Անցած ամառ Ռուսական գիլդիայի վավերագրական կինոյի խորհրդի անդամ Եվգենի Գրիգորևը Հայաստանում անցկացվող միջազգային «Ոսկե ծիրան» փառատոնի մրցանակաբաշխության ժամանակ արժանացավ մրցանակի՝ «Լավագույն վավերագրական ֆիլմ» անվանակարգում:

«Ձախ ափին հանդիման» ֆիլմը հանդիսանում է «Քաղաքի կոդը» ճանապարհորդական- մեդիա ծրագրի մի մասը, որում տարբեր տարիքի ու մասնագիտությունների տեր սովորական անձիք ֆիլմ են նկարահանում պրոֆեսիոնալների գլխավորությամբ: Մասնակիցների առջև դրված նպատակը տարածքային առանձնահատկությունների ի հայտ բերումն է, քաղաքի կոդի բացահայտումը: Յուրահատուկ այս ծրագրի մանրամասների մասին մենք զրուցեցինք կտավի ռեժիսոր Եվգենի Գրիգորևի, ինչպես և «Ձախ ափին հանդիման» ֆիլմի պրոդյուսեր և «Քաղաքի կոդը» ծրագրի ղեկավար Աննա Սելյանինայի հետ:

apricot

Սկսենք սկզբից, ի՞նչ է իրենից ներկայացնում «Քաղաքի կոդը» նախագիծը:

Աննա Սելյանինա. Այն սոցիալ-մշակութային, մեդիա-ճանապարհորդական ծրագիր է: Յուրահատուկ մի կինոնախագիծ, որի շրջանակներում որևէ քաղաքի բնակիչներ իրենց քաղաքի մասին կարճ պատմություններ, նովելներ են նկարահանում ու ներկայացնում այն աշխարհին:

Ծրագիրն աշխատում է հետևյալ կերպ. Մենք հավաքում ենք այն երիտասարդներին, ովքեր երազում են ֆիլմ նկարահանել, և նրանց հետ կարճաժամկետ՝ 2-3 շաբաթ տևողությամբ ուսուցողական կուրսեր ենք անցկացնում: Այդ երիտասարդներին կինոֆիլմի հիմնական լեզուն, դրամատուրգիան, ռեժիսուրան, օպերատորական վարպետությունը, նկարահանման գործընթացի կազմակերպումը սովորեցնելով մենք իհարկե հասկանում ենք, որ 3 շաբաթվա ընթացքում հնարավոր չէ սովորել ֆիլմ նկարել, սակայն այստեղ մեր առջև դրված առաջադրանքը հիմնականում նրանց այդ աշխատանքին ոգեկոչելն  ու ներշնչելն է:

Եվգենի Գրիգորև. Մենք նրանց օգնում ենք նայել արվեստի «հրեշների» աչքերին, որպեսզի նրանք այլևս մտածեն միայն ինչ-որ նոր բան ստեղծելու մասին, կամ հակառակը՝ դադարեն մտածել դրա մասին, քանի որ իրենց երազանքն արդեն իրականացել է:

Կարելի՞ է ասել, որ սա ավելի շուտ սոցիալական լրագրության որոշակի դրսևորում է:

Եվգենի. Ոչ, այստեղ ընդհանրապես լրագրություն չկա:

Աննա. Ես այդպես չէի ասի, ամեն դեպքում սա կինոլաբորատորիա է, մենք այստեղ աշխատում ենք կինոլեզվի հետ, մեզ ընդհանրապես չի հետաքրքրում  ինֆորմացիոն օրակարգը:

Եվգենի. Եվ ծրագրի առանձնահատկությունը հենց դա է, որ նա դուրս է գալիս մամուլին պարտադրվող օրակարգային սահմաններից: Այստեղ մարդը որոշակի խոսք ունի ասելու նախ իրեն, հետո մշակույթի մեջ, ինչպես և մշակույթի ու ժամանակի այն խաչմերուկի մասին, որում ինքն ապրում է՝ դրանով փորձելով դուրս գալ առօրյա աշխարհից: Իմ կարծիքով լրագրությունը, որքան էլ որ այն հիանալի կատարված լինի (առաջին մասնագիտությամբ ես հենց լրագրող եմ) հոգևոր տեսանկյունից երբեք չի կարող հասնել այն բարձունքին, որին կարող է հասնել գեղարվեստական ստեղծագործությունը: Մենք դա մեկ այլ՝ գիտակցական ոլորտ ենք տեղափոխում:

Ձեր հարցազրույցներից մեկում ասել եք, որ այս ծրագիրը նաև նպատակաուղղված է նրան, որ մարդիկ մնան ու ապրեն իրենց քաղաքներում ՝ փորձելով այդտեղ ինչ-որ բան փոխել:

Եվգենի. Սա իմ անձնական պատմությունն է, ես աշխարհի այն միլիոնավոր մարդկանց թվին եմ պատկանում, որոնք փոքր գյուղերից տեղափոխվում են փոքր քաղաքներ, փոքր քաղաքներից մեծ քաղաքներ, մեծ քաղաքներից՝ մեգապոլիսներ: Ինձ միշտ թվացել է, որ այնտեղ է լավ, որտեղ ես չկամ, և ձգտել եմ հասնել հենց այդտեղ: Ինչ խոսք, որոշ առումով այն իհարկե արդարացված է, սակայն մյուս կողմից ես հասկանում եմ, որ մենք գիտենք, թե ուր ենք ուզում գնալ, սակայն չգիտենք՝ որտեղից ենք հեռանում, ինչից ենք փախչում: Եվ ահա, երբ այդ գիտակցումը վրա է հասնում, մարդու մոտ փոխվում է ճանապարհորդության իմաստը, այն ավելի գիտակցված է դառնում: Քեզ կարող է դուր չգալ այն վայրը, որտեղ դու ապրում ես, և դու չես գնա մեկ այնպիսի այլ տեղ, որտեղ կոդը նույնն է, սակայն տարբեր է մասշտաբը: Այդ ամենը չի փոխելու քո ներքին հոգեկան աշխարհի որակը: Այսինքն, մենք ներքին հոգևոր աշխարհի հաղթողներ ենք աճեցնում: «Քաղաքի կոդը» գաղափարախոսություն չէ, այլ տեխնոլոգիա, գաղափարախոսականն այստեղ միայն մարդասիրության գաղափարն է՝ «Ամենակարևորը մարդն ու այն վայրն են, որում ապրում է տվյալ մարդը»:

Հիշո՞ւմ եք խորհրդային կարգախոսը՝ «Մարդն է գեղեցկացնում վայրը, այլ ոչ թե վայրը՝ մարդուն»: Եվ այս կինոն ստացվում է միայն այն պատճառով, որ մենք կարողանում ենք տեսնել այդ հրաշալի մարդկանց: Միգուցե և նրանք իդեալական չեն, բայց գեղեցիկ են, և նրանց այդ գեղեցկությունը հաղորդվում է տվյալ վայրին: Օրինակ՝ Ռոստովն առանց մեր հերոսների անգույն է, դա արդեն Ռոստով չէ, և եթե այդ հերոսները տեղափոխվում են մեկ այլ վայր, նրանք իրենց հետ այդտեղ են տեղափոխում Ռոստովի մի մասնիկը:

Իմաստը հենց սրանում է, մենք բոլորս այն մշակույթի կրողներն ենք, որն առանց մարդու գոյություն ունենալ չի կարող, ինչպես որ արվեստն առանց հանդիսատեսի չի կարող գոյություն ունենալ: Ինձ համար հանդիսատեսը չափազանց կարևոր է, ես չեմ կարող հենց այնպես, ոչ մեկի համար ֆիլմ նկարել: Կարևորն այն է, որ ես գիտակցեմ, որ շատ կարևոր մի բան եմ անում: Այլապես ես իմ ժամանակը կարող էի վատնել գովազդային հոլովակների վրա, և, ըստ ժամանակակից չափանիշների, ավելի հարուստ և ավելի հաջողակ լինել: Սակայն ես հասկանում եմ, որ ինձ հետ այն աշխարհ չեխական սպասք չեմ տանելու, իսկ մահանալուց առաջ հիշելու եմ հենց այս փորձի ու, որպես հեղինակ, արվեստը հասկանալու համար ինձ ընձեռնված հիասքանչ այս հնարավորության մասին: Ես և Անյան Ռոստովի մասին հիմա ավելի շատ բան գիտենք, և այն զգում ենք ավելի ուրիշ կերպ, քան բազմաթիվ ռոստովցիներ: Իմ մոտիվն այստեղ հենց դա է:

Աննա. Մեզ համար խթան է հանդիսանում այն ցանկությունն ու այն հույսը, որ բոլոր այն քաղաքների բնակիչները, որտեղ մենք կյանքի ենք կոչում մեր ծրագիրը, կսկսեն ավելի լավ հասկանալ իրենց քաղաքը, ավելի լավ ճանաչել այն: Մինչ աշխատանքը սկսելը մենք տվյալ քաղաքում անց ենք կացնում երկու հետազոտություն: Առաջինը վերաբերում է քաղաքի արտաքին տեսքին, այն, թե ինչպես է տվյալ քաղաքը երևում այլ քաղաքի բնակիչների աչքին: Արդյունքում մենք ստանում ենք հեռվից երևացող կարծրատիպերի մի հավաքածու: Օրինակ վերցնենք Դոնի Ռոստովը. Որպես այլ քաղաքի բնակիչներ, մեզ մոտ տվյալ քաղաքի պատկերացումները սահմանափակվում են խեցգետիններով, կազակներով, ռեփով, և նրանով, որ այն բանդիտական քաղաք է, ու ըստ էության՝ վերջ: Եվ այդ ամենի հետ մեկտեղ քչերը գիտեն, թե Դոն գետի որ ափին է գտնվում քաղաքը: Իսկ բավական է մենք ժամանենք քաղաք ու շփվենք տեղի բնակիչների հետ, հասկանում ենք, որ նրանց համար գլխավորը ոչ թե կազակներն են, որոնք Ռոստովում երբեք չեն բնակվել, ոչ թե ռեփն է, քանի որ այն արդեն անկման եզրին է, այլ օրինակ Պարամանովյան պահեստները, որոնք իշխանությունները մեկ փորձում են փլուզել, մեկ թաքցնել: Բնակիչների համար դա մի վայր է, որտեղ ամառվա տապին կարելի է լողանալ, հանրային մի իսկական վայր, որի շուրջ ծավալվող կյանքը քաղաքացիներին հետաքրքրում է ավելի շատ, քան մնացած ամեն ինչը:

Իսկ կոդերը, որոնց մասին ասում եք, նույնպե՞ս փոխվում են:

Եվգենի. Այո, սակայն ոչ-ոք չի մտածել, որ դրանք հեռացող կոդեր են, և մարդուց մարդ փոփոխվում են, նրանք խիստ անհատական են: Ստացվում է այնպես, որ «Քաղաքի կոդը» կարելի է նկարել ամեն տարի: Սա սեփական կյանքը հասկանալու համար ամենալավ պրակտիկան է:

Աննա. Եվ ամենակարևորն այն է, որ այդ բոլոր փոփոխությունները փոխկապակցված են: Վերադառնալով Ռոստովին՝ այսպիսի մի բան պատմեմ. Քաղաքում կա այսպիսի մի հասկացություն՝ Լևբերդոն, դա Դոնի ձախ ափն է: Այն 15 կմ երկարությամբ մի տարածք է, որտեղ կան բազմաթիվ ռեստորաններ, խորովածանոցներ, և որտեղ ողջ քաղաքը գալիս է՝ հանգստանալու: Ռոստովը փաստորեն գտնվում է գետի աջ ափին, իսկ այդ տարածքում ազատություն է: Բայց հիմա այն փոփոխվում է, այնտեղ աշխարհի չեմպիոնատի համար մարզադաշտ է կառուցվում, այդտեղով խաչմերուկներ են անցնում, մայթեր են տեղադրվում, քաղաքն անցում է կատարում դեպի մյուս ափ, և Լևբերդոն հասկացությունը, որը քաղաքի առանցքային կոդերից մեկն էր, փաստորեն վերանում է: Այս կոդը երիտասարդ սերունդին այլևս հետաքրքիր չէ, նրանք դրա մասին ոչինչ նկարել չեն ուզում:

Եվգենի. Ահա սա սերունդների երկխոսությունն է: Մենք կարծես հետ ենք վարժվել զրուցելուն: Ես հասկանում եմ, որ Ռոստովում բնակվող յուրաքանչյուր ոք, այդ ֆիլմը նայելով, ասելու է. «Սա իմ քաղաքը չէ»: Եվ հենց այդ տարաձայնության պահին իրենք իրենց համար քաղաք են ձևավորելու, նրանք դուրս են գալու սոցկայքերի և զանգվածային լրատվամիջոցների օրակարգային կաղապարներից, առօրյա կենցաղից, զգալու են իրենց իբրև իսկական ռոստովցիներ, որոնք վիճելու են իմ ու այդ երիտասարդների հետ: Ու այս երկխոսությունը շատ կարևոր է լինելու, սա այն գլխավոր պահերից է, երբ կինոն ձևավորում է հասարակական կարծիք:

Աննա. Այսինքն մենք հետազոտում ենք քաղաքը, առանձնացնում ենք որոշ թեմաներ, լաբորատորիայի մասնակիցները այդ թեմայով ֆիլմ են նկարում, այդ ֆիլմը տեսնում են քաղաքացիները և այստեղ ծնունդ է առնում նոր մի զրույց: Քաղաքն այսպիսով իր բնակիչներին է վերադառնում, և քաղաքացիների այդ նոր շերտը ներառվում է նրա կյանքի մեջ:

Ինչպես ես հասկացա, սա նաև փորձ է ցույց տալու, որ տունը միայն տան պատերով չի սահմանափակվում:

Աննա. Այո, ժամանակակից քաղաքը միայն իմ սեփական բնակարանը չէ, ժամանակակից քաղաքը նոր հնարավորություններն են:

Եվգենի. Սա միմյանց ձեռք բռնելու նման է: Մենք մեր այդ բոլոր սոցիալական կայքերով դարձել ենք համագործակցության նկատմամբ անհաղորդ, կորցնում ենք նրբանկատության զգացողությունը, իսկ քաղաքը նրբակրթության ուրույն դրսևորում է:

Աննա. Պետք չէ նաև մոռանալ, որ ցանկացած քաղաքում մարդիկ շարժվում են ստանդարտ գծված երթուղով: Մեզ ցնցեց այն, որ Պերվոուրալսկում՝ 150 հազար բնակիչ ունեցող այդ փոքրիկ քաղաքում, մարդիկ չգիտեն, թե ինչ է կատարվում հարևան բակում: Եվ ես հիշում եմ այն, որ ցուցադրման ժամանակ հանդիսատեսների կեսը մեզ շնորհակալություն էր հայտնում նրա համար, որ նրանք ևս մեկ անգամ իրենց համար իրենց քաղաքը բացահայտեցին: Իսկ մյուս կեսը, հակառակը՝ շփոթմունքի մեջ հայտնվելով՝ ասում էր, որ ընդհանրապես չհասկացավ, թե ինչի մասին է ֆիլմը: «Ինչպե՞ս թե, Պորվոուրալսկն առանց Ասիայի ու Եվրոպայի կոթողի՞»: Բազմաթիվ նման բացականչություններ լսվեցին…

Եվգենի. Իսկ պատկերացնո՞ւմ եք, թե ինչ կլինի, եթե մենք նկարենք Երևան քաղաքի կոդը: Պատկերացնո՞ւմ եք, թե ի՞նչ  է նշանակում մարդու մասին ֆիլմ նկարել, ասել, որ ինքը քեզ հետաքրքրում է: Պատկերացրեք՝ ամեն օր փողոց են դուրս գալիս 12 մարդ ու ասում. «Բարև Ձեզ, Դուք մեզ հետաքրքրում եք»:

Որքա՞ն է տևում ամեն մի նովելը:

Աննա. 3-8 րոպե: Պերվոուրալսկում մեր սթալքերները (գաղտնի նկարահանողներ) հրդեհ ծառայության մասին էպիզոդ էին նկարել: Այն կոչվում էր «Աշխատանքային կեսօր», և ներառվեց ֆիլմի մեջ: Բայց ոչ բոլոր հրշեջները դա տեսան: Դրանից կես տարի անց, երբ տոնվում էր «Հրշեջի օրը», մեր ստալքերները հիշում են այդ ֆիլմի մասին, զանգահարում Հրշեջ ծառայություն ու առաջարկում ցուցադրել այն: Հետո պարզվեց, որ հրշեջները բոլոր հրշեջ և այլ ծառայություններից բազմաթիվ մարդկանց են հրավիրել ու առաջարկել դիտել այն: Նովելը տևում է 6 րոպե միայն: Ցուցադրությունից հետո բոլոր հրշեջները մոտեցել են երիտասարդներին ու ասել. «Ահա, վերցրեք մեր այցեքարտերը, զանգահարեք, եթե կարիք լինի»:

Կարելի՞ է արդյոք այս ֆիլմերն օգտագործել տուրիզմի ինդուստրիան զարգացնելու համար:

Աննա. Բարդ հարց է: Այս ողջ երեք տարվա ընթացքում, որ մենք զբաղվում ենք նախագծով, ինձ թվացել է, որ այն շատ հետաքրքիր պետք է լինի տուրիստական տեսանկյունից: Սակայն դժբախտությունը նրանում է, որ այստեղ որոշ հակասություն գոյություն ունի: Երբ մենք Ռոստովի մասին ֆիլմը ցուցադրում էինք ոչ ռոստովցիներին, լսում էինք բազմաթիվ հիանալի կարծիքներ, այդտեղ գնալու ու այն տեսնելու ցանկություններ էին հայտնում բազմաթիվ մարդիկ: Իսկ ահա երբ մենք այն ռոստովցիներին ենք ցույց տալիս, նրանք գտնում են, որ իրենց քաղաքում տեսարժան վայրերն այլ են, կամ այնպես չեն, ինչպես մեր ֆիլմում են ներկայացվել: Յուրաքանչյուր քաղաքում կա տուրիզմով զբաղվող բաժին, և այդ բաժինը ուզում է, որ մենք ցույց տանք ոչ թե քանդված բակը, այլ կենտրոնական հրապարակն ու ցայտաղբյուրները: Ու այդ ամենի հետ մեկտեղ հաշվի չի առնվում այն, որ հիմա մարդկանց մեծամասնությունը հենց այդ քանդված բակը տեսնելու համար է այդ քաղաք մեկնում:

Ինչպե՞ս կարելի է մասնակցել նախագծին:

Աննա. Սկզբի համար պետք է հայտ ներկայացնել, ֆինանսավորում գտնել, մենք որոշ պետական ռեսուրսներ ենք օգտագործում: Եթե խոսենք Ռուսաստանի մասին, ապա ինչ-որ մեկը տեխնիկական ապահովումն է անում, օգնում է ինչ-որ բան վարձակալել նվազագույն միջոցներով, որևէ շինություն է տրամադրում որպես լաբորատորիա և այլն…

Կինոլաբորատորիայի սթալքեր կարող է դառնալ յուրաքանչյուր ոք, սա բաց նախագիծ է: Հարկավոր է լրացնել հայտն ու տեսահոլովակ ուղարկել, որն այս դեպքում կարող է նկարահանված լինել նույնիսկ բջջային հեռախոսով: Այնուհետև մենք կազմում ենք շուրջ 20 մարդուց բաղկացած խումբ: Նախորդ երկու լաբորատորիաների օրինակով մենք հասկացանք, որ եզրափակիչ փուլ հասնում է խմբի կեսը միայն: Դրանից հետո մենք կինոլաբորատորիայի երկու, երեք կուրս ենք անցկացնում, որտեղ քննարկում ենք նրանց ներկայացրած թեմաները, և դրանց մի մասը ենթարկվում է այն հետազոտություններին, որոնց մասին խոսեցինք: Այնուհետև իրենք են արդեն նկարում իրենց պատմությունները, որից հետո մենք բոլորս միասին այդ պատմությունը քննարկում ու մոնտաժում ենք:

Մենք գնում ենք բոլոր այն քաղաքները, որոնք մեզ կանչում են, քաղաքի մասշտաբը մեզ համար կարևոր չէ, մեզ համար կարևորն այդ քաղաքում ապրող այն մարդն է, ով հպարտանում է իր քաղաքով, ով պատմելու ինչ-որ բան ունի: Պերվոուրալսկը, Ռոստովը, Կրասնոյարսկը, հնարավոր է նաև Իրկուտսկը… շատերն են ցանկանում մասնակցել նախագծին:

Որքա՞ն է նախագծի արժեքը:

Աննա. Մինչ ճգնաժամը 5-7 մլն՝ ամեն քաղաքում: Սա իր մեջ ներառում էր հետազոտությունները, լաբորատորիան, և, կամ ֆիլմը, կամ կինոքարտը (ինտերնետային այն կայքը, որին կցված են բոլոր 50 պատմությունները), ըստ ընտրության:

Սթալքերների աշխատանքը վճարվո՞ւմ է:

Աննա. Ոչ, նրանք ի սկզբանե ստորագրում են մի պայմանագիր, համաձայն որի լաբորատորիայի շրջանակներում նկարահանված ողջ մատերիալը պատկանում է «Քաղաքի կոդը» նախագծին: Իսկ դրա փոխարեն մենք նրանց համար ուսուցողական ծրագիր ենք նախապատրաստում, որի դիմաց նրանք մեզ ոչինչ չեն վճարում: Եվ իհարկե մենք միշտ պահպանում ենք հեղինակային իրավունքը:

Ձեզանից յուրաքանչյուրի մեջ ի՞նչ է փոխել այդ նախագիծը:

Եվգենի. Ես, օրինակ, հասկացա, որ այլևս չեմ կարող նկարել մի քաղաքի մասին, որի հետ գործ եմ ունեցել: Քաղաքի կոդի մասին ես արդեն խոսել եմ, ինձանից հետո մեկ այլ ռեժիսոր պետք է դա անի, որի համար ես որպես բուֆեր եմ ծառայելու: Հնարավոր է ես այդ ամենին վերադառնամ սրանից 5 տարի անց, բայց ոչ հիմա: Հասկացա նաև, որ փաստավավերագրական կինոն արվեստի մի աննկարագրելի դրսևորում է, որը բուժում է առաջին հերթին հենց հեղինակին: Իսկ քաղաքն ինքը իր մեջ պարունակում է աներևակայելի նշանակություններ, բացահայտում անհավանական, անասելի մի բան:

Աննա. Այս նախագիծն ինձ միանշանակ ապացուցեց, որ կինոն դա համատեղ աշխատանք է, և ես, որպես նախագծի պրոդյուսեր, կարող եմ հաստատապես ասել, որ հնարավոր չէ նախագիծ իրականացնել մի քաղաքի մասին, որտեղ դու չես ապրում, եթե իհարկե չունես իր քաղաքին ու քո նախագծին սիրահարված մարդկանց խումբ…

Զրուցեց Արմինե Ահարոնյանը