Մարտի 20-ին Մոսկվայում Հայաստանի և Ռուսաստանի արտաքին գործերի նախարարներ Արարատ Միրզոյանի և Սերգեյ Լավրովի հանդիպումը սկսվել է առանձնազրույցով, այնուհետև շարունակվել երկու պատվիրակությունների մասնակցությամբ՝ ընդլայնված ձևաչափով։ ՀՀ և ՌԴ արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները քննարկել են հայ-ռուսական դաշնակցային հարաբերությունների և քաղաքական երկխոսության օրակարգային հարցերի լայն շրջանակ։ Անդրադարձ է եղել նաև միջազգային կազմակերպությունների շրջանակներում համագործակցության հարցերին և հանգամանալից քննարկվել են տարածաշրջանային կայունության և անվտանգության հարցեր։

Ինչպես նշվում է ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայության հաղորդագրությունում, նախարար Միրզոյանն ընդգծել է, որ «Լեռնային Ղարաբաղի և Հայաստանի ինքնիշխան տարածքի նկատմամբ Ադրբեջանի ագրեսիվ քաղաքականությունը, ինչպես նաև ամենաբարձր մակարդակով հնչող հռետորաբանությունը ուղղված են սրելու իրավիճակը տարածաշրջանում և հող նախապատրաստելու նոր ագրեսիայի համար։ Այս համատեքստում ընդգծվել է նման պահվածքը դատապարտելու, ուժի և ուժի սպառնալիքի կիրառումից խուսափելու և եռակողմ հայտարարություններով ստանձնած բոլոր պարտավորությունների կատարման հրամայականը։ Միաժամանակ երկուստեք ընդգծվել է Լաչինի միջանցքի ռեժիմի վերականգնման անհրաժեշտությունը՝ 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության դրույթներին համապատասխան։

Բացի այդ, ՀՀ արտգործնախարարն ընդգծել է Լեռնային Ղարաբաղում ռուսական խաղաղապահ ուժերի արդյունավետ գործողության անհրաժեշտությունը՝ ադրբեջանական կողմի սադրանքները կանխելու, խաղաղապահների պատասխանատվության գոտում հրադադարի պահպանման և Լեռնային Ղարաբաղում անվտանգությունն ապահովելու նպատակով։

Արարատ Միրզոյանը կարևորել է  նաև Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի վարած էթնիկ զտումների քաղաքականությունը կանխելու համար միջազգային համապատասխան գործիքակազմի կիրառումն ու Լեռնային Ղարաբաղ միջազգային փաստահավաք առաքելության ուղարկումը։ Անդրադարձ է կատարվել Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացի վերջին զարգացումներին»։

Իր հերթին Սերգեյ Լավրովը նշել է, որ առաջնահերթ խնդիրներից է Լաչինի միջանցքի և ընդհանրապես Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված իրավիճակի կարգավորումը։

«Մենք կասկած չունենք, որ Ադրբեջանի, Հայաստանի և Ռուսաստանի ղեկավարների եռակողմ հայտարարությունը մնում է բոլոր որոշումների իրականացման բանալին՝ ելնելով իրավիճակի կայունացում ապահովելու անհրաժեշտությունից թե՛ տնտեսական, թե՛ ռազմաքաղաքական, թե՛ միջազգային-իրավական ոլորտներում։ Պատրաստ կլինենք, ինչպես նշված է եռակողմ հայտարարություններում, ցանկացած հնարավոր աջակցություն ցուցաբերել տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակման, հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման և խաղաղության պայմանագրի չափանիշները համաձայնեցնելու հարցում», – հայտարարել է ՌԴ ԱԳ նախարարը՝ միևնույն ժամանակ ընդգծելով երկրների ղեկավարների միջև շարունակվող ինտենսիվ քաղաքական երկխոսության կարևորությունը, այդ թվում՝ ԵԱՏՄ, ՀԱՊԿ և ԱՊՀ շրջանակներում անցկացվող միջոցառումներում։

Հանդիպման վերջում կայացել է Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի և ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի համատեղ մամուլի ասուլիսը, որի ժամանակ նրանք պատասխանել են լրագրողների հարցերին։ Մասնավորապես, կրկին անդրադարձ է կատարվել Լաչինի միջանցքին, որի շուրջ իրավիճակի կարգավորումը, Լավրովի խոսքով, առաջնահերթ խնդիրներից է։

Իր հերթին Միրզոյանն ընդգծել է, որ այսօրվա դրությամբ չկա 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության որևէ կետ, որը Ադրբեջանը չի խախտել՝ հրադադարի ռեժիմի պարբերաբար խախտում, Հայաստանի Հանրապետության տարածքների օկուպացիա, Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակում, ապօրինի պահվող հայ գերիներ, տարածաշրջանային հաղորդակցությունների բացման և Ադրբեջանի վերահսկողության տակ գտնվող տարածքներ հայերի վերադարձի խոչընդոտում:

Ավելին, Ադրբեջանը տորպեդահարում է տարածաշրջանում խաղաղություն հաստատելու ջանքերը՝ շարունակելով սադրանքները։ Նրա խոսքով, տարածաշրջանում իրավիճակը էլ ավելի է սրվում ամենաբարձր մակարդակով Ադրբեջանի ագրեսիվ հռետորաբանությամբ և շարունակվող ռազմական սադրանքներով ոչ միայն Լեռնային Ղարաբաղի, այլ նաև Հայաստանի ինքնիշխան տարածքի դեմ։

Այս կապակցությամբ նա ընդգծել է Հայաստանի դաշնակիցների և գործընկերների կողմից ակտիվ քայլեր ձեռնարկելու անհրաժեշտությունը, որպեսզի Ադրբեջանը կատարի իր պարտավորությունները և դադարեցնի միջազգային իրավունքի բոլոր սկզբունքների խախտմամբ ուժի կամ ուժի սպառնալիքի կիրառման պրակտիկան։

Դիվանագիտական ​​արտահայտությունների փայլուն ոճաբանության հետևում կարելի էր տեսնել ահռելի աշխատանք, որը մշտապես իրականացվում է մեր երկրների միջև ամենաբարձր մակարդակով։ Այդ իսկ պատճառով ուշադրության կենտրոնում հայտնվեց նաև Արևմուտքի «դիվանագիտական ​​արշավանքի» հարցը Հարավային Կովկասում։ Ռուս նախարարի խոսքով՝ ոչ թե պարզախես ցանկանում են վարկաբեկել Ռուսաստանի Դաշնությունը, այլ այդ մասին բացահայտ խոսում են ԱՄՆ-ը, ԵՄ-ն ու ՆԱՏՕ-ն։

«Մեծ հաշվով նրանք փորձում են տապալել եռակողմ համաձայնությունները, վերահսկել գործընթացը՝ խարխլելով առանցքային սկզբունքները, որոնք նախատեսում են ՌԴ մասնակցությունը հաղորդակցությունների ապաշրջափակման, սահմանի սահմանազատման, խաղաղության պայմանագրի ստորագրմանը դյուրացնելու հարցերում»,- նշել է նա՝ ընդգծելով, որ այժմ չի տեսնում Արևմուտքի հետ Հարավային Կովկասի, ինչպես նաև միջազգային տարածաշրջանային օրակարգի բազմաթիվ այլ հարցերի շուրջ ցանկացած տեսակի երկխոսություն զարգացնելու հնարավորություն կամ անհրաժեշտություն։

Լրագրողները չէին կարող չհետաքրքրվել նաև, թե ինչով է պայմանավորված պաշտոնական Երևանի՝ սահմանամերձ շրջաններում ՀԱՊԿ առաքելություն տեղակայումից հրաժարումը։ Հարցին ի պատասխան՝ Միրզոյանը բառացիորեն նշել է հետևյալը. «Ինչ վերաբերում է ՀԱՊԿ առաքելության վերաբերյալ Ձեր հարցին, ապա, հավանաբար, հարցը կամ հարցի ձևակերպումը, թերևս, ճիշտ չէ, քանի որ Հայաստանը երբեք չի հրաժարվել նման առաքելությունից։ Ավելին, նման որոշման նախագիծը սեղանին է և այս նախագծի շուրջ աշխատանքները շարունակվում են։ Հիշեցնեմ, որ այստեղ մեզ համար առանցքայինն  այն էր, որ մեր տպավորությամբ ՀԱՊԿ-ն անուղղակիորեն կարծես ինքը չի ճանաչել ՀԱՊԿ պատասխանատվության հստակ գոտին: Մեր տեսանկյունից դա ինչ-որ չափով խնդրահարույց էր։ Բայց կրկնում եմ, որոշման նախագիծը դրված է սեղանին, աշխատանքները շարունակվում են»։

Ասուլիսի ավարտին Սերգեյ Լավրովը նշել է, որ ընթացիկ հանդիպմանը քննարկվել է նաև եռակողմ հանդիպման թեման։ Հայկական կողմը հաստատել է Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարների եռակողմ հանդիպում անցկացնելու պատրաստակամությունը։ «Կարծում եմ՝ մոտ ապագայում կտեսնենք, թե ինչ ժամկետներ են հարմար երեք նախարարներին», – նշել է Լավրովը։

Նատելլա Օհանյան