Կարեւորելով տուրիզմի ոլորտի տնտեսական նշանակությունը, ինչպես նաեւ միջսահմանային համագործակցությունը՝ ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսը նախօրեին մասնակցել է Հայ և թուրք տուրօպերատորների ցանցի (TATON) հանդիպմանը: Այդ մասին հայտնում է ՀՀ-ում ԱՄՆ-ի դեսպանատան կայքը:

Հայ և թուրք տուրօպերատորների ցանցն իր անդամների հետ փորձում է հաղթահարել միջսահմանային համագործակցության դժվարին խնդիրը: «Համագործակցության ամենաարդյունավետ խթաններից մեկը ընդհանուր բիզնես շահերն են: Հայաստանի և Թուրքիայի համայնքներում բիզնեսը եւ բիզնես շահերն առաջ մղելու այս ասոցիացիայի նպատակը շատ գովելի է»,-նշել է Միլզը:

Հայ և թուրք տուրօպերատորներն արդեն իսկ առաջարկում են միջսահմանային շրջագայություններ: Հայ տուրօպերատորները փորձում են ընդլայնել եղած հնարավորությունները՝ առաջարկելով շրջագայություններ մեկից ավելի երկրներ: Չնայած տուրօպերատորների ցանցը գործում է սոցցանցի միջոցով, պարբերական դեմ առ դեմ հանդիպումները հնարավորություն են տալիս երկու երկրների տուրօպերատորներին կիսել մտահոգությունները եւ համաձայնեցնել միասնական ճամփորդական առաջարկները:

«Տուրիզմը կարեւոր է տնտեսական զարգացման համար: Համայնքների միջեւ համագործակցությունը տնտեսական ոլորտում ընդլայնում է մտահորիզոնը եւ օգուտներ ապահովում բոլորի համար: Միջսահմանային տուրիզմը ընդգծում է ինչպես համայնքների ընդհանրություններն, այնպես էլ տարբերությունները: Հայաստանն ու Թուրքիան ունեն ավելի շատ ընդհանրություններ, քան կարելի է պատկերացնել՝ միջավայր, պատմություն, մշակույթի տարբեր ոլորտներ»,-նշել է դեսպանը: