Հայաստանում վերջնականապես որոշվել են նախընտրական արշավի մասնակիցները: Արտահերթ խորհրդարանական ընտրություններին կմասնակցեն 2 ընտրական դաշինքներ և 9 կուսակցություններ:

Ընտրությունների հաղթողը գրեթե կանխորոշված է` Հայաստանի վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի «Իմ քայլը» դաշինքն է, որի միջուկն է կազմում վարչապետի «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը: Նույնիսկ դրա ընտրական մրցակիցներն ընդունում են, որ պլանավորել են պայքարել միայն «պատվավոր երկրորդ տեղի համար» և իշխանությունների ընդդիմության դերի համար ապագա խորհրդարանում:

Ինքը՝ «Քաղաքացիական պայմանագիրը» աստիճանաբար անցնում է ցանկացած հետխորհրդային իշխանական կուսակցության ճանապարհը: Այդ ճանապարհի արդյունքը ժամանակին շատ հստակ բնորոշել է Վիկտոր Չերնոմիրդինը. «Ինչ կուսակցություն սկսենք կառուցել՝ մեզ մոտ միայն ԽՄԿԿ է ստացվում»: Եվ դատելով ընտրական ցուցակից, մեծ կասկածներ կան, որ «Քաղաքացիական պայմանագրին» կհաջողվի խուսափել Հայկական համազգային շարժման կամ Հայաստանի հանրապետական կուսակցության ճակատագրի կրկնությունից: Այդ մասին մասնավորապես խոսում է այն, որ այս կադրային քաղց ապրող կուսակցության շարքերին ակտիվորեն միանում են ոչ միայն գործընկեր-կուսակցությունների նախկին անդամները «Ելք» դաշինքից, այլև այլ ընդդիմական կուսակցություններից և հին իշխանության ներկայացուցիչներից, այդ թվում նաև ՀՀԿ-ից: Ինչը հիշեցրեց, թե որքան ակտիվ էր ՀՀՇ-ն իր շարքերի մեջ ներգրավում փախստական-պատգամավորների Կոմունիստական կուսակցությունից, իսկ ՀՀԿ-ն՝ ՀՀՇ-ից:

Էլ ավելի հետաքրքիր իրավիճակ է տիրում քաղաքական դաշտի ընդդիմական հատվածում, որի մշտական խաղացողներին է ավելացել ՀՀԿ-ն և մի քանի հայտնի ուժեր, որոնք սերտորեն կապված են նախկին իշխանությունների հետ:

Ընդ որում, 2017 թ. խորհրդարանական ընտրություններում ջախջախիչ հարված ստացած վերջին տասնամյակի ընդդիմական առաջնորդները՝ ՀԱԿ (1.65%) և «Ժառանգությունը» (2.07%) որոշել են չմասնակցել արտահերթ ընտրություններին: Ի դեպ, հենց 2017 թ. ընտրությունները ցույց տվեցին, որ ընդդիմական դաշտում տեղի է ունենում սերնդափոխություն, և «ծերունիներ» Լևոն Տեր-Պետրոսյանի և Րաֆֆի Հովհաննիսյանի փոխարեն առաջին պլան են գալիս նոր ընդդիմական առաջնորդների սերունդ՝ Փաշինյանի գլխավորությամբ:

Խորհրդարանական ընտրությունները վերջնականապես պառակտեցին «Ելք» խմբակցությունը: Եթե Երևանի ավագանու խորհուրդի ընտրություններին Փաշինյանը առանձին էր մասնակցում «Իմ քայլը» դաշինքի հետ, իսկ իր գործընկերները «Ելք» դաշինքից հանդես էին գալիս «Լույս» դաշինքի կազմում, ապա դեկտեմբերյան ընտրությունների ժամանակ «Լուսավոր Հայաստան» և «Հանրապետություն» կուսակցությունները որոշել են մասնակցել առանձին-առանձին: Դեռևս մինչև վերջ հասկանալի չէ, թե ի՞նչն է մղել կուսակցությունների առաջնորդներ Էդմոն Մարուքյանին և Արամ Սարգսյանին գնալ այդ քայլին, սակայն հարկավոր է ընդունել, որ այս պառակտումը էականորեն կազդի ապագա ընտրությունների արդյունքների վրա: Սակայն համատեղ ջանքերը՝ հաղթահարելու 7% արգելապատը շատ ավելի բարձր էին, քան առանձին 5%-ները: Եվ պետք է նկատել, որ հատկապես դժվար է հավատալ, որ ապագա խորհրդարանում հայտնվելու շանսեր ունի «Հանրապետությունը», որը որոշել է գնալ ընտրությունների «Մենք» դաշինքի կազմում՝ «Ազատ դեմոկրատներ» կուսակցության հետ:

Illustration: civilnet.am

Տվյալ դաշինքն ունի վառ արտահայտված հակառուսական գեոքաղաքական կողմնորոշում, և այդ հարցում նրանց հետ կարող է մրցել միայն «Սասնա ծռեր» կուսակցությունը: Կուսակցության բազմաթիվ անդամներ, այդ թվում նաև դրա ընտրական ցուցակի առաջին համար Վարուժան Ավետիսյանը, մասնակցել է ոստիկանական բաժանմունքի բռնագրավմանը 2016 թ. ամռանը, որի արդյունքում երեք ոստիկաններ զոհվեցին: Սակայն, նոր իշխանությունների կողմից հայտարարված համաներման արդյունքում, խմբի մասնակիցները, փոխարենը մասնակցեն դատական նիստերին, մտադրված են մասնակցելու խորհրդարանական ընտրություններին: Եվ արդեն տեսանելի են այն բանի նշանները, որ ոչ հեռու ապագայում «Սասնա ծռերի» ռադիկալները գլխացավանք կդառնան Փաշինյանի համար, և նա կզղջա, որ ժամանակին օգնել է նրանց խուսափել քրեական պատասխանատվությունից:

Իսկ ինչ վերաբերում է կուսակցության ներկայացուցիչների նախընտրական հայտարարություններին, ապա նրանց կողմից պլանավորված Հայաստանի արտաքին քաղաքականության իրականացման համար միջուկային զենքը բավական չէ: Իսկ հակառակ դեպքում փոքր երկիրը չի կարողանա պաշտպանվել խնդիրներից նման «անկախ» և ռադիկալ արտաքին քաղաքականության իրականացման պարագայում:

Հատկանշական է, որ «Սասնա ծռերի» ցուցակում երկրորդ տեղն է զբաղեցնում հայ քաղաքագետ Ստեփան Գրիգորյանը, որը մինչ այդ ներկայացրել էր իրեն որպես չափավոր և հավասարակշռված փորձագետ: Մի քանի ամիսների ընթացքում, որոնք անցել են «թավշյա» հեղափոխությունից հետո, նա հասցրել է այդ մասին գիրք գրել, սակայն, հավանաբար չկարողանալով տեղ ստանալ «Իմ քայլի» ցուցակում, որոշեց դաշինքի գնալ «Սասնա ծռերի» ռադիկալների հետ:

Ապագա խորհրդարանում դժվար թե տեսնենք նաև ՀՀԿ վաղեմի գործընկերոջը՝ «Օրինաց երկիր» կուսակցությանը, որի ցուցակը ավանդաբար գլխավորում է Արթուր Բաղդասարյանը: Եթե նախկին խորհրդարանական ընտրություններին լինելով լավ հարաբերությունների մեջ իշխանությունների հետ, կուսակցությունը չկարողացավ հաղթահարել ընտրական շեմը (3.71%), ապա դժվար թե այս ընտրությունների ժամանակ նրան հաջողվի հավաքել ավելի քան 5%: Նույնիսկ չնայած քաղաքական կողմնորոշիչների կտրուկ փոփոխությանը և հայտարարություններին՝ ի օգուտ «թավշյա» հեղափոխությանը: Ինչը ցույց տվեցին նաև մայրաքաղաքային ընտրությունները սեպտեմբերին (1.09%):

Կասկածելի են նաև այլ խորհրդարանական «երկարակյացի»՝ «Հայ հեղափոխական դաշնակցություն» կուսակցության շանսերը: Այս կուսակցության իմիջի վրա բացասական ազդեցություն թողեցին երկարամյա համագործակցությունը հին իշխանությունների հետ: Իշխանափոխությունից հետո էլ, իբրև թե աջակցելով Փաշինյանին, կուսակցությունն այնուամենայնիվ աչքի ընկավ մի շարք քայլերով, որոնք նոր գործընկերների կողմից որակվեցին որպես «գործալքություն» և «հակահեղափոխություն»: Նախորդ ընտրությունների ժամանակ, դեռևս մինչ կուսակցության մասնակցությունը խորհրդարանի ռեգլամենտում սկանդալային ուղղումների ընդունմանը, կուսակցությունը հավաքել էր 1.62% ձայներ:

Հատկանշական է, որ լինելով Հայաստանի այն քիչ կուսակցություններից, որն ունի զարգացած կուսակցական ավանդույթներ և կառույցներ ամբողջ հանրապետությունում (էլ չենք խոսում Դաշնակցության ազդեցության մասին սփյուռքի վրա), որը կախված չէ միայն կուսակցության առաջնորդի իմիջից և ռեսուրսներից, Դաշնակցությունը դեռևս չի գնում կուսակցական ղեկավարության փոխարինմանը: Ընդ որում, այդ ղեկավարությունը վերջին տարիների ընթացքում մի քանի լուրջ թերացումներ է թույլ տվել, ինչն էական ազդեցություն է թողել կուսակցության իմիջի և հանրային աջակցության վրա:

Ամեն ինչ ստանդարտ վիճակում է նաև «Բարգավաճ Հայաստան» կուսակցության մոտ, որի ցուցակը ավանդաբար գլխավորում է կուսակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը, ով օլիգարխից վերածվել է «խոշոր սեփականատիրոջ»: Ծառուկյանը երկրորդ տեղի գլխավոր թեկնածուներից է, թեպետ նրա դեմ է խաղում անհասկանալի ներքաղաքական մի կողմնորոշում. ոչ «հեղափոխական», ոչ «հակահեղափոխական»: Իսկ հաշվի առնելով նաև այն, որ դժվար թե ընտրությունների ժամանակ նրան թույլ տան կիրառել ընտրողների կաշառումը և ադմինռեսուրսը, ինչպես նաև հոկտեմբերյան պատմությունը՝ կապված ՀՀԿ-ի հակափաշինյանական օրինագծին աջակցելու հետ, փոխարենը 2017թ. խորհրդարանական ընտրությունների արդյունքները (27.32%), ամենայն հավանականությամբ կուսակցությանը սպասվում է մոտավորապես այն նույն արդյունքը, ինչ և սեպտեմբերին Երևանում (6,95%):

Ինչ վերաբերում է ՀՀԿ-ին, ապա կուսակցությունը այդպես էլ չհամարձակվեց հետևություններ անել իր հետ կատարվածից հետո: Իսկ տեղի է ունեցել, եթե ոչ կուսակցության ապաբրենդավորում, ապա գոնե առաջնորդի փոփոխություն, ով ամբողջական պատասխանատվություն էր կրում տեղի ունեցածի համար, և ում վրա կարելի էր գցել անցյալի բոլոր մեղքերը և հանցագործությունները: Իր համակուսակիցներին կարող էր օգնել ինքը՝ Սերժ Սարգսյանը, կամավոր կերպով հրաժարական տալով կուսակցության նախագահի պաշտոնից՝ «երիտասարդներին ճանապարհ տալու» պատրվակով:

Սակայն միամտություն կլիներ դա սպասել այն մարդուց, ով իր իշխանության անզուսպ ցանկությամբ հանդերձ իր կուսակցությունը բերեց ներկայիս ծանր իրավիճակին: Կամ առավել ևս, որ հենց ՀՀԿ-ում կգտնվեն մարդիկ, ովքեր խորհուրդ կտան Սարգսյանին նման քայլի գնալ՝ հանուն կուսակցության:

Եվ չնայած գլխավոր հանրապետականները մշտապես կոչ են անում Փաշինյանին և նրա թիմի անդամներին չկրկնել ՀՀԿ-ի սխալները, հենց իրենք՝ հանրապետականները, նորից կրկնում են դրանք: Ինչի մասին վկայում է օրինակ, կուսակցության ընտրական ցուցակը: Հանրային աջակցության բացակայությունը և պատգամավորների զանգվածային փախուստը կուսակցությունից «թավշյա» հեղափոխությունից հետո դաս չդարձավ ՀՀԿ-ի համար, և կուսակցության ցուցակում (ընդ որում, բավականին բարձր դիրքերում) կրկին ներառված են կողքից մարդիկ, ընդ որում, նրանք ամբողջովին վարկաբեկված են հասարակության աչքերում, չունեն ոչ մի հասարակական աջակցություն:

Եվ ամենագլխավորն՝ ինչո՞վ է արժանացել ցուցակում երրորդ տեղը ՀՀԿ-ի և Սերժ Սարգսյանի երկարամյա քննադատ և հակառակորդ Դավիթ Շահնազարյանը: Չունենալով ո՛չ ճանաչվածություն, ո՛չ ֆինանսական կամ ադմինիստրատիվ ռեսուրսներ, լինելով նախկին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի բազմամյա կողմնակից՝ հասկանալի չէ, թե ինչպես ցուցակում առաջ ընկավ վերջին ամիսներին ՀՀԿ դիրքերը կատաղի կերպով պաշտպանող, չնայած հասարակության կողմից ամբողջ քննադատությանը, Էդուարդ Շարմազանովից և Արմեն Աշոտյանից: Կամ էլ այլ հայտնի հանրապետականներից, ովքեր հավատարիմ մնացին կուսակցությանը:

Ընդ որում, հանրապետականների կողմից մշտապես արտահայտվող մտահոգությունները հայ-ռուսական հարաբերություններով և այդ կապակցությամբ Փաշինյանի քննադատությունները՝ ցուցակի առաջին եռյակում Շահնազարյանի ներգրավման ֆոնի վրա, ով հայտնի է իր հակառուսական հայացքներով, դառնում են կեղծավոր և նույնիսկ ծիծաղելի բնույթ:

Պարզ է, որ կուսակցության ցուցակը՝ նախ և առաջ հենց Սերժ Սարգսյանի ձեռքի գործն է, այլ ոչ թե Վիգեն Սարգսյանի: Եվ եթե ՀՀԿ-ն շանսեր ուներ զբաղեցնել երկրորդ տեղը, ներկայացնելով իրեն, որպես Փաշինյանի միակ լուրջ ընդդիմություն և խաղադրույք կատարելով կուսակցության այն թևի վրա, որը ներգրավված չէր խոշոր կոռուպցիոն սկանդալներում, ապա այս ցուցակով Սերժ Սարգսյանը կարծես թե ցանկանում է նվազագույնի հասցնել դրա շանսերը ընտրությունների ժամանակ և ավարտել դրա ջախջախումը:

Արդյո՞ք Սերժ Սարգսյանը դա անում է նպատակադրված կերպով, թե՞ նա ամբողջովին կորցրել է իրականությունը ադեկվատ գնահատելու կարողությունը՝ մենք կիմանանք ժամանակի ընթացքում: Իսկ դեռևս Հայաստանին սպասում է բուռն նախընտրական արշավ, որի արդյունքը կդառնա սերնդափոխությունը հայկական քաղաքականության մեջ:

 

Հայկ Խալաթյան