Բարձր պարգևներ են շնորհվել ՌԴ ԶՈՒ ճառագայթային, քիմիական և մանրէաբանական պաշտպանության զորքերի միացյալ ջոկատի անդամներին, որոնք ապրիլի սկզբից ապահովել են Հայաստանում տեղակայված՝ Covid-19-ը հայտնաբերող շարժական ախտորոշիչ լաբորատորիայի անխափան աշխատանքը: Բարձր որակավորում ունեցող մասնագետները` բժշկական ծառայության գնդապետ Ա.Ա. Սուսլոպարովը և բժշկական ծառայության կապիտան Օ.Վ. Չուխրալյան ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանից ստացան Հայաստանի ՊՆ բարձրագույն պարգևներից մեկը` «Մարշալ Բաղրամյան» մեդալներ: Մյուս զինծառայողներին՝ Ալեքսեյ Ստուպնիկովին, Սերգեյ Կալգանովին, Սերգեյ Պարֆյոնովին և Ալեքսեյ Բիսերովին շնորհվեցին «Ռազմական համագործակցության համար» մեդալներ: Արարողությունն անցավ հանդիսավոր մթնոլորտում. ներկա էին Հայաստանում Ռուսաստանի արտակարգ և լիազոր դեսպան Ս.Պ. Կոպիրկինը, ինչպես նաև դեսպանությանը կից ռազմական և ռազմաօդային ուժերի կցորդ Ա.Վ. Գրիշչուկը:

Շնորհավորելով պարգևատրվածներին՝ նախարար Տոնոյանը երախտագիտություն հայտնեց Covid-19-ի համաճարակի դեմ պայքարում ցուցաբերած աջակցության համար՝ նշելով, որ երկրում հաջողվեց հաղթահարել հիվանդության տարածման ամենաթեժ շրջանը՝ այդ թվում ռուս զինծառայողների քրտնաջան աշխատանքի, էներգիայի և բարձր մասնագիտական որակների շնորհիվ:

Հիշեցնենք՝ Ռուսաստանի Պաշտպանության նախարարության երկու «Իլ-76» ինքնաթիռ ապրիլի 7-ին վայրէջք կատարեց Երևանում: Հատուկ չվերթի և երկկողմ համագործակցության շրջանակներում օժանդակության մասին պայմանավորվածություն էին ձեռք բերել ՀՀ և ՌԴ պաշտպանության նախարարներ Դավիթ Տոնոյանը և Սերգեյ Շոյգուն: ռազմական մասնագետների մի խումբ իր հետ բերեց ճառագայթային, քիմիական և կենսաբանական պաշտպանության զորքերի ժամանակակից սարքավորումներ: Դա կորոնավիրուսի թեստավորման շարժական լաբորատորիա է, ինչպես նաև լաբորատոր մոդուլի նմուշառման և ախտահանման համակարգ: Լաբորատոր համալիրի հնարավորությունները թույլ են տալիս հետազոտություն կատարել հնարավորինս արագ՝ պատասխանը պատրաստ է լինում 5 ժամվա ընթացքում: Իսկ ճշգրտությունը պարզապես հիացնում է. պոլիմերազային շղթայական ռեակցիայի (ՊՇՌ) շարժական մոդուլը ներկայացնում է կորոնավիրուսային վարակի թեստավորման արդյունքները 99% ճշգրտությամբ: Ավելին, Հայաստան առաքված սարքավորումը վերջին մոդելի է և արդեն մարտական հերթապահություն է անցել ռուսական բանակում և մի շարք համաճարակների ընթացքում ցուցադրել է իրեն լավագույն կողմերով:

«Այս տեխնիկան նորագույնն է: կորոնավիրուսի դեմ պայքարում այն կիրառվում է նաև Իտալիայում, Սերբիայում և այստեղ` Հայաստանում: Այն ցույց է տվել իր լավագույն կողմերը, օգտագործվել է վարակիչ հիվանդությունների բռնկումների ժամանակ և շատ է օգնել դրանց ոչնչացման գործում», – ժամանելուն պես ասաց միացյալ ջոկատի ավագ սպա, գնդապետ Ալեքսեյ Սուսլոպարովը:

Այսպիսով, ինչպե՞ս ամեն բան տեղի ունեցավ ռուսների՝ Հայաստանում գտնվելու ընթացքում, և ինչպիսի՞նն են համատեղ աշխատանքի արդյունքները. Dalma News-ի թղթակիցը այս և այլ հարցեր է ուղղել ՀՀ ՊՆ հիգիենիկ և հակահամաճարակային ծառայության ղեկավար, ՀՀ ԶՈՒ գլխավոր սանիտարական բժիշկ, գնդապետ Արմեն Սատուրյանին:

Մեր զրուցակիցը պատմեց, որ Հայաստան ժամանածների և այստեղ հրաշալի աշխատած մասնագետների թվում են Ռուսաստանի առաջատար վիրուսաբաններ, որոնք լավ գիտեն իրենց աշխատանքը և հսկայական փորձ ունեն: Հենց նրանք են թեստավորումներ անցկացրել շարժական լաբորատոր մոդուլում, որը, ի դեպ, կարող է անխափան աշխատել ամբողջ 45 օր առանց որևէ արտաքին միջամտության: Իսկ նմուշառումը և շարժական համալիրի օգնությամբ դրանց տեղափոխումը լաբորատորիա իրականացրել են հայ մասնագետները:

Ըստ պարոն Սատուրյանի՝ գրեթե հինգ ամիս անընդմեջ երկու կողմերը աշխատել են միմյանց հետ սերտ համագործակցելով, և արդյունքը գերազանց է. «Կողմերի համակարգված աշխատանքի շնորհիվ հնարավոր եղավ խուսափել համաճարակի խոշոր բռնկումներից ՀՀ զինված ուժերի շարքերում և ոչ միայն»: Ըստ զրուցակցի՝ այս լաբորատոր մոդուլի օգտագործմամբ ՊՇՌ թեստավորում է իրականացվել Գյումրու 102-րդ ռուսական ռազմաբազայի զինծառայողների շրջանում, և դրանք իրենց լիովին արդարացրել են:

«Ռուս գործընկերները շատ բան են արել նաև Գյումրիում տեղակայված 102-րդ ռազմաբազայի համար: Բացի այդ, այցելում էին միջազգային բանակային խաղերի մասնակիցներ, ժամանում էին պաշտոնական պատվիրակություններ, մեկնում էին մարդասիրական առաքելություններ (օրինակ ՝ Սիրիա): Բոլորը առանց բացառության թեստավորում են անցել այս լաբորատորիայում, որը անթերի աշխատել է: Այդ մասին վկայում են կրկնակի թեստավորման բացասական արդյունքները արդեն ժամանման վայրում: Այսինքն՝ ռուսական թեստերը, առանց չափազանցության, աշխատել են «շվեյցարական ժամացույցների» պես, – նշեց ՀՀ ԶՈՒ գլխավոր սանիտարական բժիշկը:

Արմեն Սատուրյանը չի թաքցնում համատեղ աշխատանքի արդյունքում իր դրական վերաբերմունքը և ջերմ զգացմունքները գործընկերների նկատմամբ:

«Արդյո՞ք գոհ եմ կատարված աշխատանքից: Բավականին: Արդյո՞ք սպասում ենք հաջորդ խմբին: Միանշանակ սպասում ենք: Եվ բնավ ոչ այն պատճառով, որ ի վիճակի չենք ինքնուրույն գլուխ հանել: Հանրապետությունում կորոնավիրուսի տարածման ամենաթեժ պահին անգամ մենք կկարողանայինք ինքնուրույն տեղայնացնել օջախները: Սակայն դա կպահանջեր շատ ավելի շատ էներգիա և ժամանակ, քան մեր ռուս գործընկերների մասնակցությամբ և նրանց բերած սարքավորումներով և թեստերով: 

Մինչ այժմ մտածելով այն մասին, որ թեստերը պետք է հանձնեինք Առողջապահության նախարարության հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոնում և պատասխանը ստանայինք, ամենայն հավանականությամբ, հաջորդ օրը, սարսափում եմ: Ի վերջո, խոսքը վերաբերում էր ոչ թե շարքային քաղաքացի պացիենտներին, այլ զինված ուժերի ծառայողներին, որոնց երկար բացակայությունը շարքերում անթույլատրելի է», – նշեց զրուցակիցը:

Ըստ նրա` ռուս գործընկերները իրենց գործում հոգի են ներդրել. «Միայն սերտ շփումը «լաբորանտների» հետ, ինչը մեզ թույլ տվեց մանրակրկիտ քննարկել յուրաքանչյուր առանձին վերցված դեպք, ամեն բան արժեր: Հաշվի առնելով բազմաթիվ նյուանսներ՝ դա հնարավորություն տվեց ֆիքսել հիվանդությունը ամենավաղ փուլերում և մաքսիմալ օպերատիվ կերպով «որսալ» վիրուսի հավանական տարածողներին՝ մեկուսացնելով նրանց: Այսպիսով, մենք արմատախիլ արեցինք կորոնավիրուսի տարածման հավանականությունը, և ինձ համար, որպես համաճարակաբանի, դա պարզապես անգնահատելի է», – Արմեն Սատուրյանը կիսվեց իր տպավորություններով:

Մեր զրուցակցի խոսքով՝ ՊՇՌ թեստը կես ժամվա գործ չէ. երբեմն պահանջվել է 8-10 ժամ, իսկ երբեմն մեկ ամբողջ օրը բավական չի եղել: Այն մասին, որ ռուսները, ինչպես նաև նրանց հայ գործընկերները աշխատում էին մինչև ուշ ժամ և առանց հանգստյան օրերի, ավելորդ է խոսել:

«Չէ՞ որ հիվանդությունը չի սպասում հանգստյան օրերի ավարտին: ՌԴ մեր գործընկերները աշխատել են, ինչպես ասում են, այժմ և այստեղ՝ պատրաստակամություն հայտնելով օգնել օր ու գիշեր: Դա բացարձակապես անձնուրաց աշխատանք էր», – նշեց հիգիենիկ և հակահամաճարակային ծառայության ղեկավարը:

Նա նաև ընդգծեց Ռուսաստանի կողմից ՊՇՌ թեստավորում իրականացնող լաբորատորիայի՝ ժամանակին տրամադրման կարևորությունը, քանի որ բոլոր բժշկական կանոնակարգերի համաձայն հենց դրանք են պարտադիր ինչպես հիվանդի դուրս գրման, այնպես էլ ախտորոշում իրականցնելու ժամանակ: Նման լաբորատորիայի բացակայությունը մեր երկրում, անկասկած, ձախողում էր: Բարեբախտաբար, շուտով իրավիճակը կշտկվի՝ ՀՀ ՊՆ ռազմաբժշկական վարչության բազայի վրա արդեն ստեղծվում է ստացիոնար լաբորատորիա: Ինչպես հավաստիացրեց մեր զրուցակիցը, կազմակերպչական և շինարարական աշխատանքները մոտենում են ավարտին, և անհրաժեշտ սարքավորումներ ձեռք բերելը ևս դժվարություն չի ներկայացնի: Դա արդեն մնում է մասնագետներին, որոնց իրենց հնարավորությունների և ժամանակի սահմաններում օգնել են նաև ռուսները: Նրանք շռայլորեն կիսվում էին իրենց գիտելիքներով ու փորձով մեր անձնակազմի հետ: Ըստ էության, նրանք թե՛ գործնական, թե՛ մեթոդոլոգիական աջակցություն ցուցաբերեցին մեր զինված ուժերի բժիշկներին:

Ռուս մասնագետների առաջին խմբին շուտով կփոխարինի երկրորդը: Սատուրյանի խոսքով՝ ռազմական բժիշկների նոր թիմը որոշ ժամանակ ևս կմնա մեզ հետ: «Այսօր առավոտյան մենք նորից միասին թեյեցինք և, ինչպես միշտ, քննարկեցինք աշխատանքային հարցեր: Գիտակցելով, որ դա մեր վերջին թեյախմություններից էր, այնուամենայնիվ, ուրախ էի, որ գործընկերները վերադառնում են իրենց ընտանիքների մոտ, որոնց գրեթե 5 ամիս է, ինչ չեն տեսել: Միևնույն ժամանակ տխրում էի բաժանման փաստից: Մեր կոլեկտիվների միջև ձևավորվել են մարդկային ջերմ հարաբերություններ: Եվ ես չեմ զարմանա, եթե նույն այդ մասնագետները հայտնվեն խմբերում, որոնք հետագայում գալու են մեզ մոտ: Ռուսաստանից եկած մեր գործընկերներին ընդունեցինք հայկական հյուրընկալությամբ: Հուսով եմ՝ նրանք իրենց հետ կտանեն բացարձակապես լավ տպավորություններ:

Ինչ վերաբերում է այս ժամանակահատվածում իմ անձնական հիշողություններին՝ ես պրակտիկ համաճարակաբան եմ, և իմ խնդիրն է հնարավորինս արագ վերացնել հիվանդության օջախները: Եվ դա, որպես կանոն, մեծապես կախված է լաբորատոր հետազոտությունների արդյունքներից, որոնք միշտ չէ, որ լինում են անթերի և կասկածներ չեն թողնում: Այսպիսով, սա այն հազվագյուտ դեպքերից էր, երբ իմ անգամ չնչին կասկածները անմիջապես ցրվում էին. գրեթե միշտ ռուս մասնագետները ճիշտ էին դուրս գալիս: Ուստի, լինելով բնույթով «կասկածամիտ համաճարակաբան», այնուամենայնիվ, անվերապահորեն վստահում էի նրանց և չեմ ափսոսում դրա համար: Օպերատիվություն, համաճարակաբանական հիմնավորվածություն, հակահամաճարակային գործողությունների շարժունակություն. այս ամենը հաջողվեց ապահովել ՌԴ մասնագետների թիմի հետ համագործակցության շնորհիվ, ինչի համար անչափ շնորհակալ ենք նրանց», – եզրափակեց մեր զրուցակիցը:

Իրինա Գրիգորյան