Վ.Ա. Համբարձումյանի անունը կրող Բյուրականի աստղոֆիզիկական աստղադիտարանը հիմնադրվել է 1946թվականին, չնայած պաշտոնական բացումն արվել է տասնյակ տարի անց: Դա Հայաստանի Գիտությունների ազգային ակադեմիայի հեղինակավոր գիտական հաստատություններից մեկն է: Աստղադիտարանը գտնվում է Արագածոտնի մարզում՝ Արագած լեռան հարավային լանջին, 1490 մ բարձրության վրա: Աստղադիտարանի համալիր շինությունը համարվում է ճարտարապետական հուշարձան, ու առաջինը, որ աչք է ծակում, դա խորհրդային ճարտարապետական ոճին համապատասխանելիությունն է: Կես դարից մեծ այդ շինությունները թեկուզ ներսից լավ տեսք էլ չունեն, սակայն արտաքինից շատ տպավորեցնող են՝ կրակագույն, վարդագույն քարով, մեծ դռներով ու իրենց լայն աստիճաններով, սյուներով ու բարձր հարկերով: 2015 թվականին Բյուրականի աստղադիտարանը ստացավ տարածաշրջանային աստղագիտական կենտրոնի կարգավիճակ:
Ու ինչպես բնորոշ է լուրջ գիտական շինությանը, աստղադիտարանում անմիջապես հիմնվեց գրադարան, որտեղ տեղ գտան ոչ միայն սեփական աշխատակիցների ու Միության մյուս աստղադիտական կենտրոնների նրանց կոլեգաների աշխատանքները, այլ նաև ողջ աշխարհի համապատասխան թեմաներով գիտական գրականությունը: 1957 թվականին, հայտնի Nature ամսագրում աստղադիտարանի մասնագետները գտան ավստրալացի մի մասնագետի հոդվածը՝ երկու հայելիներով ու կատարյալ կիսագնդի տեսքով մեկ մեծ, անշարժ, հիմնական հայելիով ռադիոաստղադիտակի գիտական առաջխաղացման մասին, որը կարելի կլիներ հավաքել լեռնային վայրերում: Միկրոալիքային ռադիոալիքների երկնային աղբյուրներին հետևել ավստրալացին առաջարկում էր համապատասխան ծրագրով հատուկ ձևի փոքր հայելի տեղափոխելով:
Նույն տարում դեռևս բոլորին անհայտ Պարիս Հերունին ավարտում է Մոսկվայի էներգետիկ համալսարանի ռադիոտեխնիկայի ֆակուլտետը, որտեղ ուսման ընթացքում, ակադեմիկ Կոտելնիկովի ղեկավարությամբ, զբաղվում էր հատկապես Երկրի առաջին արհեստական արբանյակի ալեհավաքների մշակմամբ: Նորահայտ ռադիոֆիզիկը գործուղվում է Հայաստան, որտեղ նոր-նոր են ստեղծում ռադիոաստղադիտական բաժին՝ Բյուրականի աստղադիտարանում:
Nature ամսագրի հոդվածն ընկնում է աստղադիտարանի երիտասարդ մասնագետ Պարիս Հերունու աչքին: Հերունուն, ում ի ծնե բնորոշ էին իսկական լիդերի հատկանիշներ, որոշ հանգամանքներում նույնիսկ օգտակար դրսևորվող սեփական անփոխարինելիության ու բացառիկության հատկություններն էլ հենց ծառայեցին որպես մեկնարկային խթան՝ իր կողմից «աշխարհի նվաճման» անձնական ծրագրի մշակման համար: Հարկավոր էր ամեն գնով կյանքի կոչել ավստրալացու առաջարկած ռադիոաստղադիտակը, հասնելով հստակության մակարդակի, որն անհրաժեշտ էր միկրոալիքային դիապազոնում աստղոֆիզիկական ինֆորմացիայի արդյունավետ հավաքման համար: Իսկ այդ թեմայով Պարիս Հերունուն լրիվ արդարացված բացահայտում էր սպասվում, բացահայտում, որը համաշխարհային ճանաչման կարժանանար:
Ծրագիրը մեկնարկվեց այն պահին, երբ Բյուրականի աստղադիտարանը Մոսկովյան համապատասխան կազմակերպությանը պատվիրեց 200 մ տրամագիծ ունեցող կիսագնդով ռադիոաստղադիտակի մշակման ծրագիր, ու այդ աշխատանքը դարձավ Պարիս Հերունու դոկտորական դիսերտացիայի մի մասը: Աստղադիտակի շինարարությունը ընթանում էր փոփոխական հաջողություններով, բայց այնուամենայնիվ այն հաջողությամբ ավարտվեց Ռադիոֆիզիկական չափումների գիտահետազոտական ինստիտուտի աշխատակիցների ջանքերով: Դա այն ինստիտուտն էր, որը հիմնեց Հերունին՝ դառնալով նրա ղեկավարը: Հերունին գիտահետազոտական ինստիտուտը վերածեց լուրջ գիտա- արտադրական ձեռնարկության, որը մեծ գումարներ էր վաստակում ռազմ-արդյունաբերական պատվերների շնորհիվ:
Աստղադիտակի կիսագնդի տրամագիծը աշխատանքի ընթացքում 200-ից իջավ 54 մետրի, ու մոսկովյան նախագծում կատարվեցին սկզբունքային փոփոխություններ: 1986 թվականին ռադիոաստղադիտակն արդեն պատրաստ էր, այն ճանաչվեց որպես հայտնագործություն ու ներառվեց ԽՍՀՄ Գյուտերի պետական ռեգիստրում՝ «Պ. Հերունու հայելային ռադիոաստղադիտակ» անունով:
Ստացվեց այնպես, որ շինության նախագծում ներառված վերջնական պարամետրային հստակությանը հասնել չստացվեց: Այնուամենայնիվ Հերունին գտնում էր, որ աստղադիտակը տարբերում է ռեկորդային ցածր սեփական աղմուկի ջերմաստիճանը, որը թույլ է տալիս գրանցել միկրոալիքային, այսպես ասած Տիեզերքի ռելիկտային ճառագայթումը, որի պատահական բացահայտումը այլ մեթոդների օգնությամբ իր ժամանակին ֆիզիկայի ոլորտում արժանացել էր Նոբելյան մրցանակի: Հերունու կողմից արված չափումները տվեցին բացասական արդյունք, ինչն էլ հիմք ծառայեց նրա կողմից հնչեցված կտրուկ մի արտահայտության՝ «Քանի որ իմ չափումները Տիեզերքի ռելիկտային ճառագայթում չեն հայտնաբերում, ուրեմն այդ ճառագայթումը պարզապես գոյություն չունի»:
Որպեսզի ավելի լավ պատկերացնենք, թե ինչ մեթոդով Հերունին գտավ իր բարդ խնդրի լուծումը՝ կապված ռադիոաստղադիտակի շինարարության հետ, կարելի է բերել մեկ օրինակ: Անհրաժեշտ էր ձուլել հարյուրավոր հսկա ալյումինե վահանակներ, որից հետո ձուլարանի մեջ պետք է հավաքվեր հսկա կիսագունդ: Կառուցվեց ձուլարան ու ևս մեկ գործարան, այդտեղ տեղադրվեց Ռուսաստանից բերված բարձր ճշգրտությամբ ճոճանակա-խառատային հաստոց՝ ձուլված վահանակների մակերևույթները անհրաժեշտ ճշգրտության հասցնելու համար: Հերունին երկար ժամանակ համապատասխան մասնագետի էր փնտրում ու վերջապես Քանաքեռի ալյումինի գործարանում կարողացավ ալյումին ձուլող փորձառու մասնագետի գտնել: Հերունին կարողացավ նրան համոզել, որ նա միակն է, ով կկարողանա որակով ձուլել վահանակների համապատասխան քանակը, նրան հավաստիացնելով, որ գործի հետ կապված ամեն պահանջ կբավարարվի: Երբ մասնագետն անցավ աշխատանքի, առաջինը, որ պահանջեց, դա Ռուսաստանից հատուկ հողի բերումն էր, որը թույլ կտար ստանալ ձուլածո՝ առանց թերության, ու այդ պահանջն անհապաղ կատարվեց:
Ռադիոֆիզիկական չափումների գիտահետազոտական ինստիտուտում աշխատում էին ամենատարբեր մասնագետներ, նրանք բոլորը ենթարկվում էին Հերունուն, ով ռադիոաստղադիտակի գլխավոր կառուցողն էր, նա այն հենց իր անվան տակ էլ կառուցեց: Այո, Պարիս Հերունին հազվագյուտ մարդ էր՝ իմացության մեծ պոտենցիալով, սակայն անսահման իշխանատենչ ու չափազանց բարդ բնավորությամբ: Ու նա հասավ իր ուզածին՝ ստեղծելով իր կառուցվածքով բարդագույն մի յուրահատուկ ռադիոօպտիկական աստղադիտակ, որը համարվում է ամենահզոր ռադիոաստղադիտակներից մեկը:
Այսօր հատուկ ծրագրով Տիեզերքին հետևելու այդ աստղադիտակը, դիմանալով երկրաշարժին ու հայկական անկախության առաջին «ցուրտ ու մութ տարիներին», հազվագյուտ ահա այդ գործիքն սպասում է իր ներդրողներին ու իր վերածնունդին, իր երկրորդ աստեղային ժամին:
Զարմանահրաշ այդ օբյեկտը երկրի ոչ մի ուղեցույցում չի նշվում, տուրիստական քարտեզներում այն չկա, իսկ պետական նշանակության ճանապարհներից, որտեղից կարելի էր նրան նկատել, հեռու է գտնվում: Այնուամենայնիվ Հերունու հայելային աստղադիտակը երևակայությունը ցնցում է իր չափերով ու իր ստեղծողի գիտական մտքի համարձակությամբ: Ու Արագած լեռան լանջին տեղակայված արհեստական խառնարանում գտնվող ձեռնաստեղծ մետաղե գունդը հիշում է այն ժամանակները, երբ Հայաստանի գեղարվեստական այդ վայրը Խորհրդային միության կիրառական ու հիմնարար գիտության խոշորագույն կենտրոններից մեկն էր:
Ի դեպ, Պարիս Հերունու զարմուհին՝ տեխնիկական գիտությունների թեկնածու Արևիկ Սարգսյանը, ամեն մի հարցազրույցի ժամանակ մշտապես հիշեցնում է, որ օրինակ, Վիետնամի պատերազմում հաղթանակ տարվեց նաև մեծ մասամբ շնորհիվ հայ ռադիոֆիզիկների, որոնք ստեղծել էին Հակաօդային պաշտպանության ալեհավաքների չափումների ավտոմատ համակարգ: Մինչ այդ, պայմանականորեն ասած՝ մեր մարտիկները ամերիկյան 20-25 ինքնաթիռից միջին հաշվով խփում էին մեկը, քանի որ ռադիոլոկատորների ալեհավաքները, մեղմ ասած, լավագույնները չէին: «Իրավիճակը փոխվեց, երբ չափումների մեր համակարգերը չափագրման համար սկսեցին տեղադրվել հենց Վիետնամի Հակաօդային պաշտպանական դիրքերում: Դրանով մենք ԱՄՆ-ից 10 տարով առաջ անցանք»,- ասում է Ա. Սարգսյանը: Նա դասավանդում է Հայաստանի պետական պոլիտեխնիկական ինստիտուտում, ու անց է կացնում անգամ հատուկ բուհերի համաշխարհային կիրառության համար հազվագյուտ կուրս՝ «Ալեհավաքային չափումներ»՝ շարունակելով Պարիս Հերունու գիտական դպրոցը:
ԽՍՀՄ-ի փլուզումից հետո ռադիոաստղադիտակի աշխատունակությունը ապահովելու համար անհրաժեշտ ֆինանսական միջոցների բացակայությունը հանգեցրեց նրան, որ 2011 թվականին գիտնականները որոշեցին այն փակել ու ծրագրի համար ներդրողներ որոնել: Տարբեր հաշվարկներով՝ սարքավորման ենթակառուցվածքների վերականգնման համար պահանջվում է շուրջ 25 մլն. դոլլար:
Սակայն եթե Հերունու ռադիոօպտիկական աստղադիտակի աշխատանքը վերականգնվի, այս սարքավորումը կարող է դառնալ ամենաերկար բազայով միջազգային ռադիոաստղադիտակների ցանցի կարևորագույն օղակը: Դրան զուգահեռ՝ ալեհավաքը լիիրավ կարող է օգտագործվել այնպիսի առաջադրանքների մեջ, ինչպիսին է հեռավոր տիեզերական կապը, երկնային մարմինների ռադացիան, տիեզերական թռիչքների կառավարումը, ինչպես նաև կարող է դառնալ Արբանյակային գլոբալ նավիգացիոն համակարգի անփոխարինելի ենթակառուցվածք:
… Եվ այսպիսի վերջնական նոտա՝ խորհրդանշական, միստիկական, տարօրինակ, ինչպես ցանկանաք: Բանն այն է, որ արդեն աստղադիտակի կառուցումից հետո պարզ դարձավ՝ նրա կենտրոնով անցնող միջօրեականն անցնում է ճիշտ մեկ կիրճ այն կողմ գտնվող XIII դարի կառույց Տեղեր վանքի գմբեթի խաչով: Աստծո օգնությամբ, այլ կերպ լինել չէր կարող…
Պատրաստեց Ռուբեն Գյուլմիսարյանը