքում: Իրավիճակը, մեղմ ասած, հեշտ չէ: Իսկ ադրբեջանցիները նպատակ ունեին ամբողջովին վերցնել այս գյուղերը:

Դեռ ուրբաթ երեկոյան ԼՂՀ Պաշտպանության նախարարությունը հայտնեց, որ ադրբեջանական կողմի հարձակման փորձի ժամանակ վիրավորվել են Արցախի Պաշտպանության բանակի երեք զինծառայողներ: ՌԴ պաշտպանության նախարարությունը հաստատեց, որ խաղաղապահները Հադրութի շրջանում դեկտեմբերի 11-ին արձանագրել են հրադադարի ռեժիմի խախտման մեկ դեպք:

«Հադրութի շրջանում հրաձգային ավտոմատ զենքերից կրակոցներ են գրանցվել: Ուղղակի հաղորդակցման ուղիներով կողմերին անհապաղ հաղորդվել է պահանջ` պահպանել կրակի ամբողջական դադարեցման ռեժիմը», – հաղորդեցին խաղաղապահների օպերատիվ շտաբից:

Նրանք նաև հավելեցին, որ Հադրութի շրջանում դեկտեմբերի 11-ին տեղի ունեցած փոխհրաձգությունը հրադադարի ռեժիմի խախտման միակ դեպքն էր: Այնուամենայնիվ, հաջորդ հանգստյան օրերին այս «վիճակագրությունը» փոխվեց:

Եռօրյա ռազմական գործողությունների արդյունքում վիրավորվեց վեց հայ զինծառայող, իսկ ադրբեջանական կողմից, ՀՀ ՊՆ տվյակների համաձայն, կան նաև վիրավորներ ու զոհվածներ: Զոհերի և վիրավորների թիվը, անկասկած, նկատելիորեն ավելին կլիներ, եթե չլիներ ռուսների միջամտությունը: Իրավիճակի սրմամբ պայմանավորված՝ հանգստյան օրերին ռուս խաղաղապահների մի փոքր ջոկատ հասավ այս գյուղեր, և հակամարտությունը մարեց, գոնե ժամանակավորապես:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը դեպքի արդյունքների մասին խոսելիս հետագայում նշեց, որ իրավիճակի սրումը Հադրութի շրջանի երկու գյուղերի ուղղությամբ առաջին լուրջ փորձությունը դարձավ ռուսական կողմի համար: Նրա խոսքով, Ադրբեջանի զինված ուժերի սադրանքները ընդդեմ Խծաբերդ և Հին Թաղեր բնակավայրերի, ի թիվս այլ բաների, նպատակ ունեին կասկածի տակ դնել ռուս խաղաղապահների դերը Արցախում:

Այնուամենայնիվ, ռուսական կոնտինգենտի արագ միջամտության շնորհիվ հնարավոր ադրբեջանական կողմը չկարողացավ հասնել նպատակին: Իսկ Հադրութի շրջանում տեղի ունեցած միջադեպը հարթելուց մոտ մեկ օր անց, խաղաղապահների մեկ այլ նշանակալից նվաճումը հայ ռազմագերիների` զինծառայողների և քաղաքացիական անձանց հայրենիք վերադարձնելն էր: Դեկտեմբերի 14-ի ուշ երեկոյան ինքնաթիռը Երևան տեղափոխեց մինչ այժմ ադրբեջանական գերության մեջ գտնվող 44 հայրենակցի:

«Բոլորը բոլորի դիմաց» սկզբունքով գերիների փոխանակման գործընթացը սկսվեց երկուշաբթի կեսօրին:

«Դրան նախորդել են ռուս խաղաղապահների կողմից ադրբեջանական և հայկական կողմերի հետ նախապատրաստական աշխատանքները», – ասաց Արցախում ռուսական խաղաղապահ զորախմբի հրամանատար, գեներալ-լեյտենանտ Ռուստամ Մուրադովը:

Նա նաև նշեց, որ իր անձնական վերահսկողության տակ Բաքվում գնտվող Ռուսաստանի ռազմատիեզերական ուժերի ինքնաթիռով 12 անձ հանձնվել է Ադրբեջանի իրավասու մարմինների ներկայացուցիչներին, իսկ ադրբեջանական կողմը հայկական կողմին փոխանցել է 44 մարդ:

Զրուցակիցը նշեց, որ ռուս խաղաղապահները կշարունակեն նպաստել եռակողմ համաձայնագրի անվերապահ կատարմանը: Ըստ Արցախի օմբուդսմեն Արտակ Բեգլարյանի՝ ադրբեջանական կողմը մինչև գերիների տեղափոխումը ուներ 60 ռազմագերի և 40 խաղաղ բնակիչ: Մնում է հուսալ, որ գերության մեջ մնացած քաղաքացիները նույնպես ռուսական կողմի օգնությամբ կհայտնվեն հարազատների և ընկերների շրջանում:

Տեսանելի ապագայում այդ ամենի կատարման հույսեր է առաջացնում դեկտեմբերի 15-ին տեղի ունեցած Ռուսաստանի փոխարտգործնախարար Ս.Վ. Վերշինինի և ճգնաժամային իրավիճակներում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի օպերատիվ գործունեության ղեկավար Պասկալ Հունդտի հանդիպումը: Ինչպես տեղեկացրին ՌԴ ԱԳՆ մամուլի ծառայությունից, հանդիպման ընթացքում մանրամասն քննարկվել են Ռուսաստանի և ԿԽՄԿ միջև համագործակցության հարցեր՝ շեշտը դնելով ԼՂ հակամարտության հումանիտար հետևանքների հաղթահարման վրա:

Ռուսները զգոն են. ՌԴ ՊՆ պաշտոնական ներկայացուցիչ, գեներալ-մայոր Իգոր Կոնաշենկովի խոսքով, շփման գոտում հանգիստ է: Դեկտեմբերի 15-ին կայացած ճեպազրույցի ժամանակ Կոնաշենկովը հայտնեց.

«Լեռնային Ղարաբաղի խաղաղապահ ուժերի ռուսական զորակազմը իրավիճակի շուրջօրյա մոնիտորինգ է իրականացնում և վերահսկում է հրադադարի ռեժիմի պահպանումը: Հրադադարը պահպանվում է շփման գծի ողջ երկայնքով»:

Չնայած ռուսների վերահսկողության տակ գտնվող տարածքներում կրակի դադարեցումը հաջողվել է, սակայն որոշ հատվածներ դեռ «թեժ» են մնում: Դեկտեմբերի 15-ի երեկոյան սոցիալական ցանցերում սկսեց շրջանառվել մի տեսանյութ, որում մի քանի տասնյակ հայ զինվորականներ առանց զենքի քայլում էին անհայտ ուղղությամբ՝ ադրբեջանական մեծ ջոկատի ուղեկցությամբ: Տեղեկություն տարածվեց, որ նրանք գերեվարվել են: Ավելի ուշ Լեռնային Ղարաբաղի Պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը հաղորդեց, որ անհայտ հանգամանքներում կապը խզվել է Հին Տաղեր և Խծաբերդ գյուղերի ուղղությամբ ԼՂ Պաշտպանության բանակի մի քանի մարտական դիրքերի անձնակազմերի հետ: Որոնողական աշխատանքները շարունակվեցին դեկտեմբերի 16-ի ամբողջ գիշեր և վերսկսվեցին չորեքշաբթի օրը առավոտյան: Բարդ իրավիճակի լուծման մեջ ներգրավված էին խաղաղապահները:

Գեներալ-լեյտենանտ Ռուստամ Մուրադով

Եվ ահա ուշ երեկոյան սոցիալական ցանցում սկսեց շրջանառվել մեկ այլ տեսանյութ, որում հայ զինվորները դուրս են գալիս Հադրութի շրջանում շրջափափումից: ՀՀ պաշտպանության նախարարությունը հաստատեց այս փաստը՝ հանդես գալով հայտարարությամբ.

«Վերջին ժամերին համացանցում ակտիվորեն շրջանառվում է մի տեսանյութ, որում մի խումբ հայ զինվորներ դուրս են բերվում Հին Թաղեր և Խծաբերդ գյուղերում շրջափակումից: Տեսանյութը համապատասխանում է իրականությանը, իսկ գործողությունն իրականացվել է Լեռնային Ղարաբաղում գործող ռուսական խաղաղապահ կայազորի ակտիվ գործողություններից հետո՝ կայազորի հրամանատար, գեներալ-լեյտենանտ Ռուստամ Մուրադովի անձնական միջնորդությամբ»:

Մնում է միայն երախտագիտություն հայտնել ռուսական զորախմբին և նաև հուսալ, որ կվերադառնան բոլոր անհայտ կորած զինծառայողները առանց բացառության: Ըստ ԼՂ մարդու իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարյանի՝ Խծաբերդի մոտակայքում անհետացել է շուրջ 60 մարդ: Նույն օրվա ընթացքում տեղեկություն ստացվեց, որ ադրբեջանական շրջափակումից կարողացել են դուրս գալ մոտ 30 հայ կամավորներ միայն: Այնուհետև խոսվեց ևս յոթի ազատման մասին…

Իրինա Գրիգորյան