Արենիում գործող «Ռուսաց լեզվի և մշակույթի» կենտրոնի սաներն այցելել են Եղեգնաձորի երկրագիտական թանգարան, որը հանդիսանում է Վայոց ձորի մարզի կարևորագույն մշակութային ու գիտակրթական օջախներից մեկը:

Կենտրոնի աշակերտները ծանոթացան թանգարանի սրահներում ներկայացված մոտավորապես 12.000 նմուշների հետ՝ քարե դարին պատկանող օբսիդիանից գործիքներ, մ․թ․ա 3- 2-րդ դարերին պատկանող սև և կարմիր խեցեգործ իրեր, ուրարտական շրջանի բրոնզե գոտիներ, Եղեգիսի 13-րդ դարի հրեական գերեզմանատնից բերված նմուշներ: Հատկապես տպավորիչ էր 14-րդ դարի ճարտարապետ Մոմիկի խաչքարը: Այս խաչքարը նրան վերագրվող երեք խաչքարերից մեկն է:

«Ռուսաց լեզվի և մշակույթի» Արենիի կենտրոնի սաներն իրենց հետաքրքրող հարցերն ուղղեցին, որոնց պատասխանները ևս տպավորիչ էին նրանց համար։ Շրջայցի ընթացքում երեխաները նկատեցին իրեր, որոնք իրենց արդեն ծանոթ էին, քանզի տեսել էին իրենց տատիկների ու պապիկների տներում։ Այսպիսով յուրօրինակ երկխոսություն ձևավորվեց կենտրոնի սաների և թանգարանի աշխատակցի միջև։

Այցելության ավարտին սաները սունկ հավաքեցին, լուսանկարվեցին հողաշեն տների ֆոնին։

Dalma News-ը հիշեցնում է, որ Ռուսաց լեզվի և մշակույթի կենտրոնի բացումը նպատակ ունի երեխաներին ոչ միայն անվճար սովորեցնելու ռուսաց լեզուն, այլև նրանց ծանոթացնել հայ-ռուսական ընդհանուր պատմությանը, մշակույթին և ժառանգությանը։

Նշենք, որ Կենտրոններց յուրաքանչյուրն ունի իր անվանումը՝«Տիեզերք», «Գրականություն» և «Արվեստ», որոնք կորոշեն սաների ակտիվության, ինչպես նաև գործունեության ուղղությունը։

Երեխաների ուսումնական ծրագիրը հարուստ է՝ ներառյալ լեզվի ուսուցում, ընթերցանություն, հանդիպումներ փորձագետների հետ, էքսկուրսիաներ, ինչպես նաև ֆիլմերի և մուլտֆիլմերի դիտումներ, քննարկումներ։ Նախաձեռնությունը կարևոր է փոքր գյուղերի համար։ Ապագայում նախատեսվում է կենտրոնների գործունեության ընդլայնում։