Ղրղզստանի Հանրապետության նախագահությամբ Սոչիում կայացել է Անկախ Պետությունների Համագործակցության կառավարությունների ղեկավարների խորհրդի նիստը։

Քննարկման հիմնական թեմաներից է եղել ԱՊՀ անդամ երկրների արդյունաբերական համագործակցության զարգացումը, մասնավորապես, ընդունվել է մինչև 2030 թվականը Արդյունաբերական համագործակցության զարգացման համապատասխան Հայեցակարգ և Միջոցառումների համալիր, հայտնել է ԱՊՀ Գործադիր կոմիտեն։

Հայեցակարգն ունի մի քանի նպատակ, որոնցից են.

– արդյունաբերության նոր բարձր տեխնոլոգիական ճյուղերի ստեղծում,

– ԱՊՀ երկրներում արդյունաբերական արտադրության արագացված զարգացում, արդիականացում և դրա տեխնոլոգիական նորացում,

– մրցունակ, նորարարական և գիտատար արտադրանքի արտադրության և արտահանման ծավալների ավելացում՝ ավելացված արժեքի բարձր տեսակարար կշռով,

– արտադրանքի որակի միջազգային ստանդարտների ձեռքբերում,

– նոր աշխատատեղերի ստեղծում,

– բնակչության բարեկեցության և կյանքի որակի մակարդակի բարձրացում:

Մինչև 2030 թվականը ԱՊՀ անդամ պետությունների արդյունաբերական համագործակցության զարգացման միջոցառումների համալիրը գործում է որպես Հայեցակարգի իրականացման մեխանիզմ և նախատեսում է արդյունաբերական համագործակցության զարգացում և խորացում Համագործակցության պետությունների համապատասխան արդյունաբերական քաղաքականության իրականացման միջոցով:

Կառավարությունների ղեկավարները Ռադիացիոն իրավիճակի մոնիտորինգի նպատակով տվյալների փոխանակման ոլորտում համագործակցության համաձայնագիր են ստորագրել։ Նման համագործակցությունը հնարավորություն կտա արագ արձագանքել ԱՊՀ տարածքում ճառագայթային իրավիճակի պարամետրերի փոփոխություններին և ապահովել հարևան պետությունների ժամանակին իրազեկումը Համագործակցության երկրների տարածքում ռադիոակտիվ նյութերի անդրսահմանային տեղափոխման և տարածման սպառնալիքի առաջացման դեպքում, այդ թվում՝ երրորդ երկրների կողմից։

Հանդիպմանը ստորագրվել է նաև Հեռահաղորդակցության ցանցերում խարդախության դեմ պայքարի ոլորտում համագործակցության հուշագիր։ Փաստաթուղթը նախատեսում է նման հանցագործությունների համար վարչական և քրեական պատասխանատվության խստացում, համագործակցություն և դրական փորձի փոխանակում դրանց կանխարգելման մեխանիզմների վերաբերյալ, պայմանների ստեղծում կայուն գործունեության և հեռահաղորդակցության ծառայությունների միջազգային շուկայի արդյունավետ զարգացման համար՝ ի պաշտպանություն վերջնական սպառողների շահերի և հեռահաղորդակցության օպերատորների տնտեսական շահերի, ինչպես նաև հեռահաղորդակցության ցանցերում անվտանգության ոլորտում ազգային օրենսդրությունների ներդաշնակեցում:

Ի թիվս այլ հարցերի, կողմերը որոշել են կանոնավոր կերպով հաշմանդամություն ունեցող երեխաների շրջանում ԱՊՀ երկրների Սպարտակիադայի ծրագրի անցկացնել։ Դրանք կանցկացվեն չորս տարին մեկ անգամ՝ առանձին ձմեռային և ամառային մարզաձևերի համար։ Առաջին մրցումները առաջարկվել է անցկացնել 2024 թվականին՝ ձմեռային, իսկ 2026 թվականին՝ ամառային մարզաձևերի համար։

ԱՊՀ անդամ պետությունների կառավարությունների ղեկավարների որոշմամբ՝ 2026 թվականին ԱՊՀ երիտասարդական մայրաքաղաք է հռչակվել հայկական Կապան քաղաքը։ 2024 թվականին երիտասարդական մայրաքաղաք կդառնա Տաշքենդը (Ուզբեկստան), իսկ 2025 թվականին՝ Գաբալա (Ադրբեջան) քաղաքը։

Նշվում է, որ երեք քաղաքներն էլ ունեն երիտասարդների հետ աշխատելու զգալի և համընդունելի փորձ, հարուստ մշակութային կյանք։ Նրանք զարգացնում են երիտասարդների կյանքի համար անհրաժեշտ ենթակառուցվածքներ և աջակցում միջազգային երիտասարդական համագործակցությանը:

Անկախ Պետությունների Համագործակցության կառավարությունների ղեկավարների խորհրդի հաջորդ նիստը նախատեսվում է անցկացնել 2023 թվականի հոկտեմբերի 27-ին Բիշքեկում։

Սարա Մարտիրոսյան