Երեք օր շարունակ երևանցիները և մայրաքաղաքի հյուրերը ճաշակում և վայելում էին ուտեստներ ու խմիչքներ՝ ինչպես տեղական, այնպես էլ արտասահմանյան: Յուրաքանչյուր ոք կարող էր դառնալ համտեսով՝ այցելելով հերթական, թվով 19-րդ «FOOD & DRINKS EXPO 2019» մասնագիտացված ցուցահանդեսը:

Այս տարի առաջին անգամ ցուցահանդեսը դուրս է եկել «Արմենիա EXPO» միջազգային ցուցահանդեսային ֆորումի շրջանակներից, և առաջին իսկ օրվա աժիոտաժը համոզեց կազմակերպիչներին, որ կայացրած որոշումը ճիշտ էր. դահլիճում ասեղ գցելու տեղ չկար: Իսկ «Logos EXPO» ընկերության գլխավոր տնօրեն Սուրեն Նազինյանի խոսքերով, նախորդ տարվա համեմատ,մասնակիցների թիվն աճել է մոտ 20%-ով: Ընդհանուր առմամբ, ավելի քան 80 ընկերություններ, ասոցիացիաներ, միություններ և կազմակերպություններ ցանկություն հայտնեցին ներկայացնելու իրենց արտադրանքը: Dalma News-ի թղթակիցը զրուցեց մի շարք մասնակիցների հետ, լսեց այցելուների կարծիքները:

Ցուցահանդեսն ունի «միջազգային» կարգավիճակ, ինչն ապացուցում է Ռուսաստանի, Իրանի, Բելառուսի ընկերությունների ներկայությունը, ինչպես նաև այդ երկրների դիվանագիտական և առևտրային ներկայացուցչությունների կողմից ցուցաբերված հատուկ ուշադրությունը: Բացման արարողության ընթացքում մասնակիցներին ողջունեցին Հայաստանում Բելառուսի Հանրապետության դեսպան Իգոր Նազարուկը և Հայաստանում Ռուսաստանի Դաշնության առևտրական ներկայացուցիչ Անդրեյ Բաբկոն: Պարոն Նազարուկը մաղթեց գործարարներին, որ նրանք գտնեն և ամրապնդեն իրենց առևտրային կապերը` առաջարկելով բոլոր ներկաներին այցելել «АР-БЕ» հայ-բելառուսական առևտրի տան ցուցադրությունը: Պարոն Բաբկոն շնորհավորեց բոլոր ներկաներին և հայտարարեցին, որ պատրաստ են աջակցություն ցուցաբերել սննդամթերքի հայ արտադրողներին.

«Ես կարող եմ միանշանակ ասել, որ Հայաստանում արտադրված սնունդը, խմիչքները մեծ պահանջարկ ունեն ռուսական շուկայում: Հետևաբար, նրանց համար, ովքեր դեռևս չեն մտել ռուսական շուկա, մենք կարող ենք առաջարկել շուկա մտնելու մեր ծառայությունները, մասնավորապես՝ Մոսկվայում, Մոսկվայի շրջանում և Ռուսաստանի մարզերում կառավարության հովանու ներքո անցկացվող տարբեր տոնավաճառներում մասնակցության միջոցով: Այսպիսով, դուք սկզբում կարող եք փորձել ձեզ մեր շուկայում, և ապա միայն լուծել մշտական ներկայության խնդիրը»:

Ցուցահանդեսների երկու դահլիճներով շրջելով՝ դիվանագիտական ներկայացուցիչները հետաքրքրություն էին ցուցաբերում թե՛ ներքին, թե՛ արտասահմանյան ապրանքների նկատմամբ. նրանք ուշադրությամբ լսում էին արտադրողներին, համտեսում նմուշներ և փոխանակում կարծիքներ: Արտադրողները չէին ամաչում. նրանք ակտիվորեն ներկայացնում էին իրենց նվաճումները: Բարեբախտաբար, այս անգամ շատ էր բարձրորակ և կարևորը` յուրահատուկ արտադրանքը: Բացառիկ տեսականի էին ներկայացրել ոչ միայն կայացած ընկերությունները, այլև սննդամթերքի շուկայում բոլորովին նոր խաղացողները:

Նրանցից մեկը, Rapeseed ՓԲԸ-ն, արդեն 9-րդ տարին անընդմեջ արտադրում է ցանկացած ճաշակի բուսական յուղ՝ արևածաղկից մինչև կտավատ և կանճրակ, զտված և չզտված: «Ոսկե կաթիլ» մակնշմամբ շշերը հազվադեպ են հանդիպում թե՛ Երևանում, թե՛ մարզերում: «Հոգ չէ: Մեր առաջին կանոնն է` երբեք չհանձնվել: Մեր երկրորդ կանոնն է` երբեք չմոռանալ առաջին կանոնը: Հետևաբար, այս փուլում մենք արդեն լուծում ենք փաստաթղթերի հետ կապված բոլոր խնդիրները, որոնք թույլ կտան պայմանագրեր կնքել մայրաքաղաքի խոշոր խանութների ցանցերի հետ: Եվ շատ շուտով մեր արտադրանքը կհայտնվի Երևանի առևտրային կետերում»,- պարզաբանում է ընկերության վաճառքի մենեջեր Դավիթ Բարսեղյանը:

Միջոցառման բացումից կես ժամ էլ չէր անցել, երբ ցուցահանդեսի հյուրերը շրջապատեցին «Nairyan Honey» ընկերության տաղավարը, ինչպես մեղուները մեղրի շուրջ: Նրանք համտեսում էին մաքրագույն արտադրանքը, հետաքրքրվում էին գներով և մատակարարումներով: Ընկերության ներկայացուցիչները հավաստիացրեցին, որ նման բարձրորակ ապրանքի համար գները մատչելի են, իսկ «Երևան սիթի» խոշորագույն սուպերմարկետների ցանցին մատակարարումները գնալով աճում են: Հեռու չէ այն օրը, երբ «Nairyan Honey» կմեկնի նվաճելու աշխարհը: Արդեն պատրաստվում են Բելգիա և Ֆրանսիա մատակարարման պայմանագրերի համար անհրաժեշտ փաստաթղթերը:

Միջոցառման այս ձևաչափը, որի ժամանակ հնարավոր է ոչ միայն համտեսել սնունդը, այլ նաև գնել հավանած նմուշները, կարծես շատերին է դուր եկել: Արդյունքում, «Tasty Garage» հացը ակնթարթորեն վաճառվեց: Եվ դա զարմանալի չէ, քանի որ ճակնդեղով՝ վարդագույն և սպանախով՝ կանաչ հացիկները, ինչպես նաև սամիթով և սերմերով պատված «հյուսիկները» որքան օրիգինալ էին, նույնքան էլ՝ համեղ ինչպես: «Tasty Garage» հացի արտադրության հիմնադիր և գաղափարի հեղինակ Աննա Բաղդասարյանը կարծում է, որ ամենակարևորն իրենց արտադրանքի բնական լինելն է: Արտադրությունն ընդամենը 8 ամիս է գործում, սակայն, «Tasty Garage»-ն արդեն ընդունվել է մի շարք հայտնի ռեստորանների կողմից, ինչպիսիք են՝ Asador, Wine Republik, Hugo Bar, Buro, Dargett: Եվ ո՞րն է թթխմորի պես բարձրացած հաջողության գաղտնիքը: Ամենայն հավանականությամբ, կարծում է զրուցակիցը, դա այն փաստն է, որ մարդիկ կարոտել են իսկական հացը, այն համը, որը ծանոք է ավագ սերնդին դեռ մանկուց:

«Ես ու ընտանիքս անցյալ տարվա հուլիսին Լատվիայից Երևան տեղափոխվեցինք, և սեպտեմբերին առաջին խմորեղենը առաջարկեցինք սպառողին: Սկզբում հեշտ չէր: Ես մասնագիտությամբ քաղաքագետ եմ, աշխատել եմ որպես պատմության ուսուցիչ, և հացի գործում ես նորեկ էի: Բայց բախտս բերեց տեխնոլոգի և թիմի հարցում: Ու գնաց: Առաջին թխված հացերը սպառվում էին փռի բակում: Եվ երբ մարդիկ հասկացան, որ նրանց առաջարկվում է ոչ միայն համեղ, այլ նաև օգտակար հաց, նրանք ընտրություն կատարեցին մեր հացերի օգտին: Չնայած հաջողությանը, մենք շարունակում ենք առաջ շարժվել. փուռը նման է լաբորատորիայի: Այստեղ մշտապես իրականացվում են փորձարկումներ` նոր շիճուկներ, նոր հավելումներ, նոր հետաքրքիր հացի տարատեսակներ»,- պատմում է զրուցակիցը:

Ո՛չ Աննան, ո՛չ իր ամուսինը, ով լատվիայի քաղաքացի է և այնտեղ է բնակվել 7 տարեկանից ի վեր, չեն զղջում հայրենիք վերադառնալու համար: Եվ նրանք մտադիր են ընդլայնվել: Զույգն արդեն մտածում է նոր խանութի բացման և նորանոր ռեստորաններ հաց մատակարարելու մասին:

Սննդի ցուցահանդեսը ցույց տվեց, որ մեր ժողովուրդը չի հանձնվում և ստեղծագործում է՝ ի հեճուկս հանգամանքների: Հաջողակ գործարարների թվում են երաժիշտներ, զբոսավարներ, հրատարակիչներ: Լարան շոկոլադագործության փոքր բիզնեսի հիմնադիր է՝ կրթությամբ լեզվաբան: Նա սովորել է շոկոլադագործի մասնագիտությանը Մոսկվայում, և ընդամենը կես տարի առաջ Երևանի կենտրոնում հիմնել «Lara Chocolate Gallery» փոքր խանութը: Այս ընկերության շոկոլադները և կոնֆետները առանձնանում են ձեռքի աշխատանքով և ստեղծագործական մոտեցմամբ, զարդարվում են ողջ հոգով, լցոնումներն ունեն իրենց յուրահատկությունը՝ չամիչը, ինչպես բառացի, այդպես էլ փոխաբերական իմաստով: Ընկերության ներկայացուցիչները երաշխավորում են բաղադրիչների, այդ թվում նաև՝ ներկանյութերի բնականությունը: Մի խոսքով, լեզվաբան Լարան կարողացավ հաճախորդների հետ ընդհանուր լեզու գտնել:

Իսկ նախկին երաժիշտ-թմբկահար Խաչատուր Ասատրյանն արդեն 16 տարի է՝ նվաճում է աշխարհը իր հայտնագործությամբ` «Ice Cup»: Բաժակները հատուկ ապարատի մեջ ծածկվում են սառույցի շերտով և հալչում են միայն 30-40 րոպե անց, նույնիսկ եթե դրսում ջերմաստիճանը +40 է: Միևնույն ժամանակ, հալած ջրի ոչ մի կաթիլ չի ընկնում ո՛չ խմիչքի մեջ, ո՛չ էլ խմողի վրա: Նրա կինը` Նունեն, չգիտի, թե երբ է ամուսնուն այցելել սառույցի բիզնեսի «թեժ» գաղափարը: Նա միայն հպարտությամբ նշում է. նոու-հաուի արդյունքը մատակարարվում է ԱՄՆ, Չեխիա, Միացյալ Արաբական Էմիրություններ, Ավստրալիա, Ռուսաստան, Վրաստան և Ուկրաինա: Ընդհանուր առմամբ ցանկն ընդգրկում է 14 երկրներ, և մատակարարման աշխարհագրությունը ընդլայնվում է: Զրուցակիցն ասում է, որ Բելառուսի դեսպան պարոն Նազարուկը ևս հետաքրքրություն է ցուցաբերել սարքավորումը բելարուսցի գործարարներին մատակարարելու հարցում: Եվ հավելում է. «Շատերը հարցնում են՝ ինչի համար է այդ սարքը: Մենք պատասխանում ենք՝ դուք չեք էլ կարող պատկերացնել, թե ինչքան մարդ է սիրում շրթունքները հպել սառույցին, հատկապես՝ շոգին:

Վիտալի Ասլանյանը մասնագիտությամբ կենսաքիմիկոս է և այժմ հաջողությամբ կիրառում է իր գիտելիքները՝ ակտիվ զարգացնելով մրգային օղիների արտադրությունը: Օրուգիշեր փորձարկելու արդյունքում, իր «Աս-Տոնա» ընկերությունը, որը 2018 թ.-ին հիմնել է ընկերոջ հետ, արդեն ներառված է տասը տեսակի արտադրանք: Օղու տարատեսակները շատ անսովոր են` կեռասից, հոնից մինչև ուրց: Ուրցի օղին Ասլանյանի համար իսկական հպարտությունն է, քանի որ խոտի մեջ շաքարի բացակայության պատճառով դրանից անհնար է ալկոհոլ ստանալ: Անհրաժեշտ էր ջանք թափել, աշխատանցել երևակայությունը և ինտելեկտը:

«Մինչև հոբբին բիզնեսի վերածելը, ես ունեի մի հրատարակչություն («Լուսաբաց»): Հիմա էլ եմ զբաղվում հրատարակչական գործով: Մի անգամ աչքովս ընկավ հրատարակություններից մեկը, որում գրված էր, որ միջնադարյան բնագետ-մատենագիր Ամիրդովլաթ Ամասիացին իր գրքում նշել է, որ հին ժամանակներում հայերը բուժվում էին ուրցի օղով, որը նպաստում էր անոթների մաքրմանը: Այն ժամանակ ես զարմացա: Հիմա, երբ հրատարակչությանը զուգահեռ զարգացնում եմ օղու բիզնեսը, մտածում եմ, թե ինչպես են հնում ստացել այդ օղին: Շուտով ես կռահեցի և թորման որոշակի փուլում մրգերին ավելացրեցի ուրցը: Խոտի եթերայուղերը, փոխանցվեցին հիմնական խմիչքին, մեր 9 տեսակի օղիներին ավելացավ ևս մեկը: Այսպիսով, յուրաքանչյուր օղու արտադրության ընթացքը, ինչպես նաև հրատարակչական գործը ստեղծագործական է: Եվ ես շատ գոհ եմ, քանի որ հաճույք եմ ստանում իմ երկու արհեստներով զբաղվելով»,- պատմում է Ասլանյանը:

Նա մտադիր չէ կանգ առնել իր փորձարկումներում: «Այսօր այցելուներից մեկը հարցրեք՝ ինչու չենք օղի թորում ակացիայից: Սկզբում զարմացա, բայց ընդունեցի մարտահրավերը: Այնպես որ, հնարավոր է, որ հաջորդ տարի փորձեք այդ ծաղկային էկզոտիկան»,- ժպտալով ասում է կենսաքիմիկոսը:

«Չերքեզի ձոր» ռեստորանի սեփականատերերը նույնպես պակաս ստեղծարար չեն: Ցուցահանդեսին նրան առատորեն հյուրասիրում էին բոլորին իշխանի խավիարով, լյարդով և այլ համադամներով: Ընկերության ղեկավար Անահիտ Բոյաջյանը նշեց, որ այդ բիզնեսը 20 տարի առաջ հիմնադրել է իր ընտանիքը: Բոլորը միասին գնացել էին անանուխ հավաքելու: Հանկարծ ջուրը տարավ տղայի կոշիկը: Ամուսինը նետվեցի ջուրը՝ կոշիկի ետևից և զարմանքով պարզեց, որ ճահճուտ տարածքում կա նաև մաքուր ջուր, որ հոսում է տարբեր աղբյուրներից: Առանց երկմտելու, նա հրավիրեց իր երևանցի ընկերներին, ովքեր զբաղվում էին ձկնաբուծությամբ: Ճահիճներն այլ հունով տարան, իսկ աղբյուրներն օգտագործեցին՝ հօգուտ ձկնաբուծության և ձկան պաշարների պահպանման:

Այսօր «Չերքեզի ձոր»-ի լճակներում լողում են բոլոր տեսակի իշխանները՝ պարգևելով տարատեսակ համի և գույնի ձկնկիթ: Դեղին ձկնկիթը լավ վաճառվում է Պետերբուրգի «Магазин Купцов Елисеевых» խանությում, չնայած կարմիր ձկնկիթը ևս լավ պահանջարկ ունի: Եվ դա զարմանալի չէ, քանի որ օգտակարությամբ այն չի զիջում թառափին, բայց 10 անգամ ավելի էժան է: Ավելին, այս համադամը հաճախ գնողներից տեղեկանում ենք, որ այս խավիարը ուղղակիորեն հայտնվում է նույնիսկ Ռուսաստանի նախագահի սեղանին:

«Կան մարդիկ, ովքեր աշխատում են արտահանման համար, և մի քանի շաբաթ առաջ հերթական անգամ գնել և արտահանել են մեր ապրանքը՝ նշելով, որ պետք է մատակարարեն խավիարը Սոչի՝ Վլադիմիր Պուտինի մասնակցությամբ կայանալիք միջոցառմանը», – ասաց զրուցակիցը: «Իսկ Ռուսաստանի նախագահը գոհ է հայկական խավիարից»,- ժպիտով հարցնում ենք մենք: Բոյաջյանը, փոքր-ինչ անվստահություն զգալով, հակադարձում է. «Մատակարարում են միջնորդները, ուստի դժվար է ասել: Բայց, եթե խնդիրներ լինեին, կարծում եմ, մշտապես մեզանից չէին գնի»:

«FOOD & DRINKS EXPO 2019»-ում տեղի ձեռնարկատերերի «ստեղծագործական սիմֆոնիայի» վերջին ակորդն էր «Pasta» վարպետության դասը: Սև թանաքաձկան թանաքից պատրաստված խմորից ռավիոլիի համար մի ամբողջ հերթ գոյացավ: Տեսքից ոչ այնքան գեղեցիկ սև «պելմենիները» զարմանալիորեն համեղ էին:

Մի խոսքով, այս բոլոր համտեսների մասնակիցները հեռանում էին կուշտ և գոհ: Ոմանք նույնիսկ իրենց հետ տանում էին մթերքներով լի տոպրակներ: Գնումներ կատարած այցելուներից մեկը խոստովանեց. «Ամեն տարի այցելում եմ ցուցահանդեսին մթերք գնելու համար: Այստեղ մանրամասն պատմում են ամեն ինչ, ցույց են տալիս, թողնում են համտեսել: Այնպես որ, «անկտրել ձմերուկ», հաստատ չեք գնի: Բացի այդ, տարեցտարի տեսականու նկատմամբ մոտեցումը դառնում է էլ ավելի ստեղծագործ: Եվ դա նշանակում է, որ հայրենական արտադրողների շրջանում առկա է ստեղծագործական ջիղը: Ինչն է հաճելի: Ի վերջո, առանց ստեղծարարության հեռուն չես գնա, շատ բանի չես հասնի: Ոչ տեղական շուկայում, ոչ էլ՝ արտասահմանյան»:

 

Իրինա Գրիգորյան