Սովորաբար, դեկտեմբերի 10-ից սկսած, Երևանը կամաց-կամաց պատրաստվում է Ամանորյա տոներին: Խանութները փոխում են իրենց ցուցափեղկերի դեկորացիաները՝ ավելացնելով Ամանորյա զարդարանքներ ու գունագեղ կոնֆետներ, տեղեկացնում են սպասվելիք զեղչերի մասին, քաղաքի իշխանությունները քաղաքը զարդարում են բազմերանգ կրակներով, ու համընդհանուր ուշադրության են դնում երկրի գլխավոր տոնածառը: Քաղաքի տարբեր անկյուններում բացվում են Ամանորյա տոնավաճառներ, որոնցից մեկն էլ, ահա, 5-րդ տարին անընդմեջ գտնվում է քաղաքի սրտում՝ Հյուսիսային պողոտայում:

Երևանի գլխավոր փողոցներից մեկի երկայնքով տեղադրված փայտյա ոչ մեծ տնակներում կարելի է գտնել ամեն ինչ՝ հուշանվերներից մինչև թխվածքեղեն ու համադամ ուտելիքներ: Այստեղ մեկ բաժակ տտիպ գինի համտեսելը կամ կրակի շուրջը տաքանալը ամոթ չէ, եթե հաշվի առնենք նաև, որ այս տարվա ձմեռը չափազանց խիստ էր: Ուրախացնում են նաև անցորդներն ու երաժիշտները, որոնց համար կա հատուկ պատրաստված բեմ:

Առևտրային սեղանիկների կողքին այս տարի Հյուսիսային պողոտայում իրենց տեղն են զբաղեցրել նաև երկու բարեգործական տնակներ: Առաջինը երեք ընկերուհիների՝ ջութակահարուհի Սոնա Ազարյանի, իրավաբան Լամարա Խուդավերդյանի և Ucom բարեգործական հիմնադրամի տնօրեն Նարինե Սուվարյանի տնակն է, իսկ երկրորդը՝ Մանկական զարգացման ֆոնդի խրճիթն է:

Ինչպես Dalma News –ի հետ զրույցում նշեց Սոնա Ազարյանը, գործունեության ամենասկզբից ընկերուհիները մտադրություն են ունեցել տրամադրել հասցեագրված օգնություն՝ բացառապես միայն Ղարաբաղում զինծառայություն անցնող զինծառայողների հիվանդ երեխաներին:

«Մենք շատ կարևոր ենք համարում ասել այդ մարդկանց, որ քանի նրանք մեր հայրենիքն են պաշտպանում, հայրենիքում էլ ինչ-որ մեկը, պետությունից զատ, իր անշահախնդիր օգնությունն է ցուցաբերում  նրանց: Եվ որոշեցինք Սուրբ Ծննդյան այս հրաշագործ տոների առիթը բաց չթողնել: Մեզ համար էական չէ՝ ով որքան է տրամադրում, կարևորը միասնության շունչն զգալն է: Մենք մտածեցինք, որ ճիշտ կլիներ օգնել այն մարդկանց երեխաներին, ովքեր որ իրենք են հենց դժբախտության մեջ գտնվում»:

Օգնության ակնկալիքով երեք ընկերուհիները դիմել են ընտանեկան բռնությունների ենթարկված կանանց՝ «Armenian light house» ապաստանին:

Այդ կանայք իրացման նպատակով աղջիկներին իրենց սեփական ձեռքի գործվածքներն են տրամադրել: Ակցիային իր մասնակցությունն է ցուցաբերել նաև «Իմ ուղին» աուտիստ-երեխաների կենտրոնը՝ տրամադրելով կերամիկական աշխատանքներ ու գեղարվեստական կտավներ:

Իսկ Մանկական զարգացման հիմնադրամի տնօրեն Լուսինե Սիմոնյանը պատմեց Ամանորյա այդ տոնավաճառին տրամադրված առաջին հայկական ուսուցողական «Զարմանք»  խաղի մասին, որը արտադրվում է իրենց դիզայներական լաբորատորիայում, և միակն է ողջ Հարավկովկասյան տարածաշրջանում:

Խաղերը նպաստում են երեխաների ընդհանուր ու բազմակողմանի զարգացմանը: Դրանց վրա կատարվելիք աշխատանքներում իրենց մասնակցությունն են ցուցաբերում կենտրոնում իրենց ոլորտի առաջադեմ մասնագետները՝ լոգոպետներ, հոգեբաններ և այլն: Խաղալիքների պատրաստման մեջ ներդրում են ունեցել նաև հատուկ կարիքներ ունեցող երեխաների ծնողները: Եվ քանի որ այդ բիզնեսն անմիջական կապ ունի Ֆոնդի հետ, ապա վաճառված ապրանքների միջոցներն ուղղվում են կարիքավոր երեխաներին ու կարիքավոր ընտանիքներին, ինչպես նաև մասնագիտական այն ծրագրերին, որոնք նպաստում ու աջակցում են յուրաքանչյուր երեխայի զարգացմանը: Ֆոնդի գործունեության հիմնական նպատակը երեխաների, հատկապես հատուկ կարիքավոր երեխաների պաշտպանությունն ու նրանց աջակցումն է:

Եթե դեռ չեք որոշել՝ ինչպես անցկացնել տոները Երևանում, ապա, չնայած ցուրտ եղանակին, մի ալարեք, քայլեք դեպի Հյուսիսային պողոտա՝ գինի խմելու, հուշանվեր գնելու, կրակի մոտ տաքանալու ու ձեր ջերմությամբ տաքացնելու նրանց, ովքեր դրա կարիքը ձեզանից շատ ունեն: Տոնավաճառը բաց կլինի մինչև հունվարի 6-ը:

Իսկ մենք լիահույս ենք, որ 2017 թ. կրակե աքաղաղի տարին նախորդից ավելի բարեհաճ կլինի մեր նկատմամբ:

Ուրախ ու երջանիկ տարի բոլորիս:

Պատրաստեց՝ Արմինե Ահարոնյանը

Լուսանկարները՝ Maram Ava-ի