Պուլիցեր, «Օսկար», Նյու-յորքյան քննադատների, լավագույն կարճ պատմվածքի համար Օՙ Հենրիի 6 մրցանակի արժանացած հայկական ծագում ունեցող ամերիկացի գրող և դրամատուրգ Վիլյամ Սարոյանն այն հարցին, թե ժամանակակից գրողներից ում է ինքը սիրում, պատասխանել է՝ «ինձ»: Ահա այդպիսին էր Սարոյան-գրողը, ում գրքերը արգելվում էին խորհրդային ժամանակներում, մինչդեռ Ամերիկայում դրանք եռանդուն կերպով հրատարակվում ու վաճառվում էին: Dalma News-ը կպատմի Սարոյանի ստեղծագործական կյանքի մասին, գրող, ով իսկապես կարողացավ համաժողովրդական սեր նվաճել:
3bfcba6981d399aab1ad5d820189c03c

Հայրենիքը  «Մարդկային կատակերգությունում»

Դժվար է իհարկե պատկերացնելը, բայց իր ուղին Սարոյանը սկսել է փոստատարի աշխատանքից: Ոչ նա, ոչ էլ ծնողները երևակայել անգամ չէին կարող, որ կգա ժամանակ, երբ նրա անունը կհնչի ամերիկյան այնպիսի հեղինակավոր գրողների կողքին, ինչպիսիք են Հեմինգուեյը, Ստեյնբեքը, Ֆոլքները, Կոլդուելլը, իսկ հետո Ռեյ Բրեդբերին Սարոյանին իր ուսուցիչը կանվանի:

Սարոյանը ծնվել է 1908 թվականի օգոստոսի 31-ին՝ Արմենակ ու Թագուհի Սարոյանների ընտանիքում, որոնք ԱՄՆ են գաղթել Բիթլիս նահանգից (այն ներկայումս գտնվում է Թուրքիայի տարածքում): Այն ժամանակ, ինչպես ասում էր Վիլյամը, «հայերին չէր կարելի մնալ այդտեղ»: Հայրենիքի թեման, նրա կարոտը, հայրենի տան փնտրտուքները գրողի ստեղծագործական բուն թեման են դառնում: «Մարդկային կատակերգություն» վերպում, որն ի դեպ համարվում է գրողի ամենահաջողված աշխատանքներից մեկը, Սարոյանը հանճարեղ կերպով պարզաբանում է՝ ինչ ասել է՝ հայրենիք: Բնաբանից անգամ արդեն պարզ է դառնում, որ գիրքը գրողի համար չափից դուրս անձնական է: Վիլյամն այն իր մորն է նվիրում: Սարոյանը գտնում անհրաժեշտ, որպեսզի գրքի վրա հայերենի լավագույն թարգմանիչ աշխատի, որպեսզի Թագուհի Սարոյանը կարողանա իր մայրենի լեզվով կարդալ գիրքը, հենց այն տառերով, որոնք նրան հայրենիք կվերադարձնեն:

«Մարդկային կատակերգությունում» Սարոյանը խանութպան Արայի կյանքի նկարագրության միջոցով կարողանում է պատմել այն բոլոր հայերի մասին, ովքեր ստիպված են եղել թողնել հայրենի տունը: Սյուժեն այսպիսին է՝ Արան, արդեն կայացած մարդ, ով ունի այն ամենը, ինչ հարկավոր է Ամերիկայում հանգիստ ապրելու համար, իր տեղը չի կարողանում գտնել: Նրան կրծում է հայրենիքի կարոտը: Դրվագներից մեկում, երբ նա սպասարկում է հերթական հաճախորդին, Արան հանկարծ որդու հետ հայերեն է խոսում: Սարոյանը հասկացնում է՝ հայրենիքը զգում ես այն ժամանակ, երբ խոսում ես մայրենի լեզվով:

«Աշխարհը գժվել է: Պատերազմի այս օրերին, Ռուսաստանում, որ այնքան մոտ է մեր հայրենիքին, մեր հրաշալի փոքր ազգին, միլիոնավոր մարդիկ, միլիոնավոր երեխաներ սոված են մնում: Նրանք մրսում են, թափառում են խեղճ, ոտաբոբիկ, անօթևան, նրանք աղոթում են մի կտոր չոր հացի համար: Իսկ մե՞նք: Ի՞նչով ենք մենք զբաղված այստեղ՝ Կալիֆոռնիայի Իթաքա քաղաքում.այս մեծ երկրում՝ Ամերիկայում: Ի՞նչով ենք զբաղված մենք: Մենք լավ զգեստներ են հագնում: Մեքենայով շրջում ենք և հիանում գեղեցիկ բնությունով, ուտում ենք համեղ բաներ, ամեն գիշեր անկողնում հանգսիտ քնում ենք, և ի՞նչ: Դժգոհում ենք: Մենք դեռ դժգոհ ենք»,- ասում է Սարոյանական հերոսը:

Արան դիմում է իր որդուն ու նրան լավագույնը լինելու կոչ անում: «Եթե ես այսպիսին եմ, դու իմ որդին ես, պետք է ինձնից լավը լինես։ Երջանիկ եղիր։ Ես դժբախտ եմ, բայց դու պետք է բախտավոր լինես»:

Հայրենիքից հեռու գտնվող հայերը դժբախտ կամ երջանկություն որոնող մարդիկ են, և ահա այս գեղեցիկ թելն անցնում է Սարոյանի ողջ ստեղծագործական կյանքի միջով: Չնայած այն հանգամանքին, որ աշխատասիրության շնորհիվ նրանց հաջողվում է բարեկեցիկ կյանք ապահովել օտարության մեջ, ինչպես հերոս Արան է, նրանց տանջում է հայրենիքի կարոտը:

«Դուք իմ պես օտար երկրում չեք ծնվել, դուք հայրենիքում եք ծնվել: Հիմա դուք չեք հասկանում, թե դա ինչ երջանկություն է: Հետո կհասկանաք… Ձեզանից շատերը կճանապարհորդեն աշխարհով մեկ, կտեսնեն գեղեցիկ ու զարմանահրաշ վայրեր ու այդ ժամանակ կհասկանան, որ չկա ավելի գեղեցիկ ու քաղցր տեղ, քան հայրենիքն է»,- կասի մի անգամ Սարոյանը:

Նա բազմիցս ասել է, որ չնայած նրան, որ ինքը գրում է անգլերենով ու ապրում ամերիկյան միջավայրում, հոգին, որով գրում է, հայկական է: Նա իրեն դասում էր հայ գրողների շարքին:

«Կոմերցիան չպետք է արվեստ հովանավորի»

Սարոյանը գրել է 1.5 հազարից ավել պատմվածք, 12 պիես ու գրեթե 10 վեպ: Նրա պատմվածքներից մեկում այսպիսի մի տող կա. «Ես այստեղ նրա համար չեմ, որպեսզի Պուլիցերյան ու Նոբելյան, կամ առհասարակ որևէ մրցանակ վերցնեմ»: Այս արտահայտությանը կարելի էր ուշադրություն չսևեռել, եթե չլիներ մի հանգամանք. 1940 թվականին Վիլյամ Սարոյանին «Ձեր կյանքի ուղին» պիեսի համար արժանացնում են Պուլիցերյան ու Նյու-յորքյան քննադատների մրցանակի: Սարոյանն առանց երկար-բարակ մտածելու Պուլիցերյան հանձնաժողովին վերադարձնում է 1000 դոլլարանոց չեկը՝ հետևյալ խոսքերով. «Կոմերցիան չպետք է արվեստ հովանավորի»: Նա արդեն ցույց էր տալիս իր բնավորությունը: Ընդ որում գրողը հաջողացնում էր ընթերցողի ուշադրությունը հրավիրել այն հանգամանքին, որ իր անվան սկզբնատառերը համընկնում են Վիլյամ Շեքսպիրի սկզբնատառերին – W.S.:

137005_1000
Henrik Siravyan, William Saroyan and Hrant Matevosyan in Ahnidzor (1978)

Ավելորդ համեստության մեջ Սարոյանին չես մեղադրի: Մի անգամ նրան հարցնում են, թե ում է նա ժամանակակից գրողներից ամենաշատը սիրում: Նա ժպտում է ու պատասխանում. «Ինձ եմ սիրում»: Ճիշտ է, Վիլյամ Սարոյանի որդին՝ Արամը, արդեն հոր մահից հետո նրա մասին հիշողությունները հրապարակելուց գրել է, որ «իրականում նա շատ համեստ ու ամաչկոտ մարդ էր՝ ի հակադրություն իր ոճին ու հանրային կյանքին»:

Վիլյամ Սարոյանին ամերիկյան գրականությունում «անկարգապահ հանճար» էին անվանում, մարդ, ով ոչ մի կանոնի չէր ենթարկվում: Սարոյանն ասում էր, որ երազում է առանց խոսքերի, լռությունը փառաբանող, սակայն մարդուն նվիրված պիես գրել:

Սարոյանն ինքը գրեց իր «Մՙարդկային կատակերգության» ֆիլմի սցենարն ու մշտապես միջամտում էր նկարահանման գործընթացին՝ մեծ հոգսեր պատճառելով ռեժիսորին: Այնուամենայնիվ  ֆիմը նկարահանվեց ու մի քանի անվանակարգերով առաջադրվեց Օսկարի: Սակայն բաղձալի արձանիկը ստացավ միայն Սարոյանը՝ լավագույն սցենարի համար:

«Նոր անուն՝ կարճ պատմվածքային ժանրում՝ Սարոյան: Արդեն ահա քանի տարի կարճ պատմվածքների ոչ մի հեղինակ  չի առաջացրել նման համընդհանուր հետաքրքրվածություն ու եռանդ: Նա Ամերիկայի ամենաքննարկվող ու պահանջված երիտասարդ գրողն է: Նրա տաղանդը նույնքան վառ է, որքան Ֆոլքներինը, Դրայզերինն ու Լարդներինը»,- այսպիսի անոնս ներկայացրեց  Սարոյանի առաջին գիրքը տպող հրատարակչությունը:

 

20-րդ դարի 30-40-ական թթ. ԱՄՆ-ի գրական կյանքի վրա Սարոյանի ազդեցությունն այնքան ուժգին էր, որ նա դարձավ արժեքային որոշակի համակարգի ու փիլիսոփայության օրենսդիր: Մեծ դեպրեսիայի տարիներին նրա անկոտրում կենսասիրությունը բազմաթիվ հուսալքվածների օգնեց: Հենրի Միլլերը նրան հրավիրում է միասին աշխատելու համատեղ մի ծրագրի վրա, իսկ Չարլզ Բուկովսկին ու Ջեք Կերուակը ոգեշնչման աղբյուր էին գտնում նրա ներքին ազատությունում: Մի շարք գրողներ նրա անունը հիշատակում են որպես ժամանակի խորհրդանիշ: Սակայն այդ ամենը Սարոյանի վրա հսկայական ջանքեր էր նստում:

Գրողի պահպանված ֆոնդերում դեռ մնացել են  տարբեր հրատարակչությունների կողմից գրեթե 2000 մերժումների վկայությունները: Բայց Սարոյանն աշխատասեր էր, պատահական չէ, որ նրան են օրինակ բերում սկսնակ գրողներին, որպես հրատարակչությունների դեմ պայքարի համառ օրինակ: Ճիշտ է, նա գտնում էր, որ ավելի լավ է ընդհանրապես չգրել, քան աշխարհին անտաղանդ մի գիրք հրամցնել: «Այնուամենայնիվ ափսոս, որ չեն հնարել մրցանակ այն գրողների համար, որոնց հաջողվում է ետ կանգնել գայթակղությունից ու աշխարհին էլի մեկ անտաղանդ գիրք մատուցել»,- ասում էր Սարոյանը:

«Վեսլի Ջեկսոնի արկածները» կամ «Որպեսզի ինձ ճիշտ չհասկանան»

Բավական բարդ է ստացվում Սարոյանի հարաբերությունները բանակի հետ: 1942 թ. հոկտեմբերին նա երդման արարողություն է տալիս, իսկ 1944 թ. փետրվարին որպես ուսուցողական ֆիլմերի սցենարիստ՝ ուղևորվում Անգլիա: Այս հանգամանքից Սարոյանը չափազանց դժգոհ է մնում: «Եթե նրանք կարծում են, որ որպես զինվոր ինձանից մի օգուտ կլինի, դա իրենց խնդիրն է: Սակայն ես պնդում եմ լինել ընդամենը զինվոր և ոչ ավել: Թող ինձանից ոչինչ գրել չպահանջեն: Ես առանց այդ էլ Ամերիկայի լավագույն քարոզիչն եմ, ու ոչինչ ավելի չեմ կարող անել, ինչ արդեն անում եմ իմ ստեղծագործությամբ»: Սակայն նրան ոչ-ոք չլսեց:

sc00e605b0

Լոնդոնում Սարոյանը սկսեց վեպ գրել: Այդպես լույս աշխարհ եկավ «Վեսլի Ջեկսոնի արկածները», բացարձակ պացիֆիստական, հակապատերազմական վեպ՝ գրված գերմանական ականների պայթյունների աղմուկի տակ: Կարդալով այն՝ բանակի հրամանատարները սարսափ կտրեցին: Պատերազմի ժամանակ վեպի հրատարակման մասին կարելի էր մոռանալ, ու գիրքը տպվեց միայն 1946 թ., ու ինչպես և սպասվում էր, ենթարկվեց խիստ քննադատության: Նույնիսկ Անչարովը «Անհավանականությունների տեսություն»-ում գրեց. «Վերջում ես ողբում եմ Վիլյամ Սարոյանին, ով հորինել է Վեսլի Ջեկսոնին, ով մտադիր է ողբալ բոլոր նրանց, ում սիրում է, իսկ ես չեմ կարող սիրել բոլորին, քանի որ չեմ կարող սիրել ֆաշիստներին, թեկուզ ինձ մասերի բաժանեք»:

Սակայն Սարոյանը բոլոր ժամանակներում քննադատների համար ունեցել է պատասխան. «Ես անում եմ այն, ինչ խելքիս փչում է, ու ուզում եմ, որ ինձ սխալ հասկանան»: Որոշ ժամանակ անց Սարոյանն ինքը «Ջեկսոնի» մասին այսպես կխոսի. «Իմ այդ գիրքը շատ սիրեցին զինվորներն ու սարսափելի չսիրեցին բարձր պաշտոնյաները: Երբ պատերազմ չկա, գեներալները ոչ-ոք են: Դրա համար էլ նրանք ուզում են, որ պատերազմ լինի»:

Սարոյանի քննադատների շարքում էր նաև այն ժամանակներում «Կորուսյալ սերնդի» գրող-ներկայացուցիչներից Էռնեստ Հեմինգուեյը: Առաջին անգամ նրանք հանդիպում են Լոնդոնում՝ 1944թ., երբ Սարոյանը հյուրընկալվում է Էռնեստի տանը՝ նրա եղբոր՝ Լեսթերի հրավերով, որի հետ միասին ծառայել էր կինոժամանակագրությունում: Սակայն ոչ Լոնդոնում, ոչ էլ հետագայում Փարիզում տեղի ունեցած հանդիպումները նրանց ընկերներ չդարձրին:

Մի անգամ նրանք նույնիսկ կռվում են Փարիզյան սրճարաններից մեկում, որտեղ հիմա ցուցանակ է կախված. «Այստեղ կռվել են Հեմինգուեյն ու Սարոյանը»: Սարոյանի ու Հեմինգուեյի հարաբերությունները չկարգավորվեցին ոչ տասը, ոչ էլ քսան տարի անց: Գրողները միմյանց չսիրեցին ու մինչև վերջ մնացին որպես հակառակորդներ: Իհարկե նրանցից յուրաքանչյուրն իր մրցակցին հանճար էր համարում:

Սարոյանն ասում էր. «Հեմինգուեյը ամենամեծ անգլալեզու գրողն է: Նա գրում է այնպես, ասես դա Հին Կտակարանն է: Մարդը մտնում է քաղաք ու դուրս է գալիս քաղաքից: Շատերն են ուզել այդպես պարզ գրել, սակայն ոչ-ոք չի կարողացել»:

«Տղաներն աղջիկների համար են, աղջիկները՝ տղաների»

«Եթե կգտնվեն մարդիկ, ովքեր ձեզ կասեն, թե ընտանեկան երջանկությունը դա վերջն է, որ դրանից բթանում են, որ այն ոչ մի լավ բան չի տալիս՝ ոչ ուժ, ոչ գիտելիք, մի հավատացեք նրանց: Նրանք երջանկություն չեն տեսել: Եթե նրանք ձեզ կասեն՝ համբույրը հիմարի բանն է, պատասխանեք՝ դա սուտ է: Եթե ձեզ ասեն՝ պաշտելը ապուշների բանն է, նրանց սրիկաների որդիներ անվանեք ու ասեք, որ ստում են: Նրանք ձեզ կասեն, որ քնքշությունը դա թուլություն է, իսկ դուք պատասխանեք, որ իրենք տղամարդ չեն: Նրանք ձեզ կասեն, թե ցավը հաճույքից բարձր է, պատասխանեք, որ ոչ, բոլորովին հակառակն է: Լավը դա սկիզբն է միայն: Վատը դեռ ավարտ չէ, այն ուղղակի խոչընդոտ է: Ամեն ճշմարիտ անմահ է: Ու ոչինչ այնքան ճշմարիտ չէ, որքան սերը»: Սարոյանը համոզված էր, որ սերը անմահ է, ու «անմահություն է հաղորդում ամենին, ինչը շրջապատում է մեզ: Իսկ ատելությունը մահանում է ամեն րոպե»: Նա քարոզում էր սեր ու կոչ անում հավատալ միայն նրան: «Մի հավատացեք ոչ-ոքի, եթե իհարկե նա այն մեկը չէ, ում դուք շատ եք սիրում, կամ ով շատ է սիրում ձեզ»: «Շքեղ կառքով զբոսանք»-ում Սարոյանը հիշեցնում է այն մասին, որ որոշ պահեր մի ամբողջ կյանք արժեն. «12 միլիարդ երեկվա օրեր մեկ քաղցր ակնթարթում՝ հենց հիմա»:

«Տղաներն աղջիկների համար, աղջիկները՝ տղաների» վեպում Սարոյանը պատմում է ամուսնության դժվարությունների ու վիրավորանքների, ստեղծագործական ճգնաժամի, երեխաների հանդեպ սիրո, փողի ու ազարտի հանդեպ պահանջմունքի մասին: Այստեղ Սարոյանը բավական երկրային ու իրատեսական է, սակայն իր հերոսների բոլոր թերություններով հանդերձ նա անխուսափելիորեն գտնում է նաև բարի ու լուսավոր սկիզբը: Սարոյանին կարելի է համարել ամենակենսախինդ գրողը:

Սարոյանը երկու անգամ ամուսնացել է միևնույն կնոջ՝ հրեուհի Քերոլ Գրեյսի հետ: Նրանք երկու զավակ են ունեցել՝դուստր՝ Լուսինե, և որդի՝ Արամ:

«Անգլերեն լեզվին, ամերիկյան հողին ու հայկական հոգուն»

«Իմ անունը Արամ է», այսպես կանվանի Սարոյանն իր պիեսը, որը ժամանակի ընթացքում կդառնա ամենահայտնիներից մեկն ու կբեմադրվի բազմաթիվ բեմերում: Երբ 1935 թ. նա առաջին անգամ այցելեց Հայաստան, պոետ Եղիշե Չարենցն ասաց նրան. «Դու գրում ես անգլերեն, սակայն այնուամենայնիվ հայ գրող ես»: Գուցե այդ խոսակցության ազդեցությամբ իր գրքերից մեկում գրողը ձոն արեց. «Անգլերեն լեզվին, ամերիկյան հողին ու հայկական հոգուն»: Իր ծագումն ու հայ ազգի ողբերգությունը Սարոյանը երբեք չմոռացավ: Այդպես էլ չտեսած Բիթլիսի կարոտը մշտապես կրծեց նրա հոգին: Հայկական թեմայով գրվել են պատմվածքներ՝ «Անդրանիկ Հայաստանի», «Ձեռնամարտ՝ ի սեր Հայաստանի» և այլն: Ըստ որդու՝ Արամի հիշողությունների՝ «Հայրիկը հանգստանում էր, խաղաղություն ու հոգեկան հանգստություն գտնում այն ժամանակ, երբ լողում էր իր ազգի բուժիչ սիրո մեջ, որը նրա համար ոչ մի վտանգ չէր ներկայացնում»: Սարոյանը մի քանի անգամ այցելել է Հայաստան, և նրա ամեն այցը տոնակատարություն էր դառնում, նրան դիմավորում էին հիացմունքով ու հպարտանում, ինչպես մինչև օրս:

sokak_m

Ու դա իր բացատրությունն ունի, չէ՞ որ նա առաջինն է, ով աշխարհին ծանոթացրել է հայերի հետ: Այս պատմությունը պատմել է պոետ Հենրիխ Էդոյանը: Մի անգամ նա հանդիպում է Կուրտ Վոննեգուտին ու ասում, որ նա հայի նման է: «Ես ուրախ եմ, որովհետև Վիլյամ Սարոյանը հայ է եղել,- պատասխանում է Վոննեգուտը,- դու Հայաստանից առաջին հայն են, ում ես տեսնում եմ: Սակայն հայերի հետ ինձ ծանոթացրել է Վիլյամ Սարոյանը: Նա իմ հոգևոր ուսուցիչն է»:

2002 թ. ապրիլին Սթենդֆորդյան համալսարանի կենսագիր Մայքլ Քելլերը հայտարարեց Վիլյամ Սարոյանի արվեստի թանգարանի շինության համանուն միջազգային գրական մրցանակի մասին, ինչը, «Վիլյամ Սարոյան» ֆոնդի տնօրեն Ռոբերտ Սեդրակյանի խոսքերով՝ գրողի երազանքն էր: Ամեն տարի միջազգային այդ մրցանակի կրողներն են դառնում այն երկու աշխատանքները, որոնցից մեկը պետք է արտացոլի իրական կյանքը, իսկ մյուսը՝ երևակայականը: Սարոյանն ասում էր, որ սկսել է գրել այն ժամանակ, երբ հասկացել է, որ կյանքում գոյություն ունեցող ամեն բան փոփոխվում է, անկում ապրում, ավարտվում, մեռնում, ու ինքը չի ցանկանում, որ դա կատարվի նաև լավ բաների հետ ու նրանց հետ հատկապես, ում ինքը ճանաչում ու սիրում է:

Վիլյամ Սարոյանը կյանքից հեռացավ 1981թ. մայիսին՝ Ֆրեզնոյում: Մեկ տարի անց նրա մոխրով սափորը թաղեցին Երևանում՝ Կոմիտասի անվան պանթեոնում, այդ մասին գրողը խնդրել էր իր կտակում: Նրա վերջին խոսքերը եղել են՝  «Ամենքին է վիճակված մեռնել, բայց ես կարծում էի, որ ինձ համար բացառություն կանեն: Եվ ի՞նչ»:

Բայց չէ՞ որ նրա համար իրոք արել են բացառություն, նրա վեպերը վերատպվում են ԱՄՆ-ում, Հայաստանում, Ռուսաստանում, ԱՊՀ երկրներում: Նրա ստեղծագործությունների հիման վրա նկարահանվում են նոր ֆիլմեր, ու նա այն հեղինակն է, ում չեն դադարում կարդալ:

Պատրաստեց Հասմիկ Վանցյանը