Այս տարի հոբելյանական տարեթիվ է` Հայրենական մեծ պատերազմի ավարտի և նացիզմի դեմ տարած հաղթանակի 75-ամյակն է: Dalma News-ի խմբագրությունը մի շարք նյութեր է պատրաստել, որոնք նվիրված են այս նշանակալից ամսաթվին:

Բեռլինի ճակատամարտը` Բեռլինի ռազմավարական հարձակողական գործողությունը, դարձավ Հայրենական մեծ պատերազմի վերջին մարտը: Ճակատամարտի մասշտաբների մասին կարելի է դատել միայն մեկ թվով` երկու կողմերից դրան մասնակցում էր ընդհանուր առմամբ երեքուկես միլիոն մարդ, և նրանց թվում քիչ չէին բնիկ հայաստանցիները:

Բեռլինի գրոհը սկսվեց 1945թ. ապրիլի 16-ի առավոտյան ժամը երեքին (տեղական ժամանակով): Այդ ժամին Առաջին բելառուսական և Առաջին ուկրաինական ռազմաճակատների որոշ հատվածներում օդային և հրետանային նախապատրաստություն սկսվեց, իսկ դրանից անմիջապես հետո հարյուր հիսուն լուսարձակների լույսի ներքո սովետական հետևազորը տանկային ստորաբաժանումների աջակցությամբ անցավ հարձակման: Առաջին ուկրաինական ճակատը արագ մանևրեց հարավից և արևմուտքից Բեռլին հասնելու համար, իսկ ապրիլի 25-ին միացավ Առաջին բելառուսական ճակատին Բեռլինի արևմտյան արվարձանների շրջանում. այդպիսով ավարտին հասցվեց թշնամու շրջափակումը:

Խմբավորման ոչնչացումը շարունակվեց արդեն քաղաքի սահմաններում` ապրիլի 29-ին սկսվեցին Ռայխստագի համար մարտերը: Մինչև Երրորդ Ռեյխի գլխավոր շենքի վրա գրոհը 3-րդ հարվածային բանակի ռազմական խորհուրդը դիվիզիաներին 9 Կարմիր դրոշներ հանձնեց, որոնք գրեթե ամբողջությամբ կրկնում էին ԽՍՀՄ պետական դրոշը: Առաջին նման դրոշը բարձրացվեց 1945թ. ապրիլի 30-ին, Մոսկվայի ժամանակով ժամը 22:30-ին «Հաղթանակի աստվածուհի» քանդակի վրա` Ռայխստագի տանիքին, իսկ երկրորդը՝ մի քանի ժամ անց Վիլհելմ կայսեր արձանի վրա:

Ռայխստագի համար մարտերը շարունակվեցին մինչև մայիսի 1-ի առավոտ: Մայիսի 2-ի առավոտյան ժամը վեցն անց կես Բեռլինի պաշտպանության ղեկավար, հրետանու գեներալ Վայդլինգը հանձնվեց և հրամայեց Բեռլինի կայազորին դադարեցնել դիմադրությունը: Նույն օրը ոչնչացվեցին Բեռլինի հարավ-արևելքում գտնվող գերմանական զորքերի շրջափակված խմբավորումները: Մայիսի 9-ին, Մոսկվայի ժամանակով ժամը 0:43-ին գեներալ-ֆելդմարշալ Վիլհելմ Կեյտելը և գերմանական ՌԾՈւ ներկայացուցիչները մարշալ Գեորգի Ժուկովի ներկայությամբ ստորագրեցին Գերմանիայի անվերապահ կապիտուլացիայի ակտը:

Գուցե որևէ մեկը մեկ օր կստանձնի վիթխարի այդ աշխատանքը` հիշատակել Բեռլինի գրոհին մասնակցած բոլոր հայերի և հայաստանաբնակ այլ ազգությունների ներկայացուցիչների անունները և ներառել դրանք մեկ ամբողջական ցուցակում: Հազարավոր անուններ են հայտնի, սակայն, ցավոք, քիչ չեն և անհայտ անունները: Յուրաքանչյուրի հիշատակման համար հսկայական հատոր կպահանջվի, գուցե ոչ միայն մեկը:

Բեռլինի ուղղությամբ հարձակողական և փողոցային մարտերում Շպրե գետի ջրանցքներից մեկի անցման վայրում հերոսաբար մահացան գվարդիայի տանկային գումարտակի հրամանատարի տեղակալ, կապիտան Արմենակ Հովհաննիսյանը, տանկային գնդի մեխանիկ-վարորդ, ավագ սերժանտ Ռոբերտ Հակոբյանը և T-34 տանկի մեխանիկ-վարորդ, ավագ սերժանտ Գեղամ Չաուշյանը: Բոլոր երեքին հետմահու շնորհվել է Խորհրդային Միության հերոսի կոչում:

Ֆաշիստական Գերմանիայի վերջնական ջախջախման համար մղվող մարտերում հարյուրավոր հայ ռազմական օդաչուներ են մարտնչել օդային բանակի շարքերում: Հեռահար ավիացիայի օդաչուների թվում բավականին հայտնի և հարգված էին ռմբակոծիչ գնդի էսկադրիլիայի հրամանատար, Սովետական Միության հերոս մայոր Գոգա Աղամիրովը, ավիագնդի էսկադրիլիայի հրամանատար, մայոր Սուրեն Ղազարովը, ավիացիայի օղակի ղեկապետ (շտուրման), լեյտենանտ Ալեքսանդր Ռուստամյանը, ռմբակոծիչի հրամանատար, ավագ լեյտենանտ Ավագ Մանուչարովը: Նրանք և շատ ուրիշներ պարգևատրվեցին Կարմիր դրոշի և Ալեքսանդր Նևսկու շքանշաններով:

Իհարկե, ֆաշիստական Գերմանիայի ջախջախման և հատկապես Բեռլինը գրավելու համար մղվող մարտերում անգնահատելի է Առաջին բելառուսական ռազմաճակատի հետևակային դիվիզիայի` Կարմիր աստղ շքանշանով պարգևատրված 89-րդ Հայկական հրաձգային դիվիզիայի սխրանքը: 1945թ. հունվարի 30-ից մայիսի 2-ը դիվիզիայի զորամասերը մարտնչում էին Գերմանիայի տարածքում, փետրվարի 16-ից ապրիլի 16-ը` երկու ամիս դիվիզիան պաշտպանություն էր իրականացնում Ֆրանկֆուրտի շրջանում` Օդեր գետի արևմտյան ափին գտնվող պլացդարմում: Դիզիզիայի կողմից պահվող պլացդարմը ձգվում էր 2.5 կմ ճակատի երկայնքով և 700-800մ խորությամբ: Պլացդարմի աջ թևի դիվիզիայի կազմը ստիպված էր անընդհատ գտնվել ճահճաջրի մեջ` համազգեստները չորացնելու հնարավորություն անգամ չունենալով: Երկու ամսում դիվիզիան հակահարված տվեց հակառակորդի երկու տասնյակ կատաղի հակագրոհներին և երկու համընդհանուր հարձակողական գործողություններին:

1945թ. ապրիլի 16-ին՝ հրետանային հզոր նախապատրաստումից հետո, 89-րդ Թամանյան դիվիզիան այլ կազմավորումների հետ միասին անցավ հարձակողական գործողությունների և ապրիլի 23-ին գրավեց Օդերի Ֆրանկֆուրտ քաղաքը: Գերագույն գլխավոր հրամանատարի հրամանով հատուկ երախտագիտություն են հայտնել 370-րդ, 283-րդ և 89-րդ հրաձգային դիվիզիաների անձնակազմներին և նրանց պատվին Մոսկվայում 224 հրանոթներից 20 հրետանային համազարկ է տրվել: Շարունակելով հետապնդումները՝ Թամանյան դիվիզիան սրընթաց հասավ մինչև Բեռլին և ապրիլի 29-ին մասնակցեց վճռական գրոհին

Եվ ահա, եկավ այն պահը, երբ հայկական հայտնի «Քոչարին», որ պարել են հայկական Թամանյան դիվիզիայի մարտիկները Ռայխստագի պատերի մոտ 1945թ. մայիսի հաղթական օրը, գրվեց պատմության էջերում: Իսկ հաղթողների պարը առաջինը սկսեց դիվիզիայի լեգենդար հրամանատար, գեներալ-մայոր Նվեր Սաֆարյանը:

Հայրենական մեծ պատերազմը Սաֆարյանը դիմավորեց Արևմտյան Ուկրաինայում` Իվանո-Ֆրանկովսկի շրջանում` առաջին իսկ օրերից գնդի հետ հայտնվելով ամենաթեժ կետերում։ Օգոստոսի սկզբի օրերին գերի ընկավ, սակայն նրան չհասցրին ձևակերպել որպես ռազմագերի և ուղարկել հեռավոր համակենտրոնացման ճամբար։ Սաֆարյանի բախտը բերեց` մի քանի օր անց նա և մյուս գերիները ազատվեցին սովետական զորքերի հազվադեպ հակահարվածի արդյունքում։

89-րդ հրաձգային դիվիզիաների հրամանատար Նվեր Սաֆարյանը

Այնուհետև մարտեր տեղի ունեցան Ուկրաինայի, Կովկասի ու Ղրիմի, Լեհաստանի ազատագրման համար. հայ մարտիկերը ստացան լեհական երեք պարգևներ։ Սովետական զորքերը վերջապես մտան Գերմանիա։

Այդ ժամանակ Նվեր Սաֆարյանն արդեն գեներալ-մայոր էր, և մեծ պատիվ, ինչպես նաև պատասխանատվություն էր նրան վստահված 89-րդ հրաձգային դիվիզիայի հրամանատարությունը: Զինակիցները, որոնք մարտնչել են Սաֆարյանի ղեկավարությամբ, հիշում են նրան որպես սառնասիրտ հրամանատարի, որը ցանկացած իրավիճակում գլուխը չէր կորցնում: Միայն ամենաբարդ և վտանգավոր պահերին իր հուզմունքը և հոգեբանական լարվածությունը արտահայտում էր հայերեն հրամաններ տալով: Արագ սթափվում էր և սկսում թարգմանել իր հրամանները:

1945 թվականին 89-րդ հրաձգային դիվիզիան արդեն պաշտոնապես սկսեցին անվանել «Եռակի շքանշանակիր հայկական Թամանյան» դիվիզիա: Այն դարձավ ազգային կազմավորումներից միակը, որը մասնակցեց Բեռլինի գրոհին: Դիվիզիան ստացել էր հատուկ կարևորության առաջադրանք` կոտրել Հումբոլդտ-Հայն կենտրոնական Բեռլինի շրջանում հաստատված ուժեղացված գերմանական կայազորի դիմադրությունը։ Կայազորը ջախջախվեց, իսկ դիվիզիան պարգևատրվեց Կուտուզովի 2-րդ աստիճանի շքանշանով։ Այնտեղ` Բեռլինում էլ ավարտեց դիվիզիայի` երեք սարսափելի տարի տևած ուղին։

Պատմության մեջ չի պահպանվել այն անձի անունը, որը առաջինը Սաֆարյանին անվանեց «Հաղթանակի գեներալ». գուցե մարտական ընկերը կամ ռազմական թղթակիցն է եղել` տպավորված այն վճռականությամբ, որով Նվեր Սաֆարյանի հրամանատարության տակ գտնվող դիվիզիան անցավ ամբողջ պատերազմի միջով և ընկած Ռայխստագի պատերի մոտ ինքնամոռաց պարեց հաղթական «քոչարին»:

Ռուբեն Գյուլմիսարյան 

 

Կարդացեք նաև.

Մեկ քայլ մինչև Ռայխստագը. հայ մարտիկները Արևելյան Պոմերանիայի և Քյոնիգսբերգի համար մարտերում

«Երիտասարդ գվարդիայի» հայերը. Կրասնոդոնի պատանիների ու աղջիկների անմահ սխրագործությունները

Հայերի ներդրումը Լեհաստանը ֆաշիստներից ազատագրելու գործում