Գավառում գործող «Ռուսաց լեզվի և մշակույթի» կենտրոնի սաներն այցելել են Վարդգես Պետրոսյանի անվան Գեղարքունիքի մարզային գրադարան, ինչպես նաև Գավառի երկրագիտական թանգարան։ 

Այցելության ընթացքում գրադրանում աշակերտների համար ռուսաց լեզվով շրջայց կազմակերպվեց։ Այն վարում էր գրադարանի ընթերցող Ջուլիա Բունոյանը, ով «Ռուսաց լեզվի և մշակույթի» կենտրոնների սաներին ողջունեց Եսենինի «Чёрный человек» ստեղծագործության գեղեցիկ ասմունքով։ Կենտրոնի աշակերտներին իր անզուգական երաժշտական կատարմամբ ողջունեց նաև գրադարանի կրտսեր ընթերցող Սամվել Խաչատրյանը։

«Ռուսաց լեզվի և մշակույթի» կենտրոնը Վարդգես Պետրոսյանի անվան Գեղարքունիքի մարզային գրադարանի տնօրեն Մարիամ Համբարձումյանի կողմից գրքեր նվեր ստացավ։

«Ռուսաց լեզվի և մշակույթի» կենտրոնի աշակերտները շրջեցին նաև Գավառի երկրագիտական թանգարանի բոլոր սրահներով, ծանոթացան ստեղծման պատմությանն ու բոլոր ցուցադրված նմուշներին, որոնք արտացոլում են Գեղարքունիքի պատմությունը հին ժամանակներից մինչև այսօր։ Հավաքածուն ներառում է հնագիտական և էթնոգրաֆիկ/ազգագրական ցուցանմուշներ, պատմական ձեռագրեր, լուսանկարներ, գորգեր, գյուղատնտեսական գործիքներ ու շատ այլ իրեր։ Թանգարանում կան նաև առարկաներ, որոնք ժամանակին պատկանել են անհատներին, ընտանիքներին ու բարերարներին, որոնք իրենց նպաստն են բերել Գավառ քաղաքի կայացմանն ու զարգացմանը։

Dalma News-ը հիշեցնում է, որ Ռուսաց լեզվի և մշակույթի կենտրոնի բացումը նպատակ ունի երեխաներին ոչ միայն անվճար սովորեցնելու ռուսաց լեզուն, այլև նրանց ծանոթացնել հայ-ռուսական ընդհանուր պատմությանը, մշակույթին և ժառանգությանը։

Նշենք, որ Կենտրոններց յուրաքանչյուրն ունի իր անվանումը՝«Տիեզերք», «Գրականություն» և «Արվեստ», որոնք կորոշեն սաների ակտիվության, ինչպես նաև գործունեության ուղղությունը։

Երեխաների ուսումնական ծրագիրը հարուստ է՝ ներառյալ լեզվի ուսուցում, ընթերցանություն, հանդիպումներ փորձագետների հետ, էքսկուրսիաներ, ինչպես նաև ֆիլմերի և մուլտֆիլմերի դիտումներ, քննարկումներ։ Նախաձեռնությունը կարևոր է փոքր գյուղերի համար։ Ապագայում նախատեսվում է կենտրոնների գործունեության ընդլայնում։