Illustration: Mediamax.am

Հայաստանի փոքր և միջին բիզնեսին 2020 թվականի մարտի 16-ի իրենց դիրքերին վերադառնալու համար անհրաժեշտ կլինի ավելի քան մեկ տարի: Շատ ձեռնարկություններ գուցե չկարողանան վերականգնել կրած կորուստները, և ստիպված կլինեն փակվել: Այս մասին Dalma News-ի հետ հարցազրույցում հայտնել է հաշվապահական, ֆինանսական և բիզնես խորհրդատվական ծառայություններ մատուցող հայկական «Yeremyan – Accounting & Training Center» ընկերության հիմնադիր և տնօրեն, տնտեսագետ Արմինե Երեմյանը:

– Տիկին Երեմյան, որպես բիզնեսին մասնագիտական ծառայություններ մատուցող մասնագետ անընդհատ շփվում եք ինչպես փոքր, այնպես էլ միջին և խոշոր բիզնեսի սեփականատերերի հետ: Ինչպե՞ս եք գնահատում Covid-19 համաճարակի ազդեցությունը հայկական բիզնեսի վրա: Քանի՞ ընկերություն է դադարեցրել գործունեությունը:

– Որպես բիզնեսին ծառայություններ մատուցող ընկերության մասնագետ և ներկայացուցիչ կարող եմ ասել, որ COVID-19-ը ինչպես ամբողջ աշխարհում, այնպես էլ Հայաստանում ծայրաստիճան բացասական ազդեցություն է ունեցել բիզնեսի՝ հատկապես փոքր և միջին ձեռնարկությունների վրա: Տուրիստական կազմակերպությունների, հյուրանոցների և սննդի օբյեկտների, ինչպես նաև մասնագիտացված խանութների գործունեությունը ամբողջությամբ դադարեցվել էր: Սա իր հերթին բացասաբար անդրադարձավ Հայաստանի ՀՆԱ-ի վրա՝ կտրուկ կրճատելով այն:

– Ըստ Ձեզ՝ որքա՞ն ժամանակ կպահանջվի, որպեսզի Հայաստանում փոքր և միջին բիզնեսը վերականգնի կորուստները:

– Կանխատեսումներ անելը շատ դժվար է, քանի որ մինչև հուլիսի 14-ը Հայաստանում դեռ արտակարգ դրություն է լինելու: Հետևաբար 4 ամիս չաշխատող բիզնեսի համար շատ դժվար կլինի ոտքի կանգնել առանց կառավարության աջակցության կամ ներդրողների միջամտության: Կարծում եմ, որ Հայաստանում փոքր և միջին բիզնեսին անհրաժեշտ կլինի ավելի քան մեկ տարի, որպեսզի վերադառնան 2020 թվականի մարտի 16-ի դիրքերին: Շատ փոքր և միջին ձեռնարկություններ, հնարավոր է, ընդհանրապես չկարողանան վերականգնել կրած կորուստները և ստիպված կլինեն փակվել:

– Ինչպե՞ս է գործում Ձեր ընկերությունը համաճարակի պայմաններում:

– Իմ ընկերությունը նույնպես չկարողացավ խուսափել կորուստներից, չնայած մեր աշխատակիցները այս ամբողջ ընթացքում տանից հեռահար աշխատել են: Մենք նույնպես ֆինանսական կորուստներ կրեցինք: Ինչպես արդեն նշեցի, կային փոքր ձեռնարկություններ, որոնց հետ համագործակցում էինք, և որոնք դադարեցրին իրենց գործունեությունը կամ չկարողացան վճարել մեր ծառայությունների դիմաց:

– Ձեր գնահատմամբ՝ կառավարությունը օգնե՞լ է բիզնեսին ընդհանրապես և ձեր ընկերությանը մասնավորապես:

– Եթե կառավարությունը բիզնեսին արգելում է աշխատել, ապա պարտավոր է օգնել ձեռնարկություններին դրամաշնորհներով կամ այլ գործիքներով: ՀՀ կառավարությունը նախաձեռնել է մի շարք աջակցության ծրագրեր կորոնավիրուսային համաճարակի տնտեսական հետևանքները չեզոքացնելու համար, բայց պարզվեց, որ դա բավարար չէ բիզնեսի կաթվածահարությունից խուսափելու համար: Իմ ընկերությունը որպես աջակցություն կառավարությունից ստացավ մի փոքրիկ գումար, որը բավարար չէ մեր կորուստները վերականգնելու համար:

– Ո՞րն է ելքը ստեղծված իրավիճակից:

– Շատ դժվար հարց է: Հայաստանի տնտեսությունը կոլապսի մեջ է, որը 2008 թվականի ճգնաժամից ավելի վատ է: Գիտեք, որ կորոնավիրուսը խթանեց նոր պլատֆորմի զարգացումը, որը նախկինում գոյություն ուներ, բայց այնքան էլ զարգացած չէր: Դա հեռահար, օնլայն վաճառքն է, ծառայությունների մատուցումը և ուսուցումը: Կորոնավիրուսը ՏՏ ոլորտին էլ ավելի մեծ զարգացման հնարավորություն տվեց: Հետևաբար բիզնեսը այլևս նույնը չի լինի. անհրաժեշտ է փոխել բիզնեսի մոդուլը, ներդնել և կիրառել նոր գաղափարներ:

– Եվ վերջին հարցը՝ ի՞նչ եք անում կորուստները նվազագույնի հասցնելու և Ձեր բիզնեսը պահպանելու համար, և ի՞նչ խորհուրդ կտաք Հայաստանում փոքր և միջին բիզնեսի ներկայացուցիչներին:

– Իմ բիզնեսի կորուստները նվազագույնի հասցնելու համար մտածում եմ նաև օնլայն հարթակ ստեղծելու և իմ ոլորտում կիրառելի բոլոր տեսակի ՏՏ գործիքների մասին: Հայաստանի փոքր և միջին ձեռնարկություններին խորհուրդ եմ տալիս ժամանակ առ ժամանակ հետևել և նոր գաղափարներ ներառել իրենց բիզնեսի ծրագրերում: Ժամանակն է բիզնեսը ավտոմատացնել և կրճատել աշխատուժը: Նաև խորհուրդ եմ տալիս գտնել ներդրողներ բիզնեսի հետագա զարգացման համար:

Ուզում եմ եզրափակել Սողոմոն Իմաստունի մատանու գրությամբ. «Ամեն ինչ կանցնի»: Սա նույնպես կանցնի և կդառնա պատմություն: Հայաստանը կհաղթահարի այս փորձությունը:

Զրուցեց Նանե Սարգսյանը