Dalma News –ը ներկայացնում է հարցազրույց Մոլդովայի հանրապետության հայկական համայնքի ղեկավար Հայկ Վարդանյանի հետ:

Պարոն Վարդանյան, պատմեք մի փոքր Ձեր ու Ձեր ընտանիքի մասին, Որքա՞ն ժամանակ է ապրում եք Մոլդովայում:

Առաջին անգամ հայտնվեցի Մոլդովայում 7 ամսական հասակում: Պապիկս ու տատիկս ապրում էին Քիշնևում: Պապս 8 տարի շարունակ եղել է Քիշնևի Չեխովի անվան ռուսական դրամատիկական թատրոնի գլխավոր ռեժիսորը: Ու գրեթե ամեն տարի իմ ծնողները գալիս էին Քիշնև, որովհետև խորհրդային ժամանակներում արևոտ Մոլդովան, կարելի է ասել, հանգստյան գոտի էր, այստեղ սքանչելի լճեր կան, ամենուր կանաչ է, մրգեր, հիանալի կլիմա:

90-ականների սկզբին, երբ Հայաստանն իր ժամանակակից պատմության ամենաբարդ ուղին էր անցնում, մեր ընտանիքը Մոլդովա տեղափոխվելու որոշում կայացրեց: Ու կարելի է ասել, ես այստեղ ապրում եմ արդեն քառորդ դար:

Դուք Քիշնև քաղաքի քաղաքային դումայի Սոցիալիստների կուսակցության պատգամավոր եք հանդիսանում: Պատմեք Ձեր պարտականությունների մասին: Ի՞նչ դժվարություններ եք ստիպված հաղթահարել այդ պաշտոնում:

Ես 2015թ. մասնակցել եմ Մոլդովայի մայրաքաղաքի Մունիցիպալ խորհրդի ընտրություններին (այսպես է մեզ մոտ կոչվում օրենսդիր մարմինը Քիշնևի մակարդակով- խմբ.), ու դարձել մունիցիպալ խորհրդատու: Կարճ ասած՝ քաղաքային դեպուտատի աշխատանքն ամեն երկրում նույնն է՝ մենք մշակում ենք ռազմավարություն, մայրաքաղաքի բյուջեի խնդիրները լուծում, փորձում ենք քաղաքում բարելավել այն բոլոր ոլորտների իրավիճակները, որտեղ մեր որոշումները կարող են կշիռ ունենալ: Ցավոք Քիշնևում իրավիճակը բարդանում է նրանով, որ քաղաքապետը լիբերալ կուսակցության ներկայացուցիչ է, քարանձավային ազգայնական, պրոֆեսիոնալ դեմագոգ, ով իշխանության 10 տարիների ընթացքում փլուզեց երբեմնի «Սպիտակ քաղաք- քարե ծաղիկ»-ը (այդպես Քիշնևին անվանում էին խորհրդային ժամանակներում): Ստիպված ես ամեն օր պայքարել քաղաքապետի անիրազեկության դեմ՝ մոտեցնելով այն պահը, երբ նա վերջապես կանցնի թոշակի: Քաղաքային հասարակության հետ մեր համատեղ պայքարը բերեց նրան, որ քաղաքապետին այնուամենայնիվ բռնեցին խոշոր կաշառակերության վրա, ու հիմա նա գտնվում է տնային կալանքում: Միաժամանակ մենք քաղաքի ադմինիստրացիայի ղեկավարի թոշակի անցնելու ռեֆերենդումի անցկացման ստորագրություններ ենք հավաքում, և ամենայն հավանականությամբ աշնանն այն կանցկացնենք:

День памяти жертв Геноцида армян
День памяти жертв Геноцида армян

Ինչի՞ համար են այս մանրամասները: Ցավոք բացի քաղաքային պատգամավորի ուղղակի պարտականություններից, ստիպված ես մշտապես զբաղվել քաղաքականությամբ ու պայքարել կաշառակերության ու անիրազեկության դեմ:

«Սոցիալիստների կուսակցության» նախագահ Իգոր Դոդոն 2016 թ. նոյեմբեր ամսին ձայների մեծամասնությամբ ընտրվեց Մոլդովայի նախագահ: Դուք նույնպես նախընտրական քարոզարշավի ակտիվ մասնակից էիք: Ի՞նչ դիրք էր բռնել հայկական համայնքը ընտրություններին: Եվ ո՞ր թեկնածուի օգտին էր քվեարկում համայնքի մեծամասնությունը:

Ի սկզբանե, երբ ես համաձայնեցի մասնակցել համայնքի ղեկավարի ընտրություններին, ես արտահայտեցի իմ տեսակետն այն մասին, որ համայնքը ըստ էության պետք է լինի ապաքաղաքականացված ու չաջակցի ոչ մի քաղաքական կուսակցության: Ակնհայտ է, որ համայնքի ներկայացուցիչները ուշադիր հետևում են երկրի քաղաքական իրավիճակին, ինչպես նաև տեսնում են, թե քաղաքականներից ով է ուշադրություն դարձնում Մոլդովայի հայերին, ինչպես նաև այլ ազգերի ներկայացուցիչներին:

Երկրի ներկայիս նախագահ Իգոր Դոդոնը, այն ժամանակ դեռ լինելով խորհրդարանի հասարակ դեպուտատ ու ամենախոշոր կուսակցության լիդեր, բազմիցս այցելել է հայ համայնքի միջոցառումներին: Մի անգամ նույնիսկ հետաքրքիր մի դեպք պատահեց, երբ որոշ հակահայկական ուժեր խափանեցին «Սպի» ֆիլմի ցուցադրությունը՝ նվիրված Հայերի ցեղասպանության 100-ամյակին, որին հրավիրված էին նաև դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչները, մոլդովական խորհրդարանի միակ պատգամավորը, ով փորձում էր օգնել համայնքին այն պահին, երբ լուծվում էր ֆիլմի ցուցադրման հարցը, հենց Իգոր Դոդոնն էր:

Բնականաբար արդեն պարզ է, որ ժամանակի ընթացքում Մոլդովայի հայերի ճնշող մեծամասնությունը սկսեց աջակցել Իգոր Դոդոնին ու նրա կուսակցությանը, ինչպես նաև նրա թեկնածությանը՝ նախագահական ընտրություններին: Ու դա հասարակության յուրաքանչյուր անդամի բացարձակ գիտակցված դիրքորոշումն էր:

Մի շարք փորձագետներ հաստատում են, որ նախագահ Դոդոնի իշխանությամբ երկրի արտաքին քաղաքական վեկտորն աստիճանաբար ուղղվում է դեպի Ռուսաստան ու Եվրասիական միություն, որի անդամ հանդիսանում է նաև Հայաստանը: Ինչպե՞ս կարող եք բնութագրել հայ-մոլդովական հարաբերությունները ներկա պահին: Կարելի՞ է արդյոք խոսել Երևանի ու Քիշնևի հարաբերություններում դրական առաջխաղացման մասին՝ Իգոր Նիկոլաևիչի ընտրություննից հետո: Ինչպիսի՞ քայլեր են ձեռնարկվում տվյալ ուղղությամբ:

Իսկապես, Իգոր Դոդոնը վերջին կես տարվա ընթացքում նախագահի պաշտոնում հասցրեց հանդիպել 11 նախագահների հետ, այդ թվում նաև հայկական պետության ղեկավարի հետ՝ Բիշքեքում կայացած ԵԱՏՄ համաժողովի շրջանակներում: Նախատեսված է Մոլդովայի նախագահի այցը Հայաստան ընթացիկ տարվա աշնանը: Կվերականգնվի ու կակտիվանա միջկառավարչական հանձնաժողովի աշխատանքը, քննարկվում է Քիշնև-Երևան ուղիղ ավիաթռիչքի հարցը, ինչը հնարավորություն կտա ինչպես Հայաստանի քաղաքացիներին Եվրոպական միություն հարմար ու էժան թռիչք իրականացնելու համար օգտվել մեր երկրի աշխարհագրական դիրքից, այնպես էլ, մյուս կողմից, Ռումինիայում, Օդեսսայում ու Մոլդովայում ապրող հայերին առանց ավելորդ չվերթի, հեշտ ու թեթև այցելել պատմական հայրենիք:

Բոլորովին վերջերս Դուք ընտրվել եք Մոլդովայի հայ համայնքի ղեկավար: Մի փոքր պատմեք համայնքի մասին:

Ինձ համայնքի ղեկավար են ընտրել 2017թ. մարտի 18-ին: Համայնքի անդամների քանակը, ցավոք, վերջին 10 տարիների ընթացքում զգալիորեն կրճատվել է՝ միգրացիոն երևույթների ազդեցությամբ, մի շարք ընտանիքներ հեռանում են կյանքի լավագույն պայմանների փնտրտուքով աշխատանք որոնելու կամ ԵՄ երկրներ, կամ Ռուսաստան: Եթե 90-ականներին Մոլդովայում, տարբեր տվյալներով ապրում էր 30-35 հազար հայ, այսօր խոսքը կարող է գնալ 10 հազարից ոչ ավել մարդու մասին: Մոլդովայում մի քանի հայկական եկեղեցիներ կան: Բնականաբար ամենահայտնին Սուրբ Աստվածամոր եկեղեցին է՝ տեղակայված մայրաքաղաք Քիշնևի կենտրոնում, որտեղ նաև հայկական դպրոցն է գտնվում: Քիշնևի կենտրոնական գերեզմանատունը, որտեղ թաղված են արվեստի, մշակույթի ու քաղաքականության կարկառուն ներկայացուցիչները, նույնպես «հայկական» են անվանում, քանի որ այն Հայկական փողոցի վրա է գտնվում:

Кишинев, улица Армянская
Кишинев, улица Армянская

Առհասարակ հայերը ներկա են Մոլդովայի մշակութային ու հասարակա-քաղաքական բոլոր ոլորտներում: Սկսած մշակույթի հայտնի գործիչներից, սպորտսմեններից, վերջացրած քաղաքականներով, բոլոր մակարդակների պետական պաշտոնյաներով, գիտնականներով: Օրինակ՝ Մոլդովայից «Ի՞նչը, որտե՞ղ, ե՞րբ» խաղի «Հախճապակե բուի» միակ կրողը ունի հայկական արմատներ: Մոլդովայում հայերի շրջանում կան նաև շախմատի մարզիչներ ու խաղացողներ, բռնցքամարտիկներ, ըմբշամարտիկներ ու այլ սպորտսմեններ:

Ինչ վերաբերում է մշակութային միջոցառումներին, այստեղ հայկական սփյուռքը կրկին գործում է ամենատարբեր մակարդակներով՝ մասնագիտացված միջոցառումներից՝ նվիրված հայկական ավանդույթներին, մինչև վերջերս անցկացված «Կովկաս» վոկալի ու պարային արվեստի փառատոնը, որին մասնակցել են ավելի քան 50 պարային խմբեր ու ավելի քան 200 վոկալիստներ՝ողջ Մոլդովայից, ներառյալ նաև Դնեստրի ձախ ափից՝ Պրիդնեստրովից:

Բոլորովին վերջերս Մոլդովայի հայ համայնքի միջոցներով վերականգնվել է Մանուկ- Բեյի ամրոցը: Այն նաև անվանում են «Հայկական մարգարիտ՝ Մոլդովայի սրտում»: Պատմեք մի փոքր այդ ամրոցի մասին ու առհասարակ այն պատմա-մշակութային  ժառանգության մասին, որոնք թողել են հայերը Մոլդովայում:

Մանուկ Միրզոյանը, ով ի վերջո դարձավ Մանուկ Բեյ, հայության ամենավառ ներկայացուցիչներից է, ով անփոխարինելի հետք է թողել այս տարածքի ու պատմության, ինչպես և Ռումինիայում ու Մոլդովայում հայ համայնքի ձևավորման վրա: Հզոր այս դիվանագետը մեկ խոսքով Ռուսական ու Օսմանյան կայսրությունների կողմից ստեղծված Բուխարեթյան աշխարհի հեղինակն էր: Մանուկ Բեյը 100 հայ ընտանիք Հինչեշտ տեղափոխելուց հետո հիմնեց այդտեղ հայկական համայնք: Ընդ որում ի սկզբանե նախատեսել էր այդտեղ տեղափոխել ավելի քան 400 ընտանիք:

Усадьба в Хынчештах
Հինչեշտի ամրոցը

Նա թողեց մշակույթի մի քանի նշանակալից հուշարձաններ, առաջին հերթին՝ Հինչեշտի ամրոցը, որը վերջերս վերականգնվել է: Հայ համայնքն իր լուման է ներդրել վերականգնողական աշխատանքներում՝ զարդարելով գլխավոր շինության մի քանի սենյակ հայկական մշակույթի ու ավանդույթների տարրերով: Բոլոր հայերը, ասենք ոչ միայն հայերը, նրանք, ովքեր այցելում են Մոլդովա, անպայման պետք է տեսնեն այս զարմանահրաշ վայրը: Հավատացնում եմ՝ չեք փոշմանի:

Կարծում եմ, որ մեր մի շարք ընթերցողներ արդեն վառվեցին այդ ցանկությամբ ու անպայման կայցելեն հիանալի այս վայրը: Պարոն Վարդանյան, իսկ ինչպիսի՞ նպատակներ եք Դուք Ձեր առաջ դնում, որպես համայնքի ղեկավար: Պատասխանատու այս պաշտոնում արդյո՞ք ունեք նվազագույն ու առավելագույն ծրագիր:

Գիտե՞ք, ինձ համար, որպես համայնքի ղեկավար, գլխավորը մարդկանց համախմբումն է, Մոլդովայում ամենաբարձր մակարդակով հայկականության առաջխաղացումը : Շատ հաճելի է, երբ հանդիպում ես անծանոթ մարդկանց, ու երբ նրանք տեսնում ու հասկանում են, որ դու հայ ես, քեզ պատասխանում են ջերմ ու հարգալից, որովհետև Մոլդովայի գրեթե յուրաքանչյուր քաղաքացի ունի առնվազն մեկ կամ մի քանի հայ ընկեր կամ մտերիմ, ու գրեթե միշտ նրանք դրսևորվում են ամենադրական կերպարներով: Սա ինձ համար չափազանց կարևոր է: Երկորդ կարևոր պահը, անխոս, հասարակության ներքին զարգացումն է, քո լեզուն, մշակույթը, ավանդույթներն ուսումնասիրելու հնարավորությունը:

Բացի այդ, վերջերս Քիշնևում բացվեց Հայաստանի դեսպանատուն՝ իր ողջ հյուպատոսական բաժնով, ու ես հուսով եմ, որ հիմա փաստաթղթերի ու տեղեկանքների հետ կապված դժվարությունները կմնան անցյալում:

Ըստ էության, Մոլդովայի հայկական համայնքը հյուրընկալ, բաց ու աշխատասեր մարդկանց մի ամբողջություն է, որոնք միավորված են միմյանց մի կողմից Մոլդովայի հանդեպ ունեցած խորը հարգանքով, մյուս կողմից՝ իրենց պատմական հայրենիքի՝ Հայաստանի, նրա ավանդույթների, պատմության ու մշակույթի հանդեպ տածած սիրով:

Զրուցեց Ծովինար Կոստանյանը