Վերջին տարիներին Հայաստանում ռուսական նոր դպրոցներ բացելու և հայկական դպրոցներին ռուսերեն դասագրքեր հատկացնելու թեման կրկին օրակարգ է վերադարձել։ Հայաստանի և Ռուսաստանի համապատասխան շրջանակները մշտապես քննարկել են այս հարցը և, կարծես թե, բավականին զգալի արդյունքների են հասել։
Այսպես, այս տարվա մարտին ելույթ ունենալով Ծաղկաձոր քաղաքում անցկացվող՝ Ռուսաստանի Դաշնության Դաշնային ժողովի և Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի միջև համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի 36-րդ նիստում, Դաշնային խորհրդի փոխնախագահ Յուրի Վորոբյովը հայտարարել է, որ Հայաստանում 4 ռուսական դպրոցների կառուցման նախագիծ է մեկնարկել, և դրա իրականացումը տեղի կունենա ռուս-հայկական միջկառավարական հանձնաժողովի շրջանակներում։ Սենատորը հույս է հայտնել, որ այս աշխատանքը կլինի դինամիկ և արդյունավետ՝ երկու երկրների համար տվյալ նախագծի առանձնահատուկ նշանակության պատճառով։ Իսկ մի քանի ամիս անց հայտնի դարձավ, որ Ռուսաստանի Դաշնության կառավարությունը 35 մլն ռուբլի է հատկացրել Հայաստանի դպրոցների համար ավելի քան 60 հազար դասագրքեր գնելու համար։ Նման արդյունքների, ինչպես նշել է ռուսական կողմը, հնարավոր է եղել հասնել «Ռոսսոտրուդնիչեստվո»-ի և ՌԴ ֆինանսների նախարարության կողմից վերին պալատի խոսնակ Վալենտինա Մատվիենկոյի անունից կազմակերպված համակարգված աշխատանքի շնորհիվ։
Սակայն անցյալ շաբաթ նույն սենատորը ափսոսանքով նշեց, որ երկկողմ հարաբերություններում ինչ-որ բան այն չէ. Հայաստանի կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը կասեցրել է ռուսերեն լեզվի դասագրքերի բաշխումը, որոնք ռուսական կողմից ուղարկվել էին հայկական դպրոցներին։
«Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախաձեռնությամբ և ռուս-հայկական միջխորհրդարանական հանձնաժողովի նիստերում հայ պատգամավորների բազմիցս ներկայացված դիմումների արդյունքներով, Դաշնության խորհրդի ղեկավարության անմիջական աջակցությամբ, ռուսական կողմը կարողացել է լրացուցիչ բյուջետային միջոցներ գտնել ավելի քան 50 հազար դասագրքերի ձեռքբերման և հետագա անվճար տրամադրման համար հայկական դպրոցներին, որտեղ դասավանդվում է ռուսաց լեզվուն։
Նոյեմբերի 11-ին դասագրքերը հասցվել են հանրապետություն, սկսվել է դրանց բաշխումը դպրոցներին, որտեղ դրանք մեծ պահանջարկ ունեն։
Մեծ տարակուսանքով տեղեկացա, որ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը կասեցրել է այս գործընթացը՝ ուսումնական նյութերի փորձաքննություն անցկացնելու անհրաժեշտության պատրվակով։ Հատկապես տարօրինակ է այն փաստը, որ մեր հայ գործընկերներն իրենք են մեզ ուղարկել անհրաժեշտ դասագրքերի կոնկրետ ցանկ։ Շատ ափսոս, որ նման անհեռատես քաղաքական ինտրիգներից առաջինը տուժում են մեր եղբայրական հայ ժողովրդի դպրոցահասակ երեխաները։ Բիշքեկում գտնվող մեր պատվիրակությունն այս հարցը բարձրացրել է Հայաստանի խորհրդարանի փոխխոսնակին։ Հուսով ենք, որ մոտ ապագայում բոլոր խոչընդոտները կվերացվեն»,- տելեգրամյան իր ալիքում գրել է սենատորը։
Խոսքը, նշենք, ռուսաց լեզվի, գրականության, մաթեմատիկայի, հանրահաշվի, երկրաչափության, քիմիայի, ֆիզիկայի, աշխարհագրության, կենսաբանության, պատմության և շրջակա աշխարհի դասագրքերի խմբաքանակի մասին է։
Այսպիսով, ի՞նչ է պատահել։ Նախարարությունը փորձեց պարզաբանել ստեղծված իրավիճակը։ Պաշտոնական պարզաբանմամբ՝ ավելի քան 50 հազար ռուսական դասագրքեր Հայաստանի օրենսդրությանը համապատասխան փորձաքննության են ենթարկվում, դրանց փոխանցումը հանրապետության դպրոցներին չի կասեցվել։ Նաև հատուկ ընդգծել են, որ խոսքը ոչ թե «Ռուսաց լեզու» առարկայի մասին է, այլ մաթեմատիկայի, քիմիայի, կենսաբանության և հարակից առարկաների, որոնք երեխաները սովորում են ռուսերեն լեզվով, և դրանք 30-ից ավելի դասագրքեր են՝ նախատեսված ռուսերեն լեզվով ուսուցման համար։
«Նախարարությունը չի արգելել Ռուսաստանից Հայաստան ուղարկվող ռուսերեն լեզվով դասագրքերը, այլ հանրակրթության մասին օրենքով սահմանված կարգով ուղարկել է փորձաքննության, ինչպես դպրոցներում օգտագործվող ցանկացած ուսումնական նյութի կամ դասագրքի դեպքում», – մասնավորապես նշել են գերատեսչությունում։
Այնուամենայնիվ, վերջին իրադարձությունների և, մեղմ ասած, Երևան-Մոսկվա երկկողմ հարաբերություններում լարվածության ֆոնին, կա՞ որևէ հիմք կարծելու, որ սա հայկական կողմի դեմարշի շարունակությունն է։ Իշխանական «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունից ՀՀ ԱԺ պատգամավոր Ալեքսեյ Սանդիկովը վստահեցնում է՝ չկա։ Նրա խոսքով, դասագրքերն ուղարկվել են նոր կրթական չափորոշիչներին համապատասխանությունը ստուգելու համար, և դրանից խնդիրներ ստեղծելու, առավել ևս՝ քաղաքական համատեքստում դիտարկելու կարիք չկա։
«Սա զուտ տեխնիկական խնդիր է։ Բիշքեկում ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովի (ԱՊՀ ՄԽՎ) աշնանային նստաշրջանի շրջանակներում ես զրուցել եմ ռուս գործընկերներիս հետ և նրանց բացատրել իրավիճակը։ Պետք է միայն մի փոքր սպասել, և հարցը կլուծվի։ Վստահեցնում եմ, որ խնդիրը քաղաքական ենթատեքստ չունի, այն բացառապես տեխնիկական է»,- ընդգծել է Սանդիկովը։
Ինչպես ասում են՝ սպասենք…
Լինա Մակարյան