Գրեթե կես դար առաջ՝ 1971 թվականին, Երևանյան «Արարատի» ամբիցիոզ դարձած կազմը համալրեց նորեկը: Նորեկ, սակայն իհարկե ոչ դեբյուտանտ: Էդուարդ Մարկարովը ետևում էր թողել միութենական առաջնության բրոնզե մեդալը, ԽՍՀՄ հավաքականի մի շարք խաղեր, այդ թվում նաև Անգլիայում միջազգային չեմպիոնատի խաղը, որն այդ առաջնության բրոնզը պարգևեց ֆորվարդին: Մարկարովն այդ ժամանակ արդեն 29 տարեկան էր, ֆուտբոլի համար բավական պատկառելի տարիք, ու մեկ այլ ակումբ տեղափոխվելն իր մեջ որոշակի ռիսկ էր պարունակում: Սակայն հայկական հավաքականում խաղալու հինգ տարիներին նա հասցրեց դառնալ ԽՍՀՄ արծաթակիր ու չեմպիոն, հասցրեց երկու անգամ նվաճել երկրի գավաթն ու նաև առաջ անցնել այն տարիների երկրագնդի ուժեղագույն ֆուտբոլիստներին՝ հավաքված մյունխենյան «Բավարիայում»:

Համաստեղության պակասող աստղը

Այսօր Էդուարդ Արտյոմովիչը 75 տարեկան է, պատվավոր հոբելյան: Նա ուրախ է, որ իրեն դեռ հիշում են, որ չեն մոռացել, ու թեև ուրախությունն աշխատում է թաքցնել, սակայն աչքերի փայլը չես թաքցնի: Իսկ ինչպե՞ս կարելի է մոռանալ լեգենդին…

1970-ականների առաջին կեսերին «Արարատի» բոլոր խաղացողները թե մեծերի, թե փոքրերի համար իսկական կուռքեր էին: Ինտերնետ չունեցող տղաները իրենց բակերում առավոտից մինչ երեկո գնդակ էին նետում, իսկ շապիկներին ներկերով գրում սիրելի խաղացողների համարները: Որքան էին մայրերը բարկանում իրենց կարծիքով փչացած շապիկների համար: Այդ հիմա է, որ կարելի է մտնել խանութ ու այնտեղից դուրս գալ թեկուզ Պապուա-Նոր Գվինեայի հավաքականի շապիկով, իսկ այն ժամանակ ինքդ պիտի գլուխ հանեիր: Տղաներն այդպիսին են, քչերն են սիրում դարպասի մոտ կանգնել, մեծամասնությունը ցանկանում է Իշտոյանի ու Մարկարովի նման գոլ խփել: Եվ 9 համարի շապիկներն էլ այն ժամանակ ավելի շատ էին, քան մնացած համարներովը: Ինքս բազմաթիվ նման համազգեստներ եմ մաշել…

Арарат - 73
Арарат – 73

Կարելի է ասել, որ Էդուարդ Մարկարովը հենց այն աստղն էր, որը պակասում էր «Արարատի» ֆուտբոլային հավաքականի աստեղային համաստեղությունը լրացնելու համար: Ինքներդ դատեք՝ այն տարին, երբ Էդուարդ Արտյոմովիչը միացավ հավաքականին, մինչ այդ ընդամենը մեկ անգամ՝ 1954 թվականին երկնակամարում փայլած խումբը, հասնելով երկրի գավաթի եզրափակչին, նվաճում է չեմպիոնատի «արծաթը», իսկ հետո մի շնչով նաև ոսկին, այո, այո, երկու գավաթ: Եվ սա, կրկնենք, այն խումբն է, որը մինչ այդ մրցաշարային աղյուսակում միջինից չէր բարձրացել: Հեռացավ Մարկարովը, «Արարատը» կրկին դարձավ շարքային մի հավաքական՝ էպիզոդիկ փայլատակումներով, խորհրդային ֆուտբոլում գոյատևելու համար պայքար մղող: Արդարությունը սակայն պահանջում է չմոռանալ, որ Մարկարովի հետ միասին «Արարատից» հեռացավ հզորագույն այն խաղացողների գրեթե ողջ երամը:

… Հետո նա դարձավ մարզիչ: 1984 թվականին Նիկիտա Սիմոնյանին համոզեցին, որ «Արարատ» վերադառնա, իսկ լեգենդար մարզիչն օգնության կանչեց Մարկարովին: Սակայն երբեմնի ահեղ «Արարատի» փառքն այլևս վերականգնել հնարավոր չեղավ, խմբում արդեն չկային այն մասշտաբի խաղացողները, որոնք կային տասնյակ տարի առաջ: Ներխմբային վիճաբանություններին ու խմբավորումներին գումարվում էր նաև երկու-երեք առաջնորդների հիվանդագին բարձր ինքնագնահատականը, պայմանավորված խաղերին փոխադարձ մեղադրանքներ էին հնչում, ու հենց այդ ժամանակ էր, որ փլուզվեց Խորեն Հովհաննիսյանի կարիերան: Սիմոնյանը, չկարողանալով նման պայմաններում աշխատել, հեռացավ «Արարատից»: Նրան հետևեց նաև Մարկարովը: «Եթե ես մնայի, ինձ հաստատ կմեղադրեին նրանում, որ ես գրավել եմ Նիկիտա Պավլովիչի տեղը: Իսկ նման խոսակցություններ ես չէի կարող թույլ տալ»: Խորհրդային «Արարատի» պատմությունը այստեղ գրեթե ավարտվեց:

Բայց մարզչական հարթությունում Մարկարովը դեռ ունեցավ հաղթանակներ՝ 1990 թվականին Եվրոպայի առաջնության ԽՍՀՄ պատանեկան հավաքականի ոսկե մեդալն ու 1991թվականին Պորտուգալիայում կայացած չեմպիոնատի բրոնզը: ճիշտ է, վերջին մեդալը նա նվիրեց հավաքականի դարպասապահ Անդրեյ Նովոսադովին, ով առաջնությունում առաջին խաղի ժամանակ ստացած վնասվածքի պատճառով այդպես էլ չկարողացավ շարունակել մրցաշարը՝ մնալով առանց մրցանակի: Դարպասապահի աչքերում արցունք տեսնելով՝ էդուարդ Արտյոմովիչը նրան տվեց իր մեդալը:

Ֆուտբոլային ջենթլմենը

Առհասարակ Մարկարովը տարբերվում էր դաշտում իր ջենթլմենական պահվածքով, կատակ բան չէ՝ խաղացողի իր երկար կարիերայի ընթացքում նա անգամ հաջողացրել է դեղին քարտի չարժանանալ, էլ չենք խոսում կարմիրի մասին, իսկ դա ֆուտբոլում բավական հազվագյուտ երևույթ է: Լեգենդար անգլիացի Բոբի Չարլթոնին մի անգամ հարցրել են, թե իր կոլեգա-ֆուտբոլիստներից հատկապես ո՞ւմ հետ է նա ավելի հաճույքով խաղացել: Չարլթոնն առանց մտածելու տվել է սըր Սթենլի Մեթյուզի անունը, բացատրելով, որ սըր Սթենլին այնքան վիրտուոզ ֆուտբոլիստ էր, որ փոխանցում անելով միշտ հաջողացնում էր գնդակը գլխային հարվածի փոխանցել այնպես, որ գնդակի թելը (եթե ինչ-որ մեկը չգիտի՝ այն ժամանակ գնդակի կաշվե պատյանը գնդակին թելով էր ամրացվում) երբեք հարվածողի ճակատին չէր դիպչում: Հավանաբար եթե Չարլթոնին ու Մարկարովին հաջողվեր մի թիմում խաղալ, Բոբին Մեթյուզի հետ միասին կտար նաև Մարկարովի անունը: Որովհետև Մարկարովին խիստ բնորոշ վիրտուոզ ու ջենթլմեն որակներն առաջինն  էին ֆորվարդին տարբերում մնացածից:

Մարկարովի առաջին թիմը տեղական-տարածքային իրենց թիմն էր, որն էլ ի հեճուկս տխրահռչակ ֆավորիտների` վերցրեց ու հաղթանակ տարավ Բաքվի գավաթում, իսկ 14-ամյա Էդիկը նվաճեց իր կյանքի առաջին ֆուտբոլային մրցանակը: Եվ սկսվեց… հաջորդ տարի նա արդեն Ադրբեջանի հավաքականի կազմում էր, որը հաջողությամբ ելույթ ունեցավ Մոսկվայում՝ Համամյութենական օլիմպիական ուսանողական խաղերում, իսկ Էդիկը խփեց բազմաթիվ գոլեր ու հայտնվեց ԽՍՀՄ 33 լավագույն երիտասարդ ֆուտբոլիստների ցուցակում: Օլիմպիականների հետ միասին նա տուն՝ Բաքու չվերադարձավ, նրան պարզապես դուրս բերեցին գնացքից ու ճանապարհեցին Արմավիր, որտեղ հայրը՝ Արտյոմ Մարկարովը, մարզում էր «Զերնոսովխոզ» ռոմանտիկ անունը կրող տեղական թիմին: Դա Էդուարդ Մարկարովի առաջին հասուն թիմն էր, որի բարձրագույն ձեռքբերումը եղավ 1960 թվականի Կրասնոդարյան գավաթի եզրափակիչը: ԽՍՀՄ չեմպիոնատի լավագույն ռմբարկուի կոչմանը մնացել էր երկու տարի…

Բորիս Արկադև՝ Բաքվի «Նեֆտյանիկ» թիմի մարզիչը, ով  լինելով 1960-ականների խորհրդային լավագույն մարզիչներից մեկը, կարողացավ 20-ամյա ֆորվարդի վառ անհատականությունը ծառայեցնել խմբակային խաղին: Մարկարովը Արկադևի մասին խոսում է որպես գերազանցության՝ անվանելով նրան իմաստուն ու ինտելիգենտ մարդ: Արկադևը,- ասում էր Մարկարովը, նույնիսկ հայհոյում է այնպես,  որ նրա հայհոյանքից անգամ «Նեֆտյանիկում» խաղացող կովկասցիները չեն նեղանում: Իսկ Էդիկի առաջ դրված էր ֆուտբոլային մի առաջադրանք՝ աշխատել փոխանցման տեխնիկայի վրա:

1961 թվականին դեռ ոչ-ոք միջազգային կոնֆլիկտների մասին չէր էլ լսել, և ադրբեջանական ֆուտբոլային գլխավոր թիմում կողք-կողքի խաղում էին Մարկարովն ու Մամեդովը, Գոլոդեցն ու Կուզնեցովը, Չանչալեյշվիլին, Յուրի և Սերգեյ Մելքումյանները, Թուաևը, Գրյազևը, Ալեկպերովն ու այլոք: Արկադևը կարողացավ ստեղծել մի այնպիսի թիմ, որի հավասարը ոչ մինչ այդ, ոչ էլ դրանից հետո չեղավ: Հենց այս վարպետներն էլ Էդիկին սովորեցրին ֆուտբոլային հնարքներ, ընդ որում սովորեցրին հանգամանալից ու համբերատար, ինչպես որ վայել է վարպետին: «Ես ասես սպունգ լինեյի, ուշադրություն էի դարձնում ամեն մանրուքի վրա, կլանում անհրաժեշտը, ես ընտելացա կոմբինացված խաղին, դրեցի իմ տեխնիկան: Ահա այսպիսի բարձրագույն ֆուտբոլային կուրսեր…»,- այսպես է հիմա խոսում Մարկարովը: Առաջին անգամ «Նեֆտյանիկի» հիմնական կազմում Մարկարովը խաղաց 1961 թվականի գարնանը՝ Մոսկվայում՝ ընդդեմ «Տորպեդոյի» չեմպիոնի: Ու թեպետ բաքվեցիներն այդ խաղը պարտվեցին, սակայն հարձակվողն իր կարիերայի ընթացքում առաջին անգամ իր գոլով աչքի ընկավ բարձրագույն լիգայում:

… Սարսափելի համեստ է Էդուարդ Մարկարովը՝ հիանալի տեխնիկայի տիրապետող, գոլային «գազանային» հոտառությամբ, անթերի հարվածով ու գլխով հիանալի խաղացող այդ ֆուտբոլիստը, ու դա դեռ նրա ոչ բարձր հասակով, սովորաբար նա բոլոր 22 մասնակիցներից ամենացածրահասակն էր լինում, բայց տեսեք թե ինչքան գնդակ է գլխով փոխանցել՝ կոտրելով համառ պաշտպանների դիմադրությունը: Նա ամաչում է գովեստներից՝ հիշելով ոչ թե գոլերն ու արդեն մոռացված ձեռքբերումները, այլ ինչ-որ հետաքրքիր դրվագներ տարբեր խաղերից:

Եվ կան թեմաներ, որոնք Մարկարովը հիշել չի ցանկանում, օրինակ, թե ինչպես նրան «նեֆթյանցիները» հայտնեցին իրենց «երախտագիտությունը» Բաքվի ակումբի 10 տարվա հավատարմության դիմաց: «Արարատ» տեղափոխվելու նրա որոշումից անակնկալի եկած հանրապետության կուսակցական ու ֆոտբոլային գործիչները կազմակերպեցին իսկական հալածանք մամուլում՝ խորհրդային ամենավատ ավանդույթներով, ընդհուպ մինչև «վիրավորվածների» խումբը ուղևորվեց նրա բնակարանի պատուհաններին հարվածելու: Այն ժամանակ բնակարանը խառնել էին, Մարկարովների փոխարեն ջարդել էին հարևանի բնակարանի ապակիները, սակայն դրանից հոգուն թեթևություն չի իջնում…

Իսկ նա… նա հիմա էլ է ակտիվ, սլացիկ, տարիներն իհարկե իրենցը վերցնում են, սակայն նրա սպորտային կեցվածքը ճիշտ առաջվա նման է: Շնորհավոր Ձեր 75-ամյակը, Էդուարդ Արտյոմովիչ, Ձեզ երկար տարիների կյանք ու առողջություն: 40-ից ավել տարի առաջ մենք այնպես էինք ցանկանում գոնե մի փոքր նման լինել Ձեզ…

Պատրաստեց Ռուբեն Գյուլմիսարյանը