Այս տարի հոբելյանական տարեթիվ է` Հայրենական մեծ պատերազմի ավարտի և նացիզմի դեմ տարած հաղթանակի 75-ամյակն է: Dalma News-ի խմբագրությունը մի շարք նյութեր է պատրաստել, որոնք նվիրված են այս նշանակալից ամսաթվին:

Երեք քառորդ դար առաջ սովետական բանակը արևելյան ռազմաճակատի ողջ երկարությամբ անսանձելի հարձակում սկսեց նացիստական զավթիչների դեմ: Հաղթական 1945 թվականը սկսվեց արևելապրուսական ուղղությամբ հարձակողական գործողությամբ, որի նպատակն էր «Կենտրոն» բանակային խմբերը կտրել գերմանական մնացած ստորաբաժանումներից: Արդյունքում խորհրդային զորքերը գրավեցին Արևելյան Պրուսիայի մի մասը, ազատագրեցին Հյուսիսային Լեհաստանի տարածքը և, արգելափակելով թշնամու զորախմբերը արևմուտքից և հարավից, ստեղծեցին բոլոր պայմանները հետագա հարվածի համար:

Վիսլա-Օդերյան գործողության արդյունքում սովետական զորքերը հասան մինչև Օդեր գետը և գրավեցին արևմտյան ափին գտնվող պլացդարմը: Առաջին Բելառուսական ռազմաճակատի զորքերը կռվով անցան Օդերը և գտնվում էին Բեռլինից ընդամենը 60կմ հեռավորության վրա: Գերմանական հրամանատարությունը նպատակ ուներ ռայխսֆյուրեր Հիմլերի հրամանատարության ներքո Արևելյան Պոմերանիայում տեղակայել «Վիսլա» բանակային խմբավորման ուժերի մի մասը. խնդիր էր դրված հարվածել Առաջին Բելառուսական ռազմաճակատի աջ թևին և խաթարել Բեռլինի վրա սովետական հարձակման նախապատրաստությունները:

Տեղեկանալով Արևելյան Պոմերանիայում գերմանական զորքերի կենտրոնացման մասին` Գերագույն գլխավոր հրամանատարությունը փետրվարի 8-ին Երկրորդ Բելառուսական ռազմաճակատի առջև խնդիր դրեց ջախջախել Արևելապոմերանյան խմբավորումը, վերահսկողություն հաստատել Դանցիգ-Գդինյայի շրջանում և թշնամուց մաքրել Բալթիկ ծովի ափերը Վիսլայի ակունքից մինչև Օդեր:

Հայրենական մեծ պատերազմ: Գերմանիա: Հրետանային անձնակազմի անցումը Օդեր գետով/ ТАСС-ի ֆոտոխրոնիկայի վերարտադրում /

Զուգահեռաբար Քյոնիգսբերգի ուղղությամբ սկսվեց ևս մեկ հարձակողական գործողություն, որը հանգեցրեց Երրորդ Բելառուսական ռազմաճակատի զորքերի առաջխաղացմանը 130 կիլոմետր խորությամբ, ինչը հնարավորություն տվեց ջախջախել նացիստների հիմնական ուժերը՝ պայմաններ ստեղծելով Արևելապրուսական գործողությունը Երկրորդ Բելառուսական ճակատի հետ համատեղ ավարտին հասցնելու համար:

Քյոնիգսբերգի վրա հարձակումը, որտեղ գերմանացիները ստեղծել էին պաշտպանական երեք օղակներ, ղեկավարում էր Երրորդ Բելառուսական ռազմաճակատի հրամանատար մարշալ Վասիլևսկին, իսկ Հովհաննես Բաղրամյանի Առաջին Մերձբալթյան ճակատը զորքերի կազմում էր:

Հենց այս խմբի հանձնարարությունն էր գրավել քաղաք-ամրոցը, որը Հիտլերը վստահորեն համարում էր «գերմանական ոգու բացարձակ անառիկ բաստիոն»: «Անառիկ բաստիոնի» վրա անմիջական գրոհը սկսվեց 1945թ. ապրիլի 6-ին: Սովետական հրամանատարության կողմից ամեն բան այնքան ուշադիր էր մտածված, որ Քյոնիգսբերգում տեղակայված գերմանական զորքերը ընդամենը երեք օր կարողացան դիմակայել հրետանու և ռմբակոծիչ կենտրոնացված հարվածներին` ուղեկցվող լավ պատրաստված գրոհայինների խմբերի առաջխաղացմամբ: Արդեն ապրիլի 9-ին Քյոնիգսբերգի կայազորի պարետ գեներալ Լյաշը, հասկանալով, որ հետագա դիմադրությունն անիմաստ է, ստորագրեց անվերապահ կապիտուլացիայի ակտը:

Ֆոտոխրոնիկա ТАСС/Ֆյոդոր Կիսլով

Քյոնիգսբերգ քաղաք-ամրոցը գրավելու և թշնամու մեծ խմբավորում ոչնչացնելու գործողության համար Հովհաննես Քրիստափորի Բաղրամյանը շնորհվել է Սուվորովի 1-ին աստիճանի երկրորդ շքանշանով: Մի քանի օր անց Բաղրամյանը հրամանատարի պաշտոնում փոխարինեց Հեռավոր Արևելքում ռազմական գործողությունների նախապատրաստման մեկնած Երրորդ Բելառուսական ռազմաճակատի հրամանատար մարշալ Վասիլևսկուն: Բաղրամյանի հրամանատարությամբ ռազմաճակատի զորքերը ավարտին հասցրին թշնամու Զեմլանդ խմբավորման ոչնչացման գործողությունը: 1945թ. հունիսի 24-ին Մոսկվայի Կարմիր հրապարակում Հաղթանակի շքերթի ժամանակ հենց Հովհաննես Բաղրամյանը ղեկավարեց Առաջին Մերձբալթյան ռազմաճակատի համահավաք գունդը:

Ցավոք, կարճ ակնարկի շրջանակներում անհնար է հիշատակցել բոլոր հայերին, որոնք մասնակցել են Քյոնիգսբերգի և Արևելյան Պոմերանիայի վրա հարձակմանը, սակայն միշտ հիշում ենք բոլորին, և ցանկացած մինչ այժմ անհայտ տեղեկություն և փաստ կարող է անգնահատելի լինել հատկապես Մեծ հաղթանակի հոբելյանի նախօրեին:

Այս ռազմաճակատներում տարած հաղթանակներում մեծ ներդրում ունեցավ գեներալ-լեյտենանտ Սարգիս Գալաջյանը (Սերգեյ Գալաջև): 1943թ. աշնանը նա նշանակվեց Բելառուսական Առաջին ռազմաճակատի քաղկառավարման ղեկավար: Ամերիկյան բանակի սպաների հետ մի շարք հանդիպումներում նա ուղեկցում էր խորհրդային պատվիրակությունները: 1945թ. մարտին մարշալ Ժուկովը Գալաջյանին Լենինի շքանշան շնորհեց:

Սովետական Միության մարշալ Հովհաննես Քրիստափորի Բաղրամյանը

Գեներալ-լեյտենանտ Ստեփան Գինոսյանը այդ ժամանակ Երկրորդ Բելառուսական ռազմաճակատի 49-րդ բանակի շտաբի պետն էր, որը հարձակվում էր հիմնական հարվածի ուղղությամբ: Այդ զորքերը պետք է ճեղքեին թշնամու բազմաշերտ պաշտպանությունը, և հրամանատարությունը կիրառեց մարտական կարգերի դասավորում` նպատակ ունենալով ավելացնելով խորքից եկող անդադար ճնշումը: Հարձակումը հաջողությամբ էր ընթանում: Հաջողություն ունեցան նաև հարձակողական հրաձգային դիվիզիաներից առանձնացված առաջատար գրոհային գումարտակների գիշերային գործողությունները:

Գդանսկի գործողությունը պլանավորվել էր դասական կերպով. նախօրեին 49-րդ բանակը լեգենդար դարձած 250 կիլոմետրանոց արագ անցում իրականացրեց Վիսլայի վրայով: Բանակային զորքերը ավիացիայի պաշտպանությամբ հարձակվեցին իրականացրին ռազմաճակատի կենտրոնում, և արդյունքում գերմանական բանակի ողջ հյուսիսային խմբավորումը շպրտվեց դեպի ծովը և ոչնչացվեց: Գդանսկը գրավելուց հետո 49-րդ բանակը ռազմական մեքենաներով Օդեր գետի երկայնքով՝ Շտետինից հարավ ընկած շրջանում նման մանյովր իրականացրեց: Ամբողջ պատերազմի ընթացքում առաջին անգամ որպես շտաբի ղեկավար Գինոսյանը ստիպված էր կազմակերպել և իրականացնել ողջ բանակի ռազմական մեքենաների տեղափոխումը, և այդ առաջադրանքը նա գերազանց կատարեց. գեներալ-լեյտենանտի կոչումը ստացավ իրականում հենց դրա համար

Գեներալ-մայոր Հայկ Մարտիրոսյանը ևս, որը Երրորդ Բելառուսական ռազմաճակատի կազմում հրաձգային կորպուսի հրամանատար էր, Քյոնիգսբերգի վրա հարձակման առաջատար դեմքերից էր: Պատերազմի ավարտին գեներալը Լեհաստանում էր` Գդինյայում. երկար ու բովանդակալից կյանք ապրեց՝ հասցնելով աշխատել նաև ի շահ արդեն անկախ Հայաստանի:

Ալեքսանդրապոլում (այժմ ՝ Գյումրի) ծնված և մեծացած Բորիս Վլադիմիրովը հասցրեց մասնակցել քաղաքացիական պատերազմի ընթացքում բանդիտիզմի դեմ պայքարին: Իսկ Հայրենական մեծ պատերազմի ժամանակ, արդեն ունենալով փայլուն ռազմական կրթություն, ավարտել է Թբիլիսիի հետևակային դպրոցը և Ֆրունզեի անվան ռազմական ակադեմիան: Վլադիմիրովը դրսևորեց իրեն որպես դիվիզիայի գերազանց հրամանատար` արժանիորեն ստանալով գեներալ-մայորի կոչում: Պատերազմի վերջին ամիսներին նրա հրամանատարության տակ գտնվող հետևակային դիվիզիան հաջողությամբ հարձակումներ իրականացրեց Արևելյան Պոմերանյան գործողության ընթացքում, ինչպես նաև Քյոնիգսբերգում: Գերմանիայի մայրաքաղաքի վրա հարձակման ժամանակ Վլադիմիրովի հրամանատարության տակ գտնվող դիվիզիան կռվով անցավ ափերից դուրս եկած Օդերը Բեռլինից հյուսիս և արագ առաջ ընթանալով դեպի արևելք` իր ներդրումն ունեցավ ֆաշիստական որջի շրջապատման և գրոհի մեջ:

Հայ ժողովուրդը անգնահատելի դեր ունեցավ ֆաշիզմի դեմ պայքարում՝ պատերազմի սկսվելու մասին լուրերին ի պատասխան ամբողջությամբ համախմբելով ուժերը և ռեսուրսները: Հայկական ՍՍՀ-ից Պաշտպանության ֆոնդին փոխանցվել է ավելի քան 45 միլիոն ռուբլի, Կարմիր բանակի ֆոնդին` մոտ 86 միլիոն, և ավելի քան 76 միլիոն ռուբլի երկու էսկադրիլիաների և երեք տանկային շարասյուների ստեղծման համար:

Եվ, հավանաբար, ամենակարևորը` պատերազմին մասնակցեց ՀԽՍՀ բնակչության մեկ հինգերորդը, և այդ ցուցանիշը ամենաբարձրերից մեկն է ոչ միայն Խորհրդային Միության հանրապետությունների, այլև Երկրորդ աշխարհամարտի այլ մասնակից երկրների շրջանում:

Հայաբնակ Լեռնային Ղարաբաղը մոբիլիզացիայի միանգամայն աննախադեպ օրինակ ցուցաբերեց` 30%: Միայն մեկ փոքր Չարդախլու գյուղի բնակչության կեսը` ավելի քան 1200 մարդ մեկնեց ռազմաճակատ՝ երկրին տալով երկու մարշալ (Հովհաննես Բաղրամյան և Համազասպ Բաբաջանյան), տասից ավելի գեներալ և Խորհրդային Միության յոթ հերոս:

Հավերժ փառք ձեզ:

 

Ռուբեն Գյուլմիսարյան