Շաբաթ օրը Երևանում բողոքի ակցիա անցավ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կտրուկ սրացման վերաբերյալ միջազգային կառույցների անգործության դեմ: Հանրապետության հրապարակում` «Արմենիա Մարիոտ» հյուրանոցի մոտ, որտեղ անցնում էր ԵԱՀԿ Մինսկի խմբի մամուլի ասուլիսը, հավաքվել էին մի խումբ երիտասարդներ, որպեսզի արտահայտեն իրենց բողոքը ղարաբաղյան հարցում ԵԱՀԿ ՄԽ-ի պասիվ գործունեության դեմ, ինչպես նաև երիտասարդները պահանջում էին ներգրավել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ներկայացուցիչներին հակամարտության կարգավորման բանակցությունների մեջ:
Հիշեցնենք, որ ապրիլի մեկի` լույս երկուսի գիշերը ղարաբաղյան հակամարտության տարածքում իրավիճակը կտրուկ սրվել է: Հակամարտության երկու կողմերը մեղադրեցին իրար կոնֆլիկտի էսկալացիայի համար: Պաշտոնական Բաքուն հայտարարեց Հայաստանի զինված ուժերի կողմից կրակոցների մասին: Երևանը, իր հերթին, հայտարարեց Ադրբեջանի կողմից կատարված հարձակողական գործողությունների մասին: Պաշտոնական տվյալների համաձայն` քառօրյա պատերազմի ընթացքում երկու կողմերն էլ բազմաթիվ կորուստներ են ունեցել` այդ թվում նաև քաղաքացիական բնակչության մեջ: Ապրիլի 5-ին Մոսկվայում համաձայնություն կնքվեց ռազմական գործողությունների դադարեցման մասին, բայց այսօրվա դրությամբ վերջնական հրադադար դեռևս չկա: Երկու կողմերից էլ հայտարարություններ են հնչում հրադադարի ռեժիմի խախտումների մասին:
Երևանում բողոքի ակցիայի կազմակերպիչներն էին այն քաղաքացիները, ովքեր իրենց վրա են վերցրել տարատեսակ սոցիալական և մեդիա հարթակներում ճշգրիտ ինֆորմացիա տարածելու խնդիրը: Նրանք նշեցին, որ արիլի 2-ին Լեռնային Ղարաբաղի ողջ սահմանով Ադրբեջանի կողմից սկսած պատերազմը և ներկայիս փխրուն հրադադարը, այդպես էլ հակամարտության լուծման համար ոչ մի կոնկրետ քայլերի չհանգեցրին:
«Մենք հետևում ենք միջազգային հանրության հանցագործ լռությանը և, մասնավորապես, որոշ միջազգային կառույցների և երկրների, որոնք անմիջականորեն ներգրավված են հակամարտության կարգավորման գործընթացին: Նկատում ենք նաև ոչ պակաս հանցավոր արարք, երբ փորձում են հավասարության նշան դնել Հայաստանի, ԼՂՀ-ի և Ադրբեջանի գործողությունների միջև», – նշեցին ակցիայի կազմակերպիչները:
Կազմակերպչական խմբի անդամ Մարինե Մանուչարյանը, լրագրողների հարցերին պատասխանելով, ասաց, որ ցույցը կապված է ԵԱՀԿ ՄԽ-ի Եևանում գտնվելու հետ: «Այսօր ողջ աշխարհի ուշադրությունը սևեռված է այս միջոցառմանը, և մենք որոշեցինք, որ եկել է ժամանակը, երբ մենք պետք է ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացքում ներգրավված միջազգայի կազմակերպություններին ներկայացնենք հստակ հաղորդագրություն` 7-8 պահանջներով կոնսոլիդացված փաթեթի տեսքով, ինչը ֆեյսբուքյան մեր էջում երկարատև քննարկումների արդյունքն է»:
Dalma News-ի թղթակցի հետ զրույցում Մարինե Մանուչարյանը նշեց, որ նման ակցիաների կարևորությունը նրանում է, որ երբեք չգիտես, թե դրանցից որը կարող է որոշիչ լինել: Սակայն, Մարինեն վստահ է, որ իրենցից յուրաքանչյուրը ր ներդրումը կունենա ստեղծված իրավիճակի լուծման համար:
«Այսօր աշխարհը մարդկայնության կարիք ունի: Ինձ համար խաղաղությունն այն է, երբ ես չեմ մտածում, որ ինչ-որ բան կարող է պատահել իմ ընտանիքին, չեմ մտածում, որ սահմանին անհանգիստ է, չեմ վախենում ամեն մի բարձր ձայնից: Իմ մանկությունը պատերազմի մեջ է եղել, ես չեմ ուզում նորից նույնը տեսնել»:
Բողոքի ակցիան սկսեց մեկ րոպե լռությամբ` ի հիշատակ զոհված զինվորների և խաղաղ բնակիչների, ինչից հետո կազմակերպիչները ներկայացրեցին իրենց պահանջները ԵԱՀԿ ՄԽ համանախագահներին:
Ցույցի ընթացքում պարզ դարձավ, որ անհայտ պատճառներով փոխվել է մամուլի ասուլիսի ժամը, իսկ ԱՄՆ դեսպանատունը կոչ արեց ԱՄՆ քաղաքացիներին հեռու մնալ ակցիայի անցկացման վայրից:
Երթի մասնակիցներին դիմեց Երևանի փոխվոստիկանապետ Վալերի Օսիպյանը` խնդրելով հավաքվածներին իրենց պահել օրենքի սահմաններում և չկատարել դեսպանատների և այլ պետությունների նկատմամբ անօրինական գործողություններ:
Ֆրանսիայի, ՌԴ-ի և ԱՄՆ-ի դեսպանատների մոտ, ինչպես նաև ԵԱՀԿ ՄԽ-ի համանախագահների ասուլիսի կայացման վայրի դիմաց ցույցի մասնակիցներին դիմավորեց ոստիկանների կազմած խիտ օղակը:
Ֆրանսիայի դեսպանատան դիմաց 23 րոպե սպասելուց հետո, ցույցի մասնակիցների մոտ դուրս եկավ ժանդարմը և վերցնելով նրանցից պատրաստի փաստաթուղը` խոստացավ, որ կփոխանցի իր ղեկավարությանը:
Ցավոք Ռուսաստանի դեսպանատան ներկայացուցիչը այդպես էլ դուրս չեկավ ակցիայի մասնակիցների մոտ:
Հայաստանում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Մ. Միլս Կրտսերը, նախքան ասուլիսի մեկնարկը, ընդունեց ցույցի կազմակերպիչներից երեքին և լսեց նրանց բոլոր պահանջները:
Հ.Գ. Այս օրերին Հայաստանի ողջ տարածքով մարդիկ որպես կամավոր գրանցվում էին հայկականզ որքերում: 22-ամյա Նելլի Մինասյանը առաջնագծում է անցկացրել միք նաի օր, որպես կամավոր: «Դառնալ կամավոր, թե ոչ յուրաքանչյուրն ինքը պետք է որոշի: Ես գնացի, որպեսզի պայքարեմ և չթողնեմ Ադրբեջանին ոչ մի քայլ առաջ անցնել: Եվ եթե նման անհրաժեշտություն լինի, ես նորից կմեկնեմ և միչև վերջ կմնամ դիքերում: Խաղաղությունը այն է, երբ մայրերը չեն լալիս իրենց սպանված որդիների համար, և այսօր ես պայքարում եմ հենց դրա համար: Ես հավատում եմ, որ միասնությունը, ազգը և հայրենիքը` հաջողության գրավականն են»:
Պատրաստեց Արմինե Ահարոնյանը
Լուսանկարները` Lina Levine