Հայ-ռուսական հարաբերություններում առկա խնդիրներից, թեև բարձր մակարդակով դրանք չեն ճանաչվում, սառնություն է նկատվում։ Չենք ցանկանում հավատալ, որ խոսքը գնում է այսպես կոչված «սառը պատերազմի» մասին, սակայն, մյուս կողմից, կա ըմբռնում, որ եթե լուրջ քայլեր չձեռնարկվեն, ապա սառնությունը կփոխարինվի ձնաբուքով։ Իսկ տուժելու են դրանից հասարակ մարդիկ։
Այնպես որ, Հայաստանն ու Ռուսաստանը հայտնվել են հարաբերությունների ամենախորը ճգնաժամի մեջ, թեև շարունակում են մնալ ռազմավարական դաշնակիցներ։ Թվում է, թե ո՛չ Մոսկվան, ո՛չ Երևանը չեն պատրաստվում իրական քայլեր ձեռնարկել հետևանքները կանխելու համար, թեև փորձում են ցույց տալ, որ ամեն բան լավ է. Նիկոլ Փաշինյանը հայտարարում է, որ Հայաստանը չի փոխում վեկտորը, ապա շտապում է Ստրասբուրգ, որտեղ հանդես է գալիս հակառուսական շեշտադրումներով լի ելույթով, իսկ հետո հարցազրույց է տալիս արևմտյան հայտնի լրատվամիջոցին՝ աղոտ կերպով բարձրացնելով Հայաստանում ռուսական ռազմաբազայի առկայության հարցը։ Միջազգային հարթակներում տեղի ունեցած երկու կարևորագույն իրադարձությունների ժամանակ ՌԴ ԱԳՆ ղեկավարը հանդիպումներ չի ունենում իր հայ գործընկերոջ հետ, թեև նախկինում դա նույնիսկ անհնար էր պատկերացնել, այնուհետև եթեր է դուրս գալիս ՀՀ վարչապետի հասցեին մեղադրանքներով, բացահայտ հեգնանքով և կոշտ քննադատությամբ, որից հետո ՀՀ-ում ՌԴ դեսպանին կանչում են ՀՀ ԱԳՆ և բողոքի նոտա հանձնում… և այս ամենի ֆոնին երկու կողմից հավաստիացումներ են հնչում, որ հայ-ռուսական հարաբերություններում, այո, կան անհարթություններ, բայց մնացած ամեն ինչ լավ է:
Բայց արդյո՞ք այդպես է: Ի՞նչ են մտածում այս մասին քաղաքական գործիչներն ու փորձագետները։ Dalma News-ը հավաքել է նրանց կարծիքները՝ հասկանալու համար, թե ինչպես կարելի է շտկել իրավիճակը և ամեն բան վերադարձնել Հայաստանի և Ռուսաստանի ռազմավարական միության հունի մեջ, ինչպես նաև մեր ժողովուրդների դարավոր բարեկամության համատեքստի մեջ։
Պատմական մինիմում
Այո, պետք է խոստովանել՝ հայ-ռուսական հարաբերությունները ոչ միայն ճգնաժամ են ապրում, այլև գտնվում են պատմական ամենացածր մակարդակի վրա։ Ռեֆորմիստների կուսակցության նախագահ Վահան Բաբայանը կարծում է, որ թղթի վրա երկրները դեռևս դաշնակիցներ են, բայց իրականում հայ-ռուսական հարաբերությունների 30 տարի գոյություն ունեցող ճարտարապետությունն այլևս գոյություն չունի։ Միևնույն ժամանակ, նա չի հավատում, որ հնարավոր է այդքան հեշտությամբ և որոշակի հայտարարությունների միջոցով փոխել վեկտորը, սակայն, այնուամենայնիվ, եթե այսպես շարունակվի, ապա լավ բան դժվար է ակնկալել.
«Այո, այս ամբողջ պատմության մեջ կան օբյեկտիվ նախադրյալներ, և դրանք անտեսելն արդարացի չէ, բայց փաստը մնում է փաստ, որ մեր հարաբերությունները վերջնականորեն վատթարացան Լեռնային Ղարաբաղի ողբերգական իրադարձություններից հետո։ Եվ կարևոր է հասկանալ, որ Ռուսաստանի հետ մեր հարաբերություններում «վերբեռնում» է պետք», – ասում է Բաբայանը։
Ուրեմն ինչպե՞ս լուծել այս հարցը։ Վահան Բաբայանը վստահ է, որ պետք է հատուկ բանագնացի կամ բանակցողի լիազորություններ տալ մի մարդու, ով կարող է լեզու գտնել Ռուսաստանի հետ և կասեցնել այս բացասական գործընթացը, որը ոչ ոքի պետք չէ:
Փաշինյանը փորձում է պահպանել իշխանությունը
Հայաստանի կառավարությունը՝ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, վարում է ընդգծված հակառուսական քաղաքականություն, որի նպատակն է Հայաստանին ամբողջությամբ կտրել Ռուսաստանից և ուղղորդել դեպի Արևմուտք։ Եվ այս ճանապարհին Փաշինյանը ոչնչի առաջ կանգ չի առնելու, քանի որ հակառուսական քաղաքականությունը հնարավորություն է իր իշխանությունը պահպանելու։ Նախկին իշխանություններին ամեն ինչում մեղադրելու նախկին մեթոդներն այլևս արդյունավետ չեն, իսկ հակառուսական քաղաքականությունը հնարավորություն է Ռուսաստանին մեղադրելու բոլոր մեղքերի, պարտությունների ու անհաջողությունների համար։ Այս կարծիքին է «Ժողովրդի ձայնը» փորձագիտական ակումբի փորձագետ, քաղաքագետ Արման Ղուկասյանը։
Միևնույն ժամանակ ակնհայտ է, ասում է նա, որ հայ-ռուսական հարաբերություններից հրաժարվելը, Ռուսաստանի հետ դաշնակցային հարաբերությունների խզումը Հայաստանին կդնեն շատ ծանր կացության մեջ, և օրինակների համար հեռուն գնալու կարիք չկա՝ Ուկրաինա, Մոլդովա… Փորձագետը վստահ է, որ մոտ ապագայում մենք կդառնանք էլ ավելի ընդգծված հակառուսական քայլերի և գործողությունների ականատես, քանի որ Փաշինյանը շարունակում է պարտվել դիվանագիտական դաշտում.
«Այս ամենի հիմքը դրել է Պրահան, որտեղ Փաշինյանը Արցախը ճանաչեց որպես Ադրբեջանի մաս։ Դրան հաջորդեց իննամսյա շրջափակումը, հետո տեսանք վարչապետի ելույթը Ստրասբուրգում, որտեղ Փաշինյանը հերթական անգամ փորձեց Ռուսաստանին մեղադրել իր անհաջողությունների համար։ Հաջորդեց նրա հայտնի հարցազրույցը The Wall Street Journal-ին, որտեղ հերթական անգամ դժգոհեց ռուս խաղաղապահներից և խոսեց Հայաստանում ռուսական ռազմաբազաների ապագայի մասին։ Ռուս խաղաղապահներին վարկաբեկելուց և Արցախի կորստից հետո Փաշինյանի թիմն այժմ նպատակ ունի վարկաբեկել Գյումրիում տեղակայված 102-րդ ռազմաբազան՝ ապագայում այն դուրս բերելու նպատակով», – նշում է նա։
Ղուկասյանը նաև հորդորում է չմոռանալ, թե որքան կարևոր է Ռուսաստանը Հայաստանի համար տնտեսական առումով.
«Դա ներառում է Հայաստանում ռուսական կապիտալը և ստեղծված աշխատատեղերը, Ռուսաստանում գտնվող մեր հայրենակիցներից տարեկան ստացվող միլիոնավոր տրանսֆերտները, Հայաստանում մատչելի գնով վաճառվող գազը, ներդրումները և այլն։ Մեր երկրի տնտեսական ռելսերը տանում են դեպի Ռուսաստանի և ԵԱՏՄ անդամ երկրների շուկա, բացի այդ, ԵԱՏՄ ընդհանուր էներգետիկ շուկայից ՀՀ-ն տարեկան 300 մլն դոլար է ստանում միայն այն պատճառով, որ Եվրասիական տնտեսական միության անդամ է։ Այնպես որ, Արևմուտքը չի կարող այլընտրանք լինել Ռուսաստանին», – ընդգծում է Ղուկասյանը։
Հայացք Մոսկվայից
Ռուսաստանի և Հայաստանի միջև երկկողմ հարաբերությունների փորձագետները վերջին 3-4 տարիների ընթացքում տարբեր աստիճանի ինտենսիվությամբ և ձևերի դրսևորմամբ ճգնաժամին են հետևում։ Եվ եթե ոչ ռուսական ղեկավարությունը, ոչ էլ հայ ժողովուրդը որևէ քայլ չեն ձեռնարկում, ապա ակնհայտ է Հայաստանի իշխող ղեկավարության գործունեության վեկտորը՝ այն ուղղված է Ռուսաստանի հետ քաղաքական երկխոսության ինտենսիվության նվազեցմանը, իրավապահ համակարգերի, անվտանգության և ռազմատեխնիկական համագործակցության հարցերում երկու երկրների փոխգործակցության կրճատմանը։ Այս մասին նշում է քաղաքագետ, ՌԴ կառավարությանն առընթեր Ֆինանսական համալսարանի դոցենտ Իգոր Սեմենովսկին։
«Դա վերաբերում է նաև տեղեկատվական քաղաքականության ոլորտում աշխատանքի վատթարացմանը, քաղաքացիական հասարակությունների մասով դրական օրակարգի տարածության էական նեղացմանը և հումանիտար փոխգործակցության խնդիրներին։ Հայաստանի համար վերջին և ամենաքիչ չշոշափված, բայց ամենազգայուն ուղու վրա դեռևս մնում են տնտեսության ոլորտում համագործակցության հարցերը։ Միաժամանակ տնտեսության, բայց ոչ տնտեսական ինտեգրման հարցեր, այդ թվում՝ բազմակողմ ձևաչափերով։ Սրանք տարբեր բաներ են, և դրանցից երկրորդը նույնպես սպառնալիք է դառնում զարգացման և առաջընթացի համար», – ընդգծում է Սեմենովսկին։
Փորձագետը, սակայն, չի տեսնում Ռուսաստանի՝ Հարավային Կովկասից հեռանալու նախադրյալներ, քանի որ այս աշխարհաքաղաքական տարածքը պատմականորեն ռազմավարական հետաքրքրություն է ներկայացնում Ռուսաստանի համար, առաջին հերթին՝ անվտանգային հարցերում։
«Եթե դիտարկենք Ռուսաստանի հարաբերությունները Հայաստանի, Ադրբեջանի և Վրաստանի հետ ամբողջության մեջ, չի կարելի ասել, որ Ռուսաստանի Դաշնությունը պատրաստվում է լքել Հարավային Կովկասն ընդհանրապես կամ Հայաստանը՝ մասնավորապես։ Եթե նայենք Ռուսաստանի քաղաքականությանը այս մակրոտարածաշրջանի նկատմամբ վերջին երկու տասնամյակների ընթացքում, ապա, չնայած Ռուսաստանի մի շարք սխալներին, և Անդրկովկասի երկրների առանձին ղեկավարների ապակառուցողական գործողություններին, երկու երկրների աշխատանքի մերձեցումը տնտեսական ուղու վրա գնալով ավելի նկատելի է դառնում: Ռազմական, քաղաքական, հումանիտար կամ մշակութային համագործակցության հարցերը անհրաժեշտ է յուրաքանչյուր երկրի դեպքում առանձին դիտարկել, սակայն Հայաստանի, Ադրբեջանի և Վրաստանի նկատմամբ Ռուսաստանը կառուցողական է տրամադրված և ցանկանում է զարգացնել փոխգործակցությունը ինչպես երկկողմանիորեն, այնպես էլ բազմակողմ ձևաչափերում», – ընդգծում է Սեմենովսկին:
Լինա Մակարյան