Նոյեմբերի 18-ին իր ծննդյան օրն է նշում Ձմեռ պապը՝ ձմեռային գլխավոր հրաշագործը։ Ենթադրվում է, որ հենց նոյեմբերի կեսերին Վելիկի Ուստյուգում ՝ ձմեռային Հրաշագործի հայրենիքում, սկսվում է կլիմայական ձմեռը, և ջերմաստիճանը դառնում է մինուս։

Արենիում գործող «Ռուսաց լեզվի և մշակույթի» կենտրոնի սաները նոյեմբերի 18-ին նշեցին «Ձմեռ պապի ծնունդը» տոնը, որը ձմեռային ու հեքիաթային շունչ հաղորդեց ներկաներին։

Կենտրոնի աշակերտները ներկայացել էին հեքիաթային հերոսների՝ Կարմիր գլխարկի, Ձյունանուշի,  Մոխրոտի, Փերու, Երկարագուլպա Պեպիի հանդերձանքներով։ Նրանք իրենց ջերմ մաղթանքները հղեցին տարվա ամենասպասված տոնի գլխավոր հրաշագործին։

«Ռուսաց լեզվի և մշակույթի» բացումը նպատակ ունի երեխաներին ոչ միայն անվճար սովորեցնել ռուսաց լեզու, այլև նրանց ծանոթացնել հայ-ռուսական ընդհանուր պատմությանը, մշակույթին, արվեստին, գրականությանը, ժառանգությանը։

Նշենք, որ Կենտրոններց յուրաքանչյուրն ունի իր անվանումը՝«Տիեզերք», «Գրականություն» և «Արվեստ»։

Մասնակիցների ուսումնական ծրագիրը հարուստ է՝ ներառյալ լեզվի ուսուցում, ընթերցանություն, հանդիպումներ փորձագետների հետ, էքսկուրսիաներ, ինչպես նաև ֆիլմերի և մուլտֆիլմերի դիտումներ, քննարկումներ, տարատեսակ միջոցառումներ։ Նախաձեռնությունը կարևոր է փոքր գյուղերի համար։ Ապագայում նախատեսվում է կենտրոնների գործունեության ընդլայնում։