Տաղանդավոր, համարձակ, հաջողակ. այս ամենը նրա մասին է: Ուղիղ 15 տարի առաջ Ֆաինա Հարությունյանը Երևան ժամանեց միայն մեկ ցանկությամբ՝ ապրել իր պատմական հայրենիքում: Այնուամենայնիվ, ճակատագիրն ուներ իր ծրագրերը: Աշխատասիրությունն ու ստեղծագործական որոնումը օգնեցին Ֆաինային Հայաստանում բացել սեփական բիզնեսը, և այսօր չկա մի նորաձև մարդ, որը երբևէ չի երազել կրել նրա բրենդի հագուստներից: Հայտնի դիզայները Dalma News-ի հետ հարցազրույցում խոսել է այն մասին, թե որքան փշոտ է եղել հաջողության ճանապարհը:
Ֆաինա, Հայաստան տեղափոխվելով՝ Դուք կյանքը սկսեցիք, ինչպես ասում են, նոր էջից: Ինչպե՞ս երկիրը դիմավորեց ձեզ: Արդյո՞ք այն միանգամից համապատասխանեց այն իդեալներին, երազանքներին, որոնք դրդում էին ձեզ հավաքել ճամպրուկները և առանց շրջվելու տեղափոխվել Երևան: Որքանո՞վ էր դժվար կամ ընդհակառակը՝ հեշտ հարմարվել նոր վայրում:
Իհարկե, շատ դժվար էր: Նախ՝ լեզվական խոչընդոտի պատճառով. չգիտեի լեզուն: Այդ հիմա եմ ռուսերեն նման ակցենտով խոսում, իսկ այն ժամանակ, իհարկե, այդպես չէր: Հայերեն չգիտեի: Գիտեի Ղարաբաղի բարբառը, քանի որ տանը դրանով էին խոսում, բայց այն գրական հայերենից շատ տարբեր է: Հասկանում էի, բայց չէի կարողանում խոսել: Շատ էի ամաչում, որ ակցենտ ունեի և սխալ արտասանություն, իսկ բառերի կեսը ընդհանրապես չէի հասկանում: Չէի կարողանում կարդալ կամ գրել, այսինքն՝ շատ դժվար էր հաղթահարել լեզվական արգելքը:
Այդ ամենից հետո նորմա՞լ եք վերաբերվում լեզվական քաղաքականությանը, թե՞ ոչ:
Լեզուն պետք է իմանալ: Եթե ապրում եք Ղազախստանում, պետք է իմանաք ղազախերեն, եթե ապրում եք Հայաստանում՝ հայերեն: Դա նորմալ է: Այսինքն ՝ ազգայնական երանգներ նկատելու կարիք չկա: Եթե Ամերիկայում եք բնակվում, պետք է, չէ՞, անգլերեն իմանաք: Անշուշտ, պետք է: Ընդհանրապես, որքան շատ լեզու գիտես, այնքան աշխարհն ավելի բաց է քեզ համար: Իհարկե, անձամբ ես մի փոքր ծույլ եմ, և անընդհատ խնդիրներ եմ ունենում լեզուների հետ:
Գուցե ժամանելուց հետո սովորել եք նաև հայկական մենթալիտետի՞ առանձնահատկություններին:
Այո, մենթալիտետը առանձին թեմա է: Դրա հետ ևս դժվարություններ կային, շատ բան չէի հասկանում: Ես Ղազախստանում ապրում էի տարբեր ազգերի, էթնիկ խմբերի ներկայացուցիչների կողքին, շփվում էի տարբեր մարդկանց հետ: Իսկ Հայաստանը մոնոէթնիկ երկիր է, բավականին անսովոր էր: Ղազախստանում, չնայած այն բանին, որ մահմեդականները մեծամասնություն են կազմում, մեր սերունդը ավելի բաց էր, պակաս բարդույթներով, իսկ այստեղ դրա հետ կապված ևս դժվարությունների հանդիպեցի: Չէի հասկանում, օրինակ, աղջիկների և տղաների շփումը: Ինձ անընդհատ ուղղում էին, ասում՝ աղջիկը չպետք է այդպես խոսի, կամ աղջիկը չպետք է տղամարդկանց ներկայությամբ նման կատակներ անի: Դա նույնպես դժվար էր, քանի որ ընկերներիս հետ շփվելիս միշտ մտածում էի՝ արժե՞ որևէ բան ասել, արդյո՞ք պետք է կատակել, թե՞ ոչ: Շփման հարցում ևս դժվարություններ ունեի, քանի որ այստեղ ոչ դասընկերներ ունեի, ոչ համակուրսեցիներ, որոնք ինձ հոգեպես կքաջալերեին:
Ըստ Ձեզ՝ բազմազգ երկիրը լա՞վ է, թե՞ ոչ:
Երկիր ուժեղ է, երբ այնտեղ շատ ազգեր են ապրում: Կբացատրեմ իմ օրինակով: Քանի որ մեծացել եմ բազմազգ Ակտաուում, այժմ շատ բան գիտեմ տարբեր ազգերի, նրանց մշակույթի, ուտեստների մասին: Ինձ թվում է, որ դա իմ առավելությունն է: Ունեի լեզգի, ղազախ, հայ և շատ այլ ազգերի ներկայացուցիչ դասընկերներ, և կարծում եմ, որ դա ճիշտ է: Գտնում եմ, որ ուժը միասնությանը մեջ է: Հայաստանը նույնպես պետք է ավելի բաց լինի այլ ազգերի համար: Դա է իմ կարծիքը:
Այսօր Դուք հայտնի դիզայներ եք, որը տարեկան մի քանի հավաքածու է ստեղծում: Իսկ ինչպիսի՞նն էիք, երբ կարիերայի առաջին քայլերն էիք անում:
Առանց ծնողներիս աջակցության, բնականաբար, չէի կարողանա: Նրանք ֆինանսապես աջակցում էին ինձ: Շնորհակալ եմ նրանց, որ ինձ թույլ տվեցին փորձել: Ծնողներս չասացին. «Ո՛չ, քեզ մոտ չի ստացվի», այլ ասացին. «Փորձիր, եթե չստացվի, ոչինչ, մեկ այլ բան կփորձես»: Այդ խոսքերը, ըստ էության, հզոր աջակցություն էին: Միևնույն ժամանակ, ուժեղ կամք ունեմ, չեմ սիրում, ատում եմ պարտվելը: Միշտ ինչ-որ հաջողության եմ ցանկանում հասնել իմ աշխատանքում:
Ո՞ւմ է բախտ վիճակվել ձեռք բերել Ձեր առաջին հեղինակային նմուշը: Ո՞վ է այդ նորաձև մարդը:
Ամենահետաքրքիրն այն է, որ դա ոչ թե զգեստ էր, այլ տղամարդու՝ երգիչի կոստյում: Այդ պահին նույնիսկ աշխատողներ չունեի, սակայն պատվեր ստացա: Նրա հետ շփվել էի լայն շրջանակներում, և մեկ օր առաջարկ ստացա ինչ-որ բան կարել տեսահոլովակի նկարահանման համար: Համաձայնեցի: Իհարկե, չասացի նրան, որ դեռ աշխատողներ էլ չունեմ, և, ընդհանուր առմամբ, կատարում եմ իմ առաջին քայլերը այս ասպարեզում: Վերցրի կտորը ու գնացի տարբեր ատելյեներ, խնդրեցի ինչ-որ տեղ ինչ-որ բան կարել, ինչ-որ բան ավելացնել: Ի վերջո, ավարտեցի քրտնաջան աշխատանքը: Շատ հուզիչ պահ էր: Հիշում եմ, թե ինչպես փակեցի իմ ատելիեի դռները, որտեղ այն ժամանակ չկային ոչ աշխատողներ, ոչ լավ սարքավորումներ, միայն խորհրդային շրջանի 2 կարի մեքենա կար, և գնացի պատվիրատուի հետ հանդիպման: Հանձնեցի կոստյումը, ստացա 50 դոլար: Այդ պահին աներևակայելիորեն երջանիկ էի, քանի որ հասկացա, որ ինձ մոտ ամեն բան կստացվի, պետք է փորձել ու չհրաժարվել գաղափարից:
Ինչպե՞ս զարգացավ Ձեր հետագա կարիերան: Միանգամի՞ց հաջողություն ունեցաք:
Ոչ, դժվար էր, շատ եմ լաց եղել, տանջվել: Հիշում եմ՝ այն ժամանակ արդեն երկու տարին լրացել էր, ինչ այստեղ էի ապրում և հասցրել էի ծանոթներ ձեռք բերել. տեսնում էի, որ նույնիսկ իմ այս ծանոթները դեռ չէին ցանկանում ինձանից ինչ-որ բան պատվիրել, քանի որ չէին հավատում, որ կարող ես: Շատ ցավալի էր: Իհարկե, անցավ որոշ ժամանակ, և նույն մարդիկ գալիս և շատ մեծ գումարների պատվերներ էին կատարում ինձ մոտ, ինչը դա բավականին հաճելի էր: Դրանք փոքր հաղթանակներ էին: Իրականում, չեմ սիրում շատ խոսել դժվարությունների մասին: Հիմա էլ փորձում եմ համառոտ և հեշտ ներկայացնել: Իհարկե, շատ դժվար էր, բայց եթե ընտրել ես ինչ-որ ճանապարհ, չպետք է նայես դժվարություններին, պետք է միայն առաջ գնաս: Միշտ եմ այդպես մտածում և կարծում եմ, որ կշարունակեմ նույն տրամադրվածությունն ունենալ:
Երբ մարդ որևէ վայրում բիզնես է հիմնում, ընտանիք է ստեղծում, երեխաներ ունենում, նա, ինչպես ասում են, «արմատներ է գցում» այդտեղ: Ձեր և Հայաստանի մասին է խոսքը: Իսկ այժմ ինչպե՞ս եք նայում ձեր ծննդավայր Ղազախստանին:
Ես սիրում եմ Ղազախստանը, չնայած այն հանգամանքին, որ վերջերս այնտեղ շատ քիչ եմ լինում: Չէ՞ որ այնտեղ եմ ծնվել, իմ ամեն ինչն այնտեղ է: Չեմ ուզում ասել, որ միայն Հայաստանն է իմ հայրենիքը կամ միայն Ղազախստանը: Դրանք իմ երկու հայրենիքներն են՝ պատմականը և այն երկիրը, որտեղ ծնվել եմ: Հետևաբար, անձնագիրը փոխելու իմաստ չեմ տեսնում: Ես Ղազախստանի քաղաքացի եմ, ինձ այդպես եմ զգում, իսկ երեխաներս ու ամուսինս Հայաստանի քաղաքացի են: Սիրում եմ իմ անձնագիրը և Ղազախստանը:
Իսկ դա չի՞ խանգարում Հայաստանում բիզնես վարելուն:
Ոչ, չի խանգարում: Ես կացության թույլտվություն ունեմ: Սկզբում նույնիսկ դա չէին հարցնում. հետո օրենքները մի փոքր փոխվեցին, և կացության թույլտվություն վերցրի: Քաղաքացիությունս ընդհանրապես չի խանգարում ինձ այստեղ բիզնեսով զբաղվել: Ի դեպ, ունեմ նաև ղազախական պետհամարանիշներով մեքենա, որը վարելը ինձ համար նույնպես հարմարավետ է: Ինչպես ղազախական վարորդական իրավունքի դեպքում, երբեք որևէ խնդիր չի առաջանում. ոչ ոք չի պահանջում փոխել այն:
Կա՞ն ստեղծագործական ծրագրեր կապված հարազատ Ղազախստանի հետ. ի վերջո, այստեղից այնքան էլ հեռու չէ Ձեր մանկության քաղաքը, այնպես որ, այնտեղ ևս կարող եք ինքնադրսևորվելու հնարավորություն գտնել:
Իհարկե, ուզում եմ փորձել նաև Ղազախստանում: Սակայն նախ ցանկանում եմ վերջնականապես ամրապնդել դիրքրես այստեղ և վստահ լինել իմ կարողությունների վրա, քանի որ Ղազախստանը շատ ավելի մեծ է, աղքատ երկիր չէ, մարդիկ շատ բրենդներ են տեսել: Այնտեղ կան տեղացի հրաշալի դիզայներներ, որոնց միշտ հետևում եմ: Իսկապես շատ եմ ցանկանում փորձել, բայց նաև ցանկանում եմ պատրաստված գնալ: Պետք է որևէ հետաքրքիր նախագիծ պատրաստեմ և գրագետ ներկայացնեմ այն: Արդեն բոլորովին այլ վերաբերմունք ունեմ Ղազախստանի նկատմամբ. չեմ ուզում փորձել ու չհաջողել, քանի որ այն իմ տունն է, իսկ տանը միշտ ավելի բարդ է ստացվում:
Երկու երկրների նորաձև մարդիկ ունե՞ն միավորող գործոն:
Մեզ միավորող գործոնը մեր ազգային տարազներն են: Օրինակ՝ հայկական տարազը և ղազախական կամզոլը շատ նման են: Եվ, ի դեպ, ինձ շատ է դուր գալիս, որ Ղազախստանում հարսանիքների ժամանակ հարսնացուն կրում է և՛ ազգային, և՛ աշխարհիկ հագուստ: Այստեղ՝ Հայաստանում միշտ այդ օրինակն եմ բերում: Վերջին տարիներին այստեղ նույնպես սկսել են տարազի հետ համատեղել եվրոպական որոշ տարրեր: Մեր տարազները շատ հետաքրքիր և հարուստ են, և ես շատ եմ վախենում պարզունակ և ոչ մոդայիկ բան ստեղծելուց. ուզում եմ այնպես համատեղել, որ այն այսօր նայվի, իսկ հետո չմոռացվի դրա պատմությունը: Գուցե կհաջողվի որևէ ղազախ դիզայների հետ համատեղ աշխատել և իրականացնել նախագիծը, և դա կլինի հայ-ղազախական համատեղ հավաքածու: Ընդհանուր առմամբ, քանի որ 2020 թվականը դժվար տարի է, կարելի է ազատ օրերին մտածել այդ մասին և կապ հաստատել ղազախ դիզայներների հետ: Ունեմ մի քանի սիրելի դիզայներներ, որոնց հետևում եմ, գուցե նրանց գրեմ: Պետք է մտածել այդ մասին:
Եթե խոսենք նախընտրությունների մասին, հեռանկարում ո՞ր երկրում կցանկանաք ապրել:
Աշխարհում ամեն բան շատ արագ է փոխվում, ուստի չգիտեմ, թե որտեղ կարող ենք լինել վաղը: Բայց ես, ամուսինս ու երեխաներս կցանկանայինք մնալ Հայաստանում: Թող որ երկրում ամեն բան կայուն լինի, որպեսզի բոլորս ապահով ապրենք այստեղ և հրավիրենք մեր բոլոր ղազախ ընկերներին և հարազատներին: Այսինքն՝ ապագայում երկու նախընտրելի երկիր կունենամ, ինչպես և այսօր: Իսկ ընդհանրապես, պետք է դուրս գալ այդ շրջանակներից, և բոլոր ազգերը պետք է խաղաղ ապրեն:
Զրուցեց Լաուրա Դելի