Հուլիսի 10-ին Արենի և Գանձակ համայնքների «Ռուսաց լեզվի և մշակույթի» կենտրոնի աշակերտները պատրաստել էին միջոցառումներ՝ նվիրված «Ընտանիքի, սիրո և հավատարմության օրվան»։ Նշենք, որ Հուլիսի 8-ին Ռուսաստանում նշվում է Ընտանիքի, սիրո և հավատարմության տոնը: Խորհրդանշական է, որ այն առաջին անգամ տոնվել է 2008 թվականին, որը հայտարարվել էր «Ընտանիքի տարի»:
Այս տոնը Ռուսաստանում նշվում է պետդումայի նախաձեռնությամբ: Տոնի գաղափարը ծնվել է մի քանի տարի առաջ Մուրոմա քաղաքի բնակիչների մոտ: Տոնն ունի մեդալ, որը շնորհում են հուլիսի 8-ին ու շատ նուրբ խորհրդանիշ` երիցուկ:
Արենի համայնքի կենտրոնի փոքրիկ սաները երգեցին չաստուշկաներ ընտանիքի թեմայով։ Մյուս երկու խմբերի աշակերտները ներկայացրին ոտանավորներ կրկին ընտանիքի մասին»։ Նրանք նաև երիցուկ՝ տոնի խորհրդանիշը սարքեցին իրենց իսկ ձեռքերով և թերթիկներին գրեցին, թե ինչ է իրենց համար խորհրդանշում ընտանիքը։ Նաև ներկայացրին իրենց պատրաստած նյութերը՝ «Ինչ է ընտանիքը» և «Իմ ընտանիքը» թեմաներով։
Գանձակ համայնքի կենտրոնների սաները ևս «Ընտանիքի, սիրո և հավատարմության» օրվան նվիրված միջոցառում ունեին։ Փոքր խմբի սաներից յուրաքանչյուրը պատմեց իր ընտանիքի մասին՝ ովքեր են ապրում իրենց ընտանիքում, ինչով են նրանք զբաղվում, ինչպես են անցկացնում ընտանեկան ժամանցը և այլն։ Նրանք միջոցառմանը ներկայացել էին իրենց ընտանեկան լուսանկարներով։
Միջին տարիքային խմբի աշակերտներն արտասանեցին բանաստեղծություններ ընտանիքի մասին։ Իսկ ահա մեծերի խումբն ամբողջությամբ պատմեց տոնի պատմությունը․ որտեղից է գալիս, խոսեցին խորհրդանշի մասին և թե ինչ խորհուրդ ունի տոնը։
Dalma News-ը հիշեցնում է, որ «Հաղորդակցության զարգացման միջազգային ինստիտուտ» հումանիտար հիմնադրամի նախաձեռնությամբ եւ Ռուսաստանի Հաղորդակցության զարգացման ազգային հետազոտական ինստիտուտի (НИИРК) աջակցությամբ հունիսի 5-ից Արենի, Սևան եւ Գանձակ համայնքներում գործում են «Ռուսաց լեզվի և մշակույթի» կենտրոնները, որտեղ իրականացվում են ռուսաց լեզվի անվճար դասընթացներ։
«Ռուսաց լեզվի և մշակույթի» բացումը նպատակ ունի երեխաներին ոչ միայն անվճար սովորեցնելու ռուսաց լեզուն, այլև նրանց ծանոթացնել հայ-ռուսական ընդհանուր պատմությանը, մշակույթին, արվեստին, գրականությանը, ժառանգությանը։
Նշենք, որ Կենտրոններց յուրաքանչյուրն ունի իր անվանումը՝«Տիեզերք», «Գրականություն» և «Արվեստ»։
Մասնակիցների ուսումնական ծրագիրը հարուստ է՝ ներառյալ լեզվի ուսուցում, ընթերցանություն, հանդիպումներ փորձագետների հետ, էքսկուրսիաներ, ինչպես նաև ֆիլմերի և մուլտֆիլմերի դիտումներ, քննարկումներ, տարատեսակ միջոցառումներ։ Նախաձեռնությունը կարևոր է փոքր գյուղերի համար։ Ապագայում նախատեսվում է կենտրոնների գործունեության ընդլայնում։