Ուղիղ մեկ ամիս է անցել այն օրից, երբ Լեռնային Ղարաբաղի հայ բնակչությունը ստիպված եղավ ընդամենը մի քանի օրում լքել իր տունը, հայրենիքը։ Ավելի քան 100 հազար արցախցիներ հապճեպ լքել են հայրենիքը՝ ոչինչ չվերցնելով իրենց հետ, քանի որ ցեղասպանության սպառնալիքը «դամոկլյան սրի» պես կախված է եղել նրանց գլխին։
Մեկ ամիս անց արցախցիները շարունակում են ընտելանալ նոր կյանքին, նոր իրողություններին։ Եզակիները տուն ունեն այստեղ, որտեղ կարողացել են բնակություն հաստատել տեղափոխվելուց հետո, իսկ մնացածը հույսը դնում են ՀՀ կառավարության, բարեգործական կազմակերպությունների և հասարակ քաղաքացիների օգնության վրա, ովքեր այս օրերին նախաձեռնել են հագուստի, սննդի և արցախցիներին անհրաժեշտ ապրանքների հավաքագրում։
Ինչ, որքան և ում. պետական ծրագրեր արցախցիների համար
Նախ, Հայաստանի կառավարությունը հայտարարեց, որ 100,000-ական դրամ կտրամադրի Լեռնային Ղարաբաղից բոլոր բռնի տեղահանվածներին (անկախ տարիքից): Այնուհետև հայտնի դարձավ, որ մեկնարկում է նոյեմբեր և դեկտեմբեր ամիսներին կացարանի և կոմունալ ծախսերի վճարման համար մեկ անձին 40,000 +10,000 դրամ հատկացնելու ծրագիր։ Այս ծրագիրը գործելու է վեց ամիս։
«Նոյեմբեր և դեկտեմբեր ամիսներին բռնի տեղահանվածներից յուրաքանչյուրին, կացարանի և կոմունալ ծախսերի համար հատկացվող գումարից բացի, պետբյուջեից կհատկացվի 50,000-ական դրամ։ Բացառություն կկազմեն այն անձինք և նրանց ընտանիքների անդամները, որոնց բանկային հաշվի մնացորդները գերազանցում են որոշակի շեմը, ինչպես նաև տեղահանված անձինք, որոնք բնակվում են կառավարության կողմից տրամադրվող կացարաններում: Արցախի բնակիչների կեցության աջակցության երկարաժամկետ ծրագրերը առավելագույնս կհամակարգվեն Հայաստանի քաղաքացիների համար նախատեսված նմանատիպ ծրագրերի հետ»,- հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Նա նաև վստահեցրել է, որ կառավարությունը կաջակցի արցախցիներին աշխատանքի տեղավորման հարցում։
Հատկապես ցանկանում ենք ընդգծել տեղերում մարզային իշխանությունների աշխատանքը, որոնք, անկախ կառավարության որոշումից, չսպասելով բյուջետային միջոցների հատկացմանը, սեփական ուժերով և Հայաստանի ու Սփյուռքի համախոհների օգնությամբ օգնում են անօթևան և առանց անցյալի մնացած հազարավոր արցախցիներին գտնել իրենց ներկան ու ապագան Հայաստանում։ Օրինակ, Մասիս քաղաքի քաղաքապետ Դավիթ Համբարձումյանի ջանքերով Մասիսն այսօր կոչվում է «փոքր Ստեփանակերտ». այստեղ արցախցիներին առանձնահատուկ ջերմությամբ են ընդունել, և ամբողջ քաղաքը փորձում է օգնել լուծելու նրանց խնդիրները։ Մոտավոր տվյալներով Մասիսում ներկայումս բնակվում է մոտ 12,000 -13,000 մարդ։
Ռուսաստանն ու ռուսական կապիտալը արցախցիների համար
Մինչ պետությունը հաշվում էր գանձարանում եղած գումարները՝ փորձելով հասկանալ, թե բյուջետային որքան միջոցներ են հատկացվելու յուրաքանչյուր բռնի տեղահանվածին, ռուսական կապիտալով հայկական խոշոր ընկերությունները և այլ ընկերություններ ձեռքերը ծալած չէին նստել։
Այսպես, հոկտեմբերի սկզբին ռուսական հումանիտար առաքելությունը Լեռնային Ղարաբաղից տեղահանվածների համար Հայաստան է հասցրել 6 տոննա պարեն։
Ռուս-հայկական մարդասիրական արձագանքման կենտրոնը հոկտեմբերի 20-ին մահճակալներ և տաք ծածկոցներ է հասցրել Սևան և Գավառ քաղաքների քաղաքապետարաններին։ Մասնավորապես, ավելի քան 1,5 տոննա մարդասիրական օգնությունը կօգնի տեղական իշխանություններին ժամանակավոր տեղաբաշխման կենտրոններ կազմակերպել Լեռնային Ղարաբաղի տարածքից բռնի տեղահանվածների համար։ Նշվում է, որ տաք քնելու վայրերի կազմակերպման համար անհրաժեշտ գույքը շուտով կառաքվի նաև Հայաստանի այլ մարզեր։
«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի՝ Լեռնային Ղարաբաղից տեղահանված հայրենակիցներին աջակցության ծրագրի շրջանակներում 600 ընտանիք (ավելի քան 3,200 արցախցի) արդեն փոխհատուցում է ստացել կացարանի վարձակալության և կոմունալ ծառայությունների համար։ Ինչպես հայտնել են ընկերությունում, փոխհատուցումը տրվել է 6 ամիս ժամկետով, առաջին հերթին մեծ և բազմազավակ ընտանիքներին։
Բացի այդ, նույն ծրագրի շրջանակներում «Գազպրոմ Արմենիա»-ն արագ վերականգնեց ենթակառուցվածքները և վերսկսեց ընկերության հաշվեկշռում գտնվող «Կարին» հանգստյան տան շահագործումը, որտեղ տեղահանված 45 ընտանիքի համար ապահովվեցին լրացուցիչ կացարաններ և անհրաժեշտ կենսապայմաններ։ Այստեղ բնակվող ընտանիքների համար նախատեսված է երեքանգամյա սնունդ հանգստյան տան ճաշասենյակում, բոլոր սենյակներն ապահովված են ջեռուցմամբ և տաք ջրով, սենյակներում կան կահույք, սառնարաններ և հեռուստացույցներ։
Հոկտեմբերի 1-ից «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերությունը Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված հայրենակիցներին տեղական հաղորդակցության էլեկտրագնացքներով ամենօրյա անվճար երթևեկության իրավունք է տրամադրում։ Գնացքից օգտվելու համար պետք է գնացքի ուղեկցորդին ներկայացնել անձնագիրը։
Ելիզավետա Գլինկայի անվան «Բժիշկ Լիզա» բարեգործական հիմնադրամը Հայաստան է ուղարկել 10 տոննա մարդասիրական օգնություն՝ մանկական սնունդ, առաջին անհրաժեշտության ապրանքներ, տաք հագուստ, անկողնային պարագաներ, էլեկտրական տաքացուցիչներ։ Ռուսաստանի հայկական սփյուռքի կազմակերպությունները 500 արցախցիների ապահովել են ամենօրյա սնունդով։ Աշխատանքները շարունակվում են նաև Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության կողմից՝ ՌԴ արտակարգ իրավիճակների նախարարության ավիացիայի միջոցով մեծ քանակությամբ պարենային ապրանքների առաքմամբ։
Նշենք, որ վերջին տվյալներով՝ Լեռնային Ղարաբաղից Հայաստան է ժամանել 100,632 մարդ։ Նրանց մեծ մասը բնակություն է հաստատել մարզերում՝ Սյունիքում, Գեղարքունիքում, Շիրակում և այլն։ Անցյալ հինգշաբթի Նիկոլ Փաշինյանը նշեց, որ 3,000 արցախցի լքել է Հայաստանը և ընդգծեց, որ երկրի կառավարությունն ամեն բան կանի, որպեսզի արցախցիները մնան հանրապետությունում։
Լինա Մակարյան